ռազմաճակատի գծում մարտնչում էին 13-րդ բանակի զորքերը, որոնք իրենց վրա վերցրին Օլխովատկայի ուղղությամբ գլխավոր հարվածը: Հաջողության չհասնելով, թշնամին հարվածն ուղղեց Պոնիրիի ուղղությամբ, սակայն դարձյալ չկարողացավ ճեղքել սովետական զորքերի պաշտպանությունը: Հուլիսի 10-ից թշնամու հարձակողական հնարավորությունները սպառվեցին: Հուլիսի 12-ին Պրոխորովկայի շրջանում տանկային թեժ մարտ տեղի ունեցավ, որին երկու կողմից մասնակցում էին 1500 տանկ ու ինքնագնաց հրանոթ և ավիացիայի մեծ ուժեր: Հուլիսի 16-ից հակառակորդը սկսեց հեռացնել իր ուժերը այդ շրջանից: «Միջնաբերդ» օպերացիան ձախողվեց, թշնամուն չհաջողվեց պատերազմի ընթացքը փոխել իր օգտին: Սովետական զորքերը (Արևմտյան և Բրյանսկի ռազմաճակատների) հարձակման անցան Օրյոլի շրջանում և նպաստավոր պայմաններ ստեղծեցին Կենտրոնական ռազմաճակատի հակահարձակման համար: Հուլիսի 29-ին ազատագրվեց Բոլխովը, օգոստոսի 5-ին՝ Օրյոլը և Բելգորոդը: Այդ օրը Մոսկվայում առաջին անգամ տրվեց հրետանային սալյուտ: Սկսվեց սովետական զորքերի ընդհանուր հակահարձակումը: Օգոստոսի 23-ին ազատագրվեց Խարկովը: Սովետական զորքերը հնարավորություն ստացան ազատագրելու Ձախափնյա Ուկրաինան և դուրս գալու Դնեպր գետը: Կուրսկի 50-օրյա ճակատամարտում ջախջախվեց թշնամու 30 դիվիզիա (այդ թվում՝ 7 տանկային): Սովետական ռազմաօդային ուժերը վերջնականապես գերակշռություն ձեռք բերեցին: Ճակատամարտի հաջողությանը մեծապես նպաստեցին պարտիզանները: Կուրսկի ճակատամարտում սովետական բանակը խափանեց գերմանական վերջին խոշոր հարձակումը և վերջնականապես ամրապնդեց իր ստրատեգիական նախաձեռնությունը: Գերմանական բանակը ստիպված ամբողջ ճակատով անցավ պաշտպանության: Կուրսկի ճակատամարտը սովետական ռազմական արվեստի հաղթանակն էր:
Կուրսկի ճակատամարտին մասնակցեցին Հ. Բաղրամյանի (Արևմտյան և Բրյանսկի ռազմաճակատների 11-րդ գվարդիական բանակի հրամանատար), Ս. Գալաջևի (Արևմտյան ռազմաճակատի քաղվարչության պետ), Հ. Թումանյանի (Արևմտյան ռազմաճակատի 12-րդ բանակի ռազմ. խորհրդի անդամ), Ս. Մարտիրոսյանի (Վորոնեժի ռազմաճակատի 28-րդ բանակի 50-րդ կորպուսի հրամանատար), Հ. Բաբաջանյանի (Արևմտյան ռազմաճակատի 5-րդ տանկային բանակի մոտոմեքենայացված բրիգադի հրամանատար), Ա. Ղազարյանի (Արևմտյան ռազմաճակատի 38 րդ բանակի 74-րդ դիվիզիայի հրամանատար) գլխավորությամբ գործող զորամասերը և հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ՝ տարբեր միավորումներում:
Քարտեզները տես 40–41 էջերի միջև՝ ներդիրում:
Գրականություն՝ Հայ ժողովրդի պատմություն, հ. 8, Ե., 1970: Битва на Курской дуге, М., 1975; История второй мировой войны, 1939–45, т. 7, M., 1976.
ԿՈՒՐՍԿԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱՆՈՄԱԼԻԱ, ՍՍՀՄ խոշորագույն երկաթահանքային ավազանը: Գտնվում է ՌՍՖՍՀ Կուրսկի, Բելգորոդի և Օրյոլի մարզերում: Առաջին անգամ մագնիսական անոմալիան հայտնաբերել է Պ. Բ. Ինոխոդցևը, 18-րդ դ. վերջին: Կուրսկի մագնիսական անոմալիան հարում է Արևելա–Եվրոպական պլատֆորմի Վորոնեժի անտեկլիզին: Ստրուկտուրային ստորին հարկը պատկանում է պլատֆորմի մինչքեմբրյան հիմքին, իսկ վերինը կազմված է պլատֆորմային ծածկոցի հարթ տեղադրված նստվածքային հաստվածքներից: Երկաթի հանքաքարը կապված է բյուրեղային հիմքի հետ, որը տեղադրված է 60–650 մ խորության վրա: Հանքաքարը երկու հիմնական տիպի է՝ աղքատ, որի մեջ Fe-ի պարունակությունը 32,0–38,8% է, Տ–ը՝ 0,0–0,32%, P-ը՝ 0,0–0,28%, և հարուստ՝ Fe-ը՝ 53,6–61,6%, Տ–ը՝ 0,08-0,4%, P-ը՝ 0,02-0,03%: Կուրսկի մագնիսական անոմալիայի ավազանն ընդգրկում է երկաթահանքային չորս շրջան՝ Բելգորոդի, Ստարոօսկոլի, Նովոօսկոլի, Կուրսկ–Օրյոլի: Բելգորոդի շրջանում կենտրոնացված է Կուրսկի մագնիսական անոմալիայի հարուստ հանքաքարի 90,5%-ը: Կուրսկի մագնիսական անոմալիայի հանքավայրերի արդյունաբերական շահագործումն սկսվել է 1952 թ.-ին: Երկաթի հանքաքարի ընդհանուր պաշարները գնահատվում են 44,6 մլրդ. տ, այդ թվում՝ հարուստ հանքաքար՝ 26,1 մլրդ. տ, երկաթային քվարցիտներ՝ 18,5 մլրդ. տ:
ԿՈՒՐՍԿԻ ՍԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1934 թ.-ի հունվարի 13-ին: Գտնվում է Կենտրոնական սևահողային տնտեսական շրջանի արևմուտքում: Տարածությունը 29,8 հազ. կմ2 է, բն.՝ 1399 հազ. (1979 թ.): Կուրսկի մարզն ունի 25 գյուղական և 3 քաղաքային վարչական շրջան, 9 քաղաք, 21 քաղաքատիպ ավան: Կենտրոնը՝ Կուրսկ: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: Գտնվում է Արևելա–Եվրոպական հարթավայրի կենտրոնական մասում, Միջին–Ռուսական բարձրության հարավ–արևմտյան լանջին: Կենտրոնական առավել բարձր (մինչև 275 մ)
մասում են գտնվում Ֆատեժ–Լգովսկի և Տիմսկ–Շչեգրովսկի թմբաշարերը: Բնորոշ է հովտա–ձորակային ռելիեֆը, ձորակների առավել խիտ ցանցը տարածված է հյուսիսում, ինչպես նաև Սեյմ, Սվապա և Պսյոլ գետերի աջ ափերին:
Կլիման չափավոր ցամաքային Է: Հունվարի միջին ջերմաստիճանը արևմուտքում–7,7°C է, հյուսիսում՝ մինչև –9,4°C, հուլիսինը հյուսիսում 18,8°C է, արևմուտքում՝ մինչև 19,4°C: Տարեկան տեղումները հարավ–արևմուտքում 550–600 մմ են, արևելքում և հարավ–արևելքում՝ 480–500 մմ: Կուրսկի մարզը գտնվում է անտառատափաստանային զոնայում: Տարածված են սևահողերը, հյուսիս–արևմուտքում՝ անտառային մոխրահողերը: Գետահովիտներում աճում են լայնատերև անտառներ: Կենդանիներից հանդիպում են որմզդեղն, այծյամ, աղվես, ջրարջանման շուն, կզաքիս, սկյուռ և այլն:
Բնակչության 98% –ը ռուսներ են: Միջին խտությունը 1 կմ2 վրա 46,9 մարդ է (1977 թ.): Քաղաքային բնակչությունը 667 հազ. է, գյուղականը՝ 732 հազ.: Քաղաքներն են՝ Կուրսկը, Լգովը, Շիգրին, Ռիլսկը, Օբոյանը, Ժելեզնոգորսկը:
Ինդուստրիալ–ագրարային մարզ է: Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակումը, քիմիական և սննդի արդյունաբերությունը: Էներգետիկան խարսխված է բերովի վառելանյութի՝ Դոնեցկի ածխի և Շեբելինկայի բնական գազի վրա: Կուրսկի մարզում են գտնվում Կուրսկի մագնիսական անոմալիայի երկաթահանքերը: Մշակող արդյունաբերությունը ներկայացված է էլեկտրատեխնիկական արդյունաբերությամբ, սարքաշինությամբ, գյուղատնտեսական մեքենաշինությամբ, առանցքակալների արտադրությամբ, տրիկոտաժի, կաշվի–կոշիկի արդյունաբերությամբ: Մշակում են հացահատիկ, տեխնիկական կուլտուրաներ, կարտոֆիլ: Շաքարի ճակնդեղի ցանքատարածություններով