Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեծացնում է նրա տարածական ցանցի հանգույցների շուրջը ատոմների (մոլեկուլների) տատանման ամպլիտուդը, որը հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը և թափուր տեղերի խտության մեծացմանը: Th ջերմաստիճանում թափուր տեղերի խտությունը հասնում է կրիտիկական արժեքին, և սկսվում է Հ.՝ բյուրեղը տրոհվում է շարժուն, մանր կտորների, որոնցում մերձավոր կարգը գործնականորեն փոխված չէ: Այսպիսով, բյուրեղին հաղորդված ջերմության քանակը ծախսվում է միջատոմական կապերի խզման և հեռավոր կարգի քայքայման վրա: Քանի որ Հ-ման հետևանքով մերձավոր կարգը էականորեն չի փոփոխվում, ապա նյութի այն հատկությունները (խտություն, ջերմունակություն, էլեկտրահաղորդակնություն, ջերմահաղորդականություն ևն), որոնք պայմանավորված են ատոմների փոխադարձ դիրքով, ջերմային տատանումներով, էլեկտրոնային կառուցվածքով, նույնպես աննշան փոփոխություն են կրում: Սակայն բյուրեղային նյութերի կառուցվածքային արատներով պայմանավորված հատկությունները (օրինակ, ստատիկ բեռնավորման սահքի լարում, սողք, ներքին շփում, մածուցիկություն) փոփոխվում են կտրուկ ձևով: Հ–ման պրոցեսը կարևոր դեր է խաղում բնության մեջ (ձյան և սառույցի Հ., միներալների Հ. երկրի ընդերքում ևն) և տեխնիկայում (մետաղների և համաձուլվածքների ստացում, ձուլում ևն): Գրկ. Френкель Я.И. Кинетическая теория жидкостей, Собр. избр. трудов, т. З, М.-Л., 1959; Убеллоде А., Плавление и кристаллическая структура, пер. с англ., М., 1969; Любовь Б. Я., Теория кристаллизация в больших объемах, М., 1975.

Ա․ Կիրակոսյան

ՀԱԼՈՒՐԳԻԱ (< հուն, άλς – աղ և έργον – գործ, աշխատանք), աղագործություն, քիմիական տեխնոլոգիայի բաժին, որն զբաղվում է հանքային աղերի արտադրությամբ: Նեղ իմաստով Հ. բնական աղերի վերամշակումն է: Հալուրգիական արտադրության համար հումք են ծովաջուրը և չոր կլիմայում նրա խտացումից առաջացած աղային նստվածքները, ինչպես նաև լճերի ընդերքի աղաջրերը: Առանձին աղեր անջատում են բյուրեղացմամբ և լուծույթի գոլորշացմամբ, ինչպես բնական (հատուկ հարմարեցված ավազաններում), այնպես էլ գործարանային պայմաններում: Հալուրգիական պրոցեսների տեսական հիմքը կազմում են աղերի լուծելիության դիագրամները, հատկապես՝ Յա. Վանտ–Հոֆի (Գերմանիայում, 1897–1908) և Ն. Ս. Կուռնակովի -(ՍՍՀՄ–ում, սկսած 1917-ից) հետազոտած նատրիումի, կալիումի, մագնեզիումի սուլֆատներ և քլորիդներ պարունակող ջրային համակարգերի դիագրամները: Հ–ին բնորոշ է հումքի կոմպլեքսային օգտագործումը: Այսպես, ծովային աղաջրերից ստանում են կերակրի աղ, նատրիումի սուլֆատ, մագնեզիումի սուլֆատ, քլորիդ և օքսիդ, նաև բրոմ, իսկ լճերի աղաջրերից՝ սոդա, բորաքս, լիթիումի աղեր: Նավթահանքային ջրերից ստանում են Br2, I2: Կալիումի բնական աղերի վերամշակմամբ կալիումի քլորիդի և սուլֆատի հետ միաժամանակ ստանում են մագնեզիումի քլորիդ և սուլֆատ, բրոմ, ինչպես նաև ռուբիդիումի և ցեզիումի աղեր:

ՀԱԽԻՆՅԱՆ Գրիգոր Մուշեղի (ծն. 20.4. 1926, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1972): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1957, Գ. Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարան): Հ–ի ստեղծագործությունը բազմաժանր է: Գրել է օպերաներ («Լեգենդի մարդը», 1970, «Ծովինար», 1973), բալետներ («Ախթամար», 1961, «Լոռեցի Սաքոն», 1961, «Ուռենի», 1963), երաժշտական կոմեդիա («Գլխի գինն է 50 միլիոն», 1967), խորեոգրաֆիկ պատկեր («Սարերից խոփեր ձուլենք», 1970), 2 սիմֆոնիա (1968–69, 1975), ջութակի (1957) և տրոմբոնի (1977) կոնցերտներ, կանտատներ («Սայաթ Նովա», 1963, «Գինու երգը», 1976), օրատորիա («Թոնդրակեցիներ», 1965–66), «Հայաստան» ֆանտազիա էստրադային նվագախմբի (1957), «Պարային սյուիտ» ժող. գործիքների նվագախմբի (1957) համար, կամերա-գործիքային երկեր, խմբերգեր, ռոմանսներ, երգեր, կինոնկարների և դրամատիկական ներկայացումների երաժշտություն ևն, մշակել ժող. և գուսանական երգեր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Գրկ. Արազյան Թ., Գրիգոր Հախինյան, Ե., 1974: Թ. Արազյան

ՀԱԽՃԱՊԱԿԻ, թափանցիկ ջնարակով պատած, հոծ, մանրածակոտկեն թրծազանգվածով (սովորաբար սպիտակ) նուրբ խեցեգործական կերտվածքներ: Կիրառվում են շինարարական և սանիտարատեխնիկական նպատակներով (երեսպատման սալիկներ, ճարտարապետական դետալներ, լվացարաններ, զուգարանակոնքեր): Հախճապակյա զանգվածից պատրաստում են գեղարվեստադեկորատիվ իրեր, ճաշի և թեյի ամանեղեն:

Հախճապակու արտադրությունը. Հ. ստանալիս օգտագործում են նույն հումքը, ինչ որ ճենապակու համար. փոփոխվում է միայն բաղադրամասերի հարաբերությունը և իրերի թրծման տեխնոլոգիան: Հ. ճենապակուց տարբերվում է առավել ծակոտկենությամբ և ջրակլանմամբ (մինչև 9–12%), ուստի և հախճապակյա բոլոր իրերը պատվում են անջրաթափանց ջնարակով: Հումքի բաղադրամասերն են պլաստիկ (ճկուն) նյութերը՝ ճերմակ-հրկիզվող, հրադիմացկուն կավեր և ճենակավեր (կաոլին), ոչ պլաստիկ նյութեր՝ քվարց, դաշտային սպաթ, հրակավ (շամոտ): Կարծր Հ–ու (սանիտարական երեսպատման սալիկ) զանգվածի մեջ ներառնվում է համեմատաբար ավելի մեծ քանակությամբ դաշտային սպաթ: Փափուկ կամ կրային Հ. (վառարանային հախճասալիկ) պատրաստելիս զանգվածի մեջ ներառնվում է ավելի մեծ քանակությամբ կավիճ: Չորացման և թրծման ժամանակ հախճապակյա զանգվածի մեջ ներառնում են քվարց, ավազ և հրակավ, որոնց առկայությունն իջեցնում է իրերի կծկման տոկոսը: Հախճապակյա իրերի թրծումը կատարվում է երկու անգամ և միայն առանձին դեպքերում (սանիտարական իրեր)՝ մեկ անգամ: Առաջին թրծումը կատարվում է 1200–1280°C ջերմաստիճանում և անհրաժեշտ է ամրապինդ թրծազանգված ստանալու համար: Երկրորդ՝ այսպես կոչված ջնարակե թրծման ժամանակ. 1050–1150°C ջերմաստիճանում հալվում է առաջին թրծումից հետո թրծազանգվածի մակերեսի վրա շերտածածկված ջնարակը: Ջնարակի բաղադրությունից կախված է երկրորդ թրծման ջերմաստիճանը: Թրծումը արվում է թունելային վառարաններում: Հախճապակյա իրերի ջնարակման համար հիմնականում օգտագործվում են բորային, բորակապարային, ինչպես նաև` դաշտասպաթային ջնարակներ: Վերջիններս որպես կանոն թափանցիկ են ու դյուրահալ և հնարավորություն են տալիս իրերը զարդարել խեցեգործական ներկերով: Նկարազարդումը կատարվում է ջնարակված շերտի մակերեսին և թրծազանգվածի ու ջնարակի միջև: Հախճապակյա իրերը զարդարվում են նաև գունավոր ջնարակներով:

Գ. Սրվանձտյան

Գեղարվեստական հախճապակի: Հ–ուն մոտ գեղարվեստական իրերը հայտնի էին դեռևս Հին Եգիպտոսում: Հ–ու տարբեր տեսակներ են արտադրվել IV–V դդ. Չինաստանում (VII– XIII դդ.՝ մոխրաերկնագույն և մոխրականաչավուն ջնարակներով), ավելի ուշ՝