Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծախսը և օգտագործումը։ Հ. շ. ռ. հողառաջացման և հողի բերրիության կարևորագույն գործոն է։ Խոնավության հիմնական աղբյուրը մթնոլորտային տեղումներն են, երբեմն նաև մոտակայքի ստորգետնյա ջրերը, իսկ ջրովի երկրագործական շրջաններում՝ ոռոգումը։ Մթնոլորտային տեղումների և ձնհալի ջրերը կարող են մասամբ հոսել՝ առաջացնելով մակերևութային ջրհոսք, իսկ մյուս մասը թափանցում է հողի մեջ։ Հողի խոնավությունը կարող է լինել գոլորշու, հեղուկ և կարծր (սառույց) վիճակներում։ Դրա շարժունակությունը և բույսերի համար մատչելիությունը կախված է հողի կարծր մասնիկների հետ նրա ունեցած կապից, ծակոտիների մեծությունից և կառուցվածքից, դրանց ջրալեցունության աստիճանից և բնույթից։ Տարբերում են կապված, որը պահվում է կլանող (սորբող) ուժերով և գործնականում անմատչելի է բույսերին, ու ազատ ջուր, որը գտնվում է հողի ծակոտիներում։ Հողի ազատ խոնավությունը կարող է լինել գրավիտացիոն, որն առավելապես շարժվում է ծանրության ուժերի շնորհիվ։ Ստորգետնյա ջրերի վրա տեղադրված է մազանոթային եզրաշերտի գոտին, որի խոնավությունը հեշտությամբ է տեղափոխվում մազանոթային ուժերի ազդեցության տակ, և այն մատչելի է բույսերի համար։ Խոնավության առկայությունն այս գոտում համապատասխանում է հողի մազանոթային խոնավունակությանը։ Եթե ստորգետնյա ջրերը գտնվում են խորքում, ապա հողի վերին շերտում առանձնանում է կախված ջրերի գոտի, որի առավելագույն պարունակությունը համապատասխանում է հողի նվազագույն խոնավունակությանը։ Դոտու խոնավության մի մասը նույնպես մատչելի է բույսերին։ Հողի մազանոթային և նվազագույն խոնավունակություններն ունեն ագրոարտադրական կարևոր նշանակություն, որովհետև դրանցով որոշում են հողի խոնավության հաստատուն պաշարի առավելագույն մեծությունը (դաշտային խոնավունակություն): Հողի խոնավության աստիճանով են պայմանավորված բույսերի ջրումը և միկրոկենսաբանական պրոցեսները։ Երկրագործության կարևորագույն խնդիրն է բույսերի համար հողում ստեղծել նպաստավոր ջրային ռեժիմ (խոնավության կուտակումով, ջրի արդյունավետ օգտագործումով, անհրաժեշտության դեպքում՝ հողերի ոռոգումով կամ չորացումով ևն): Առանձնացնում են սառածության, լվացման, պարբերական լվացման, չլվացման, դեսուկտիվ-ներհոսող և ոռոգող ջրային ռեժիմի տիպերը։ Հ. ջ. ռ. կախված է հողի հատկություններից, կլիմայից, եղանակի պայմաններից, մշակվող բույսերի առանձնահատկություններից և ագրոտեխնիկայից։ Ցանքի ճիշտ ժամկետները և պարարտացումը կարևոր են հողի խոնավության պաշարների արդյունավետ օգտագործման համար։ Հ. ջ. ռ-ի կանոնավորման նպատակն է բույսերի արմատների հորիզոնում ամբողջ վեգետացիայի ընթացքում պահպանել խոնավության բավարար քանակ։ Շատ կարևոր է, որպեսզի հողի ծակոտիների մի մասը մնա օդով զբաղված, որն անհրաժեշտ է բույսերի կյանքի և մանրէների բնականոն կենսագործության համար։ Դրան հասնում են ագրոմելիորացիայի և ագրոտեխնիկական միջոցառումների կիրառումով։

ՀՈՂԻ ՌԵԱԿՑԻԱ, հողի ֆիզքիմիական հատկություն, որը ֆունկցիոնալորեն կապված է հողի պինդ և հեղուկ մասերի H+ և OH-իոնների հետ։ Եթե հողում գերակշռում են H+ իոնները, ապա Հ. ռ. թթվային է, իսկ OH-իոնները՝ հիմնային, հավասարության դեպքում՝ չեզոք։ ՍՍՀՄ հողերի ռեակցիան տատանվում է pH 48,2 տիրույթում (տես Հողի թթվայնություն): Հ. ռ. էական նշանակություն ունի հողմահարման արգասիքների միգրացիայի ժամանակ. Fe-ի, Mn-ի, Sr-ի, Cu-ի միացությունների միգրացման ունակությունն աճում է թթվային միջավայրում, իսկ Si-ի և Al-ի միացություններինը՝ հիմնայինում։ Հ. ռ. ազդում է բույսերի կենսագործունեության վրա։ Շատ բույսեր տուժում են H+ և Al3+ իոնների մեծ կոնցենտրացիայից, դրա համար էլ թթու հողերը անհրաժեշտ է կրացնել։ Ուժեղ հիմնային հողերը (ալկալի հողեր, սոդային աղուտներ), որոնք բնութագրվում են OH-իոնների բարձր կոնցենտրացիայով և անստրուկտուրայնությամբ, նպաստավոր չեն բույսերի աճման և զարգացման համար։ Գիպսացումը, օրգ. պարարտացման հետ, չեզոքացնում է հիմնային ռեակցիան և բարելավում է հողի ագրոնոմիական հատկությունները։ Հ. ռ-ի քանակական գնահատման համար օգտագործվում են տարբեր ցուցանիշներ՝ հողի սուսպենզիայի pH-ը ջրում կամ KCl-ի լուծույթում տիտրված թթվայնությունը կամ հիմնայնությունը։

ՀՈՂԻ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԱ, (լատ. Structure - կառուցվածք) հողակազմող պրոցեսում առաջացող տարբեր մեծության, ձևի և որակական կազմի առանձնություններ (ագրեգատներ, գնդիկներ): Յուրաքանչյուր ագրեգատ մեխանիկական մասնիկների համալիր է, և բոլորը հումինի և ուլմինի աղերով, հումուսով, կոլոիդներով, բույսերի արմատներով ևնով միացած են մակրո- և միկրոագրեգատներում։ Ըստ ագրեգատների չափերի տարբերում են մեծաբեկոր՝ 10 մմ-ից մեծ, մակրո 0,25 մմ-ից խոշոր և միկրո 0,25 մմ-ից մանր ստրուկտուրաներ։ Հողի մեխանիկական մասնիկները բնական տարբեր պայմաններում առաջացնում են զանազան ձևերի և չափսերի՝ հատիկային, կնձկային, կոշտավոր, ընկուզաձև, թերթավոր, պրիզմայաձև, սյունաձև ստրուկտուրաներ։ Ագրոնոմիական տեսակետից գնահատելի են մանր կնձկային ու հատիկային ստրուկտուրաները՝ 0,25-5 մմ ագրեգատներով։ նավ արտահայտված կայուն կնձկային ստրուկտուրա ունեն սևահողերը, իսկ թույլ և անկայուն՝ կիսաանապատային գորշ և աղուտ-ալկալի հողերը։ Ավազային մեխանիկական կազմ ունեցող հողերը գրեթե զուրկ են ստրուկտուրայից։ Հ. ս-ի կարևորագույն հատկանիշը ջրի քայքայող ազդեցությանը դիմադրելու ունակությունն է։ Ոչ ջրակայուն ստրուկտուրան ջրի ազդեցության տակ քայքայվում է մեխանիկական տարրերի, և չորանալուց հետո վարելահողի մակերևույթին առաջանում է կեղև։ Ստրուկտուրայից զուրկ հողերում բացակայում են սննդատարրերը։ Հողի ստրուկտուրայի վրա բարելավող ազդեցություն են գործում խոտաբույսերը։ խոտակացքի տակ առաջացող ստրուկտուրան պահպանվում է մի քանի տարի և աստիճանաբար է կորցնում ջրակայունությունը։ Հ. ս. քայքայվում է մեխանիկական, ֆիզիկական և կենսաբանական գործոնների ազդեցությունից։ Արժեքավոր ստրուկտուրա ստեղծելու և պահպանելու համար կիրառում են ճիշտ ագրոտեխնիկա՝ բազմամյա խոտաբույսերի ցանք, թթու հողերի կրացում, ալկալի հողերի գիպսացում, օրգ. և հանքային պարարտացում։ Տես նաև Հող հոդվածը։ Կ Մելքոնյան

ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, հողօգտագործման ձև, երբ հողի սեփականատերը իր հողամասը պայմանագրով սահմանված ժամկետով և փոխհատուցմամբ (վարձավճարով) հանձնում է մի այլ անձի (վարձակալին): Առաջացել է հողի մասնավոր սեփականության հետ, գոյատևել ստրկատիրական, ֆեոդալական հասարակարգերում, առանձնապես զարգացել կապիտալիզմի օրոք։ Հ. վ-յան մինչկապիտալիստական ձևերը (կարճաժամկետը՝ 12, խոպանը՝ 3-5 տարով) լայնորեն տարածված էին Հին Արևելքում (Եգիպտոս, Բաբելոն, Հնդկաստան), Հին Հունաստանում և Հին Հռոմում, ուր հողի վարձավճարը հիմնականում բնամթերային էր (դաշտի բերքի 1/3-ի կամ 1/2-ի, այգունը՝ 2/3-ի չափով): Համայնական հողերի բռնագրավումը Եվրոպայում VI-X դդ. ուղեկցվում էր ազատ համայնականների ճորտացմամբ։ Հետագայում, ֆեոդալիզմի քայքայմանը զուգընթաց, ընդհակառակը, աճում էր անձնապես ազատ, բայց հողազուրկ գյուղացիների թիվը, որոնք ի վերջո դառնում էին կալվածատիրական հողերի վարձակալներ։ Մինչկապիտալիստական Հ. վ-յանն էր վերաբերում նաև ենթավարձակալությունը։ Ֆեոդալիզմից կապիտալիզմին անցման շրջանում Հ. վ-յան ձևերն էին բնավարձակալությունը (վարձավճարը տրվում էր բերքից՝ 1/2, 2/5 ևն չափերով) և դրա տարատեսակը՝ կիսրարությունը։ Դրանք պահպանվում են նաև այժմ, նույնիսկ զարգացած կապիտալիստական երկրներում (ԱՄՆ, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա): Կապիտալիստական հարաբերությունների ծագման շրջանում (XVI-XVII դդ.) Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում առաջացավ Հ. վ-յան կապիտալիստական եղանակը (ձևը), որին բնորոշ են շահույթ կորզելու նպատակով գյուղատնտեսության մեջ կապիտալ ներդրումները և վարձու աշխատանքի կիրառումը։ Հողի կապիտալիստական վարձակալության ժամանակ հողասեփականությունն անջատվում է հողօգտագործումից։ Հողն օգտագործող կապիտալիստը (վարձակալը) ստացած արդյունքի արժեքից վճարում է վարձու բանվորի աշխատավարձը, հողատիրոջ վարձավճարը և յուրացնում նորմալ (միջին) շահույթ։ Այսպիսով, կապիտալիստական Հ. վ. արտահայտում է 3 դասակարգի՝ հողատիրոջ,