Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տնտեսական աշխարհագրության պրոբլեմներ: 1968 թ․-ին բացվել է Հիմալայների երկրաբանության ինստիտուտը։ Քիմիայի բնագավառի հետազոտությունները, որոնք ընդգրկում են արդի քիմիայի բոլոր ճյուղերը, կատարվում են Քիմիայի ազգային լաբորատորիայում (Պունա), ինչպես նան համալսարանների լաբորատորիաներում։ Հատկապես մեծ ուշադրություն է հատկացվում բնական միացությունների ուսումնասիրությանը։ Բուսաբանական հետազոտությունները վերաբերում են բույսերի մորֆոլոգիային, էկոլոգիային, անատոմիային և այլն։ Կենսաբանության բնագավառի գիտական խոշոր կենտրոն է Բիրբալա Սանիի անվան հնէաբուսաբանության ինստիտուտը։ Մաթեմատիկական վիճակագրության պրոբլեմներով զբաղվում է վիճակագրության ինստիտուտը, որը Հնդկստանի կառավարության հանձնարարությամբ մասնակցել է նաև երկրի տնտեսական զարգացման հնգամյա պլանների մշակմանը։

Հասարակական գիտությունները

Փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական միտքը Հնդկաստանում ծագել է մ․թ․ա․ 3-2 հազարամյակներում, ինչի մասին վկայություններ հանդիպում են վեդաներում, ուր արտահայտվել է վեդայական կրոնական աշխարհայացքը՝ միախառնված աշխարհի, մարդու, բարոյական կյանքի փիլիսոփայական պատկերացումներին։ Ռիգվեդայում (կրոնական հիմների ժողովածու) տեղ են գտել կեցության հիմքի, աշխարհի ծագման ու օրինաչափությունների, սոցիալական տարբերությունների պատճառների մասին խորհրդածությունները, արտահայտվել է իրականության պարզամիտ դիցաբանական բացատրությունների անբավարար լինելը։ Փիլիսոփայական մտքի առավել բարձր մակարդակ են նշանավորում ուպանիշադները, ուր արտացոլվել են փիլիսոփայության գիտակցության առաջին տարրերը, և սկսել են ձևավորվել առաջին փիլիսոփայական ուսմունքները։ Այստեղ դիցաբանական–կրոնական աշխարհայացքը կորցնում է տիրապետող դիրքերը, ծագում են հասարակական գիտակցության այլ ձևեր (ժամանակագրություն, տրամաբանություն, քերականություն, աստղաբաշխություն և այլն)։ Գիտելիքի հատուկ բաժին է դառնում փիլիսոփայությունը։ Հին հնդկական Փիլիսոփայության մեջ գերակշռում է բարոյա–հոգեբանական ուղղվածությունը, և այդ պատճառով դրսևորվում է փիլիսոփայության կախվածությունը կրոնա–իդեալիստական և ուղղակի կրոնական մտքից։ Ընդունվում է մարդու հոգեկանի բարդ կառուցվածքը, տարբերակվում են նրա զանազան բաղադրիչները (գիտակցություն, կամք, հիշողություն, զգայություններ և այլն)։ Ուպանիշադներում հիշատակվում են մատերիալիզմին, աթեիզմին հակվող ուսմունքներ։ Միաժամանակ փնտրվում է բնության երևույթների անվերջ բազմազանության միասնությունը։ Այդպիսի նախահիմք էր համարվում կամ սնունդը, կամ կենդանի շունչը, կամ չորս (երբեմն հինգ), այլևս չտրոհվող տարրերի հաջորդականությունը՝ ջուր, հող, հուր, օդ և եթեր (ակաշա), կամ վերացական մատերիան (պրակրիտի)։ Ի վերջո, կեցության առավել ընդհանուր նախահիմքի սկզբնապատճառի դերում հանդես է գալիս Բրահման–Ատմանը, որը հնդկական իդեալիզմի հիմքն է և օգտագործվել է մի շարք իդեալիստական փիլիսոփայական համակարգերում ու հինդուիզմում։ Այդ հասկացությունը ստացել է տարբեր իմաստներ (նախատարր, ստեղծագործ ոգի և այլն), ինչպես նաև Բրահմանը դարձել է վեդայական պանթեոնի գլխավոր աստվածությունը։ Տարածված է եղել նաև «դհարմա» հասկացությունը, որը իմաստով մոտ է լոգոսին։ Ուպանիշադներում թեև չկա զուտ տրամաբանական խնդիրների քննարկում, սակայն նկատելի է, որ մտածողներին հայտնի էին անալոգիայի, նպատակամղված գիտափորձի և այլ տրամաբանական հնարքներ։ Սոցիալական հայացքները սուղ են, գլխավորը վառնային (կաստայական) բաժանման անխուսափելիության ընդունումն է։ Ետվեդայական (կամ էպիկական) շրջանի (մինչև մ․թ․ա․ 3-2 դդ․) փիլիսոփայության վերաբերյալ տեղեկություններ պարունակում են «Մահաբհարաթա» և «Ռամայանա» էպոսները, ինչպես նաև կրոնա–իրավական և հասարակական–քաղաքական օրենսգրքերը (Մանուի օրենքներ, Արթաշաստրա)։ Այս շրջանը բնորոշվում է բրահմայականության տիրապետությամբ։ «Մահաբհարաթայի» փիլիսոփայական գաղափարները հիմնականում Ուպանիշադներում գերիշխող հայացքների զարգացումն ու շարունակությունն են։ Արթաշաստրայում հիմնական փիլիսոփայական ուղղություններ են հիշատակվում սանքհյան և յոգը, որոնք արտահայտում են աշխարհի կրոնա–իդեալիստական բացատրությունը։ Մատերիալիստական միտքը այդ շրջանի աղբյուրներում ներկայացված է բազմակողմանի, թեկուզև ոչ ամբողջական, ինչպես իդեալիստականը։ Փիլիսոփայական սուտրաների (ասույթներ, ասացվածներ) շրջանում (մինչև մ․թ․ 3-4 դդ․) հնդկական փիլիսոփայությունը հանդես է գալիս համակարգված փիլիսոփայական դպրոցների ձևով [լոկայաթա (տես Չարվակա), ջայնիզմ, բհագավատա, վաղ սանքհյա, աջիկվա, բուդդայականություն]։ Հետագայում ձևավորվում են փիլիսիփայական վեց ուղղափառ համակարգերը (նյայա, վայշեշիկա, սանքհյա, յոգ, միմանսա, վեդանտա)։ Այդ դպրոցներից և համակարգերից յուրաքանչյուրը ձգտում է ընդգրկել փիլիսոփայության ողջ պրոբլեմատիկան, բայց միաժամանակ դրանց հատուկ է պրոբլեմների քննարկման խիստ որոշակի ուղղվածություն։ Այսպես, չարվակները տարբերվում են ընդգծված մատերիալիստական բնույթով՝ ժխտվում է աստվածը և հոգին, կեցության վերջնական հիմքը չորս (կամ հինգ) հիմնատարրերն են։ Բուդդայականության բոլոր դպրոցները մերժում են սուբստանցայնությունը, ընդգծում նրա փոփոխական բնույթը։ Ջայնիզմը ամեն ինչի վերագրում է ոգի և այդ պատճառով պահանջում է պահպանել չգործելու սկզբունքը։ Վայշեշիկայի դպրոցում կենտրոնականը աշխարհի ատոմիստական կառուցվածքի մասին ուսմունքն է։ Նյայա դպրոցը ուշադրություն է դարձնում տրամաբանության և իմացաբանության պրոբլեմներին։ Սանքհյա դպրոցում հիմնական կատեգորիան մատերիան (պրակրիտի) է, որի հետ մեկտեղ ընդունվում է նրանից անկախ հոգիների բազմության գոյությունը։ Յոգը մշակում է առավելապես «վերանալու» ուղիների և միջոցների մասին հոգեբանական խնդիրները։ Միմանսայի նպատակն է արդարացնել և բացատրել վերացական ծիսակատարությունը, սակայն այդ առնչությամբ զարգացած փիլիսոփայական համակարգը ունի ռացիոնալ բնույթ։ Վեդանտան հայտնի է որպես առավել ազդեցիկ օբյեկտիվ իդեալիզմի համակարգ։ Հին հնդկական փիլիսոփայությունը զարգացել է որոշակի համակարգերի կամ դպրոցների շրջանակներում։ Փիլիսոփայության զարգացման հետագա շրջանում բյուրեղանում են վեց համակարգերի հիմնական դրույթները, և իրենց տարբեր ուղղվածությամբ աչքի են ընկնում բուդդայականության փիլիսոփայության ուշ ձևերը։

Հնդկաստանի միջնադարյան փիլիսոփայության ամենանշանավոր ներկայացուցիչը Շանկարան է։ 12-17 դդ․ հանդես է գալիս նավյանյայա դպրոցը, մշակվում է աշխարհում միակ (մինչև 20 դ․ սկիզբը) հարաբերությունների ինտենսիոնալ ձևական տրամաբանության ավարտուն համակարգը։ 15-16 դդ․ հանդես են գալիս Կաբիրը և Նանակը, որոնք ձգտում էին ստեղծել սինթետիկական փիլիսոփայական–կրոնական համակարգեր։ 18-19 դդ․ սկզբին փիլիսոփայության մեջ գերակշռում են լուսավորական գաղափարները, որոնք առնչվում են կրոնա–իդեալիստական ավանդույթների հետ (Վեմանա, Ռամմոհան Ռայ, Գ․ Դերոզիա)։ 19 դ․ 2-րդ կեսից փիլիսոփայության զարգացումը Հնդկաստանում ընթացել է անգլիական տիրապետության դեմ հնդիկ ժողովրդի մղած ազգային–ազատագրական պայքարի դրոշի ներքո։ Նոր փիլիսոփայության բնույթը պայմանավորված էր հնդկական բուրժուազիայի գաղափարախոսությամբ։ Այդ շրջանի մտածողներն առաջնորդվել են ազգային, կրոնակաև ու փիլիսոփայական ավանդույթների վերածնման գաղափարով։ Առաջ են եկել արդիականացված թեիզմը, պանթեիզմն ու իդեալիզմը, Ռ․ Թագորի, Մ․ Գանդիի, Ա․ Գհոշի ուսմունքները։ 20 դ․ գանդիականությունը (գանդիզմ) դառնում է ազգային–ազատագրական շարժման գաղափարախոսությունը։ 19-20 դդ․ սահմանագծին փիլիսոփայական միտքը Հնդկաստանում զարգանում է Ս․ Վիվեկանանդայի ազդեցությամբ, որը ձգտում էր արթնացնել ժողովրդական զանգվածները՝ ելնելով հինդուիզմից։ 20 դ․ բուրժուական փիլիսոփայության ուշադրության կենտրոնում սոցիալ–բարոյական և ազգային պրոբլեմներն են։ Անկախության նվաճումից հետո ազգային կրոնա–իդեալիստական ավանդույթների հիման վրա ստեղծվում են այսպես կոչված ակադեմիական համակարգերը։ Նրանց են հարում նաև մի շարք կրոնա–փիլիսոփայական ուսմունքներ։

1925-ին Ռ․ Թագորի և Ս Ռադհակրիշնանի նախաձեռնությամբ ստեղծվել Հնդկաստանի փիլիսոփայության կոնգրեսը, որի ամենամյա նստաշրջաններում քննարկվում են հնդկական փիլիսոփայության զարգացման կարևոր պրոբլեմները։ 1950-ական թթ․ ձևավորվել է «փիլիսոփայության գիտության» դպրոցը։ Բուրժուական փիլիսոփայության և սոցիոլոգիայի մեջ հատուկ տեղ է հատկացվում սոցիալական և հումանիստական