ՀԱԿԱԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, լայն իմաստով՝ կապիտալիստական պետության օրենսդրական և իրավական այլ միջոցառումների կոմպլեքս, որով իրավաբանորեն ձևակերպվում է մոնոպոլիստական կապիտալիզմի պայքարն ընդդեմ բանվոր դասակարգի, նեղ իմաստով՝ աշխատավորության տնտեսական դրության վատթարացմանն ու նրանց դասակարգային պայքարի հնարավորությունների սահմանափակմանն ուղղված իրավանորմերի ամբողջություն: Հ. օ–յան առաջացումը պայմանավորված է դասակարգային պայքարի ուժեղացմամբ: Այն բանվոր դասակարգի դեմ մոնոպոլիաների պայքարի հիմնական միջոցներից է, աշխատանքի կապիտալիստական կազմակերպման բնորոշ գիծը, բուրժ. աշխատանքային իրավունքի և կապիտալիստական պետության սոցիալական քաղաքականության հիմնական միտումներից մեկը: Հ. օ–ներ են ընդունվել Ֆրանսիայում (Լե Շապելյեի օրենքը՝ 1791-ին, հակագործադուլային օրենքը՝ 1947-ին ևն), ԱՄՆ–ում (հակատրեստային օրենսդրությունները՝ 1890-ին և 1912-ին, Մաքարեն–Վուդի, Մաքարեն–Ուոլտերի և Բրաունելի–Բատլերի օրենքները՝ 1950-ին, 1952-ին, 1954-ին ևն), Անգլիայում, Իտալիայում և կապիտալիստական այլ երկրներում: Դրանց դրսեվորման ձևերը տարբեր են, որոշվում են այս կամ այն երկրի քաղ. ռեժիմով: Հ. օ–յան ուժեղացումը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի արդի փուլի բնորոշ գիծն է, դրանց արգելումը՝ աշխատավորության դասակարգային պայքարի կարևորագույն խնդիրներից մեկը:
ՀԱԿԱԳԱԶ, մարդու շնչառական օրգանները, աչքերն ու դեմքը թունավոր նյութերից, ռադիոակտիվ փոշուց և օդում գազի կամ գոլորշու ձևով գտնվող այլ նյութերից պաշտպանող հիմնական անհատական միջոց (սարք): Հ–երը լինում են զտող (ներշնչվող օդը զտում, մաքրում է վնասակար նյութերից,) և մեկուսացնող (շնչառական օրգանները լրիվ մեկուսացնում է արտաքին միջավայրից՝ շնչառությունը կատարվում է Հ–ի պարկուճում ռեգեներացվող օդով): Վերջինս օգտագործվում է այն դեպքում, երբ զտող Հ. պաշտպանություն չի ապահովում, օրինակ, շրջապատում թթվածնի պակասության դեպքում:
ՀԱԿԱԳՐՈՀ, պաշտպանվող զորքերի գրոհ, որի նպատակն է ջախջախել պաշտպանության մարտական կարգերը ներխուժած հակառակորդի զորքերը և վերականգնել կորցրած մարտավարական (տակտիկական) դրությունը: Հ. սովորաբար իրականացվում է պաշտպանվող զորքերի երկրորդ Էշելոնների և պահեստի ուժերով՝ մասնակից դարձնելով առաջին էշելոնի զորքերի այն մասը, որը զերծ Է մնացել թշնամու գրոհից: Ձեռնարկվում Է հանկարծակի, արագ, վճռաբար և այն ժամանակ, երբ հակառակորդը դեռ չի հասցրել ամրանալ գրաված դիրքերում և համախմբել ուժերը հարձակումը շարունակելու համար: Հակագրոհող զորքերին կարող են աջակցել տանկերը, ավիացիան, հրետանին և կրակային այլ միջոցներ:
ՀԱԿԱԴԱՐՁ ԱԼԻՔԻ ԼԱՄՊ, հակադարձ ալիքով լամպ, էլեկտրավակուումային սարք՝ գերբարձր հաճախականության Էլեկտրամագնիսական տատանումների գեներացման համար, որոնք առաջանում են էլեկտրոնային հոսքի և դանդաղեցնող համակարգով էլեկտրոնների շարժմանը հակառակ ուղղությամբ վազող էլեկտրամագնիսական ալիքի փոխազդեցության հետևանքով: Հ. ա. լ. կիրառվում է լայն տիրույթի ազդանշան– և սվիպ–գեներատորներում՝ ռադիոտեխնիկական չափումների և ռադիոսպեկ– տրոսկոպիայի համար, արագ վերալարվող ընդունիչների հետերոդիններում ևն: Մագնետրոնային տիպի Հ. ա. լ. կիրառվում է ռադիոխանգարումների գեներացման համար, չափիչ սարքավորումներում, կապի համակարգերում և այլուր: Տատանումների հաճախականությունը 0,5– 18 Գհց է, հզորությունը՝ 0,1–1 կվտ, օ.գ. գ–ն՝ 6–50%:
ՀԱԿԱԴԱՐՁ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ, տես Շրջանային ֆունկցիաներ:
ՀԱԿԱԴԱՐՁ ԽՆԴԻՐՆԵՐ, մաթեմատիկայում, մաթեմատիկական ֆիզիկայում, տեխնիկայում և ճշգրիտ բնագիտության այլ բնագավառներում դրվող խնդիրներ, որոնց լուծումը հաճախ ունի կարևոր գիտական կամ գործնական նշանակություն: Ցուրաքանչյուր քանակական գիտական խնդիր նպատակ ունի նախապես հայտնի ինչ–որ տվյալներից (մուտքի տվյալներ) դուրս բերել ուրիշ անհայտ համարվող տվյալներ (ելքի տվյալներ): Եթե մի որևէ խնդրում փոխենք մուտքի և ելքի տվյալների դերերը, ապա կստանանք մի նոր խնդիր, որը կկոչվի հակադարձ՝ սկզբնական խնդրի նկատմամբ: Այդպիսով, հակադարձ խնդրի գաղափարը հարաբերական է, և ամեն մի խնդիր կարող է դիտվել որպես մի այլ խնդրի նկատմամբ հակադարձ խնդիր: Շատ գիտություններում, սակայն, պատմականորեն առաջացել են խնդիրներ (կամ խնդիրների ամբողջ դասեր), որոնք ավանդաբար դիտվել են որպես տվյալ գիտության առաջնային կամ ու ղ ի ղ խնդիրներ, իսկ հետագայում կարիք է զգացվել լուծելու նրանց նկատմամբ հակառակ խնդիրներ, որոնք պարզապես կոչվել են հակադարձ: Ատորև բերվում են օրինակներ տարբեր բնագավառներից:
Մաթեմատիկա. ա.առաջին կարգի դիֆերենցիալ հավասարման [F(x, y, y՛)=0] ընդհանուր լուծումն ունի հետևյալ տեսքը՝φ(x, y, C)= 0, որտեղ C-ն կամայական հաստատուն է: Դրան հակառակ տրված φ(x, y ,C)= 0 հավասարումով որոշվող կորերի ընտանիքի համար կարելի է գտնել առաջին կարգի մի դիֆերենցիալ հավասարում (C հաստատունը չպարունակող), որին բավարարում է այդ ընտանիքի յուրաքանչյուր կորը: Այդ դիֆերենցիալ հավասարումը և հակադարձ խնդրի լուծումն է:
- Դիֆերենցիալ հավասարումների տեսության հիմնական պրոբլեմներից մեկն այս վերջին հարյուրամյակում եղել է Շտուրմ–Լիուվիլի խնդիրը, որը կայանում է հետևյալում՝ գտնել տրված L գծային դիֆերենցիալ օպերատորի համար Լ(Ս)=λU հավասարման մեջ մտնող λ պարամետրի այն λK արժեքները, որոնց դեպքում այդ հավասարումն ունի որոշ համասեռ եզրային պայմաններին բավարարող, բայց զրոյից տարբեր լուծում: Եթե λk-երի որոշումը դիտվում է որպես ուղիղ խնդիր, ապա Լ օպերատորի (կամ նրա մեջ մտնող գործակիցների) որոշումը, երբ տրված են λk k-երը, համարվում է հակադարձ խնդիր: Ընդհանրապես Լ օպերատորը գտնելու համար կարող են որոշ տեղեկություններ տրված լինել ոչ միայն λk-երի արժեքների, այլև սեփական ֆունկցիաների (Uk) մասին: Նման Հ.խ. կարող են ունենալ առանձին դեպքերում միարժեք լուծում, այլ դեպքերում՝ բազմաթիվ լուծումներ և կամ ոչ մի լուծում (ինքնահակասական պայմանների դեպքում):
Տեսական աստղագիտություն. ա. ուղիղ խնդիր՝ մոլորակի կամ գիսավորի ուղեծրի տրված տարրերի արժեքների հիման վրա կանխագուշակել նրա տեսանելի դիրքերը երկնքի վրա ապագա որոշ ժամկետների համար: Հակադարձ խնդիր՝ երեք տարբեր ժամկետներում մոլորակի կամ գիսավորի դիտված տեսանելի դիրքերի հիման վրա գտնել նրա ուղեծրի տարրերը: Այս հակադարձ խընդրի լուծումը տվել է Գաուսն իր դասական աշխատության մեջ, որն օգտագործվում է մինչև այժմ: