Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջանում)], գյուղաանաեսական արտադրության առաջավոր, սոցիալիստական աշխատանքի հերոս (1948): ՍՄԿԿ անդամ 1949-ից: 1953–55-ին Սիսիանի շրջանի Գետաթաղ, իսկ 1964–67-ին «Բեկում» կոլտնտեսության նախագահ: Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման է արժանացել հացահատիկի բարձր բերք ստանալու համար: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

ՀԱԽՎԵՐԴՈՎ Աբդուռահիմ Ասադբեկ օղլի (1870, Շուշի –1933, Բաքու), ադրբեջանցի գրող, դրամատուրգ: Աղրբ. ՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1928): «Ավերված բույնը» (1896), «Անբախտ պատանին» (1900) և այլ պիեսներում պատկերել է կալվածատիրա-ագնվականական կացութաձևի քայքայումը: «Աղա Մուհամեդշահ Քաջար» (1907) դրամայում մերկացրել է բռնատիրությունը: Սովետական իշխանության տարիներին գրել է «Ծառի ստվերում» (1926), «Հին սերունդ» (1927), «Կանանց տոնը» (1928), «Հրաշալի է» (1928) պիեսները: Գրել է նաև գրականագիտական ու թատերական ուսումնասիրություններ:

Երկ. Сечилмиш эсэрлэри, Бакы, 1976

Ա. Բաղիրով

ՀԱԽՎԵՐԴՈՎ Ֆեոդոր Եսայու, Ախվևրով, Հախվերդյան (1773–1820, Թիֆլիս), ռուսական բանակի գեներալ–մայոր: 1808–1812-ին եղել է Վրաստանի կառավարիչ, այնուհետև՝ Կովկասում գործող 19-րդ դիվիզիայի հրամանատար, 1816-ից՝ Վրացական առանձին կորպուսի հրետանու պետ:

ՀԱԽՈՒՄ, գետ Հայկական և Ադրբեջանական ՍՍՀ–ներում, Կուրի աջ վտակը: Երկարությունը 61,5 կմ է (ՀՍՍՀ սահմաններում՝ 41,5 կմ), ավազանը՝ 352 կմ2: Սկիզբ է առնում Միափորի լեռնաշղթայի հս-արլ. լանջերից, մոտ 2500 մ բարձրությունից: V-անման հովտով հոսում է հս-արլ., ստորին հոսանքում դուրս գալիս Կուրի դաշտավայր: Սնումը ձնաանձրևային է, հորդանում է ապրիլ–մայիսին: Ամռանը վարարում է: Տարեկան հոսքը 43,4 մլն մ3 է (Ծաղկավան):

ՀԱԽՈՒՄԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Հայկական ԱՍՀ–ում: Սկսվում է Միափորի լեռնաշղթայից, ձգվում է Հախում գետի ձախ ափով մինչև Կուրի դաշտավայրը: Ունի 40 կմ երկարություն, մինչև 2000 մ բարձրություն: Կազմված է հրաբխածին ապարներից (պորֆիրիտներ, տուֆեր ևն): Միջին մասում զարգացած են կուեստները: Լանջերը ծածկված են հաճարենու անտառներով: Հվ. լանջերին կան նաև սոճուտներ:

ՀԱԽՈՒՄՅԱՆ Սիմեոն Գասպարի (4.2. 1859, Շուշի -14.2.1905, Փարիզ), հայ հրապարակախոս, գրող, թարգմանիչ: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, 1875–78-ին սովորել էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1900–01-ին հաճախել է Փարիզի Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ Կոլեժ դը Ֆրանսում ունկնդրել սոցիոլոգիայի դասախոսություններ: 1879–84-ին եղել է ուսուցիչ Կարսում, Շուշիում, Թավրիզում: 1882–84-ին Շուշիում, ապա Թիֆլիսում հրատարակել է «Գործ», իսկ 1901–02-ին Փարիզում՝ «ժամանակ» հանդեսները: 1895–96-ին ղեկավարել է Թիֆլիսի հայկ. թատերական խումբը, իսկ 1897–98-ին եղել է Բաքվի հայկ. մշտական թատրոնի ռեժիսորը: Աշխատակցել է ժամանակի պարբերական մամուլին: Ստորագրել է Ահրիման, Մար-Ամադ, Ծերուկ, Эгo, Гражданин և այլ ծածկանուններով: Մամուլում հանդես է եկել ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններով, արձակ գործերով: Առանձին գրքերով հրատարակվել են Հ–ի «Մանիկ» վիպակը (1889), Էդգրեն Լեֆլերից, Իբսենից, Օ. Շմիդտից կատարած թարգմանությունները:

Գրկ. Մխիթարյան Մ., XIX դարի երկրորդ կեսի արևելահայ պարբերական մամուլի պատմությունից, Ե., 1976:

Հ. Դավթյան

ՀԱԽՈՒՄՅԱՆ Տիգրան Սիմեոնի (17.1. 1894, Երևան–25.3.1973, Երևան), հայ սովետական գրականագետ, թարգմանիչ, թատերագետ: Պրոֆեսոր (1961): ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1943): 1912-ին ավարտել է Բաքվի ռեալական դպրոցը, 1917-ին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական և բանասիրական ֆակուլտետները: 1917–1920-ին Թիֆլիսում խմբագրել է «Ժողովրդի ձայն» և «Մշակ» թերթերը: 1943-ից դասախոսել է Երևանի համալսարանում, թատերական, Ի. Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական և Վ. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների ինստիտուտներում: Բեմադրվել են Հ–ի «Մղձավանջ» («Խավարի ճանկերում», ըստ Պ. Պռոշյանի «Հացի խնդիր» և «Ցեցեր» վեպերի), «Թշնամին» (1931), «Այգաբացին» (1932) պիեսները: Լույս են տեսել Հ–ի «Անտոն Չեխով, նրա կյանքը և ստեղծագործությունը» (1944), «Ա. Մ. Գրիբոյեդով. կյանքն ու ստեղծագործությունը» (1945), «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան» (1958) ուսումնասիրությունները, «Ասք սովետական դյուցազունների մասին» (1945), «Գրական հոդվածներ և հիշողություններ» (գիրք 1–2, 1965, 1970) ժողովածուները: Ռուսերենից հայերեն է թարգմանել 99 պիես:

ՀԱԾԱՆԱՎ, վերջրյա մարտական նավ՝ նախատեսված հակառակորդի նավատորմի թեթև ուժերի դեմ պայքարելու, ծովային դեսանտ իջեցնելն ապահովելու, ցամաքային զորքերի առափնյա թևերին կրակային աջակցություն ցույց տալու, ականային արգելափակոցներ ստեղծելու և այլ մարտական առաջադրանքներ կատարելու համար: Հ. որպես ոազմանավերի դաս երևան եկավ Մեծ Բրիտանիայում, XIX դ. 60-ական թթ.: Արդի Հ–ի գլխավոր զենքերն են ակոսավոր (102–203 մմ տրամաչափի) հրետանին և հրթիռային համալիրները: Բացի այդ, Հ. զինված է զենիթային հրետանիով, տորպեդներով, ականներով: Հ–երի մեծ մասն ունի 1–2 թեթև ինքնաթիռ կամ ուղղաթիռ, որոնք օգտագործվում են հետախուզության կամ կրակի նշանառությունը ճշտելու համար: Հ–երի հիմնական չափերն են՝ լայնությունը՝ 20–23 մ, երկարությունը՝ 200–220 մ, ընկղմվածքը՝ մինչև 8 մ է, ջրատարողությունը՝ 7–9 հզ. ա (թեթև Հ.) և 20–30 հզ. ա (ծանր Հ.): Գլխավոր շարժիչներն են 44,2–88,4 Մվտ (60–120 հզ. ձ. ու.) հզորությամբ շոգետուրբինները, անձնակազմը՝ 600–1300 հոգի, արագությունը՝ 30–35 հանգույց (55–65 կմ/ժ), նավարկության հեռավորությունը՝ 9–12 հզ. մղոն (17–22 հզ. կմ): ՀԱԿԱԱԿԱՆԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ռազմածովային նավատորմի միջոցառումների համակարգ, որի խնդիրն է կանխել նավերի բախումն ականներին: Հ. պ-յանն են վերաբերում ականապատման աշխատանքներ կատարող թշնամու նավերին և ինքնաթիռներին հետևելը, ականները տրալների օգնությամբ ոչնչացնելը, նավերը անհատական պաշտպանական և ապամագնիսացող հարմարանքներով հանդերձելը, հայտնաբերված ականներից խուսանավելը, հարվածային խմբավորումները տրալներ ձգող նավերով անմիջականորեն պաշտպանելը ևն: Հսկողությունը հատուկ տեխ. միջոցների օգնությամբ կատարվում է առափնյա պահակակետերից և նավերից՝ նպատակ ունենալով հայտնաբերել լողացող, խարսխավոր և հատակային ականները:

ՀԱԿԱԱՇԽԱՐՀ, հակամասնիկներից կազմված հիպոթետիկ աշխարհ: Թեև այդպիսի աշխարհի գոյությունը չի բացառվում, սակայն Տիեզերքի հետազոտված մասում Հ. չի հայտնաբերվել: Մեր աշխարհում հանդիպող յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմները բաղկացած են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Հետևաբար, հակաատոմները պետք է կազմված լինեն հակապրոտոններից, հականեյտրոններից և պոզիտրոններից:՝ Այդ հակամասնիկներն առաջանում են բարձր էներգիայի սովորական մասնիկների փոխազդեցության ժամանակ՝ տիեզերական ճառագայթներում կամ հզոր արագացուցիչներում, սակայն մասնիկներից կազմված աշխարհում դրանց գոյությունը շատ կարճատև է, քանի որ համապատասխան մասնիկների հետ փոխազդեցության հետևանքով դրանք ենթարկվում են անիհիլացման և վերածվում այլ մասնիկների: Այդ է պատճառը, որ մեր Գալակտիկայում կայուն վիճակում չեն հանդիպում այնպիսի գոյացումներ, ինչպիսիք են հակամիջուկները և հակաատոմները, չնայած արհեստական պայմաններում հաջողվել է սինթեզել ծանր հակաջրածնի՝ հակադեյտրոնի և հակատրիտիումի ատոմների և հակահելիումի թեթև իզոտոպի ատոմի միջուկներ: Այսպիսով, երկրային պայմաններում ապացուցված է այն տարրական հակամասնիկների գոյությունը, որոնք անհրաժեշտ են Հ–ի կառուցման համար, և հայտնագործված են պարզագույն հակաատոմների միջուկները: Դա վկայում է Տիեզերքի որևէ մասում կայուն Հ–ի գոյության հնարավորությունը, սակայն Տիեզերքում նրա տարածվածության մասին ստույգ փաստեր դեռևս չկան:

Յու. Շահնազարյան

ՀԱԿԱԱՊԵՔՍ, երկնոլորտի՝ ապեքսին տրամագծորեն հակադիր կետ:

ՀԱԿԱԱՏՈՄԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, հնացած տերմին, որը հասկացվում էր որպես զորքն ու բնակչությունը ատոմային զենքից պաշտպանելու միջոցառումների համախումբ (տես` Պաշտպանություն զանգվածային ոչնչացման զենքից):