դպրոցը: XIX դ. սկզբներին Կազանում (1804), Խարկովում (1804), Պետերբուրգում (1819) և Կիևում (1834) բացվում են ռուս. համալսարաններ՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներով, որոնք նույնպես դառնում են մաթ. գիտությունների զարգացման ճանաչված կենտրոններ: Կազանի համալսարանում է ստեղծագործել Ն. Ի. Լոբաչևսկին: Մոսկվայի համալսարանում նույնպես, այդ ժամանակից սկսվում է Մ–ի զարգացումը. 1864-ին կազմակերպվում է Մոսկվայի մաթ. ընկերությունը, հետագայում ձևավորվում է Մոսկվայի մաթեմատիկական գիտական դպրոցը, որը մեծ համբավ ձեռք բերեց հատկապես XX դ.:
ՍՍՀՄ–ում Մ. զարգանում է ՍՍՀՄ ԳԱ–ի և միութենական հանրապետությունների ԳԱ–ների մաթ. ինստ-ներում և մի շարք առաջատար համալսարաններում, որոնց մեծ մասը կազմակերպվել են սովետական իշխանության տարիներին: Առաջացել են մաթ. գիտական նոր կենտրոններ՝ Թբիլիսիում, Երևանում, Բաքվում, Վիլնյուսում, Տաշքենդում, Մինսկում, Սվերդլովսկում, Նովոսիբիրսկում և այլուր, որտեղ արդյունավետ աշխատանք է կատարվում մաթ. գիտությունների ասպարեզում:
Մաթեմատիկան Հայաստանում: Հայաստանի տարածքում մաթ. գիտելիքների վերաբերյալ ամենահին աղբյուրները ուրարտական սեպագիր արձանագրություններն են (IX-VII դդ. մ. թ. ա.): Դրանք վկայում են, որ գործածվել է թվարկության դիրքային տասական–վաթսունական խառն համակարգ, մի քանի պայմանշանների օգնությամբ գրվել են բավականաչափ մեծ ամբողջ թվեր, ինչպես նաև վաթսուներորդական կոտորակային թվեր, և նրանց հետ կատարվել գումարման և հանման գործողություններ:
Մինչև մեսրոպյան գրի ստեղծումը մաթ. գիտելիքների վերաբերյալ հայերեն գրավոր աղբյուրներ չեն պահպանվել: Սակայն հազարամյակներ առաջ կառուցված և կանգուն կամ կիսավեր վիճակում մեզ հասած ամրոցներն ու պալատները, վանքերն ու եկեղեցիները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը վկայում են, որ դեռևս հին դարերում հայերն ունեցել են բարձր մակարդակի մաթ. գիտելիքներ:
Գրի ստեղծումից հետո բացված հայկ. դպրոցներում ուսուցանվում էին նաև մաթ. և բնական գիտություններ: Հայերեն տառերն օգտագործվում են նաև իբրև թվանշաններ, ստեղծվում է թվարկության հայկ. այբբենական տասական (ոչ դիրքային) համակարգ:
Հայերեն մաթ. առաջին ձեռագրերը (VII դ.) Անանիա Շիրակացու թվաբանության դասագրքի մեզ հասած 5 մասերն են՝ գումարման և հանման, բազմապատկման, բաժանման («վեցհազարյակ»), աղյուսակներ խնդրագիրք՝ բաղկացած 24 խնդիրներից՝ պատասխաններով («Յաղագս հարցման և լուծման») և խրախճանականներ: Անանիա Շիրակացու աղյուսակները համարվում են հնագույնը աշխարհում հայտնի համանման աղյուսակներից:
Մաթ. կրթության բնագավառում Անանիա Շիրակացու ավանդույթները շարունակվում են հետագայում և հատկապես բարձր մակարդակի հասնում XI-XIV դդ. միջնադարյան հայկ. համալսարաններում, որտեղ, այլ գիտությունների հետ, բարձր մակարդակով ուսումնասիրվում էին նաև ուսողություն–Մ., աստղագիտություն, բնագիտություն, վերագնահատվում ու զարգացվում էր հին աշխարհի մաթ. հարուստ ժառանգությունը, որով հայկ. համալսարաններն էապես տարբերվում էին Արևմտյան Եվրոպայի միջնադարյան համալսարաններից: Հովհաննես Սարկավագը (XI-XII դդ.) և ուրիշները, Անիի, Հաղպատի և այլ դպրոցներում, կրթական համակարգում պատշաճ տեղ էին տալիս բնագիտությանն ու մաթեմատիկային: Հ. Սարկավագը առաջինն է եղել (Ռ. Բեկոնից մոտ 150 տարի առաջ), որ գիտության համար առաջնային է համարել փորձը: Նրա «Յաղագս անկիւնաւոր թուոց» դասագրքից երևում է, որ հայկ. դպրոցներում գործնական թվաբանության հետ միասին ուսումնասիրել են նաև տեսական թվաբանություն՝ թվերի տեսություն: Տեսական ու կիրառական Մ–ի և մեխանիկայի զարգացման գործում մեծ վաստակ ունեն Լևոն Փիլիսոփան (IX դ.), Նիկողայոս Արտավազդը (XIV դ.) և ուրիշներ, որոնք աշխատել են Բյուզանդիայում, շարունակել ու զարգացրել հին հույների և Անանիա Շիրակացու ավանդույթները:
Հայոց դպրոցներում օգտագործվել են հույն դասականների բազմաթիվ երկեր: Մասնավորապես Էվկլիդեսի նշանավոր «Սկզբունքները» առաջինը հայերն են բնագրից թարգմանել: Թարգմանության պահպանված առանձին մասերը վերագրվում են Անանիա Շիրակացուն (VII դ.), Գրիգոր Մագիստրոս Պահլավունուն (XI դ.) և ուրիշների, իսկ XVII դ. սկզբին գրված «Երկրաչափութիւն Եւգլիտին» ձեռագիր դասագրքում (վերագրվում է Գրիգոր Րաբունապետ Կեսարացուն) այն ուսուցման նպատակով վերաշարադրված է գրեթե ամբողջությամբ: Սա պատմական կարևոր փաստ է, քանի որ այդ երկը արաբները թարգմանել են IX դ. (ասորի բժիշկների օգնությամբ՝ նախ հունարենից ասորերենի, ապա՝ ասորերենից արաբերենի), եվրոպացիները դրան ծանոթացել են XII դ. արաբերենից լատիներենի թարգմանած տարբերակով, իսկ բնագրին ծանոթացել և լատիներեն են թարգմանել միայն XVI դ., որից հետագայում թարգմանել են այլ լեզուներով:
XIV դարից սկսած, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը և զրկվեց պետականությունից, աշխարհով մեկ սփռված գաղթավայրերում ստեղծվում էին հայկ. դպրոցներ, որտեղ պատշաճ տեղ էր տրվում մաթ. կրթությանը: Հայ մաթեմատիկոսները կազմել են մի շարք ձեռագիր ու տպագիր դասագրքեր: Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր դասագիրքն է «Արհեստ համարողութեան» (1675, Մարսել):
XVIII դ. տպագրվել է մաթեմատիկայի հայերեն 6 դասագիրք, XIX դ.՝ 84 դասագիրք ու ձեռնարկ, որոնց մեծ մասը հայ մաթեմատիկոսներն ինքնուրույն են կազմել: Առանձնապես արժեքավոր են Սահակ Պրոնյանի «Երկրաչափութիւն»-ը (1794) և «Եռանկիւնաչափութիւն»-ը (1810), Ղուկաս Տերտերյանցի «Խոնարհագոյն ուսողութիւն»-ը երեք գրքով՝ «Համարողութիւն եւ նշանագրովք համարողութիւն», «Պարզ երկրաչափութիւն» (1843), «Երեքանկիւնաչափութիւն եւ հատածք կոնի» (1846): Սրանք եռանկյունաչափության, հանրահաշվի և վերլուծական երկրաչափության հայերեն առաջին դասագրքերն են՝ գրված պատշաճ մակարդակով: Այս և այլ դասագրքերում հաջողությամբ մշակվել են հայերեն մաթ. շատ տերմիններ, որոնց մեծ մասը այսօր էլ գործածվում են:
Եթե հայկ. դպրոցներում մաթ. կրթությունը միշտ համապատասխանել է ժամանակի դպրոցական կրթության ամենաբարձր պահանջներին, ապա հայկ. պետականության բացակայության պայմաններում, երբ Հայաստանում չկային բարձրագույն մաթ. դպրոցներ, համապատասխան հող չկար նաև մաթ. գիտությունների զարգացման համար:
Այդպիսի պայմաններ ստեղծվեցին միայն սովետական կարգերի հաստատումից հետո, երբ Երևանում բացվեց հայկ, համալսարան (1920):
Երևանի համալսարանում բարձրագույն մաթ. կրթությունն սկսվել է նրա բացման օրից, իսկ մաթեմատիկոսների պատրաստումը՝ 1924-ից, ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում: Այն հետագայում արագ աճել է և տրոհվել 4 ֆակուլտետների, այդ թվում՝ մեխանիկամաթեմատիկական և կիրառական Մ–ի:
Հայկ. ՍՍՀ–ում Մ–ի ասպարեզում սիստեմատիկ գիտական աշխատանքներ սկսվել են 1930-ական թվականների վերջերից՝ Երևանի համալսարանում, հիմնականում նվիրված կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսության հարցերին: Հայկ. ՍՍՀ ԳԱ հիմնադրումից (1943) հետո համալսարանում և ակադեմիայում համագործակցված հետևողական աշխատանք է տարվում բարձր որակավորում ունեցող մաթեմատիկոսների պատրաստման և մաթ. գիտությունների զարգացման համար: Հայ մաթեմատիկոսների հետազոտությունները շուտով գրավեցին գիտական հասարակայնության ուշադրությունը, նրանց ստացած շատ արդյունքներ գնահատվեցին որպես մնայուն ավանդ արդի մաթեմատիկայում, կարճ ժամանակամիջոցում ձևավորվեց և ընդհանուր ճանաչում ստացավ ֆունկցիաների տեսության հայկ. գիտական դպրոցը:
Հետագա տարիներին հայ մաթեմատիկոսների գիտական հետաքրքրությունների շրջանակներն ընդարձակվել են՝ ընդգրկելով ֆունկցիաների ընդհանուր տեսության շատ հարցեր և մաթեմատիկայի այլ բաժիններ (տես Մաթեմատիկա հոդվածը ՀՍՍՀ–ին նվիրված հատորում):
Հայաստանում մաթ. գիտությունների զարգացման գործում մեծ վաստակ ունեն ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոսներ Ա. Շահինյանը, Մ. Ջրբաշյանը, Ս. Մերգելյանը, թղթակից անդամներ Ռ. Ալեքսանդրյանը, Ա. Թալալյանը, Ն. Աոաքելյանը և շատ ուրիշներ:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/137
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ