Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանական Հ., որը հետագա զարգացում ստացավ Արշակունյաց Հայաստանում (I-V դդ.): Արշակունիների օրոք Մեծ Հայքի թագավորության ամբողջ տարածքը հայոց թագավորի ժառանգական սեփականությունն էր («Երկիր արքունի»): Հայոց թագավորը հողը որպես պարգևական բաժանում էր աստիճանավորներին ու զինվորականներին։ Կենտրոնական գավառը Արտաշատ մայրաքաղաքով թագավորի անմիջական սեփականությունն էր և կոչվում էր ոստան։ Քրիստոնեության հաստատումից (301) հետո զարգացավ եկեղեցական Հ.։ Հռոմ. և պարսկ. նվաճողական քաղաքականության պայմաններում Հայաստանի ներքին զարգացումը հանգեցրեց ժառանգական Հ-յան (հայրենիք) հաստատմանը։ Հողը կենտրոնացավ աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների ձեռքին, գյուղացի-համայնականն ընկավ ֆեոդալական կախվածության մեջ։ Արշակունիների թագավորական հարստության անկումից (428) հետո Սասանյան Պարսկաստանը ճանաչեց հայ նախարարների հողատիրական իրավունքները։ Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող Հայաստանի արմ. մասում կայսրությունը, հատկապես VI դ., փորձեց վերացնել նախարարական տների ժառանգական Հ.։ Արաբ, տիրապետության ժամանակաշրջանում (VII-IX դդ.) հողը խալիֆայության սեփականությունն էր, Հ-յան իրավունքը տրվում էր խալիֆայի հայեցողությամբ։ Նախարարական ժառանգական Հ-յան կողքին առաջացավ ռազմա-ավատականը, հանձինս արաբ., հետագայում նաև ռազմա-ծառայողական ավագանու։ Ի տարբերություն նախարարների, վանքերը ենթարկվեցին մահմեդական իրավունքային նորմերին՝ շարիաթին, և եկեղեցական Հ. ավելի ամրապնդվեց։ IX դ. 2-րդ կեսին, երբ Հայաստանում հաստատվեց Բագրատունիների թագավորությունը, և Հայաստանը թևակոխեց զարգացած ֆեոդալիզմի փուլը, հայոց թագավորը ճանաչեց նախարարական տների հողատիրական իրավունքները վասալական պարտավորությունների հիման վրա։ Մանր նախարարները վասալական կախվածության մեջ ընկան խոշոր նախարարներից, ամրապնդվեցին ֆեոդալական ժառանգական խոշոր տնտեսությունները, ձևավորվեց նաև եկեղեցական խոշոր Հ.։ Սելջուկյան տիրապետության ժամանակաշրջանում (XI-XII դդ.) վերականգնվեց Արաբական խալիֆայության օրոք ստեղծված ռազմաավատական Հ.։ Զինվորական ծառայողներին տրվում էին հողային տիրույթներ (իքտա), որոնք ժառանգաբար փոխանցվելով՝ դառնում էին սեփականատիրական իքտաներ (ավելի ուշ կոչվեց մուլք): Զաքարյան Հայաստանում (XIII-XIV դդ.) վերականգնվեցին և ավելի ամրապնդվեցին զարգացած ֆեոդալիզմին հատուկ Հ-յան նախկին ձևերը։ Զաքարյան տոհմի երեք ճյուղերը պարգևականի ձևով տիրացան Հյուսիս-Արևելյան Հայաստանին՝ այդ հողերից մեծ տիրույթներ նվիրաբերելով իրենց վասալներին։ Պայմանական Հ. շուտով վերածվեց ժառանգականի՝ հայրենիքի։ Ամրապնդվեց և ընդարձակվեց նաև եկեղեցական Հ.։ Հայաստանում մոնղ. (իլխանական) տիրապետության շրջանում տիրապետող էր ինջուի ձևերից մեկը՝ իքտան։ Հարքունիս գրավված հողերի մեծ մասը հայտարարվեց մոնղոլ իլխանների կամ պետության սեփականություն։ Հայերի ժառանգական հայրենիք համարվող հողերը դիտվեցին մուլք, որոնք ենթակա էին օտարման, եթե տվյալ ընտանիքում զինվորական ծառայող չկար։ Հայոց եկեղեցու հողերը մնացին անձեռնմխելի և անօտարելի սեփականություն։ Կարա-կոյունլուների և ակկոյունլուների տիրապետության ժամանակ (XIV-XV դդ.) Հ-յան իշխող ձևը պարգևականն էր՝ սոյուրղալը, որը հարկային իմունիտետի իրավունքով տրվում էր զինվորականությանը, ամիրներին, թուրքմ. ու քրդական ցեղերի առաջնորդներին ու հոգևորականությանը։ Սեֆյան Պարսկաստանի տիրապետության ժամանակ սոյուրղալները տրոհվեցին, երեվան եկավ թիուլը։ XVI-XVII դդ. Արևելյան Հայաստանում գերիշխող էին Հ-յան 5 հիմնական ձևեր, արքունի, պետ. (դիվանի), մասնատիրական (մուլք), վանքապատկան կամ մզկիթապատկան (վակֆ) և համայնքապատկան հողեր։ Պետ. հողերը զանազան ավատների (թիուլ, համեսալե ևն) ձևով ծառայության դիմաց տրվում էր պաշտոնյաներին։ Նադիր շահի սպանությունից (1747) հետո Իրանում հաստատված անիշխանության պայմաններում պետ. (դիվանի) հողերը դարձան տեղական խանությունների սեփականությունը և վերանվանվեցին խալիսե, թիուլները վերածվեցին ժառանգական սեփականության։ Կաջարական դինաստիան, գրավելով իրանական գահը, այդ հողերը հայտարարեց պետ.։ XVI-XVII դդ. օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում լավագույն հողերը որպես խաս սուլթանական ընտանիքինն էին։ Մերի կամ մեմլեքե կոչվոդ պետ. հողերը զիամեթ կամ թիմար անուններով, որպես ավատ տրվում էին զինվորական և պետ. ծառայության դիմաց։ Քրդական ցեղերի առաջնորդների ու ամիրների խոշոր տիրույթները (արփալըք, յուրթլուք, օջալըք) ունեին հարկային իմունիտետ։ Եկեղեցապատկան հողերը ապահարկ էին և անօտարելի։ Մասնատիրական կամ մալիքանե հողերը հաստատվում էին սուլթանի հրովարտակով։ Հ-յան այդ ձևերը Արևմտյան Հայաստանում մասնակի փոփոխություններով պահպանվեցին մինչև XIX դ.։: XIX դ. և XX դ. սկզբին ցարական Ռուսաստանի կազմում գտնվող Արևելյան Հայաստանում Հ-յան հիմնական ձներն էին. պետ. (ամենաընդարձակն էր՝ 91,4%-ը), կալվածատիրականը (մուլքադարական, թիուլդարական, աղայական, բեգական, մելիքական), վանքապատկանը, գյուղացիականը։ Պետ. և կալվածատիրական հողերը մշակվում էին վարձու և կապալային աշխատանքով կամ օգտագործման արվում գյուղացիներին՝ գանձվող հարկերի դիմաց։ Գյուղացիները պետ. վարելահողերից օգտվում էին համայնական, իսկ կալվածատիրականից և վանքապատկանից՝ ծխական կարգով (տես Գյուղացիության): 1870-ի հողային ռեֆորմով կալվածատիրական գյուղացիներն իրավունք ստացան փրկագնել իրենց հողաբաժինները, բայց 1917-ի նախօրյակին գյուղացիության միայն 5% էր դարձել սեփականատեր (տես Գյուղացիական ռեֆորմ Հայաստանում 1870): Կապիտալիզմի զարգացումով հողը դարձավ առ ու ծախի առարկա, և ֆեոդալական Հ. սկսեց վերաճել բուրժուականի։ XIX դ. և XX դ. սկզբին Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում Հ-յան հիմնական ձևը պետականն էր, բայց դըրանք փաստորեն կալվածատիրական հողեր էին։ 1830-40-ական թթ. թուրք, կառավարությունը վերացրեց սիփահների ռազմա-ավատական Հ., հողատերերի դերեբեյությունը, էմիրների օջալըքությունը։ Դրանց փոխարեն առաջ եկան աղայական և բեգական Հ.։ Թուրքիայի 1858-ի ապրիլի 21-ի հողային օրենքում արձանագրվեցին Հ-յան 5 ձև. մուլք (մասնավոր), մերի (պետ.), վակֆ (մզկիթապատկան), մետրուքե (հասարակական), մեվաթ (անօգտագործելի): Հայ գյուղացիները չունեին սեփական հող, կայքագրով (թափու) վարձակալում էին պետ. տարածությունները կամ մարաբայության (տես Մարաբա) սկզբունքով՝ կալվածատիրական ու վանքապատկան-մզկիթապատկան հողերը։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին դրամատերերից ոմանք ձեռք բերեցին հողեր և կազմակերպեցին վարձու աշխատանքով վարվող չիֆթլիկային տնտեսություններ։ 1908-ի երիտթուրքերի հեղափոխությունը փոփոխություն չմտցրեց Արևմտյան Հայաստանի Հ-յան ձևերի մեջ։ 1920-ին Հայաստանում սովետական կարգերի հաստատումով հողը ազգայնացվեց, Հ-յան բոլոր մասնավոր ձևերը վերացվեցին (տես Հողային բարեփոխումներ ՀՍՍՀ-ում):

Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954: Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Ե., 1934: Ադոնց Ն., Պատմական ուսումնասիրություններ, Փարիզ, 1948: Ավդալբեկյան Խ. Հողային հարցը Արևելյան Հայաստանում (1801-1917 թթ.), Ե., 1959: Համբարյան Ա. Ս., Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856-1914), Ե., 1965: Երեմյան Ս. Հ., Պայմանական հողատիրության առաջացման հարցի շուրջը ֆեոդալականացող Հայաստանում, «ՊԲՀ», 1971, # 1: Խոնդկարյան Մ. Ս., Արևելյան Հայաստանի ագրարային հարաբերությունների պատմությունից, Ե., 1974: Դանիելյան Է. Լ., Հայաստանի ֆեոդալական հասարակարգի բնութագրման շուրջ, «Լենինյան ուղիով», 1978, # 3: Еремян С. Т., Опыт периодизации истории Армении эпохи феодализма, «Вопросы истории», 1951, # 7. Ս. Երեմյան, Է. Դանիելյան, Հ. Փափազյան, Ա. Համբարյան, Ն. Մանասերյան

ՀՈՂԱՓՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ, հողային աշխատանքների համար նախատեսված մեքենաներ. օգտագործվում են արդյունաբերական և քաղաքացիական շենքեր կառուցելու, ռելսային և անռելս ճանապարհներ կառուցելու և նորոգելու, ստորգետնյա հաղորդակցության գծեր անցկացնելու, օգտակար հանածոներ արդյունահանելու դեպքում։ Հ. մ-ով մշակում են բոլոր տեսակի գրունտները (սառցակալած, ժայ֊