Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հետո) ֆրանս. բացարձակապետության ամրապնդման քաղաքականությունը, 1643-ին ճնշել է ֆեոդալական ավագանու դավադրությունը, ինչպես նաև անհամար ժողովրդական ապստամբություններ: 1648-ին գլխավորել է Ֆրոնդայի դեմ պայքարը: Փարիզյան պառլամենտը Մ–ին հայտարարել է պետության թշնամի. 1651 և 1652-ին ստիպված հեռացել է Ֆրանսիայից, վերադարձել է 1653-ին, Ֆրոնդայի ճնշումից հետո: Լինելով հմուտ դիվանագետ՝ Մ. մեծ հաջողությունների է հասել արտաքին քաղաքականության մեջ (տես Վեստֆալյան հաշտություն 1648 ևն), հաստատել Ֆրանսիայի գերակայությունը Եվրոպայում:
ՄԱԶԱՐՈՎԻՉ Ալեքսանդր Նիկոլաևիչ (1886-1950), սովետական երկրաբան և հիդրոերկրաբան: Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1912): 1931-ից՝ պրոֆեսոր, իսկ 1932-ից ղեկավարել է երկրաբանության, պատմական երկրաբանության, 1949-ից՝ պատմական և ռեգիոնալ երկրաբանության ամբիոնները նույն համալսարանում: Մշակել է վերին պերմի կարմրավուն նստվածքների շերտագրության ընդհանուր սխեման: Ճշտել է Պովոլժիեի և Զավոլժիեի յուրայի, կավճի, նեոգենի հասակի ապարների շերտագրական սահմանները և ուսումնասիրել նրանց ֆացիալ փոփոխությունները:
ՄԱԶԴԱԿՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ, գյուղացիության և քաղաքային չքավորության շարժում Սասանյան Իրանում V դ. վերջին – VI դ. 20-ական թթ.: Առաջացել է ազնվականության և զրադաշտական հոգևորականության ազդեցության ուժեղացման, կենտրոնական իշխանության թուլացման, արտաքին քաղաքականության անհաջողությունների և երկրում տարածված սովի հետևանքով: Շարժման ղեկավարը և գաղափարախոսը քուրմ Մազդակն էր: Մ. շ–ման գաղափարախոսության՝ մազդակիզմի հիմքը զրադաշտական դավանանքի (տես Զրադաշտականություն) չարի և բարու անընդհատ պայքարի դրույթն էր: Նյութական փոխօգնության մասին Զրադաշտի պատվիրանը մազդակիզմը դիտում էր գույքային ընդհանրության և հավասարության գաղափարի մեջ: Մազդակը կոչ էր անում սոցիալական անհավասարությունը վերացնել բռնի ուժով: Ազնվականության և հոգևորականության ազդեցությունը թուլացնելու նպատակով շահ Կավադ I (488-496) հարեց Մ. շ–մանը: 496-ին ազնվականությունը գահընկեց արեց Կավադ I-ին: 499-ին վերագրավելով գահը, Կավադ I Մ. շ–ման մասնակիցներին տվեց պետական պաշտոններ, Մազդակը դարձավ մոգպետ: Մազդակյանները սկսեցին իրագործել գույքային հավասարության գաղափարը: Վախենալով Մ. շ–ման ուժեղացումից՝ Կավադ I մերձեցավ թուլացած ազնվականությանը և սկսեց հալածել Մ. շ–ման մասնակիցներին: VI դ. 20-ական թթ. Կավադ I-ի որդի Խոսրով I Անուշիդվանը ճնշեց Մ. շ.:Ն. Արզումանյան ՄԱԶԴԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Մարաստանում (IX-VI դդ. մ. թ. ա.) և Աքեմենյան Իրանում (VI-IV դդ. մ. թ. ա.) տիրապետող կրոնը: Մ–յան դավանաբանական հիմքը գերագույն աստված Մազդայի (Ահուրամազդա) և կրակի պաշտամունքն է: Մազդան, որը պայքարում է չար աստված Անգրա Մանյուի (Ահրիման) դեմ, համարվել է թագավորական իշխանության հովանավորը: Մ–յան մեջ, մինչև V դ. մ. թ. ա., պաշտվել են նաև տեղական ցեղային աստվածները (դևերը): Քսերքսես I կենտրոնացրել է պաշտամունքը և արգելել դևերի երկրպագությունը: Սակայն, հետագայում ևս, Մազդայի հետ մեկտեղ հիշատակվում են Անահիտ և Միթրա աստվածությունները: Հին Մ–յան որոշ գաղափարներ և ծեսեր վերաիմաստավորված ձևով ներառել է զրադաշտականությունը:
ՄԱԶԴԵՂ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 6-րդ օրվա անունը:
ՄԱԶԵԽ, կաթնամսաբրդատու կոպտաբուրդ ոչխարների հնագույն ցեղ: Ստեղծվել է Հայաստանում ժող. սելեկցիայի միջոցով: Տեղական ոչխարներից ամենախոշորն է. մաքիների կենդանի միջին զանգվածը մոտ 53, իսկ խոյերինը 85-90 կգ է: Տարեկան միջին բրդատվությունը 1,3-1,5 կգ է: Բուրդը գունավոր է և ցածրորակ, ունի քստամազի ու մեռած մազի բարձր տոկոս: Պտղատվությունը ցածր է, զույգ ծնող մաքիների թիվը՝ 3-5%: Տարածված է գերազանցապես ՀՍՍՀ–ում՝ Կամոյի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու, Աբովյանի, Թալինի, Ախուրյանի և Ղուկասյանի շրջաններում: Մաքուր վիճակում չի բուծվում: Բրդատվությունն ու բրդի որակը բարելավելու նպատակով 1937-ից տրամախաչվում է նրբագեղմ տարբեր ցեղերով: Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ-ի մանր եղջերավոր անասնապահության ամբիոնի աշխատակիցներն Աբովյանի շրջանում Մ–ի նրբագեղմ խառնացեղերի և կիսանրբագեղմ ցեղերի տրամախաչումից ստացել են «Հայկական կորիդել» տիպը, որն ունի մսատվության լավագույն հատկանիշներ և բարձր բրդատվություն (մաքիների միջին բրդատվությունը մոտ 4,5 կգ է):Մ. Քարամյան ՄԱԶԵՊԱ Իվան Ստեպանովիչ (1644-1709), Ձախափնյա Ուկրաինայի հետման (1687-1708): Խոշոր հողատեր: Տարվելով Ուկրաինայի ինքնուրույնության և այն Ռուսաստանից անջատելու ազգայնական գաղափարներով, Մ. գաղտնի բանակցել է լեհ թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու, ապա՝ շվեդ. թագավոր Կարլ XII-ի հետ: 1708-ին անցել է Կարլ XII-ի կողմը (տես Հյուսիսային պատերազմ 1700-1721): 1709-ին, Պոլտավայի ճակատամարտում շվեդների պարտությունից հետո, Կարլ XII-ի հետ փախել է թուրք. Բենդերի ամրոցը, որտեղ և մահացել է:
«ՄԱԶԵՐ», ռադիոհաճախականությունների տիրույթում ստիպողական առաքման սկզբունքով աշխատող կոհերենտ ճառագայթման աղբյուր կամ ուժեղացուցիչ: «Մազեր» բառը կազմված է անգլերեն «Microwave Amplification by Stimulated Emission of Radiation» (միկրոալիքների ուժեղացում ստիպողական ճառագայթման միջոցով) արտահայտության բառերի սկզբնատառերից: Մ–ում որպես բանող նյութ օգտագործվում են ատոմային և մոլեկուլային փնջեր կամ բյուրեղներ: Ջրածնի կամ ցեզիումի ատոմների փնջով աշխատող Մ–ի ստիպողական ճառագայթումը տեղի է ունենում գերնուրբ կառուցվածքի ենթամակարդակների միջև անցումների ժամանակ: Ցեզիումի Մ. հնարավորություն է տալիս հաճախականության կայունությունը հասցնել մինչև : Այդ Մ–ի ճառագայթման ալիքի պարբերությունը 1967-ին ընդունվել է իբրև ժամանակի էտալոն: Սուտակե Մ–ի ստիպողական անցումները տեղի են ունենում իոնների՝ արտաքին մագնիսական դաշտի ազդեցությամբ ճեղքված ենթամակարդակների միջև: Սուտակե Մ. կարող է ուժեղացնել մի քանի սմ երկարության ալիքներ: Տարածում է գտել նաև ամոնիակի () մոլեկուլներով աշխատող սարքը, որտեղ օգտագործվում է մոլեկուլի դիպոլային մոմենտի փոփոխությունը, երբ ազոտի ատոմն անցում է կատարում՝ հայտնվելով ջրածնի ատոմների հարթության մյուս կողմում: Գերբարձր զգայնության շնորհիվ Մ. անփոխարինելի գործիք է դարձել մոլորակային ռադիոլոկացիայի և ռադիոաստղագիտության բնագավառում:
Գրկ. Зингер Дж., Мазеры, пер. с англ., М., 1961; Сигмен А., Мазеры, пер. с англ., М., 1966.Ա. Մելիքյան ՄԱԶԵՐԵԼ, Մասերել (Masereel), Ֆրանս (30.7.1889, Բլանկենբերգե, Արևմտյան Ֆլանդրիա – 4.1.1972, Ավինյոն, Ֆրանսիա), բելգիացի նկարիչ: Բելգիայի կոմունիստական կուսակցության անդամ: Սովորել է Գենտի գեղարվեստի ակադեմիայում (1907-08): 1909-ից հիմնականում ապրել է Ֆրանսիայում: Օգտագործելով էքսպրեսիոնիզմին և XX դ. գեղարվեստական այլ հոսանքներին բնորոշ ստեղծագործական սկզբունքներ, նաև գրական ֆաբուլան, ավանդական սիմվոլների և այլաբանության լեզուն՝ Մ. ստեղծել է փայտագրությունների շարքեր («վեպերը նկարներում»): Մ–ի հերոսը ժամանակակից բուրժուական աշխարհի մարդն է, յուրահատուկ հասարակական, քաղ. նկարագրով: Նա իր արվեստով արտահայտել է գիտակցված քաղ. բողոք բռնության և շահագործման դեմ («Գաղափարը, նրա ծնունդը, նրա կյանքը, նրա մահը», 1920, «Քաղաք», 1925, «Մահվան պարը», 1941): Հայտնի են Շ. դը Կոստերի, Ռ. Ռոլանի և այլոց ստեղծագործությունների նրա պատկերազարդումները: Ստեղծել է գծանկարների և ջրաներկ աշխատանքների ալբոմ, բնանկարներ, դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ, աշխատել կինոյում, թատրոնում: Մ–ի արվեստը նպաստել է քննադատական ռեալիզմի կերպարային–