Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

պրոբլեմներին, որոնք մշակում են նաև ՀԱԿ կուսակցության գաղափարախոսները, մասնավորապես հիմնավորելու համար «սոցիալիստական տիպարի հասարակության» կոնցեպցիան։

Մարքս–լենինյան աշխարհայացքի կրողն է ՀԿԿ։ Հնդկաստանի մարքսիստները վերլուծում են հնդկական մատերիալիզմի, բուդդայականության և փիլիսոփայական այլ համակարգերի էությունը։ ՀԿԿ գործիչները մշակել են Հնդկաստանի սոցիալ–տնտեսական և քաղաքական զարգացման կարևորագույն պրոբլեմները։ Հնդկաստանում գործել են փիլիսոփայության ուսումնասիրության բազմաթիվ կենտրոններ (թվով մոտ 10), որոնք ունեցել են հրատարակչական օրգաններ։

Պատմագիտությունը։ Պատմագիտությունը Հնդկաստանում սկզբնավորվել է վաղ անցյալում։ Հնագույն ժամանակագրությունը վերաբերում է 12-րդ դ․: 13-14-րդ դդ․ մահմեդական կառավարողների արքունիքներում կազմվել են ժամանակագրություններ։ Հնդկաստանի պատմագիտությունը կարևոր նվաճումների հասավ 19-20-րդ դդ.։ Հին և միջնադարյան հնդկական պատմական հուշարձանների ուսումնասիրության գործում խոշոր ավանդ ունեն լուսավորիչ Ռ․ Ռայը, սանսկրիտի, վեդայական և բուդդայական գրականության խոշոր գիտակ Ռ․ Լ․ Միտրան և ուրիշներ։ 20-րդ դ․ 20-ական թթ․ Ռ. Դ․ Բաներջին հայտնաբերեց Մոհենջո–Դարոյի և Հարապպայի մշակույթները։ Հնդկաստանի պատմագիտությունը զարգացավ անկախության նվաճումից (1947) հետո։ Մեծ տեղ տրվեց ազգային–ազատագրական շարժման պատմության, Մ․ Կ․ Գանդիի գործունեության ուսումնասիրությանը։ Հրատարակվել և հրատարակվում են Հնդկաստանի ընդհանուր պատմության վերաբերյալ աշխատություններ, այդ թվում՝ «Հնդիկ ժողովրդի պատմությունը և մշակույթը» բազմահատորյակը։

Հնդկաստանի ժամանակակից պատմագիտությունը զարգանում է երեք հիմնական ուղղություններով։ Օբյեկտիվիստական ուղղության ներկայացուցիչները մեծ տեղ են հատկացնում փաստագիտությանը, քաղաքական պատմությանը, անհատների գործունեությանը։ Երկրորդ խմբի պատմաբանները ջատագովում են ամենայն հինդուսականը, քննադատում գաղութային (նաև, ընդհանրապես, եվրոպական) ամեն բան, նսեմացնում ոչ հինդուս խմբերի ու կրոնական համայնքների, մասնավորապես՝ մահմեդականների դերը Հնդկաստանի պատմության մեջ։ Երրորդ ուղղության ներկայացուցիչները ձգտում են պատմության մատերիալիստական բացահայտմանը։ Մասնավորապես Շ․ Ա. Դանգեն փորձել է Հնդկաստանում դասակարգային հասարակության առաջացմանը տալ մարքսիստական լուսաբանում։ Ազգային ազատագրական պայքարի մարքսիստական վերլուծությունն են տվել Ն․ Կաբիրաջը, Լ․ Նատարաջանան և ուրիշներ։

Պատմության ուսումնասիրության կարևոր կենտրոններ կան Բոմբեյում, Դելիում, Կալկաթայում։ Հրատարակվում են պարբերականներ։

Տնտեսագիտությունը։ Հին և վաղ միջնադարյան հնդկական պետությունների տնտեսական կառուցվածքի ու քաղաքականության, սեփականության ու դրա օտարման ձևերի, ազատ բնակչության (համայնքի անդամների) շահագործման, առևտրի, վաշխառության և այլ հարցերի մասին որոշակի տեղեկություններ են պարունակում հին հնդկական գրականության հուշարձանները՝ վեդաները, կրոնական օրհներգերի ժողովածուները, դհարմաշաստրաները (մասնավոր ու հասարակական կյանքի կանոնականացված նորմերի ժողովածուներ)։ Հին հնդկական տնտեսագիտական մտքի կարևորագույն տրակտատում՝ «Արթաշաստրայում» («Գիտություն օգուտի մասին», մ․թ․ա․ 4-րդ դ․ – մ․թ․ 2-3-րդ դդ․) թագավորական տնտեսական քաղաքականության ծրագիրը համարվում է պետության կառավարման մասին գիտության բաղադրամասը։ Այն բովանդակում է թագավորական տնտեսության կազմակերպման հանձնարարականներ, եկամտաբերության, առևտրական ծախքերի, տնտեսական կյանքում փողի ու թանկարժեք քարերի դերի մասին հասկացության տարրեր։ Ֆեոդալիզմի շրջանում (5-18-րդ դդ․ կեսեր) երևան եկան միայն «Արթաշաստրայի» և դհարմաշաստրաների մեկնաբանություններ, վարչա–հարկային համակարգին, հողատիրության ձևերին վերաբերող տեղեկություններ։ 19-րդ դ․ վերջերից, բուրժուա–ազգայնական շարժման ուժեղացման պայմաններում, սկսեց ձևավորվել բուրժուական տնտեսագետների հնդկական ազգային դպրոցը, որի հիմնադիրներն են համարվում Դ. Նաորոջին, Մ․ Ռանադեն։ Նաորոջին Հնդկաստանի տնտեսական հետամնացության պատճառները դիտում էր գաղութային շահագործման համակարգի մեջ, փորձում որոշել երկրի ազգային եկամտի ու գաղութային տնտեսության չափերը։ Ռանադեն հիմնականում զբաղվում էր ագրարային պրոբլեմներով և հանդես էր գալիս հողի պետական գաղութային սեփականությունը բուրժուական սեփականությամբ փոխարինելու օգտին։ Անկախություն ձեռք բերելուց (1947) հետո երևան եկան անկախ ազգային էկոնոմիկայի կազմավորման ու զարգացման հարցերին նվիրված նոր հետազոտություններ։ Դրանցից հիմնականներն են՝ պլանավորման ու կարգավորման տեսական ու մեթոդաբանական հիմունքների մշակումը, տնտեսական քաղաքականությունը, ազզգաբնակչության ու զբաղվածության պրոբլեմները, ագրարային հարցը։ Էական առաջընթաց է ձեռք բերվել պլանավորման ուսումնասիրման, տնտեսական մոդելների ու միջճյուղային հաշվեկշիռների գործնական օգտագործման բնագավառներում (Ս․Չակրավարտի, Ա․ Սեն, Պ․ Մահալանոբիս և ուրիշներ)։ Մեծ ուշադրություն է հատկացվում նաև սոցիալ–տնտեսական ընդհանուր հետազոտություններին, արտադրության և կապիտալի համակենտրոնացման ու կենտրոնացման, օտարերկրյա կապիտալի օգտագործման հարցերին, պետական սեկտորի դրությանն ու զարգացման հեռանկարներին։

Մարքսիստական տնտեսագիտական միտքն ուղղված է Հնդկաստանի սոցիալ–տնտեսական պրոբլեմների ու տնտեսական քաղաքականության մշակմանը (Ա․ Գհոշ, Մ․ Սեն)։

Տնտեսագիտական հետազոտություններն իրականացվում են տնտեսագիտական ու վիճակագրական ինստիտուտներում, ԳՀԻ–ներում, համալսարանների տնտեսագիտության ֆակուլտետներում, գիտական կենտրոններում և այլն։

Իրավագիտությունը։ Հնդկաստանում սկզբնավորվել է մ․թ․ա․ 2-1 դարերում։ Մոտավորապես այդ շրջանին է վերագրվում Մանուի օրենքների կազմումը։ Նախագաղութատիրության շրջանում Հնդկաստանի իրավաբանները հիմնականում մեկնաբանում էին ավանդական իրավունքի (սկզբում՝ հինդուիստական, ապա նաև մահմեդական) նորմերը։ Գաղութատիրության շրջանում Հնդկաստանում հիմնականում տարածվում էին անգլիական իրավունքի ինստիտուտները։ Անկախության հռչակումը (1947) և իրավունքի սեփական համակարգի ստեղծումը պայմանավորեցին իրավագիտության վերելքը Հնդկաստանում, որն արտացոլվեց նախ իրավունքի մեկնաբանություններում, իսկ 1960-ական թթ․ սկսած՝ նաև տեսական ինքնուրույն աշխատություններում։ Հնդկաստանի իրավագիտությունն ունի բարդ կառուցվածք՝ պայմանավորված պետության ֆեդերատիվ կառուցվածքով ու կրոնական տարբեր համայնքներում կիրառվող ավանդական համակարգի պահպանմամբ։ Օգտագործելով համեմատական իրավագիտության մեթոդը՝ իրավագետները ստեղծեցին քաղաքական գիտության և միջազգային իրավունքի արդի խնդիրներին վերաբերող աշխատություններ։ Սահմանադրական իրավունքի բնագավառում աչքի են ընկնում Մ․ Գուպտան, Ա․ Նանդիշը, Բ․ Շարման, Ի․ Շարման, քրեական և քրեական–դատավարական իրավունքի բնագավառում՝ Ս․ Բագգան, Բ․ Բաներջին, Բուպ Չանդը, քաղաքացիական իրավունքի բնագավառում՝ Դ․ Կիրտալը, Օ․ Ահարվալը և ուրիշներ։ Աշխատություններ են նվիրվել վարչական, առևտրական, հողային, պայմանագրային, ընտանեկան և ֆինանսական իրավունքին, ընդհանուր իրավունքին, հինդուիստական իրավունքին։ Իրավաբանությունը դասավանդվում է համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում և մասնագիտացված կենտրոններում (Բոմբեյ, Պատնա, Նյու Դելի, Հայդարաբադ են)։ Հրատարակվում են շուրջ 30 կենտրոնական և տեղական իրավաբանական հանդեսներ։

Գիտական հիմնարկները Հնդկաստանում գիտական հետազոտությունները ղեկավարող կառավարական հիմնարկներն են՝ Գիտական և արդյունաբերական հետազոտությունների խորհուրդը (հիմնադրվել է 1942 թ.-ին, պրեզիդենտն է Հնդկաստանի պրեմիեր մինիստրը), Ատոմային էներգիայի հանձնաժողովը, Գյուղատնտեսական հետազոտությունների հնդկական խորհուրդը (1929 թ.), Բժշկական հետազոտությունների հնդկական խորհուրդը, Հնդկաստանի պաշտպանության մինիստրությանն առընթեր Պաշտպանական հետազոտությունների կազմակերպությունը (1958 թ.), Համալսարաններին դրամավորող հանձնաժողովը։ Հնդկաստանում կան բազմաթիվ գիտական ընկերություններ, ինչպես նաև մի քանի գիտությունների ակադեմիա։ Առավել խոշոր հասարակական գիտական կազմակերպությունը հնդկական Ազգային ԳԱ–ն է