Արտաքին առևտուրը: Արտահանում է սուրճ, վանիլ, մեխակ, պղպեղ, շաքար, միս և մսի պահածոներ, ձուկ, գրաֆիտ, փայլար: Ներմուծում է լայն սպառման ապրանքներ, պարեն, մեքենաներ, սարքավորումներ ևն: Առևտրական հիմնական գործընկերներն են Ֆրանսիան, ԳՖՀ, ԱՄՆ, Ճապոնիան:
Դրամական միավորը մալգաշական ֆրանկն է, որը= է 0,02 ֆրանս. ֆրանկի:
Բժշկա–աշխարհագրական բնութագիրը: 1972-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 34,1, մահացությունը՝ 10,2, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 53,2 (1971): Տղամարդկանց կյանքի միջին անկողությունը 37,5 տարի է, կանանցը՝ 38,3: Տարածված են ստամոքսա–աղիքային, վարակիչ, մաշկավեներական, ճիճվային հիվանդությունները, տուբերկուլոզը, մալարիան, բորը, կա ժանտախտի բնական օջախ: 1973-ին գործել է 834 հիվանդանոցային հիմնարկ՝ 19,8 հզ. մահճակալով (1000 բնակչին՝ 2,5 մահճակալ), արտահիվանդանոցային օգնություն են ցույց տվել ամբուլատորային 75 բաժանմունք (հիվանդանոցային), 4 պոլիկլինիկա, բժշկական 34 շրջան, 22 դիսպանսեր, 500 բժշկ. կետ, մունիցիպալային 8 սանիտարական բյուրո և շարժական 11 բրիգադ: 1973-ին աշխատել են 687 բժիշկ (11,6 հզ. բնակչին՝ 1 բժիշկ), 80 ատամնաբույժ, 100 դեղագործ, 3,4 հզ. միջին բուժաշխատող: Բժշկ. կրթություն ստանում են Ֆրանսիայի համալսարաններում (Անտանանարիվուի համալսարանին կից ազգային բժշկական դպրոցում 2-ամյա դասընթացից հետո):
Լուսավորությունը և գիտական հիմնարկները: Առաջին դպրոցները հիմնել են միսիոներները XVIII դ. վերջին – XIX դ. սկզբին: Մինչև անկախություն ձեռք բերելը (1960) անգրագետ էր մեծահասակ բնակչության 60%-ը, դպրոցներում սովորում էր երեխաների մոտ 30%-ը: Ժողկրթության համակարգի մեջ մտնում են 6-ամյա տարրական դպրոցները (ընդունվում են 6 տարեկանները, ուսուցումը՝ մալգաշերեն), հանրակրթական և տեխ. 4-ամյա կոլեջները (ոչ լրիվ միջնակարգ կրթություն) և 7-ամյա լիցեյները, որոնք տալիս են լրիվ միջնակարգ կրթություն և բուհ ընդունվելու իրավունք: Միջնակարգ դպրոցում ուսուցումը ֆրանսերեն է: Գործում են նաև մասնավոր, հիմնականում՝ միսիոներական դպրոցներ: Միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը դը Գոլի անվան համալսարանն է (1961, Անտանանարիվու): Անտանանարիվուում են գտնվում Ազգային գրադարանը (1961) և Ազգային պատմության թանգարանը, ինչպես նաև գիտական հիմնարկների մեծ մասը՝ Մալգաշական ակադեմիան (1902), Մ–ի աշխարհագրության ազգային ինստիտուտը (1945) ևն: Մ–ում գործում են նաև ֆրանս. մի շարք գիտահետազոտական հիմնարկների (Պաստյորի ինստ. ևն) մասնաճյուղեր և բաժանմունքներ:
Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը: Մ–ում լույս է տեսնում ավելի քան 200 պարբերական հրատարակություն՝ մալգաշերեն և ֆրանսերեն: Առավել խոշորներն են՝ «Մադագասկար մատեն» («Le Madagascar Matin», 1962-ից) օրաթերթը, «Ժուռնալ օֆիսիել դե լա Ռեպյուբլիկ Մալգաշ» («Journal Officiel de la Republique Malgache» 1830-ից), «Ռեպյուբլիկ» («La Republique» 1956-ից) շաբաթաթերթերը, բոլորն էլ՝ ֆրանսերեն, «Մադագասիկարա Մահալեուտենա» («Madagasicara Mahaleotena», 1960-ից), «Իմունգոլ վաուվաու» («Imongo Vaovao», 1954-ից), «Տոլոնա» («Tolona») օրաթերթերը, «Ֆանասինա» («Fanasina», 1958-ից) շաբաթաթերթը, «Հեհի» («Hehy», 1959-ից) երգիծական թերթը, բոլորն էլ՝ մալգաշերեն: 1962-ից գործում է Մադագասկար պրես ազգային ինֆորմացիոն գործակալությունը: Մալգաշական ազգային ռադիոհաղորդումներ կառավարական ծառայությունը հիմնվել է 1960-ին, հեռուստատեսությունը՝ 1967-ին:
Գրականությունը: Զարգանում է մալգաշերենով և ֆրանսերենով: Գրական մալգաշերենն սկսել է կազմավորվել XIX դ. 2-րդ կեսին: 1930-40-ական թթ. աչքի են ընկել ֆրանսերենով ստեդծագործող մի խումբ գրողներ, որոնք ձգտել են պատկերել ժողովրդի կյանքը, նրա պայքարը գաղութային լծի դեմ: Այդ խմբի առաջին ականավոր ներկայացուցիչն է եղել բանաստեղծ Ժ. Ժ. Ռաբեարիվելուն (1901-37): Այս սերնդի հայտնի բանաստեղծներից են Ժ. Ռաբեմանանձարան (ծնվել է 1913) և Ֆ. Ռանայվուն (ծն. 1914), որոնք Մ–ի բնությունն ու նրա ժողովրդի սովորույթները երգելու հետ միաժամանակ կոչ են արել տապալել օտարերկրյա լուծը:
Մ–ի 1950-70-ական թթ. գրականության համար բնութագրական է հետագա զարգացումը մալգաշերենով: Այս շրջանի նշանավոր գրական դեմքն է հասարակական գործիչ, թարգմանիչ, պատմվածքների ու վեպերի հեղինակ Ա. Ռացիֆեհերան; Պոեզիայում հանդես են գալիս Ռադուն, Ժ. Նարիվունին, Ժ. Ռամինուսուան, Մ. Ռասամյուելը:
Ճարտարապետությունը և կերպարվեստը: Բնակլիմայական պայմանների բերումով Մ–ի գյուղական տները բազմազան են, սակայն ունեն ընդհանուր գծեր՝ հատակագծում ուղղանկյուն են, երկլանջ տանիքով, վերձիգ համաչափություններով: Քաղաքների շինարարությունը զարգացել է XIX դ. վերջից: XIX դ. — XX դ. 1-ին կեսին պալատները, բողոքական ու կաթոլիկական տաճարները, դամբարանները կառուցվել են եվրոպական էկլեկտիկայի ոգով: 1920-ական թթ. ֆրանսիացի ճարտարապետ Գ. Կհսենը կազմել է Տանանարիվե (այժմ՝ Անտանանարիվու), Տամատավե, Անցիրաբե քաղաքների վերակառուցման նախագծերը: Սկսած 1950-ական թթ. կառուցվում են լակոնիկ ձևերով շենքեր, օգտագործվում են բետոնե կոնստրուկցիաներ, ապակի: Ժող. արվեստներից տարածված են փայտի քանդակազարդումը, հյուսածո իրերի պատրաստումը, ջուլհակությունը: 1930-ական թվականներից զարգանում է պրոֆեսիոնալ գեղանկարչությունը:
Գրկ. Корнеев Л. А., Образование Малагасийской республики, М., 1963; Бардина Ю. Я., Малагасийская республика, М., 1972; Орлова А. С., Общественный строй мальгашей в XIX в., М., 1958; Рабеманандзара Р. В.. Мадагаскар. История мальгашской нации, пер. с франц., М., 1956; Трубицын В. И., Экономика Малагасийской республики, М., 1969; Сказки и пословицы Мадагаскара, пер. с мальгашского, М., 1962; Сказки Мадагаскара, пер. с франц., М., 1965; Սгbаin-Faublее М., L'art malgache, P., 1963.
ՄԱԴԱԹՏԱՆ Աշոտ (1884, Թեհրան – 22.4.1965, Ստամբուլ), հայ դերասան, ռեժիսոր և թարգմանիչ: 1902-ին ընդունվել է Մ. Մնակյանի դերասանական խումբը, 1903-ին՝ Րեշատ Րըտվանի թուրք. խումբը: 1908-ի երիտթուրք. հեղափոխությունից հետո Ե. Շահենի հետ կազմակերպել է «Ազատ թատրոն»-ը: 1910-ական թթ. մասնակցել է Հ. Զարիֆյանի, Վ. Փափազյանի, Մ., Հ. և Վ. Ֆելեքյան քույրերի ներկայացումներին: 1919-23-ին եղել է Կ. Պոլսի հայ դրամատիկ թատերախմբի կազմակերպիչներից ու ռեժիսորներից (բեմադրել է Շեքսպիրի «Համլետ»-ը, խաղացել Համլետի դերը): Հետագա տարիներին աշխատել է Քաղաքապետական թատրոնում, ունեցել սեփական ստուդիա: Խաղացել է ավելի քան հիսուն դեր և բեմադրել
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/125
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է