Հայոց կաթողիկոսական աթոռը: Կաթողիկոս Ներսես Շնորհալու օրոք (1166–1173) Հ. դարձել է համահայկական մշակութային կենտրոն: Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը: Տ. հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով: Հ–ում են գործել կաթողիկոսներ Ներսես Դ Կլայեցին, Գրիգոր Դ Տղան, Կոսաանդին Ա Բարձրբերդցին', մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը և ուրիշներ: 1292-ի մայիսին Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը խոշոր ուժերով պաշարեց Հ., որի բնակչությունը և պահակազորը 33 օր հերոսաբար դիմադրեցին թշնամուն: Դրսի օգնությունից զրկված պաշտպանները հունիսի 28-ին քաղաքը հանձնեցին թշնամուն: Պահակազորը սրի քաշվեց, քաղաքը կողոպտվեց, բնակչության զգալի մասը (ըստ արաբ, աղբյուրների՝ 12 հզ., ըստ հայկ. աղբյուրների՝ 30–40 հզ.), այդ թվում Ստեփանոս Դ. Հռոմկլայեցի կաթողիկոսը, գերվեցին: Հ–ի անկումը ժամանակակից պատմիչները համարել են հայ կյանքի մեծագույն աղետ: Այնուհետև կաթողիկոսական աթոռը հաստատվեց մայրաքաղաք Սսում: XVI դ. հետո, օսմանյան թուրքերի տիրապետության ժամանակ, Հ–ի Ս. Աստվածածին եկեղեցին փոխվեց մզկիթի, մյուսներն ավերվեցին: Հ. վերջնականորեն ավերվեց 1839-ին՝ Եգիպտոսի Իբրահիմ փաշայի ռմբակոծությունից: Հ–ի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են ամփոփված Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Դ Կլայեցու աճյունները: Մինչև XX դ. սկիզբը կիսավեր այդ եկեղեցին հայերի ու եզդիների ուխտատեղի էր (եզդիներն այն անվանում էին «Տեր Ներսես»):
Գրկ. Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Ե., 1965: Կիլիկիա, ՍՊԲ, 1894: Կյուլեսերյան Բ., Ծովք: Ծովք–Տլուտք և Հռոմ–կլա, Վնն., 1904:
«ՀՌՈՄԿԼԱ», պատկերազարդ պարբերաթերթ: Հռոմի Լևոնյան ժառանգավորաց վարժարանի հրատարակություն: Լույս է տեսել 1963–68-ին, Հռոմում: «Օրագրություն վարժարանիս կյանքեն» խորագրով պատմել է հաստատության առօրյայի մասին, տպագրել նախկին աշակերտների հուշեր, Սովետական Հայաստան այցելածների տպավորություններ: Անդրադարձել է կրոնական հարցերին, կաթոլիկ եկեղեցու ծիսական կարգի մեկնությանը:
ՀՌՈՄՈՒԼՈՍ (Romulus), ըստ հռոմեական ավանդության Հռոմի հիմնադիրը և առաջին թագավորը (մ. թ. ա. 754 կամ 753– 717 կամ 716): Ավանդության համաձայն, Հ–ի և նրա երկվորյակ եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա Սիլվիան և Մարս աստվածը: Ալբա Լոնգայի գահը զավթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել Տիբեր գետը: Երկվորյակները փրկվել են, սնվել գայլիք կաթով և կրթվել հովվի մոտ: Չափահաս դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում: Քաղաքին անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը սպանվել է, և քաղաքը Հ–ի անունով կոչվել է Հռոմ: Հ–ին վերագրում են ծերակույտի, կուրիաների, բանակի ստեղծումը և Հռոմի քաղաքացիներին պատրիկների ու պլեբեյների բաժանելը;
ՀՌՈՓԱՆՈՍ (V դ.), հույն նշանավոր գրիչ: 405-ին Սամոսատում, Մեսրոպ Մաշտոցի հանձնարարությամբ, փորձարկել է հայոց նորաստեղծ գրերը՝ բառերի, նախադասությունների մեջ, գրել է առաջին հայատառ ձեռագիրը, որն սկսվում է «ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» բառերով, պարունակում է Սողոմոնի առակները՝ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտներ Հովհան Եկեղյացու և Հովսեփ Պաղնացու թարգմանությամբ: Հ. օգնել է Մեսրոպ Մաշտոցին մշակելու հայ նորաստեղծ տառերը գրելու արվեստը՝ գրչության արվեստը:
Գրկ. Կորյուն, Վարք Մաշտոցի, Ե., 1962: Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968:
ՀՍԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառում: 1909-ին ուներ 8 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և արհեստներով: Հ–ի հայերը զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՀՍԿԻՉ ԾՐԱՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ, բաժնետոմսերի այն մասը, որն իր տիրոջը փաստացի գերիշխանություն է ապահովում բաժնետիրական ընկերությունում: Հսկիչ ծրարները կենտրոնանում են ֆինանսական կապիտալի մագնատների մոտ, որոնք մասնակցությունների համակարգի միջոցով լիիրավ տիրում են բաժնետիրական ընկերությանը նաև այն դեպքում, երբ Հ. ծ. բ. կազմում է 20–30 և ավելի փոքր տոկոս, չնայած, ձևականորեն պետք է կազմի 50-ից ավելին:
ՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՏՅԱՆ, տես Ատյան դատական:
ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ, ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ, օրինական ուժ ստացած դատավճիռների, վճիռների և որոշումների վերանայման հատուկ կարգ ՍՍՀՄ–ում: Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի և որոշման վերանայումը օրենքով սահմանված իրավասությունների շրջանակներում թույլատրվում է ՍՍՀՄ գլխավոր դատախազի, նրա տեղակալների, ՍՍՀՄ գերագույն դատարանի նախագահի, նրա տեղակալների, ՀՍՍՀ–ում՝ (համապատասխանաբար՝ մյուս հանրապետություններում) ՀՍՍՀ դատախազի, ՀՍՍՀ գերագույն դատարանի նախագահի և նրանց տեղակալների բողոքների հիման վրա (ՀՍՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվածներ 368–379, ՀՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդվածներ 318–331): Զինվորական տրիբունալների դատավճիռների դեմ բողոքները բերվում են զին. տրիբունալների կանոնադրությամբ (հոդվածներ 20,21) նախատեսված կարգով: Պատժի մեղմության կամ դատապարտյալի նկատմամբ ավելի ծանր հանցագործության վերաբերյալ օրենք կիրառելու անհրաժեշտության դեպքում գործի վերանայումը թույլատրվում է ոչ ուշ, քան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց մեկ տարվա ընթացքում, Քաղաքացիական գործի վերանայումը թույլատրվում է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, մասնավորապես, վճիռների կամ որոշումների անհիմն լինելու շարժառիթներով: Հիշյալ պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակներում իրավասու են կասեցնել դատավճռի, վճռի կամ որոշման կատարումը՝ մինչև գործի վերջնական լուծումը: Քրեական գործեր քննող հսկողական ատյանը իրավասու է՝ 1. բողոքը թողնել առանց բավարարման, 2. բեկանել դատավճիռն ու դատական հետագա բոլոր որոշումները՝ կարճելով գործի վարույթը կամ հանձնելով նոր դատական քննության, 3. բեկանել վճռաբեկ և հետագա որոշումները՝ գործը հանձնելով նոր վճռաբեկ քննության, 4. բեկանել դատական հսկողության կարգով կայացված որոշումները՝ առանց Փոփոխելու (կամ փոփոխմամբ) ուժի մեջ թողնելով դատարանի դատավճիռն ու վճռաբեկ ատյանի որոշումը, 5. փոփոխել դատարանի դատավճիռը կամ որոշումը: Քաղաքացիական գործեր վերանայող դատական ատյանին թույլատրվում է՝ 1. վճիռը կամ որոշումը թողնել անփոփոխ՝ հերքելով բողոքը, 2. հար գել բողոքը ամբողջովին կամ մասամբ, բեկանելով վճիռը կամ որոշումը, և գործը ուղարկել նոր դատական քննության, 3. վճիռը կամ որոշումը բեկանել ամբողջովին կամ մասնակիորեն կարճելով գործի վարույթը կամ հայցը՝ թողնելով առանց քննության, 4. ուժի մեջ թողնել նախկին վճիռներից կամ որոշումներից մեկը, 5. փոփոխել կամ կայացնել նոր վճիռ՝ առանց գործը նոր քննության հանձնելու:
ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ իրավաբանական, ՍՍՏՄ–ում պետական մարմինների գործունեության ձև, որն իրականացվում է սոցիալիստական օրինականության պահպանման նպատակով: Լինում է՝ դատական , դատախազական, վարչակաև: Դատախազական Հ. դատախազության՝ օրենքի պահպանմանն ուղղված հսկողությունն է մինիստրությունների, գերատեսչությունների, նրանց ենթակա հիմնարկների, տեղական սովետների գործադիր–կարգադրիչ մարմինների, կոոպերատիվ և այլ հասարակական կազմակերպությունների, առանձին պաշտոնատար անձանց ու քաղաքացիների գործունեության նկատմամբ (ընդհանուր Հ.): ՍՍՀՄ դատախազության համակարգի դատախազներն իրավասու են քննել քաղաքացիների դիմում–բողոքները, տեղերում (հիմնարկներում, ձեռնարկություններում) ստուգել օրենքի կատարումը, պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, իրավախախտման կապակցությամբ պաշտոնատար անձանցից ու քաղաքացիներից վերցնել բացատրություն, հարուցել օրենքի խախտումը, խախտում առաջացնող պայմանները վերացնելու միջնորդություն, քրեական պատասխանատվության կանչել հանցավոր արարք կատարած անձանց: Նրանք հսկում են հետաքննության, նախաքննության