Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռոտ, ճահճացած), ինչպես նաև օգտակար հանածոների հանքաշերտերը։ Հիմնական Հ. մ-ից են հողափոր-տրանսպորտային մեքենաները (գրունտի մշակման և փոխադրման համար) և էքսկավատորները։ Հողափոր-տրանսպորտային մեքենաներից են՝ բուլդոզերները, կիսակցովի, կցովի և ինքնագնաց կեռաշերեփները, գրեյդերները, ավտոգրեյդերները, գրեյդեր-էլևատորները։ Դրանք գրունտը կտրում են շերտերով և այն կարող են տեղափոխել մի քանի մետրից մինչև 5 կմ։ էքսկավատորները (միա- և բազմաշերեփ) առավել տարածված Հ. մ. են։ Միաշերեփ էքսկավատորներն ունեն փոխովի սարքավորում, որի օգնությամբ գրունտը կարելի է մշակել մեքենայի մակարդակից բարձր կամ ցածր և բարձել տրանսպորտի միջոցներին կամ կուտակել։ Բազմաշերեփ էքսկավատորները՝ ռոտորային կամ շղթայական, հողային աշխատանքներ են կատարում հիմնականում թեթև և համեմատաբար համասեռ գրունտներում։

ՀՈՂԵ, գյուղ Արևմտյան Հայաստանում, խարբերդի դաշտում։ 1914-ին ուներ 1800 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Հ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանցից 1557 հոգի զոհվել է բռնագաղթի ճանապարհին և Դեյր էզ-Զոր անապատում։ Աղետից փրկվել են 243 հոգի, որոնք բնակություն են հաստատել տարբեր երկրներում։

ՀՈՂԵՐԻ ԱՂԻԱՑՈՒՄ, հողում ջրալույծ հանքային աղերի կուտակման պրոցես։ Հիմնականում բնորոշ է անապատային և կիսաանապատային ցածրավայրերի հողերին և անհոսք իջվածքներին։ Շրջակա բարձրավանդակներից կամ լեռներից հոսող ջուրը, դեպի օվկիանոս ելք չունենալով, գոլորշիանում է, իսկ նրա մեջ լուծված աղերը (քլորիդներ, սուլֆատներ ևն) աստիճանաբար խառնվում են հողագրունտային ջրերին և կուտակվում հողի մակերևույթին։ Ցամաքի հեղեղումը ծովի ջրով նույնպես կարող է պատճառ դառնալ Հ. ա-մանը։ Ոռոգելի հողերում կնձկանման ստրուկտուրայի բացակայության դեպքում առաջանում է երկրորդային աղիացում, եթե ենթահողը կամ ստորգետնյա ջրերը շատ աղեր են պարունակում։ Տես Աղակալած հոդեր։

ՀՈՂԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, հողագիտության բաժին, ուսումնասիրում է հողերի ձևավորման ու տարածման օրինաչափությունները։ Բաժանվում է երկու մասի՝ ընդհանուր և ռեգիոնալ։ Ընդհանուր բաժինը զբաղվում է հողագոյացման գործոնների և հողերի աշխարհագրական տեղաբաշխման ընդհանուր ուսումնասիրությամբ, ռեգիոնալ բաժինը՝ հողերի շրջանացմամբ, առանձին շրջանների հողային ծածկույթի նկարագրությամբ ու քարտեզագրությամբ։ Ռուսաստանում Հ. ա. ձևավորվել է XIX դ. վերջերին, Վ. Վ. Դոկուչաևի աշխատանքների շնորհիվ։ Նա առաջինը բացահայտեց հողի և հողառաջացնող բնական գործոնների միջև գոյություն ունեցող կապը, տարածման օրինաչափությունները և մշակեց հողերի ուսումնասիրման պրոֆիլային (կտրվածքային) մեթոդը։ Հ. ա-յան ուսումնասիրման հիմնական մեթոդը համեմատական աշխարհագրականն է, որի օգնությամբ հողերի աշխարհագրական տեղաբաշխումը ուսումնասիրվում է հողառաջացնող գործոնների հետ համատեղ։ Օգտագործվում է նաև քարտեզագրական մեթոդը։ Հ. ա. սերտ կապված է գեոմորֆոլոգիայի, կլիմայագիտության, երկրաբուսաբանության, լանդշաֆտագիտության հետ և հանդիսանում է հողային ֆոնդի հաշվառման, գյուղատնտ. արտադրության ռացիոնալ պլանավորման, հողերի ոռոգման ու բերրիության բարձրացման միջոցառումների մշակման հիմքը։ Հ. ա-յան համընդհանուր օրինաչափություններից են հողերի լայնական և ուղղաձիգ գոտիականությունը, հողա-երկրաքիմիական մարզերի ձևավորումը, հողածածկույթի կառուցվածքը ևն։ Հ. ա-յան գծով հետազոտություններն առավել ծավալվեցին սովետական շրջանում։ Կատարվեցին տարբեր մասշտաբի հողային հանույթներ, կազմվեցին ՍՍՀՄ եվրոպական մասի (1930), ՍՍՀՄ հողածածկույթի (1954) քարտեզները։ 1960-ական թթ. սկսած կազմվում են առանձին տնտեսությունների հողային տարածքների քարտեզներ։ Այդ աշխատանքները հիմք են հանդիսանում հողերի հաշվառման որակական գնահատման և դրանց կադաստրը (տեղեկությունների ամփոփագիր) կազմելու համար։ Հ. ա-յան ժամանակակից հետազոտություններում օգտագործվում են մաթ. վիճակագրության ու հավանականության տեսության վրա հիմնվող մեթոդներ, ճշտվում են հողերի աշխարհագրական տարածման օրինաչափությունների և հողածածկույթի շրջանացման վերաբերյալ տեսական հասկացությունները։ Ներկայումս հողաաշխարհագրական գոտի հասկացությունն ընդունվում է որպես հողերի շրջանացման առաջատար միավոր։ Հ. ա. որպես ինքնուրույն ուսումնասիրման առարկա դասավանդվում է բուհերի աշխարհագրական ու կենսաբանահողագիտական ֆակուլտետներում։ Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության հողագիտության ու ագրոքիմիայի ԳՀԻ-ում 1958-ից ստեղծվել է հողերի ծագման և աշխարհագրության բաժին, որտեղ զբաղվում են հանրապետության հողածածկի ուսումնասիրման, կարգաբանման ու քարտեզագրման հարցերով։ Հ. ա-յան զարգացման գործում մեծ ավանդ ունեն նաև հայ հողագետներ Բ. Յա. Գալստյանը, Ա. Ի. Չիթչյանը, Խ. Պ. Միրիմանյանը, Վ. Հ. Թարգուլյանը, Ռ. Ա. Էդիլյանը և ուրիշներ։

Գրկ. Герасимов И.П, Глазовская М.A., Основы почвоведения география почв, М., 1960; Добровольский B. B., География почв с основами почвоведения, 2 изд., испр. И доп., М., 1976.Գ. Գրիգորյան

ՀՈՂԵՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառում։ 1909-ին ուներ 110 տուն (60-ը՝ հայ) բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։

ՀՈՂԻ ԱԵՐԱՑԻԱ, տես Հողի օդային ռեժիմ։

ՀՈՂԻ ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ, հողի մասնավոր սեփականության վերացումն ու պետությանը որպես սեփականություն հանձնելը։ Հ. ա. համարվել է ֆեոդալական սեփականությունից հողի բուրժ. սեփականությանն անցնելու պայմաններից մեկը։ Հ. ա-ման պահանջը, որպես սոցիալիստական հեղափոխության անբաժանելի մաս, առաջ են քաշել Մարքսն ու Էնգելսը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»ում։ Զարգացնելով ագրարային հարցի մարքսիստական տեսությունը՝ Լենինը մշակել է Հ. ա-ման հարցը Ռուսաստանի պայմաններում։ Սովետական երկրում Հ. ա. կատարվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Հողի մասին դեկրետով (տես Դեկրետ հողի մասին) բոլոր հողերը հռչակվեցին պետ. սեփականություն, այսինքն՝ որպես համաժողովրդական ունեցվածք, ներառվելով հողի համաժողովրդական ֆոնդի մեջ։ Կալվածատերերի և վարձու աշխատանքն օգտագործող ոչ աշխատավոր այլ խավերի բոլոր հողերը բռնագրավվեցին հօգուտ պետության։ ՀՍՍՀ-ում Հ. ա. իրագործվել է «Հողերի ազգայնացման ու պետական ֆոնդին հանձնելու մասին» 1920-ի դեկտ. 28-ի դեկրետով։ Սոցիալիստական մյուս երկրներում (բացի ՄԺՀ-ից, որտեղ ազգայնացված են բոլոր հողերը) ազգայնացված է հողի մի մասը, իսկ զարգացող որոշ երկրներում (Բիրմա, Ալժիր և այլն) հողերն ազգայնացվել են մասնակիորեն։ Ա. Իսկոյան

ՀՈՂԻ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՕՐԵՆՔ, բուրժուական տեսություն, ըստ որի՝ երկրագործության մեջ կապիտալի և աշխատանքի յուրաքանչյուր լրացուցիչ ներդրում ավելի պակաս արդյունք է տալիս, քան նախորդ, իսկ որոշ սահմանից հետո ցանկացած լրացուցիչ արդյունք դառնում է անհնար։ «Օրենքն» առաջին անգամ ձևակերպել է Ա. Ռ. ժ. Թյուրգոն։ Հետագայում անգլ. տնտեսագետ Է. Ուեսթը և Դ. Ռիկարդոն այս «օրենքով» փորձում էին բացատրել շահույթի նորմայի անկման միտումը և հիմնավորել դիֆերենցիալ ռենտայի տեսությունը։ Թ. Մալթուսը այն օգտագործել է ազգաբնակչության տեսությունը (տես Մալթուսականություն) պատճառաբանելու համար։ Բուրժ. քաղաքատնտեսության ներկայացուցիչները այս տեսությամբ «արդարացնում են» երկրագնդի աճող բնակչությանը կենսամիջոցներով ապահովելու անհնարինությունը, կապիտալիստական հասարակարգում թանկության, գործազրկության, աղքատության, նաև հողային ռենտայի աճը։ Որևէ երկրում պարենամթերքների պակասը բացատրում են կենսաբանական օրենքներով, հաշվի են առնում հողի միայն բնական բերրիությունը, որը համարում են անփոփոխ։