ՄԱԴՐԱՍ, քաղաք Հարավային Հնդկաստանում, Բենգալյան ծոցի ափին, Տամիլնադ նահանգի վարչական կենտրոնը: 2470 հզ. բն. (1971): Տրանսպորտային հանգույց է, արդ., առևտրաֆինանսական և մշակութային խոշոր կենտրոն: Հնդկաստանի ծովային գլխավոր նավահանգիստներից է, ունի օդանավակայան (Մինամբակկամ): Զարգացած է ընդհանուր մեքենաշինությունը և մետաղամշակումը, շաքարի, ցեմենտի արտադրությունը, նավթավերամշակությունը, քիմ., տեքստիլ արդյունաբերությունը, կաշվի, կոշիկի և ծխախոտի արտադրությունը: Մ–ի արվարձաններում՝ Պերամբուրում կա մետաղյա վագոնների արտադրություն, Ավադիում՝ տանկերի և զրահամեքենաների, Գինդիում՝ հեռատիպային ապարատների ձեռնարկություններ: Կան բազմաթիվ մանր տնայնագործական արհեստանոցներ: Ներմուծում է՝ մետաղներ, մեքենաներ ու սարքավորումներ, նավթ և նավթամթերքներ, հանքային պարարտանյութեր, հացահատիկ, անտառանյութ, արտահանում՝ երկաթի հանքաքար, կաշի, մորթի, գործվածքներ, սուրճ, ծխախոտ, գետնընկույզ: Ունի համալսարան (1857), ԳՀԻ–ներ, կինոստուդիա: Մ–ում է Հնդկաստանի աշխարհագրական ընկերությունը, Հարավային Հնդկաստանի աշխարհագրական ուսումնասիրությունների կենտրոնը: Հիմնադրվել է 1639-ին:
Մ. տարածված է առափնյա հարթության վրա: Հս. մասում, նավահանգստի կողքին, գործարար կենտրոնն է, նրանից արմ.՝ Պերամբուր արդ. շրջանը, նավահանգստից հվ.՝ նախկին անգլ. ամրոցը (այժմ՝ պատմության թանգարան): Ամրոցից հվ. և հվ.–արմ. քաղաքի կենտրոնական մասն է՝ խանութների, հյուրանոցների, մենատների հիմնական շրջանը: Ծովափի երկարությամբ ձգված է Մարինա գեղեցիկ փողոցը:
Հայերը Մադրասում: Հարավ-Արևելյան Հնդկաստանում բնակություն հաստատած հայերը հիմնականում կենտրոնացած էին Մ–ում: Մադրասահայ համայնքը կազմավորվել է XVI դ.: 1547-ին կառուցվել է առաջին հայկ. եկեղեցին, 1772-ին՝ Մ. Աստվածածինը, որը գործում է ցայսօր: 1773-ին մադրասահայերը կազմել են համայնքային կանոնադրություն «Տետրակ, որ կոչի նշաւակ», ըստ որի համայնական ինքնավարության բարձրագույն մարմինը Մ–ի հայոց «բոլոր ժողովրդի» կամ «համահավասար ժողովրդոց» ընդհանուր ժողովն էր, գումարվում էր ամեն տարի և ընտրում էր գործադիր մարմին: Հայերը մասնակցել են նաև Մ–ի կառավարմանն ու բարեկարգմանը, ձեռագիր հիշատակարանում հիշվում է, որ անգլիացիների գալուց առաջ Չին Փաթայի (այսինքն՝ Մ–ի) կառավարիչը եղել է հայազգի Ղոգազը: 1725-26-ին խոջա Պետրոս Ոսկանի ծախքով կառուցվել է Սարիար գետի բազմակամար կամուրջը և քաղաքի բարձունքը տանող քարե սանդուղքը (166 աստիճանով): Մադրասահայեր Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը, Հարություն Շմավոնյանը մեծ դեր են խաղացել հայ ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում (տես Մադրասի խմբակ): Մ–ում է լույս տեսել (1794-ին) հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը»: Տես նաև Հնդկաստան, Հայերը Հնդկաստանում մասը:
ՄԱԴՐԱՍԻ ԽՄԲԱԿ, հայ գրական–քաղաքական կազմակերպություն: Ստեղծվել է 1770-ական թթ., Հնդկաստանի Մադբաս քաղաքում՝ որպես անմիջական արդյունք հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինի քարոզչության: Արտահայտել է հայ առևտրական բուրժուազիայի և բուրժ. մտավորականության գաղափարախոսությունը: Մ. խ–ի ակնառու դեմքերից էին Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հակոբ Շահամիրյանը և այլք: Մ. խ–ի անդամների աշխարհայացքի վրա մեծապես ազդել են Օսմանյան կայսրության ու Պարսկաստանի բռնապետություններին ենթարկված Հայաստանի ծանր դրությունը, ազատագրությանը հասնելու հայերի ձգտումը, ինչպես նաև եվրոպական լուսավորականության գաղափարները: Մ. խ. հանդես է եկել ինքնակալության ու բռնակալության քննադատությամբ, զարգացրել սահմանադրական գաղափարներ, ձգտել ապագա ազատագրված Հայաստանում ստեղծել բուրժ. հանրապետություն (հակառակ դեպքում՝ գոնե սահմանադրական միապետություն), քարոզել ֆեոդալական կարգերի վերացում և հայկ. պետականության վերածնունդը կապել Ռուսաստանի օգնության հետ: Մ. խ–ում ստեղծվել են հայ քաղ. գրականության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ», «Որոգայթ փաոաց», «Տետրակ, որ կոչի նշաակ» երկերը, ինչպես նաև 1780-ական թթ. ռուս. կառավարությանը ներկայացված «Հայ–ռուս դաշնակցային պայմանագրի» նախագիծը: Դրանցում նրանք քննադատել են Հայոց եկեղեցին, որն իր քարոզչությամբ և չարին չդիմադարձելու կոչով հայ ժողովրդին փաստորեն զրկել է դիմադրական կորովից: Դրել են լուսավորության տարածման և ազգային ինքնագիտակցության արթնացման հրատապ հարցը, փորձել ուրվագծել Հայաստանի ապագա պետ. կարգը և Ռուսաստանի հետ ունենալիք նրա փոխհարաբերությունների բնույթը: Մ. խ–ի լուսավորական և ազգային–ազատագրական գաղափարները շատ դեպքերում կրել են ուտոպիական բնույթ, քանի որ իրական հող չունեին ժամանակի հայ իրականության մեջ:
ՄԱԴՐԱՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, առաջին տպարանը հիմնադրել է Շահամիր Շահամիրյանը, 1772-ին: Տպարանի հիմնադրումը կապված է XVIII դ. 2-րդ կեսին հնդկահայ գաղութում ծնունդ առած հայ ազատագրական գաղափարախոսության հետ: Տպագրվել են՝ «Այբբենարան» (1772), Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» (1772), Շահամիր Շահամիրյանի «Գիրք անուանեալ Որոգայթ փառաց» (1773, կարծիքներ կան, որ այդ գիրքը տպագրվել է 1787-89-ին), Մեսրոպ Երեցի «Պատմութիւն Մնացորդաց Հայոց և Վրաց» (1775), «Թարգմանութիւն նամակի շնորհաց և պահպանութեան ի տեառնէ Եկատերինա Դշխոյն Ռուսացառ ի Հայոցս» (1781), Հանուեի «Պատմագրութիւն վարուցն և գործոց Նադըր Շահ թագաւորին Պարսից» (1780, ըստ աղբյուրների՝ 1783), «Տետրակ, որ կոչի նշաւակ» (1783) գրքերը: Երկրորդ տպարանը հիմնադրել է շիրազեցի Հարություն քահանա Շմավոնյանը, որը 1789-90-ին երկու աննշան գրքույկ հրատարակելուց հետո տպագրել է Թադեոս Սոգինյանցի «Տետրակ որ կոչի Ողբ Հայաստանեայց» (1791), Հովսեփ Արղությանի «Օրինակ հանդիսաւոր ծանուցման և ողբոց» (1792), Բաղդասար Դպիրի երկհատոր քերականությունը (1791), Հակոբ Ջուղայեցու «Գրքուկ երկրաչափական» (1792), Ներսես Շնորհալոլ «Գիրք որ կոչի Յիսուս Որդի», «Գիրք Պորփիւրի որ կոչի Ներածութիւն» (1793), ֆրանսիացի բնագետներ Բյուֆոնի և Բոմարի «Համառօտ պատմութիւն մեղուաց» (1796), «Գիրք անուանեալ Ղեկաւար մանկանց» (1797), Դավիթ Անհաղթի «Գիրք Սահմանաց» (1797), հաջորդ դարի սկզբներին՝ «Փոքրիկ բառագիր» (1803), «Անցք կամ գործք քառասուն երեք, և քառասուն և չորս երորդ ժողովոց Մադրասիս Հայոց» (1806), ֆրանսիացի գրող Մարմոնթելի «Բելիսարիոս» (1809) գրքերը: Սակայն Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը», եղավ (1794—96): XIX դ. սկզբներին Մադրասում գործել են ևս երկու հայկ. տպարան, որոնցից մեկը (գոյատևել է երեքչորս տարի) պատկանում էր Սարգիս Սատուր Աղավելյանին: Այստեղ տպագրվել են «Նոր տետրակ այբուբենական» (1809), «Թանգարան բարեզարդ կամ Հաւաքումն զուարճալի և քաղցրալուր բարոյական պատմութեանց» (1809), Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսեայ քաղաքի» (1810), Հովհաննես Ջուղայեցու «Գիրք որ կոչի Սրբազնագործութիւն» (1812) գրքերը: Մադրասահայ գաղութի վերջին տպարանը Հակոբ և Հովսելի Շամրյան եղբայրներինն է: Առայժմ հայտնի են այս տպարանի երկու կարևոր հրատարակությունները, ֆրանսիացի հեղինակ Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» (1812) վեպը և Վոլտերի «Ողբերգութիւն ի վերայ մահուան Յուլիոս
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/128
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ