Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջերմաստիճանում հոծ հաֆնիումը շատ կայուն է մթնոլորտային գազերի նկատմամբ։ Սակայն 600°C–ից բարձր տաքացնելիս արագ օքսիդանում է և փոխազդում, ցիրկոնիումի նման, ազոտի և ջրածնի հետ։ Մինչև 400°C ջրային գոլորշիներում և մաքուր ջրում հաֆնիումը կոռոզակայուն է։ Հաֆնիումի երկօքսիդը՝ HfO2, դժվարահալ (հալման ջերմաստիճանը՝ 2780°C) և քիմիապես կայուն նյութ է։ HfO2–ը և դրան համապատասխան հիդրօքսիդները՝ HfO2·xH20 և HfO(OH)2, ամֆոտեր են՝ հիմնային հատկության գերակշռությամբ։ Ալկալիների և ալկալիական մետաղների օքսիդների հետ HfO2–ը տաքացնելիս առաջացնում են հաֆնիումատներ, օրինակ, Me2HfO3, Me4HfO4, Me2Hf2O5։ Տաքացնելիս հաֆնիումը փոխազդում է հալոգենների հետ՝ առաջացնելով HfX4 տիպի միացություններ։ Բարձր ջերմաստիճաններում հաֆնիումը միանում է ածխածնին (HfC), բորին (HfB, HfB2), ազոտին (HfN), սիլիցիումին (Hf2Si, HfSi, HfSi2)։ Հաֆնիումը փոխազդում է ֆտորաջրածնական ու խիտ ծծմբական թթուների և ալկալիական մետաղների հալած ֆտորիդների հետ, գործնականորեն չի փոխազդում աղաթթվի, ֆոսֆորական, ազոտական և օրգանական թթուների հետ։ Կայուն է ալկալիների լուծույթների նկատմամբ։ Ջրում լուծելի միացություններից են․ քառաքլորիդը՝ HfCl4, օքսիքլորիդը՝ HfOCl2•8H20, նիտրատները՝ HfO(NO3)2•nH2O (ո=2 և 6), սուլֆատները՝ Hf(ՏO4)2 և Hf(ՏO4)2•4H2O, որոնք օգտագործվում են տեխնոլոգիայում և վերլուծական քիմիայում։ Հաֆնիումը կոմպլեքս միացություններ է առաջացնում թթվածին պարունակող նյութերի հետ։ Հաֆնիում ստացվում է HfCl4-ը մագնեզիումով կամ նատրիումով վերականգնելիս։ Օգտագործվում է միջուկային էներգետիկայում և էլեկտրոնային տեխնիկայում։ Հաֆնիումի կարբիդների և տանտալի պինդ լուծույթը (հալ․ ջերմաստիճանը՝ 4000°C–ից բարձր) ամենադժվարահալ խեցեգործական նյութն է, որից պատրաստում են հալքանոթներ և հրթիռային շարժիչների դետալներ։

ՀԱՖՈՒՆ, Ռաս Հաֆուն, հրվանդան Սոմալիում, Հաֆուն թերակղզում, Աֆրիկայի ծայր արլևելյան կետը (10°26՛ հյուսիսային լայնություն և 51°23՛ արևելյան երկայնություն)։


ՀԵԲԵԼ (Hebbel) Քրիստիան Ֆրիդրիխ (1813թ., Վեսելբուրեն, Հոլշտայն – 1863թ., Վիեննա), գերմանացի գրող։ 19-րդ դ․ գերմանացի խոշորագույն ողբերգակներից։ 1840թ.-ին հրատարակել է «Հուդիթ» ողբերգությունը, որից հետո կնոջ ողբերգական վիճակը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման։ Հեբելն իր պիեսների սյուժեները սովորաբար վերցրել է Աստվածաշնչից, դիցաբանությունից, գրականությունից, պատմությունից։ Ժամանակակից թեմայով գրված միակ դրաման «Մարիամ Մագթաղինացին» է (1844թ.)։ Գրել է նաև «Հերովդեսը և Մարիամնան» (1850թ.), «Գիգը և նրա մատանին» (1856թ.), «Ագնես Բեռնաուեր» (1851թ.) պիեսները։ Հեբելի վերջին ավարտուն դրամատիկական գործը «Նիբելունգներ» (1862թ.) եռերգությունն է։


ՀԵԲԵՏ, նահանգ հյուսիսային Չինաստանում, ողողվում է Դեղին ծովի Լյաոդունյան և Բոխայվան ծոցերով։ Տարածությունը 190 հազ․ կմ2 է, բնակչությունը՝ 42 մլն (1975թ.), վարչական կենտրոնը՝ Շիցզյաչժուան։ Գտնվում է հիմնականում Չինական Մեծ հարթավայրում, հյուսիսում և արևմուտքում Տայխանշան, Յանշան և այլ լեռներն են (1500–2000 մ)։ Ունի գետային խիտ ցանց։

Հեբետը երկրի ինդուստրիալ շրջաններից է։ Համաչինական նշանակություն ունի ածխի արդյունաբերությունը, մետալուրգիան, մեքենաշինությունը, տեքստիլ և ճենապակու–հախճապակու արտադրությունը։ Արդյունահանվում է երկաթ, պղինձ, նավթ։ Կան ոսկու հանքեր։ Մշակում են հացահատիկ, սոյա, գետնընկույզ, քունջութ, կանեփ, բամբակենի, ծխախոտ ևն։ Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությամբ։ Երկաթուղիների երկարությունը 1830 կմ է։ Խոշոր ծովային նավահանգիստ է Ցինխուան–դոան։


ՀԵԲՐԻԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, Հեբրիդնևր (Hebrides), արշիպելագ Ատլանտյան օվկիանոսում, Շոտլանդիայի արևմտյան ափի մոտ։ Տարածությունը 7,5 հզ․ կմ2 է։ Առավել խոշոր կղզիներն են Լյուիսը, Սքայը, Մալը, Նորթ Ուիստը, Սաութ Ուիստը։ Կազմված են բյուրեղային ապարներից և բազալտներից։ Ռելիեֆում գերակշռում են բլրոտ, քարքարոտ հարթավայրերը, տեղ–տեղ՝ լեռները (1009 մ բարձրությամբ, Կուլին հիլս)։ Ափերը խիստ կտրտված են։ Տիրապետում են թփուտներն ու ճահճուտները։ Զբաղվում են ձկնորսությամբ և անասնապահությամբ։


ՀԵԳԵԼ (Hegel) Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ (27.08.1770թ., Շտուտգարտ –14.11.1831թ., Բեռլին), գերմանական դասական փիլիսոփայության ներկայացուցիչ, օբյեկտիվ իդեալիստ։ 1788–1793թթ.-ին Տյուբինգենի աստվածաբանական ինստիտուտում ուսումնասիրել է աստվածաբանություն և փիլիսոփայություն։ 1794–1800թթ.-ին եղել է տնային ուսուցիչ Բեռնում և Մայնի Ֆրանկֆուրտում։ 1801–1807թթ.-ին դասախոսել է Ենայի համալսարանում։ 1808թ.-ին եղել է «Բամբերգեր ցայտունգ» թերթի խմբագիրը, 1808–1815թթ.-ին՝ գիմնազիայի դիրեկտոր Նյուրնբերգում, 1816–1818թթ.-ին՝ Հայդելբերգի, իսկ 1818–1831թթ.-ին՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։ Հեգելը գերմանական բարձրացող բուրժուազիայի տիպական ներկայացուցիչն ու գաղափարախոսն է եղել. նրա ազատախոհությունը երբեք չի վերաճել արմատական հեղափոխականության ո՝չ կրոնի, ո՝չ առհասարակ գաղափարախոսության և ո՝չ էլ հասարակական վերափոխումների հարցերում։ Հեգելի փիլիսոփայության առաջադիմական միտումները ևս, հատկապես իր էությամբ հեղափոխական դիալեկտիկան, հավասարակշռվում են նրա աշխարհայացքի պահպանողական կողմերով։ Արդեն առաջին ծավալուն աշխատության մեջ՝ «Ոգու ֆենոմենոլոգիա»-ում (1807թ.), որը, Մարքսի արտահայտությամբ, պարունակում է «հեգելյան փիլիսոփայության իսկական աղբյուրն ու խորհուրդը», Հեգելը ձևակերպել է իր փիլիսոփայության հիմնական մեթոդաբանական դրույթները, հատկապես պատմականության դիալեկտիկական սկզբունքը և փիլիսոփայության կողմնորոշումը դեպի գիտություն։

Այստեղ շարադրված է գիտակցության պատմությունը, թեկուզև վերացական, մտահայեցողական ձևով, տրված է զգայական անմիջականությունից գիտակցության և ինքնագիտակցության առաջացումը, գիտակցության օտարումը մարդկային պրակտիկ գործունեության («բարոյականության») ոլորտում և օբյեկտիվացումը հասարակական գիտակցության ձևերի մեջ՝ արվեստի, կրոնի, փիլիսոփայության տեսքով՝ ընդհուպ մինչև բացարձակ գիտելիքի ձեռքբերումը։ Հ–ի համոզմամբ, գիտակցության նկատմամբ պատմական մոտեցման միջոցով է հնարավոր լուծել իմացաբանական բարդ խնդիրները, մասնավորապես գիտելիքի օբյեկտիվության հարցը, հաղթահարել մտածողության և առարկայական աշխարհի խզումը («նույնության փիլիսոփայություն»), բացահայտել մարդու և նրա գիտակցության հասարակական բնույթը։ Փիլիսոփայությունը, ըստ Հեգելի, վեր է կանգնած առանձին գիտություններից որպես գիտականության բարձրագույն աստիճան։ «Ճշմարտության գոյության իսկական ձև կարող է լինել նրա միայն գիտական համակարգը։ Իմ մտադրությունն է եղել նպաստել փիլիսոփայության մերձեցմանը գիտության ձևին՝ այն նպատակին, որին հասնելով նա կարողանար հրաժարվել իմաստասիրություն կոչվելուց և դառնար իսկական գիտելիք» («Ոգու ֆենոմենոլոգիա», Առաջաբան)։ Իր այս գիտական, ռացիոնալիստական միտումներով (բանականության ուժին ապավինելու իմաստով) Հեգելը շարունակում է Նոր ժամանակի փիլիսոփայության և գիտության հիմնական ավանդույթը։

Հետագա հետազոտություններում Հեգելը իրականացրել է մի վիթխարի մտահղացում՝ ի մի է բերել իր ժամանակի ողջ գիտելիքը՝ ամբողջական համակարգով ներկայացնելով բնությունը, հասարակությունը և մարդկային մտածողությունը պատմական զարգացման ու տրամաբանական կապակցությունների մեջ։ Համակարգումն այսպիսով կատարելով դիալեկտիկայի հիմնական սկզբունքներով՝ Հեգելը միաժամանակ որպես ելակետ և միասնականացման հիմք, որպես սուբստանց, ընդունել է «համաշխարհային ոգին»՝ «բացարձակ գաղափարը», որի դրսևորումներն են բնությունը և մարդկային ոգին (հասարակությունն ու մտածողությունը)։ Օբյեկտիվ (բացարձակ) իդեալիզմի այս տեսակետն ունի, ամենից առաջ, իմացաբանական աղբյուր, աշխարհի օրինաչափությունը ներկայացնող համընդհանուրն այն հենքն է, որի վրա ծավալվում է առանձին