Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անցողիկ երևույթների բազմազանությունը (տես «Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարան», § 24)։ Այն ճանաչվում է մտքով՝ իր վերացական, իդեալական ձևի մեջ, և ենթադրվում է, որ իրականում ևս, օբյեկտիվորեն այն չի կարող առարկայական կերպարանք ունենալ եզակի իրերի նման, ուրեմն՝ իդեալական է, միտք, գաղափար։ Բացարձակ գաղափարի նախադրումն իրերի ու երևույթների աշխարհին, անշուշտ, նաև աղերսներ ունի աստծու, որպես բանական սկզբի, գաղափարի հետ։ Ըստ Հեգելի, «փիլիսոփայությունը և կրոնը նույն բովանդակությունն ունեն»՝ վերաբերում են աշխարհի ընդհանրական վերացական էությանը, ոգուն (տես նույն տեղում, § 573), միայն թե կրոնն այն պատկերացնում է զգայաբար և հիմնված է հավատի վրա, իսկ փիլիսոփայությունն այդ վերացական էության գիտական՝ բանական ճանաչողությունն է։ Բացարձակ գաղափարի զարգացման աստիճաններին համապատասխան, Հեգելի փիլիսոփայության համակարգի հիմնական բաժիններն են տրամաբանության գիտությունը, բնության փիլիսոփայությունը և ոգու փիլիսոփայությունը։ Ըստ այդմ է կառուցված «Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարանը» (1817թ.)։ Մյուս աշխատությունները խմբավորվում են այս երեք բաժինների շուրջը։ Տրամաբանության առարկան ըստ Հեգելի մտածողության կատեգորիալ ձևերն են։ Դրանք օբյեկտիվ են․ դրանց միջոցով է իրականանում աշխարհի օրինաչափությունը, նրա ներքին տրամաբանությունը, և հենց դա է, որ ճանաչվում է մարդկային «գիտակցական մտածողության» մեջ որպես գիտելիքի տրամաբանություն։ Գոյաբանական մեկնաբանությամբ սա հանդես է գալիս որպես աշխարհի ինքնածավալում հակասությունների առաջացման և լուծման միջոցով։ «Հեգելը հասկացությունների դիալեկտիկայի մեջ հանճարեղորեն կռահել է իրերի (երևույթների, աշխարհի, բնության) դիալեկտիկան», նկատել է Լենինը (Երկ․, հ․ 38, էջ 239)։

Դիալեկտիկական տրամաբանության դիրքերից Հեգելը քննադատում է ձևական տրամաբանությունը, հատկապես նրա իմացաբանական և գոյաբանական մեկնաբանությունները։ Ձևական տրամաբանության ոլորտը մտածողության միայն մի կողմն է՝ որոշակին, վերջավորը, բացարձակը, մինչդեռ մտածողությունը որպես ընթացք (որպես ճանաչողություն) ներառում է նաև անորոշը, գոյացողը, հարաբերականը (տես «Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարան», §§ 79–82)։ Տրամաբանականի ոլորտում բացարձակ գաղափարը վերցված է վերացականորեն որպես մաքուր միտք, սակայն ռեալ կերպով այն սահմանափակված է «արտաքին կեղևի» մեջ, «կեցությամբ օժտված գաղափարն էլ հենց բնությունն է» (նույն տեղում, § 244)։ Իր համակարգի երկրորդ մասում՝ «Բնության փիլիսոփայության» մեջ Հեգելը տալիս է գաղափարի այլագոյությունը բնության մեջ որպես «զուտ հասկացության և իրողության միասնություն», մատերիալիստական մեկնաբանությամբ՝ էության դրսևորումը երևույթների բազմազանության մեջ, ընդհանուր օրինաչափությունների առարկայացումը իրականության առանձին փաստերի տեսքով։ Մարդկային գիտակցության մեջ գաղափարը դրսևորվում է որպես ոգի, բնությունը «վերածնվում է որպես փյունիկ» արդեն իբրև ճանաչված, ըմբռնված բնություն՝ ազատ իր արտաքին, առարկայական, անցողիկ կեղևից (§ 376)։ Հեգելյան համակարգի երրորդ մասն էլ հենց «Ոգու փիլիսոփայությունն» է, որի մեջ մարդկային ոգին անձնավորում է մարդու անհատական ու հասարակական կեցությունը։ Ոգու զարգացման մի աստիճանից մյուսին անցնելը ներկայացնում է և՛ մարդու պատմական զարգացումը, և՛ թափանցումը մարդու ավելի խոր, իսկական էության մեջ։ Սուբյեկտիվ ոգու աստիճանում մարդը հանդես է գալիս որպես անհատ, նախ՝ բնությանը ներդաշնակված, զգայական էակ («Մարդաբանություն»), ապա՝ գիտակցող, ինքնագիտակցող ու բանական անհատ («Ոգու ֆենոմենոլոգիա») և, վերջապես, ստեղծագործող, գործող ու դրանով իսկ ազատ ոգու տեր մարդ («Հոգեբանություն»)։ Օբյեկտիվ ոգու աստիճանում դրսևորվում է մարդու կեցության հասարակական էությունը՝ իրավունքի, բարոյականության և հասարակական հաստատությունների (ընտանիք, քաղաքացիական հասարակություն, պետություն) ձևերով։ Բացարձակ ոգու աստիճանը մարդու հասարակական գիտակցությունն է՝ արվեստի, կրոնի և գիտության ու փիլիսոփայության ձևերով։ Ոգու փիլիսոփայությունը Հեգելյան համակարգի ամենից մշակված մասն է․ նրա առանձին բաժիններին՝ քաղաքացիական պատմությանը, իրավունքի, գեղագիտության, կրոնի փիլսոփայությանը, փիլիսոփայության պատմությանը, Հեգելը նվիրել է հիմնարար հետազոտություններ, որոնք պահպանել են իրենց նշանակությունը հատկապես նյութի համակարգման և ընդհանրացման դիալեկտիկական սկզբունքների շնորհիվ։ Պատմության ըմբռնման մեջ Հեգելը մերժում է սուբյեկտիվիզմը։ Անհատների և ժողովուրդների ձգտումներն ու գործողությունները, ըստ Հեգելի, պայմանավորված են նրանց կամքից անկախ պատմական օրինաչափությամբ, որը իդեալիստ Հեգելը ներկայացնում է որպես բանականություն։ Պատմական առաջադիմությունը մարդկային ոգու կողմից ազատության ձեռքբերումն ու գիտակցումն է։ Յուրաքանչյուր ժողովուրդ (ինչպես և անհատը) ունի իր պատմական կոչումը և անխուսափելիորեն իջնում է ասպարեզից, երբ արդեն իրականացրել է այն («Պատմության փիլիսոփայություն», Ներածություն)։ Հեգելը մեծ ավանդ ունի գեղագիտության մեջ, որը նա մշակել է որպես արվեստի փիլիսոփայություն։ Դրա առանցքը գեղեցիկի գաղափարն է արվեստի մեջ՝ իդեալը։ Ըստ այդմ տրվում են արվեստի ձևերը և պատմական զարգացման աստիճանները։

Հեգելը մնայուն տեղ ունի համաշխարհային մշակույթի մեջ առհասարակ։ Բուն հեգելականությունը ներկայացնում են «հին հեգելականները», «երիտասարդ հեգելականները», նեոհեգելականությունը։ Հեգելի պատմական ծառայությունը դիալեկտիկայի ուսմունքի մշակումն է, որը յուրացրեցին, մատերիալիստորեն մեկնաբանեցին և զարգացրին մարքսիզմի դասականները։

Հայ փիլիսոփայության մեջ հեգելյան գաղափարների, հատկապես բացարձակ իդեալիզմի համակարգի ազդեցությունը որոշակիորեն զգացվում է Պ․ Էմմանուելյանի և Ա․ Գուրգենյանի կրոնա–իդեալիստական ուսմունքներում և մասամբ Ն․ Ռուսինյանի էկլեկտիկական փիլիսոփայության մեջ, սակայն նրանց համար Հեգելյան դիալեկտիկան աննկատ մնաց։ Հեգելի փիլիսոփայությունը, առանձնապես նրա մտահայեցողական բնույթը մատերիալիզմի դիրքերից քննադատել է Մ․ Նալբանդյանը «Հեգելը և նորա ժամանակը» աշխատության մեջ։ Հեգելի դիալեկտիկան ըստ արժանվույն գնահատեցին հայ մարքսիստ–լենինյանները։

Երկ․ Samtliche Werke, Bd. 1-26, Stuttgart, 1927–1940թթ., Փիլիսոփայության ներածություն, Ե․, 1964թ.; Соч., .1–14, M., 1929–1959гг.; Работы разных лет, т. 1–2, M., 1972–1977гг.; Философия религии, т. 1–2, M., 1976–1977гг.:

Գրականություն՝ Маркс К. и Энглельс Ф., Соч., 2 т. 1–30 (ըստ անվանացանկի)։ Նույնի, Из ранних произведений, M., 1956г.; Նալբանդյան Մ․, Հեգելը և նորա ժամանակը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3, Ե․, 1940թ.; Գաբրիելյան Հ․, Հեգելը և դիալեկտիկական մատերիալիզմը, Ե․, 1970թ.։ Фишер К., Гегель, I полутом, 2 изд., M.–Л., 1933г.; II полутом, CПБ, 1903г.; Овсянников М.Ф., Философия Гегеля, M., 1959г.; Философия Гегеля и современность, M., 1969г.; Погосян В.А., Проблема отчуждения в "Феноменологии духа" Гегеля, Е., 1973г.: Հ․ Գևորգյան


ՀԵԳԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, իդեալիստական փիլիսոփայական այն հոսանքների անվանումը, որոնք ելնում էին Գ․ Հեգելի ուսմունքից և զարգացնում նրա գաղափարները։ Ծագել է Գերմանիայում, 19-րդ դ․ 30–40-ական թթ․։ Կրոնի հարցերի շուրջը վիճաբանության ընթացքում առանձնացել են աջ հեգելականները (հին հեգելականներ), որոնք Հեգելին մեկնաբանում էին կրոնական ուղղադավանության ոգով (Կ․ Հեշել, Հ․ Հինրիխս, Հ․ Գաբլեր), և օպոզիցիոն ձախ հեգելականները (երիտասարդ հեգելականներ՝ Դ․ Շտրաուս, Ա․ Ռուգե, Բ․ Բաուեր, Լ․ Ֆոյերբախ), որոնք ընդգծում էին պատմության մեջ սուբյեկտիվ գործոնի վճռական նշանակությունը՝ այն հակադրելով հեգելյան համաշխարհային ոգուն։ Միջանկյալ դիրք էր գրավում «ուղղափառ» հեգելականությունը, որը ձգտում էր պահպանել Հեգելի ուսմունքի «անաղարտությունը»։ Երիտասարդ հեգելականների քննադատության են արժանացել Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի «Սուրբ ընտանիք» և «Գերմանական գաղափարախոսություն» աշխատություններում։ 19-րդ դ․ 2-րդ կեսին – 20-րդ դ․ սկզբին առաջացել է նեոհեգելականությունը:


ՀԵԳԵՄՈՆԻԱ (< հուն․ ἡγεμονία – առաջնորդություն, ղեկավարություն, առաջնություն), որևէ պետության, դասակարգի տիրապետող, ղեկավար դերը մյուսների նկատմամբ (օրինակ, Աթենքը և Սպարտան վիճարկել են Հին Հունաստանի հեգեմոնիան, պրոլետարիատը հեգեմոն դեր է կատարում միևնույն շահերով կապված