Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շուրջ երեք հարյուր պիես: Թուրքերեն է թարգմանել Գ. Սունդուկյանի «Պեպո» (բեմադրել է 1934-ին), Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», Լ. Շանթի «Հին աստվածներ», հայերենի Ա. Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը», Ա. Դյումա–հոր «Քինը» և այլ ստեղծագործություններ:Բ. Հովակիմյան ՄԱԴԱԹՅԱՆ Եղիշե Միքայելի (1865, Շուշի – 1918, Խարկով), հայ գրականագետ, թարգմանիչ: Սովորել է Մոսկվայում՝ Լազարյան ճեմարանում, ապա՝ համալսարանում (1884-88), որն ավարտել է «Փավստոս Բուզանդ» (աոանձին գրքով լույս է տեսել 1890-ին, Վիեննայում) ուսումնասիրության պաշտպանությամբ: 1888-89-ին շրջագայել է Եվրոպայում: 1890–92-ին եղել է տեսուչ Շուշիի հոգևոր դպրոցում: Այնուհետև դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Հ. Տենի, Գամառ–Քաթիպայի, Ս. Շահազիզի մասին գրականագիտական հոդվածներով հանդես է եկել «Նովոյե օբոզրենիե» («Новое обозрение»), «Արարատ» և «Մուրճ» պարբերականներում: Թարգմանել է Բայրոնի, Բերանժեի, Լերմոնտովի ստեղծագործություններից: Հաճախ ստորագրել է «Վանգ»:
Գրկ. Մադոյան Գ. Ա., Եղիշե Մադաթյանի և Գրիգոր խալաթյանցի նամակագրությունից, «ԼՀԳ», 1973, № 6:Լ. Մուրադյան ՄԱԴԱԹՅԱՆ Վասակ Համբարձումի (28.5. 1845, Երևան – 1914, Երևան), հայ դրամատուրգ: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, խորացել արևելյան լեզուների մեջ: Ավարտել է Պետերբուրգի (այժմ՝ Լենինգրադ) զինվորական ակադեմիան: 1870-ական թթ. սկզբներին զինվորական ծառայության մեջ է եղել Կովկասում, ապա պաշտոնավարել է Կարսում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական) և այլուր: Երևանի նահանգապետական դիվանատանը աշխատել է որպես թարգմանիչ: 1871-ին Պետերբուրգում հրատարակվել է նրա «Փնջիկ» տաղերի գրքույկը: Հայ կենցաղային կատակերգության նմուշներից են Մ–ի «Կըռթ–կըռթ» (1880), «Մադոյի կտակը» (1888) վոդևիլները, որոնք բեմադրվել են Երևանում (1876), Թիֆլիսում: Գրել է նաև պիեսներ (հայատառ ադրբեջաներեն)՝ «Ժլատությունը թշնամի է վաստակում» (1894, հետագայում կոչվել է «Քույր և եղբայր»), «Աներևույթ շալ» (1900), որոնք ներկայացվել են ադրբ. բեմում:
Գրկ. Հայ նոր գրականության պատմություն, հ. 3, Ե., 1964: Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, հ. 2, Ե., 1964:Լ. Ասմարյան ՄԱԴԱԹՈՎ, Մադաթյան Վալերիան (Ռոստոմ) Գրիգորի (1782, գ. Ավետարանոց (այժմ՝ գ. Չանախչի, ԼՂԻՄ Ասկերանի շրջանում) — 4.11.1829, Շումլա (Բուլղարիայում)), ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ–լեյտենանտ (29.9.1826): 1799-ին Պետերբուրգում ընդունվել է Պրեոբրաժենսկի գունդ, որպես պրապորշչիկ, ապա տեղափոխվել Պավլովյան գրենադերյան, Մենգրելյան հետևակային գնդերը: Մասնակցել է 1806-12-ի ռուս–թուրքական պատերազմին, աչքի ընկել Բատինի ճակատամարտում (1810): 1812-ի Հայրենական պատերազմում հղել է հեծյալ ջոկատների հրամանատար: Պարգևատրվել է Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով և ստացել գնդապետի կոչում: Լայպցիգի ճակատամարտում (1813, հոկտեմբեր 16-19) ծանր վիրավորվել է: Ցուցաբերած անձնական խիզախության համար նրան շնորհվել է գեներալ–մայորի կոչում:
1816-ին Մ. նշանակվել է Ղարաբաղում տեղավորված ռուս. զորքերի հրամանատար, իսկ 1817-ից՝ Ղարաբաղի, Շիրվանի և Շաքիի խանությունների օկրուգային պետ: Մասնակցել է Դաղստանի լեռնականների դեմ մղած կռիվներին և 1826-1828-ի ռուս–պարսկական պատերազմին: Մ–ի հրամանատարությամբ գործող փոքրաթիվ ջոկատը (2000 զինվոր) 1826-ի սեպտեմբեր 3-ին Շամխորի մոտ փայլուն հաղթանակ տարավ պարսկ. 10-հազարանոց բանակի նկատմամբ և մասնակցեց սեպտեմբեր 13-ին Ելիզավետպոլի (այժմ՝ Կիրովաբադ) ճակատամարտին: Նրա զորքերը 1826-ի աշնանը Ղարաբաղը լիովին մաքրեցին պարսկ. նվաճողներից: 1828-29-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Մ. կռվել է Դանուբյան բանակում: Նրա հեծյալ դիվիզիան փայլուն հաղթանակ տարավ բուլղ. Շումլա բերդի մոտ, գրավեց Իսակչեյ և Գիրսով ամրոցները: Այստեղ Մ. հիվանդացավ ու վախճանվեց: Հետագայում նրա աճյունը տեղափոխվեց Պետերբուրգ և ամփոփվեց Ալեքսանդր Նևսկու վանքում:
Գրկ. Կյանք գեներալ–լեյտենանտ Մատաթովին, Շուշի, 1870: Երիցյան Ա., Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ., 1894: Թերզիբաշյան Վ., Գեներալ–մայոր Վ. Գ. Մադաթով, Ե., 1942:Գ. Սարգպան ՄԱԴԱԹՔԵՆԴ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից մոտ 37 կմ հարավ: Միավորված է Ղարաբուլաղի կոլտնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ: Մ–ում կա եկեղեցի (Ս. Աստվածածին, ΧVIII դ.):
ՄԱԴԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառի Շիրվանի գավառակում: 1909-ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանցից շատերը զոհվել են աքսորի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՄԱԴԵՅԱՆ (Մատեյան) Հարություն Մարտիրոսի (ծն. 10.4.1904, Ադանա), Լիբանանի կոմունիստական կուսակցության (ԼԿԿ) գործիչ, լրագրող, հրապարակախոս: Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ երիտասարդական շրջանից համակվել է ազատագրական գաղափարներով և 1922-ին ընդգրկվել կոմունիստական շարժման մեջ: Մասնակցել է Լիբանանի «Սպարտակ երիտասարդություն» կոմունիստական կազմակերպության հիմնադրմանը (1924), ընտրվել նրա քարտուղար: Մ. ԼԿԿ–ի հայկական մասնաճյուղի հիմնադիրներից է, ընտրվել է Լիբանանի կոմկուսի ԿԿ կազմում: 1926-28-ին գտնվել է բանտարկության մեջ: Եղել է մի շարք առաջադիմական թերթերի («Նոր փարոս», «Սպարտակ», «Կարմիր արշալույս», «Մարտակոչ», «Ժողովրդի ձայն») պատասխանատու խմբագիր: 1971-ից ԼԿԿ օրգան «Կանչ» շաբաթաթերթի խմբագիրն է: Մ. տարբեր տարիների ընտրվել է ԼԿԿ ԿԿ քարտուղարը, 1943-75-ին՝ քաղբյուրոյի անդամ, Լիբանանի կոմկուսի պատվիրակության կազմում մասնակցել է ՍՄԿԿ XX համագումարին: Բազմիցս եղել է ՍՍՀՄ–ում: Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով (1974):
ՄԱԴԵՅՐԱ (Madeira), գետ Բոլիվիայում և Բրազիլիայում, Ամազոնի աջ, ամենախոշոր վտակը: Կազմվում է Անդերից սկիզբ առնող Մամորի և Բենի գետերի խառնուրդից: Երկարությունը 3230 կմ է, ավազանը՝ 1158 հզ. կմ²: Վերին հոսանքում առաջացնելով սահանքների և ջրվեժների շարք՝ շրջանցում է Բրազիլական բարձրավանդակը, հոսում Ամազոնի դաշտավայրով: Ջրի միջին ծախսը՝ ավելի քան 4200 մ³/վրկ: Նավարկելի է մինչև Պորտու Վելյու քաղաքը: Մ–ի ափերին են Պորտու Վելյու, Ումայտա, Մանիկորե քաղաքները:
ՄԱԴԵՅՐԱ (Madeira), կղզիախումբ Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիս–արևմտյաև ափերի մոտ: Ամենախոշոր կղզին Մադեյրան է: Կազմում է Պորտուգալիայի Ֆունշալ օկրուգը (տարածությունը՝ 797 կմ², բն. մոտ 280 հզ., 1972): Առավելագույն բարձրությունը 1861 մ է: Մ–ում զբաղվում են բանանի մշակությամբ,՝ այգեգործությամբ, գինեգործությամբ: Ձմեռային առողջավայր է: Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը Ֆունշալն է:
ՄԱԴԻՆԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, Արգիճի գետի ձախ ափին, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, ծխախոտի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, հեռախոսակայան,