Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


(«Times of Malta», 1935-ից), «Բուլետին» («Bulletin», 1944-ից), «Մալթա Նյուս» («Malta News», 1964-ից): Մալթայերեն առաջատար շաբաթաթերթերից է «Տորկա» («Il-Torka», 1944-ից), անգլ. են «Սանդի թայմս օֆ Մալթա»-ն («The Sunday Times of Malta», 1922-ից), «Մալթիզ օբսերվերը»-ը («The Maltese Observer», 1964-ից):
Ռադիոհաղորդումները տրվում են մալթայերեն և անգլ.: Հեռուստատեսությունը գործում է 1962-ից:
Ճարտարապետությունը և կերպարվեստը: Մ. և Գոցո կղզիներում պահպանվել են կետանախշ և գալարանախշ հարթաքանդակներով, կիկլոպյան շարվածքի պատերով շրջափակված նոր քարի դարի մեգալիթյան պաշտամունքային հազվագյուտ կառույցներ, սրբավայրերի տարածքում՝ նախշազարդ խեցեղեն, քարե և թրծակավե արձանիկներ: Մ–ի անտիկ, բյուզանդա–արաբ. ժամանակաշրջանների արվեստը գավառային բնույթի է: Ուշ միջնադարյան ճարտ. կրել է սիցիլիական–նորմանական ազդեցություններ: Ուշ Վերածննդի շրջանում Մալթայական օրդենին ծառայող իտալացի վարպետները ստեղծել են ամրույթային և քաղաքացիական շինարվեստի նորարարական նմուշներ (Վալետայի կանոնավոր կառուցապատումը): XVII դ. Մ–ում աշխատել են իտալացի գեղանկարիչներ (Կարավաջո և ուրիշներ): Հետզհետե սկսել են մեծ դեր խաղալ տեղացի վարպետները (XVI դ.՝ ճարտ. Կասսարը, XVII դ.՝ բարոկկոյի ներկայացուցիչներ Գաֆա եղբայրները՝ ճարտ. Լորենցոն և քանդակագործ Մելքիորը, XVIII-XIX դդ.՝ ճարտ–կլասիցիստներ Ս. Իտտարը և Դ. Գրոնիե դե Վասսեն):
Գրկ. Вlоսet В., The Story of Malta, L., 1967; Dоbie E., Malta’s Road to Independence, Norman, 1967; Zammit Т., Prehistoric Malta.., L., 1930; Сesсhi C., Architettura dei tempi limegalitici di Malta, Roma, 1939; Duncan A., Malta: An Archaeological Survey, L., 1973.
ՄԱԼԹԱԶ, մալթոզի -գլյուկոզիդային կապի ճեղքումը կատալիզող ֆերմենտ: Մտնում է մարդու և կաթնասուն կենդանիների թքի, ենթաստամոքսային գեղձի, աղիքների հյութի բաղադրության, ինչպես նաև արյան, լյարդի, կմախքային մկանների մեջ: Հանդիպում է նաև բուսական հյուսվածքներում: Մ–ով առավել հարուստ են խմորասնկերը: Մ. ունի կարևոր նշանակություն ածխաջրերի ճեղքման, յուրացման պրոցեսներում:
ՄԱԼԹՈԶ (< անգլ. malt – ածիկ), ածիկաշաքար, , բնական երկշաքար, որի մոլեկուլը կազմված է խաղողաշաքարի 2 մոլեկուլի մնացորդներից: Պարունակվում է բազմաթիվ բույսերի ծլած սերմերում (գարի, տարեկան), տերևներում (ճակնդեղ), որոշ բույսերի փոշեհատիկներում ու նեկտարում: Ունի քաղցր համ, հեշտությամբ լուծվում է ջրում: Մ–ի կենսասինթեզը հայտնի է միայն մի քանի բակտերիաների մոտ: Կենդանիների և բույսերի օրգանիզմներում Մ. առաջանում է օսլայի և գլիկոգենի ֆերմենտային ճեղքումից: Մ–ի ճեղքումն իրականացվում է մալթազ ֆերմենտի միջոցով: Մ. օգտագործվում է քաղցրավենիքի արտադրության և մանրէաբանության մեջ:
ՄԱԼԹՈՒՍ Թոմաս Ռոբերտ (1766-1834), անգլիացի տնտեսագետ, քահանա: Ավարտել է Քեմբրիջի համալսարանի Ջեզուսկոլեջը (1788), ստացել աստվածաբանի գիտ. աստիճան (1793): 1805-34-ին Արևելա–Հնդկական ընկերության կոլեջի ժամանակակից պատմության և քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր: Մ. բուրժուականացած հողատեր–ազնվականության գաղափարախոսն էր, գռեհիկ քաղաքատնտեսության հիմնադիրներից: «Քաղաքատնտեսության սկզբունքներ» (1819) աշխատության մեջ նա հակադրվել է Դ. Ռիկարդոյի արժեքի աշխատանքային տեսությանը և պնդել, որ արժեքը որոշվում է արտադրության ծախսերով, իսկ շահույթի աղբյուրը ոչ թե աշխատանքն է, այլ կապիտալը: Արտադրության զարգացման համար կարևորել է շահույթի իրացման պրոբլեմը: Ըստ Մ–ի, եթե հասարակությունը կազմված լիներ միայն բանվորներից ու կապիտալիստներից, ապա շահույթն իրացվել չէր կարող, քանի որ բանվորները ձեռք են բերում անձնական սպառման առարկաների մի մասը, իսկ կապիտալիստների կողմից շահույթի իրացումը կնշանակի հարստության փոխադրում մի գրպանից մյուսը: Այս պրոբլեմը, իբր, լուծում են անարտադրողական դասերը (հողատերեր, հոգևորականներ, զինվորականներ), որոնք իրենց եկամուտներով իրացնում են շահույթը և ապահովում վերարտադրության բնականոն ընթացքը: Մ. առավել հայտնի է «Ազգաբնակչության տեսության փորձ» (1798) աշխատությամբ, որտեղ աշխատավորների թշվառության պատճառը համարել է «մարդկանց բացարձակ ավելացումը», «ազգաբնակչության բնական օրենքները» (տես Մալթուսականություն):
ՄԱԼԹՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ազգաբնակչության մասին բուրժուական տեսություն, ըստ որի աշխատավորների դրությունը որոշվում է ոչ թե կապիտալիզմի սոցիալական պայմաններով, այլ բնության «մշտնջենական» օրենքներով (իբր՝ գոյամիջոցների աճը ետ է մնում ազգաբնակչության աճից): Կոչվել է հեղինակի՝ Թ. Ռ. Մալթուսի անունով: Նշելով բնակչության վերարտադրության մեջ կենսաբանական գործոնների որոշիչ նշանակությունը, Մալթուսը պնդում էր, որ բնակչությունն ունի երկրաչափական պրոգրեսիայով բազմանալու միտում, իսկ գոյամիջոցներն ավելանում են միայն թվաբանական պրոգրեսիայով, որի հետևանքով բնակչության մի մասը մնում է անգործ ու քաղցած: Այդ «ավելորդ» բնակչությունը, իբր, խախտում է հասարակության զարգացման բնականոն ընթացքը և, ըստ Մալթուսի, անհրաժեշտություն է դառնում այն վերացնել սովի, պատերազմների, համաճարակների միջոցով: Բացահայտելով Մ–յան հակագիտական էությունը, մարքսիզմ–լենինիզմի դասականները ցույց տվեցին, որ չկան և չեն կարող լինել «ազգաբնակչության բնական մշտնջենական օրենքներ», ինչպես նաև «հողի բերրիության նվազման օրենք» (որը վկայակոչում էր Մալթուսը), իսկ բնակչության վերարտադրության օրինաչափությունները պայմանավորված են տվյալ հասարակության սոցիալ–տնտեսական առանձնահատկություններով: Բացարձակ գերբնակչություն լինել չի կարող, կապիտալիստական հասարակարգում գոյություն ունի հարաբերական գերբնակչություն (գործազրկություն), որը կապիտալիստական մեքենայական արտադրության հետևանք է, աշխատանքի ու կապիտալի միջև հակասության արտահայտություն:
Ժամանակակից Մ–յան՝ նեոմալթուսականության ներկայացուցիչներ Ն. Չեմբեռլենը, Ու. Ֆոգտը (ԱՄՆ), Օ. Հեքսլին, Դ. Դուսոնը (Անգլիա) և ուրիշներ ձգտում են Մալթուսի դրույթները կիրառել ներկա պայմաններում: Նեոմալթուսականությունն այժմ սերտորեն շաղկապվում է «լիարժեք» և «անլիարժեք» ժողովուրղների «արժեքավոր» և «անարժեք» մարդկանց, «ուժեղների» կենսունակության մասին ռասիստական տեսությունների հետ և դարձել է նեոգաղութատիրության տեսական զենքը: Նեոմալթուսականները պնդում են, որ տնտեսապես թույլ երկրների ինքնուրույն զարգացումը չի բարելավի մարդկանց նյութական դրությունը, որովհետև բնակչության աճը կլանում է բոլոր կուտակումները, և զարգացման ռեզերվներ չեն մնում: Հետևաբար զարգացող երկրների ինդուստրացումն անհնար է, և նրանք պետք է շարունակեն մնալ որպես կապիտալիստական աշխարհի ագրարային–հումքային կցորդներ, իսկ նրանց տնտեսական զարգացմանը նպաստել, իբր, կարելի է միայն բնակչության աճը կարգավորելով: Գերբնակչության գլխավոր պատճառ են համարում ոչ միայն բնակչության աճի ու գոյամիջոցների արտադրության, այլև բնակչության թվի ու արտադրության առկա միջոցների՝ հողի և կապիտալի անհամապատասխանությունը: Այստեղից էլ՝ պահանջում են զարգացող երկրներում իրականացնել ծնելիության կրճատման արմատական միջոցառումներ: Իրականում բնակչության աճի բարձր տեմպերն այդ երկրներում պայմանավորված են նրանց սոցիալ–տնտ. զարգացման մակարդակով, և բժշկության առաջընթացի շնորհիվ՝ մահացության նվազմամբ:
Սոցիալիստական ու ոչ կապիտալիստական ուղիով զարգացող երկրների փորձը հերքում է նեոմալթուսականության կեղծ գիտական և մարդատյաց տեսությունները: Դեմոգրաֆիական պրոցեսները պետք է կարգավորել ոչ թե նեոմալթուսականության մեթոդներով, այլ մարդկանց կյանքի ու աշխատանքի պայմանների արմատական բարելավմանը նպաստող սոցիալ–տնտ. ծավալուն, առաջադիմական վերափոխումների միջոցով: Մ–յան ու նեոմալթուսականության դրույթները բուրժ. ռեակցիոն գաղափարախոսության դրսևորումներ են, այդ պատճառով մարքսիզմ–լենինիզմի դասականները բազմիցս շեշտել են Մ–յան հին ու նոր ձևերի դեմ վճռական պայքարի անհրաժեշտությունը:
Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, գլուխ 23, Ե., 1954; Լենին Վ. Ի., բանվոր դասակարգը և նեոմալթուսականությունը, Երկ., հ. 19; Марксистскo-ленинская теория народонаселения, М., 1974.Ն. Թովմասյան