Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ, 1600 տեխնիկ, 1979): Բնակչության առևտրական սպասարկումն իրականացնում են Հրազդանի և Ծաղկաձորի քաղառները և շրջկոոպը: Հ–ի տնտեսության հիմնական ճյուղերից է գյուղատնտեսությունը: Քաղաքի շրջագծի մեջ են մտնում Հրազդանի, Աթարբեկյանի և Ջրառատի կաթնաանասնապահական սովետական տնտեսությունները, որոնք զբաղվում են նաև պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ:

Հ–ում գործում են շրջանային հիվանդանոց (248 մահճակալ), ծննդատուն (100 մահճակալ), 2 պոլիկլինիկա, արյան փոխներարկման և սանիտարահակահամաճարակային կայաններ, 2 դեղատուն: Քաղաքի բուժհիմնարկներում աշխատում են 90 բժիշկ, 250 միջին և կրտսեր բուժաշխատող: 1978–79 ուս. տարում Հ–ում կային 15 հանրակրթական (14-ը՝ միջնակարգ), 2 երաժշտական, կերպարվեստի, մարզական դպրոցներ, ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկում, պրոֆտեխնիկական ուսումնարան, 12 նախադպրոցական հիմնարկ: Աշխատում են 566 ուսուցիչ (456-ը՝ բարձրագույն կրթությամբ): Գործում են կապի հանգույց (4 բաժանմունքով), 2 կուլտուրայի տուն, 4 ակումբային հիմնարկ, 11 գրադարան, 2 կինոթատրոն, պատկերասրահ, պիոներ դպրոցականների և էներգետիկների պալատները: Քաղաքի զգալի մասն ունի ջրմուղ–կոյուղու ցանց, խմելու ջուրն ստանում է Աթարբեկյանի աղբյուրներից, գազիֆիկացված է: Բնական գազն ստանում է Ղարադաղ–Երևան գազամուղից: Օգտվում են ոադիո– և հեռուստատեսային հաղորդումներից: Հ–ում է ծնվել սոցիալիստական աշխատանքի հերոս Ս. Հունանյանը:

Հ–ի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1927–28-ին (ճարտ. Ա. Թամանյան): Նախագիծն ընդգրկում էր Ախտա և Աղփարա գյուղերի տարածքը (ներկայիս քաղաքի հվ. մասը), որի ամֆիթատրոնաձև կառուցապատումը ուղղված էր դեպի Հրազդան գետը (վերջինիս ափամերձ մասը նախատեսված էր օգտագործել որպես հանգստի գոտի):

1961–63-ին կազմվել է քաղաքի գլխավոր հատակագծի նոր նախագիծ (ճարտ–ներ՝ Մ. Գրիգորյան, Է. Ալթունյան և ուրիշներ)՝ 1980-ի հաշվարկային ժամկետով, որտեղ օգտագործված են լեռնային դարավանդներով և գետերի ձորերով մասնատված հարթավայրերն ու բարձրությունները: Քաղաքն ունի 3 հիմնական զանգված՝ հվ., կենտրոնական, հս.: Հ–ի հիմնական արդ. շինությունները կենտրոնացած են գլխավոր հատակագծով նախատեսված արդ. հանգույցում (ճարտ–ներ՝ Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան, Ժ. Հովսեփյան, Բ. Պատրիկյան): 1969-ին մշակվել է քաղաքի վարչա–հասարակական–մշակութային կենտրոնի նախագիծը (ճարտ–ներ՝ Մ. Գրիգորյան, Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան, Տ. Բալայան): Հ–ում 1960–70-ական թթ. կառուցվել են «Ծովինար» ռեստորանը (1960, ճարտ. Ռ. Իսրայելյան), հյուրանոցը (1967, ճարտ. Հ. Աչյան), ՀԿԿ Հրազդանի շրջկոմի, Հրազդանի շրջսովետի և քաղսովետի միացյալ շենք (1976, ճարտ. Գ. Գրիգորյան), ավտոկայան (շին. սկիզբը՝ 1977, ճարտ. Հ. Առաքելյան), էներգետիկների պալատը (1979, ճարտ. Լ. Հովհաննիսյան) ևն:

Մ. Հարությունյան, Վ. Ագշեհիրլյան Պատկերազարդումը տես 616-րդ էջից հետո՝ ներդիրում:

ՀՐԱԶԴԱՆ, Հայկական ՍԱՀ Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղի նախկին (մինչև 1967-ը) անվանումը:

«ՀՐԱԶԴԱՆ», էլեկտրոնային հաշվողական մեքենաների (ԷՀՄ) շարք, որը մշակվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում, 1959–65-ին: Ընդգրկում է ԷՀՄ–ների երկրորդ սերնդին պատկանող «Հ–1», «Հ–2» և «Հ–3» երկու հասցեանոց մեքենաները: «Հ–1» և «Հ–2» մեքենաները նախատեսված են գիտատեխնիկական և տնտ. ոչ մեծ խնդիրների լուծման համար: «Հ–1»-ը երկրորդ սերնդի առաջին ունիվերսալ մեքենան է ՍՍՀՄ–ում: Նրա միջին արագագործությունն է 4000 գործողություն 1 վրկ–ում, թվերը ներկայացվում են 31 կարգի օգնությամբ՝ սևեռած ստորակետով, օպերատիվ հիշողության ծավալն է 31-կարգանի 1024 բջիջ:

«Հրազդան–2»

«Հ–2»-ի միջին արագագործությունն է 5000 գործողություն 1 վրկ-ում, թվերը ներկայացվում են 36 կարգի օգնությամբ՝ սահող ստորակետով, դրական նորմալ տեսքի ամենամեծ և ամենափոքր թվերը, որոնք կարող են ներկայացվել, համապատասխանաբար հավասար են 231 (1–2-29) և 2-33, օպերատիվ հիշողության ծավալն է 36-կարգանի 2048 բջիջ: «Հ–3»-ը նախատեսված է գիտատեխնիկական, վիճակագրական, պլանավորման և տնտ. լայն ոլորտի խնդիրների լուծման համար: «Հ–3»-ի միջին արագագործությունն է 25000 գործողություն 1 վրկ–ում, թվերը ներկայացվում են 48 կարգի օգնությամբ՝ սահող ստորակետով, դրական նորմալ տեսքի ամենամեծ և ամենափոքր թվեր, որոնք կարող են ներկայացվել, համապատասխանաբար հավասար են 463 (1–2-40) և 4-65, օպերատիվ հիշողության ծավալն է 48-կարգանի 16384 կամ 32768 բջիջ:

Ա. Բաղդասարյան


«ՀՐԱԶԴԱՆ», գրական, հասարակական և տնտեսական օրաթերթ: Լույս է տեսել 1908 – 09-ին, Երևանում: Հրատարակիչ–խմբագիր՝ Ա. Տեր–Հակովբյանց: Լուսաբանել է երևանյան կյանքը, բարձրացրել քաղաքի տնտ. և սանիտարական վիճակի հետ կապված հարցեր: «Գավառական կյանք» բաժնում պատմել է գյուղերում դպրոցական գործի դրվածքի, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցների, գինեգործության, բամբակագործության ևն հարցերի մասին: Թերթը լուրեր է տպագրել նաև Իրանի, Թուրքիայի, Կովկասի հայաբնակ վայրերից, անդրադարձել Արևմտյան Հայաստանի իրավիճակին: Գրական բաժնում զետեղել է պատմվածքներ, բանաստեղծություններ, գրախոսականներ: Ե. Հարությունյան

«ՀՐԱԶԴԱՆ», երկօրյա թերթ: ՀԿԿ Հրազդանի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Հրազդանում: Լուսաբանում է կուսակցության և կառավարության որոշումները, շրջանի և քաղաքի արտադրական ձեռնարկությունների աշխատանքային առօրյան, ներկայացնում արտադրության առաջավորներին, վեր հանում տեղ գտած թերությունները: Պրոպագանդում է շրջանի գյուղատնտեսության աշխատողների հաջողությունները, ծանոթացնում առաջավոր տնտեսությունների փորձին, անդրադառնում է աշխատավորության կենցաղի, բուժսպասարկման, հանգստի հարցերին: Տպագրում է գրական–գեղարվեստական գործեր, գիտական, մարզական և մշակութային տեղեկություններ, ընթերցողների նամակներ: ՏԱՍՍ–ի և Արմենպրեսի նյութերով ծանոթացնում է միջազգային քաղ. իրադարձություններին, միութենական և հանրապետական նորություններին: Հաջորդել է «Լենինի դրոշով» (1932–41, 1946-62), «Լենինյան դրոշով» (1962–65, միացյալ), թերթերին: Վ. Ամիրբեկյան

ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՍՍՀ Հրազդան քաղաքի հյուսիս արևելյան ծայրամասում, Սուդաղյան տեղամասում: Այդ շրջանում երկաթաքարի առկայության մասին առաջին տեղեկությունները բերվում են Վ. Մելլերի ամփոփագրում (1917): ՀՍԱՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստ–ի 1948– 1949-ին կատարած գիտական ուսումնասիրությունների հիման վրա հանձնարարականներ են տրվել այդտեղ որոնողա–հետախուզական աշխատանքներ տանելու համար: Այդ աշխատանքներն իրագործել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի երկրաբանական վարչությունը (1959–63): Հանքավայրի տեղամասը կազմված է պալեոզոյան մետամորֆային թերթաքարերից

«Հրազդան–Յ»