Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄԱԶՅԱԴՅԱՆՆԵՐ, Մազիադիներ, արաբական տոհմ Արմինիայում (799 — XI դ. կես): Ծագում են արաբ. Շայբանյանների ցեղից: Մ–ից Հայսամը տիրելով Շիրվանին (Շարվան) և օգտվելով Աբբասյանների թուլացումից՝ 861-ին հիմնել է անկախ իշխանություն, յուրացրել «շիրվանշահ» տիտղոսը: Լինելով իրանալեզու բնակչություն ունեցող Շիրվանի տիրակալներ՝ Մ. պարսկացել են:
XI դ. կեսին սելջուկները ոչնչացրել են Մ–ի իշխանությունը:Ա. Տեր–Ղևոնդյան ՄԱԶՈԽԻԶՄ, սեռական աղավաղում, որի դեպքում հեշտանքի զգացումը (օրգազմ) հիվանդի մոտ առաջանում է սեռական պարտնյորի կողմից տանջանքների և ստորացման ենթարկվելու միջոցով: Նկարագրել է ավստրիացի գրող Լ. Զախեր–Մազոխը (այստեղից էլ՝ «Մ.» անվանումը):
ՄԱԶՈՒԹ, մածուցիկ հեղուկ՝ բենզինը, լիգրոինը, կերոսինը և դիզելային վառելանյութը նավթից ուղղակի թորելով կամ կրեկինգով բաժանելուց հետո ստացվող մնացորդը: Մ–ի ֆիզիկական և քիմ. հատկությունները կախված են ելանյութ–նավթի բաղադրությունից և թեթև ֆրակցիաների մնացորդային պարունակությունից: Մուգ, հաստ շերտում սև հեղուկ է: Խտությունը՝ 890-1000 կգ/մ³ (20°C), այրման ջերմությունը՝ 38-42 Մջ/կգ (9100-10000 կկալ/կգ): Պարունակում է խեժեր (մինչև 60%), ծծումբ (0,8-3,5%), մոխիր (0,1-0,5%) ևն: Օգտագործվում է որպես հեղուկ վառելանյութ (գազագեներատորների, արտադրական վառարանների, շոգեկաթսաների համար), նաև որպես հումք՝ քսայուղեր, կուպր, կոքս, բենզին, դիզելային վառելանյութ ստանալու համար և այլ նպատակներով: Մ–ից բենզին և դիզելային վառելանյութ ստանալու համար այն ենթարկում են կրեկինգի կամ հիդրման:
ՄԱԶՈՒՉՉՈ Սալեռնիտանո (Masuccio Salernitano, գրական անունը, իսկական անունը Տոմազո Գուարդատի, Guardati, մոտ 1420, Սալեռնո — մոտ 1475, Սալեռնո), իտալացի գրող: Նրա «Նովելինո» ժողովածուն (հրտ. 1476) Վերածննդի արձակի ամենանշանակալից հուշարձաններից է: Մ–ի նովելները ռեալիստական են, հակակղերական բնույթի:
ՄԱԶՈՒՐԿԱ (< լեհ. mazurek), լեհական ժողովրդական պար: Սկզբնավորվել է Լեհաստանի հս–արլ. շրջաններում բնակվող մազուրների մոտ: Եղանակն ունի արագ տեմպ, եռամաս չափ, կտրուկ շեշտավորված յուրահատուկ կետագծային ռիթմ: Մ. սրընթաց, դինամիկ պար է: Պարում են զույգ–զույգ, շարժվելով շրջանաձև: XIX դ. եվրոպական երկրներում տարածվել է որպես պարահանդեսային պար, բեմական մշակմամբ տեղ գտել օպերաներում և բալետներում: Մ–ի երաժշտական ձևը լայնորեն մշակվել է կոմպոզիտորների կողմից: Ֆ. Շոպենի դաշնամուրային Մ–ները (52) լեհական ազգային երաժշտական ոճի բարձրագույն արտահայտություններից են: Հայտնի են Ս. Մոնյուշկոյի, Հ. Վենյավսկու, Պ. Չայկովսկու, Ա. Լյադովի, Ա. Սկրյաբինի, Ա. Խաչատրյանի և ուրիշների Մ–ները:Ս. Առաքելյան ՄԱԶՔՈՒԹՆԵՐ, մասքութներ, մազկութներ, մազքուտներ, մասսագետներ (հուն. Μασσαγέται), Անդրկասպյան և Մերձարալյան տափաստաններում բնակվող հնագույն վաչկատուն ցեղերի հավաքական անունը: Մ–ի էթնիկական պատկանելության (սարմատական ծագում, սակերի ցեղակիցներ, ալանների նախահայրեր ևն) և անվան («մեծ գեթեր», «մեծ սակա–սկյութական հորդա» ևն) վերաբերյալ բացատրությունները գիտականորեն սպառիչ չեն: Կ. Վ. Տրևերը գտնում է, որ հունա–հռոմեական աղբյուրներում հիշվող մասսագետները և հայ հեղինակների հիշատակած Մ. էթնիկական տարբեր միավորներ էին՝ կազմավորված միանգամայն տարբեր պատմա–էթնիկական միջավայրում:
Մ–մասսագետների մասին առաջին և հակասական տեղեկությունները հաղորդում է Հերոդոտոսը, ըստ որի Մ–ի բնակության վայրը գտնվել է Երասխի ափերին (որը Հերոդոտոսը տեղադրում էր կամ Կասպից ծովից արլ., կամ՝ արմ.), երբեմն Մ–ին տարբերել է սկյութ–սակերից, երբեմն նույնացրել նրանց: Հերոդոտոսը բազմաթիվ մանրամասներ է հաղորդում Մ–ի բարքերի, կենցաղի և հավատալիքների վերաբերյալ: Մ. թ. I դ. Մ. շարժվել են արմ.՝ զբաղեցրել Կասպից ծովի հս. և հս–արմ. ափերը, Հյուսիսային Կովկասը և հարակից շրջանները, որտեղ վաղուց ի վեր բնակվում էին հոներն ու ալանները: Այդ պատճառով Դիոն Կասսիոսի (II-III դդ.), Պրոկոպիոս Կեսարացու (V-VI դդ.) և այլոց տեղեկություններում Մ-մասսագետները նույնացվել են ալանների ու հոների հետ: Ըստ հայկ. աղբյուրների, մ. թ. I դ. Մ. Անդրկովկասի հյուսիս–արևելքում ստեղծել են վարչա–քաղաքական միավոր, որը կոչվել է Մասքթաց (Մազքթաց) աշխարհ՝ Չող (Չոր, Ճոր) կենտրոնով, որից և այդ երկրամասը հաճախ կոչվել է Չողա (Ճորա, Չորա) երկիր: Մ. հպատակնցրել են բուն Աղվանքի տարացեղ բնակչությանը: Մ. թ. I դ. 2-րդ կեսին Պարթև Արշակունիներին հաջողվել է իրենց ներկայացուցչին նստեցնել Մազքթաց կամ բուն Աղվանքի թագավորական գահին, որով սկզբնավորվել է Մազքթաց կամ Աղվանից Արշակունիների հարստությունը (տես Արշակունիներ Մազքթաց): Հայաստանի և Մ–ի միջև երբեմն տեղի ունեցող պատերազմները (մասնավորապես 335-336-ին, երբ Մ. ջախջախվեցին) հրահրել է Սասանյան Պարսկաստանը: Աղվանքի Մ. իրենց գոյությունը պահպանել են մինչև արաբ. տիրապետությունը, որից հետո բռնությամբ մահմեդականացվել են, կորցրել իրենց էթնիկական դեմքը և ձուլվել հետագա դարերում նույն տարածքի վրա կազմավորված էթնիկական խմբերին:
Գրկ. Պրոկոպիոս Կնսարացի, Ե., 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 5, Բյուզանդական աղբյուրներ 1); Հովսեպոս Փլավիոս: Դիոն Կասսիոս, Ե., 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունական աղբյուրներ 1): Զարբհանալյան Գ., Պատմություն հայերեն դպրությանց, Վնտ., 1932: Ուլուբաբյան Բ.Ա., Աղվանից թագավորական տան հարցի շուրջը, «ԼՀԳ», 1971, № 7: Геродот, История в девяти книгах, Л., 1972; Пянков И.В., К вопросу о маршруте похода Кира II на массагетов, «ВДИ», 1964, № 3.Բ. Ուլուբաբյան ՄԱԹԵՄԱՏԻԿԱ (հուն, μαθηματική, <μάθημα — գիտելիք, գիտություն), գիտություն, որի առարկան իրական աշխարհի տարածական ձևերն ու քանակական հարաբերություններն են …(Էնգելս Ֆ., Անտի Դյուրինգ, 1967, էջ 7-8):
Մաթեմատիկական հասկացությունները կոնկրետ առարկաների, երևույթների ընդհանրացումներ՝ վերացարկումներ են: Դրա շնորհիվ Մ–ի մեթոդները, կանոններն ու օրենքները կիրառելի են իրենց նյութական բովանդակությամբ ամենաբազմազան բնույթի առարկաների ու երևույթների նկատմամբ: Ընդհանրացումը, վերացարկումը հատուկ է յուրաքանչյուր գիտության, սակայն Մ–ում այն ավելի հեռուն է գնում: Բնական, տեխ., տնտ. ու սոցիալական գիտությունների զարգացումը Մ–ին թելադրում է շարունակ ընդլայնելու տարածական ձևերի ու քանակական հարաբերությունների վերաբերյալ ըմբռնումները:
Մ–ի զարգացումը տարբեր փուլեր է ունեցել՝ կախված դիտարկման ենթակա առարկաների և դրանց հետազոտման մեթոդների բնույթից, իրական աշխարհի տարածական ձևերի ու քանակական հարաբերությունների ընդհանրացման՝ վերացարկման աստիճանից:
Հնագույն ժամանակներից մինչև մ. թ. ա. VΙ-V դդ. մեծ քանակությամբ փաստական նյութի կուտակման ժամանակաշրջան է: Կենդանիների, մարդկանց, իրերի համրանքի հիման վրա դարերի ընթացքում նախ առաջացել են բնական թվերի հասկացությունները, իսկ հացահատիկի քանակը, ճանապարհի երկարությունը, հողամասի մակերեսը ևն չափելու պահանջը հանգեցրել է պարզագույն կոտորակների անվանումների ու նշանակումների առաջացմանը և դրանց նկատմամբ թվաբանական գործողությունների կատարման կանոնների մշակմանը: Այսպիսով աստիճանաբար առաջացել է մաթեմատիկական հնագույն գիտությունը՝ թվաբանությանը: Մակերեսների ու ծավալների չափումը, շինարարական տեխնիկայի, իսկ ավելի ուշ նաև աստղագիտության կարիքները աստիճանաբար ստեղծել են մաթ. մյուս հնագույն գիտության՝ երկրաչափության տարրերը: Դրանց ծագումն ու զարգացումը զուգահեռաբար ու միմյանցից անկախ ընթացել են շատ ժողովուրդների մոտ:
Մաթ. գիտելիքների վերաբերյալ գրավոր հնագույն աղբյուրները եգիպտական մաթեմատիկական պապիրուսները (մ. թ. ա. 2-րդ հազարամյակ) և բաբելական սեպագիր մաթեմատիկական բնագրերն են (մ. թ. ա. 2-1 հազարամյակներ): Դրանք վկայում են բաբելացիների՝ թվերի հետ գործողություններ կատարելու, մակերեսներ և ծավալներ հաշվելու, հավասարումներ լուծելու, աղյուսակներ կազմելու հմտության մասին: Աստղագիտության պահանջներից սկզբնավորվում է եռանկյունաչափությունը: Սեպագիր մաթ. ավանդույթը շարունակվել է Ասորեստանում, Պարսկաստանում, Ուրարտուում և