փակել էին երկաթե դռնով։ Տես նաև Դերբենդ։Ակամսիս), գետ Հայկական լեռնաշխարհում՝ Թուրքիայում և ՍՍՀՄ–ում։ Երկարությունը 438 կմ է (26 կմ ՍՍՀՄ սահմաններում), ավազանը՝ 22 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Ճորոխի լեռնաշղթայի Չորմայրի (Մեսջիտ, 3255 մ) լեռնագագաթի հս–արմ․ լանջից, մոտ 3000 մ բարձրությունից։ Հոսում է Լազիստանի և Ճորոխի լեռնաշղթաների միջլեռնային տեկտոնական իջվածքով, կտրում Պոնտական լեռնաշղթան և Բաթում քաղաքի մոտ թափվում Սև ծովը։ Գետաբերանային մասում բաժանվում է բազուկների։ Գլխավոր վտակներն են Օլթին և Աջարիս Ծղալին։ Սնումը խառն է, հորդացումը՝ գարնանն ու ամռանը։ Տարեկան միջին ծախսը 285 մ²/վրկ է։ Օգտագործվում է ոռոգման և լաստառաքման համար։ Թորթում գետի վրա կա (Ճ–ի ավազան) 50 մ բարձրության ջրվեժ։
ՃՈՐՏ, ֆեոդալից անձնապես կախյալ և նրա հողին ամրացված իրավազուրկ գյուղացի, որը պարտավոր էր անվճար աշխատել ֆեոդալի համար, կատարել բազմապիսի պարհակներ։ Տես Գյուղացիություն, Ճորտատիրական իրավունք։
ՃՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ, տես Ֆեոդալիզմ։
ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ֆեոդալական պետության իրավական նորմերի համակարգ, որով կարգավորվել են կալվածատերերի և նրանցից անձնական կախման մեջ գտնվող գյուղացիների հարաբերությունները։ Ճ․ ի․ սահմանել և ամրապնդել է ֆեոդալիզմի ժամանակ գյուղացիական կախվածության առավել լրիվ և դաժան ձևը։ «Ճորտատիրական իրավունքի հիմնական հատկանիշն այն է, որ գյուղացիությունը․․․ համարվում էր հողին ամրացված, այստեղից էլ առաջացել է հենց այդ՝ ճորտատիրական իրավունքի հասկացողությունը» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 29, էջ 592–593)։ Ճորտ գյուղացին իրավունք չուներ հեռանալու իր տիրոջից, պարտավոր էր նրա համար կատարել կոռ, բնամթերքով կամ դրամով վճարել բահրա։ Նրանք, մյուս գյուղացիների նման, պետք է կատարեին նաև պետ․ պարհակային պարտավորություն՝ բեգար։ Ճ․ ի․ օրինականացնում էր գյուղացու նկատմամբ կիրառվող ոչ միայն տնտ․, այլև արտատնտեսական (բռնի) ճնշումը։ Արտատնտեսական հարկադրանքի ձևերն ու չափերը տարբեր էին, սկսած լրիվ ճորտացումից (որը քիչ էր տարբերվում ստրկականից), վերջացրած գյուղացիների դասային անիրավահավասարությամբ՝ այս կամ այն երկրում ֆեոդալիզմի զարգացման պայմաններին համապատասխան։ Ըստ Ճ. ի–ի, կալվածատերը իր ճորտի նկատմամբ ուներ ոչ լրիվ սեփականության իրավունք՝ նրան կարող էր վաճառել (հողի հետ միասին կամ առանց հողի), նվիրաբերել, ամուսնացող դստեր օժիտի մեջ մտցնել, ծեծել, աքսորել, բայց սպանելու իրավունք չուներ։ Ճ․ ի․ ամենուրեք ձևավորվել է ֆեոդալական հասարակական–տնտեսական կարգերի առաջացման հետ միասին և հարատևել մինչև կապիտալիստական արտադրաեղանակի ծագումը։ Այն ենթադրում էր բավականին ուժեղ պետ․ իշխանության առկայությունը, որը պետք է ապահովեր նրա հիմնական նորմերի իրականացումը։ Արևմտյան Եվրոպայում VII–IX դդ․ ճորտերն իրենց տերերից ունեին անձնական, դատական և հողային կախվածություն։ Բացառություն էին կազմում պալատական գյուղացիներն ու ստրուկները, սաժենահաշվով աշխատողները, որոնք հողին կամ պարոնին իրավաբանորեն ամրացված չէին։ XIII–XIV դդ․, ապրանքադրամական հարաբերությունների զարգացման հետ, ճորտատիրական շահագործման նախկին՝ գյուղացուն առավել կախվածության մեջ պահող ձևերին փոխարինեցին բնամթերային, դրամական ռենտայի ձևերը, թույլատրվեց գյուղացիների փրկագնմամբ արձակումը։ X–XV դդ․, Արևմտյան Եվրոպայում ճորտատիրական կախման որոշ տարրեր տարածվում էին առանձին կատեգորիայի գյուղացիների վրա (վիլլաները՝ Կենտրոնական Անգլիայում, ռեմենսները՝ Կատալոնիայում, Ֆրանսիայում և Իտալիայի հվ–ում, սերվիները՝ Կենտրոնական և Հյուսիսային Իտալիայում և այլն)։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում (այդ թվում՝ Ռուսաստանում) Ճ․ ի․ կազմեց սոցիալական հարաբերությունների կարևորագույն մասը։ Գյուղատնտ․ արտադրության վրա հիմնված ձեռնարկատիրական, կալվածատիրական տնտեսության զարգացումը, կոռային աշխատանքի արագ աճը և գյուղացիների բուրժ․ շահագործմամբ շահագրգռված ազնվականության քաղ․ իշխանության առկայությունը այդ երկրներում նպաստեցին, այսպես կոչված, «ճորտատիրական երկրորդ հրատարակության» տարածմանը։ Արևելյան Գերմանիայում, Մերձբալթիկայում, Լեհաստանում, Չեխիայում, Հունգարիայում, Ռուսաստանում Ճ․ ի․ տարածվում էր գյուղացիության հիմնական մասի վրա։ Գյուղացիները պարտավոր էին իրենց տերերի համար աշխատել շաբաթվա 6 օրը, զրկված էին սեփականատիրական, անձնական, քաղաքացիական իրավունքներից։ Ճ․ ի․ հիշյալ երկրներում հարատևեց ֆեոդալական հետադիմության հաղթանակի հետևանքով՝ երկար ժամանակ խոչընդոտելով կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը և վերացվեց XVIII–XIX դդ․ բարեփոխումների միջոցով։
Ռուսաստանում ճորտատիրությունն ու Ճ․ ի․ սկիզբ են առել XI դարից։ Մինչև XV դ․ ճորտատիրական շահագործման են– թարկվել են գյուղացիական որոշ խավեր՝ ճորտացված ստրուկներ (տառապյալներ), պարտքի դիմաց կոռային աշխատանք կատարողներ (զակուպներ, սմերդներ), այլ խավերից ելած իզգոյներ (տնանկներ) ևն։ Սմերդի և խոլոպի (տես Խոլոպներ) գույքային ու անձնական իրավունքները սահմանափակված էին հավասարաչափ։ Նրանց սպանելու համար սահմանվում էր միևնույն տուգանքը։ XV դ․ ճորտատիրությունը Ռուսաստանում ընդգրկեց ողջ գյուղացիությունը, ուժեղացավ հողի սեփականատիրոջից նրանց կախվածությունը (Յուրիի օր, հողատիրոջը վերադարձնելու վաղեմության ժամկետի սահմանում կամ ընդհանրապես վաղեմության վերացում և այլն)։ 1861-ին ճորտատիրությունը Ռուսաստանում վերացվեց (տես Գյուղացիական ռեֆորմ 1861)։
Հայաստանում Ճ․ի․ ծագել է վաղ ֆեոդալիզմի շրջանում, հողի մասնավոր ֆեոդալական սեփականության առաջացման հետ։ Կալվածատերերն իրենց են ենթարկել չքավոր գյուղացիներին, ստիպել նրանց կոռային աշխատանք կատարել և իրենց ճորտացված ստրուկներին՝ «երդումարդ»-ներին դարձրել ճորտ գյուղացիներ։ Դվինի 648-ի եկեղեցական ժողովի (տես Դվինի ժողովներ) 9-րդ կանոնը վկայում է, որ «ազատք զիւրեանց զերդումարդ բաժանեն․․․»։ Այսպես կարող էին վարվել ոչ միայն ստրուկների, այլև ճորտերի հետ։ Ճ․ ի․ արտացոլվել է նաև Հայոց դատաստանագրքերում (Մխիթար Գոշի Դատաստանագիրք, 2-րդ մաս, հոդված 3, Սմբատ Սպարապետի Դատաստանագիրք, հոդված 118)։ Ճ․ ի․ ավելի մեծ թվով գյուղացիների վրա է տարածվել զարգացած ֆեոդալիզմի շրջանում, հատկապես Կիլիկիայի հայկ․ պետությունում։ Հատկանշական է, որ «պառիկոս»-ներին (ճորտերին) վերաբերող նշված հոդվածը (118) Սմբատ Սպարապետը գրի է առել ստրուկներին նվիրված 115–117 հոդվածներից անմիջապես հետո։ Հայտնի է նաև, որ Ղազանխանի 1303-ի յառլեխով (հրովարտակ) Արևմտյան իլխանության (այդ թվում՝ Հայաստանի) գյուղացիները փաստորեն ամրացվել են հողին։ Այդ օրենքով 30-ամյա վաղեմության ժամկետ է սահմանվել փախած գյուղացիներին բռնի նրանց տերերին վերադարձնելու մասին։ Ճ․ ի․ դրանից հետո նույնպես դարեր շարունակ պահպանվել է զանազան դրսևորումներով։ Արևելյան Հայաստանում Ճ․ ի․ վերացվել է 1870-ի գյուղացիական ռեֆորմով (տես Գյուղացիական ռեֆորմ Հայաստանում 1870), սակայն ճորտական աշխատանքի առանձին վերապրուկներ պահպանվեցին մինչև սովետական կարգերի հաստատումը։ Տես նաև Գյուղացիություն հոդվածը։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ․, հ․ 3։ Նույնի, ճորտատիրական տնտեսությունը գյուղում, Երկ․, հ․ 20։ Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե․, 1934։ Սամուելյան Խ․, Հին հայ իրավունքի պատմություն, հ․ 1, Ե․, 1939։ Греков Б․ Д․, Крестьяне на Руси и древнейших времен до XVII в․, 2 изд․, кн․ 1–2, М․, 1952–54։ Бессмертный Ю․Л․, Северо-французский серваж, (К изучению общего и особенного в формах феодальной зависимости крестьян), в сб․։ Средние века, М․, 1971, в․ 33; Кнапп Г․ Освобождение крестьян и происхождение сельскохозяйственных рабочих в старых провинциях Прусской монархии пер․ с нем․, СПБ, 1900․
ՃՈՐՏԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, տես Ֆեոդալիզմ։
ՃՉԱՆԱԿ, հարվածային երաժշտական գործիք։ Մի ծայրով երկու թելի վրա շարված փայտե թերթիկների (մինչև 20 հատ) հավաքակար։ Օգտագործվում է ժող․ երգերի և պարերի ռիթմիկ նվագակցման համար։ Տարածված է տարբեր ժողովուրդների մոտ:
ՃՊՈՒՌՆԵՐ (Odonata), գիշատիչ միջատների կարգ։ Մարմինը խոշոր է, աչքերը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/105
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է