Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Զրահատանկային զորքերի ռազմ. ակադեմիան:
ՄԱԼԻՇԵՎ Յուրի Վասիլևիչ (ծն. 1941), ՍՍՀՄ տիեգերագնաց–օդաչու, Սովետական Միության հերոս (1980): ՍՄԿԿ անդամ 1964-ից: Ավարտել է Խարկովի օդաչուական բարձրագույն զինվորական ավիացիոն ուսումնարանը (1963) և Յու. Ա. Գագարինի անվ. ռազմաօդային ակադեմիան (1977): ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1967-ից: 1980-ի հունիսի 5-8-ը, Վ. Վ. Ակսյոնովի հետ, որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ Տ–2» տիեզերանավով: Հունիսի 6-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–6»-«Սոյուզ–36» ուղեծրային համալիրին, և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Սալյուտ–6» կայանով՝ Լ. Ի. Պոպովի և Վ. Վ. Ռյումինի հետ: Մ. ու Վ. Վ. Ակսյոնովը վայրէջք են կատարել «Սոյուզ Տ–2» տիեզերանավով 1980-ի հունիսի 9-ին:
ՄԱԼԻՇԿԱ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Արփայի աջ վտակը: Երկարությունը 16 կմ է, ավազանը՝ 69,1 կմ²: Սկիզբ է առնում Թեքսար լեռնազանգվածի հվ. լանջից: Վերին հոսանքում հովիտը V-աձև է՝ 150-200 մ խորությամբ: Ունի խառը սնում, հորդանում է մայիսին, սելավաբեր է (ցեխաքարային): Գետաբերանի մոտ առաջացրել է արտաբերման կոն (մոտ 10 կմ²): Տարեկան միջին ծախսը՝ մոտ 0,5 մ³/վրկ:
ՄԱԼԻՇԿԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Արփա գետի աջ ափին, շրջկենտրոնից 4,5 կմ հարավ–արևելք: Մ–ով է անցնում Եղեգնաձոր–Ջերմուկ ավտոխճուղին: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, կուլտուրայի տուն, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի, «Ղազա–չայ» և «Սոլյանի» (միջնադար) ամրոցները, Մոզ քաղաքատեղին (VII-XV դդ.), «Փշագյոլ», «Դաշալթի» գյուղատեղիները, խաչքարեր, դամբարաններ, խաչքարերով գերեզմանոցներ (X-XV դդ.):
ՄԱԼԻՊԻԵՌՈ (Malipiero) Ջան Ֆրանչեսկո (1882-1973), իտալացի կոմպոզիտոր, երաժշտագետ: Երաժշտական կրթությունն ստացել է Վիեննայում, Վենետիկում, Բոլոնիայում: Դասավանդել է Պարմի (1921-24), Վենետիկի (1932-53) կոնսերվատորիաներում, Մ–ի երաժշտությունը կրել է իմպրեսիոնիզմի և նեոկլասիցիզմի ազդեցությունը: Լավագույն գործերում հիմնվում է իտալ. ժողովրդական և հնագույն երաժշտության ավանդույթների վրա: Օպերաների (30-ից ավելի, գրեթե բոլորը սեփական տեքստերով), այդ թվում երեք եռագրությունների՝ «Օրփեիդներ» (բեմ. 1925), «Գոլդոնիի երեք կատակերգությունները» (բեմ. 1926), «Վենետիկյան միստերիա» (բեմ. 1932), սիմֆոնիաների (11), նվագախմբային երկերի (այդ թվում՝ «Արմենիա», 1917), մենագրությունների (Կ. Մոնտեվերդիի, Ա. Վիվալդիի, Ի. Ֆ. Ստրավինսկու մասին) ևն հեղինակ է:
ՄԱԼԼԱՐՄԵ (Mallarme) Ստեֆան (1842-1898), ֆրանսիացի բանաստեղծ: 1870-1880-ական թթ. ֆրանս. սիմվոլիզմի առաջատար ներկայացուցիչներից: Լինելով դեմոկրատականորեն տրամադրված, բուրժ. իրականությունից դժգոհ, իդեալի ծարավ («Լազուր», «Պատուհաններ», «Ժամհարը» բանաստեղծություններ) և պատրաստ իմպրեսիոնիստական դիրքերից գնահատելու աշխարհի գեղեցկությունը («Մի այծամարդու հետմիջօրեն», 1876)՝ Մ. հանգեց այն ողբերգական ըմբռնմանը, թե պոեզիան ու կյանքը կապ չունեն իրար հետ («Կարապը», 1885), թե պոեզիան պետք է լինի ծայրահեղորեն ինքնամփոփ («Արձակ՝ Դեզեսենտի համար», 1885), միայն սիմվոլների միջոցով գերզգայականը հաղորդող («Պոեզիայի գաղտնիքը», 1896, հոդված): Բուրժ. քննադատությունը Մ–ին ընդունում էր միայն որպես սիմվոլիստ ու էսթետ, մինչդեռ նրան հատուկ էր նաև ձգտումը դեպի իրականը, դեպի պոեզիայի դասական բովանդակալից ձևերը («Բանաստեղծություններ ըստ առիթի», 1880-98): Մ–ի պոեզիայի էությունը բացահայտվեց «Հաջողությունը չի բացասում պատահականությունը» (1897) պոեմում, որն անողոք քննադատում է սիմվոլիստական պոեզիայի՝ իրականությունից վեր կանգնելու փորձերը: Հայ իրականության մեջ Մ–ի ստեղծագործությանը անդրադարձել են Մ. Մեծարենցը և ուրիշներ: Զգալի է նրա պոեզիայի երաժշտականության ազդեցությունը Ինտրայի «Նոճեստան» սոնետների ժողովածուի և «Ներաշխարհ» գրքի վրա: Հայերեն են թարգմանված Մ–ի «Ծաղիկներ»-ը (1898, «Անահիտ» հանդես), «Հայտնություն», «Լազուր», «Ծովային սյուք» («Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության», 1976) բանաստեղծությունները:
ՄԱԼԽԱՍՅԱՆ Եկատերինա Աշոտի (ծն. 17.3.1919, Թիֆլիս), հայ սովետական դաշնակահարուհի, մանկավարժ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1949-ից: 1941-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (դասատու Կ. Ն. Իգումնով): 1942-47-ին Վրաստանի ֆիլհարմոնիայի մենակատարուհի: 1947-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1968-ից՝ պրոֆեսոր): Համերգացանկում տեղ են գտել Շոպենի, Սկրյաբինի, Բեթհովենի, Շումանի և հայ կոմպոզիտորների դաշնամուրային երկերը:Շ. Ափոյան ՄԱԼԽԱՍՅԱՆ Էդուարդ Գուրգենի (ծն. 23.2.1926, Թբիլիսի), հայ սովետական երկրաբան: Երկրաբանա–հանքաբանական գիտ. դոկտոր (1971): ՍՄԿԿ անդամ 1947-ից: Ավարտել է Երևանի համալսարանը (1949): 1951-54-ին եղել է Մոսկվայի նավթի ինստ-ի ավագ գիտ. աշխատող, 1954-1976-ին՝ ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստ-ի ավագ գիտ. աշխատող, բաժնի վարիչ: 1976-ից աշխատում է Կովկասի միներալային հումքի ինստ-ի հայկ. բաժանմունքում որպես գլխավոր երկրաբան: Մ–ի աշխատություններում լուսաբանված են Հայաստանի խորքային մագմատիզմի, մեզոզոյի հրաբխականության և դրանց հետ կապված հանքայնացման հարցերը, ինչպես նաև երկրաբանության պատմության պրոբլեմներ: Երկրաբանության պատմության միջազգային կոմիտեի թղթակից անդամ է (1967), ՍՍՀՄ Պետրոգրաֆիական կոմիտեի անդամ (1971):
Երկ. Интрузивы Даралагяза, Е., 1958; Юрский вулканизм Армении, М., 1965 (соавтор А. П. Лебедев); Геологическое развитие и вулканизм Армении в юрский период, Е., 1975.
ՄԱԼԽԱՍՅԱՆ Կոնստանտին Հովհաննեսի (ծն. 7.7.1916, Մոսկվա), ՍՍՀՄ վաստակավոր փորձարկող–շտուրման, ռազմաօդային ուժերի պահեստի գնդապետ: ՍՄԿԿ անդամ 1951-ից: Ավարտել է Երևանի աերոակումբի հրահանգիչ–օդաչուների օդաչուական դպրոցը (1937): Մասնակցել է Չինաստանում ճապոնական զավթիչների դեմ մղված մարտերին (1937), սովետա–ֆիննական պատերազմին (1939-40), Հայրենական մեծ պատերազմին (1941-45): Մ. 1947-66-ին Ա. Ն. Տուպոլևի փորձարարական ԿԲ–ի շտուրման–փորձարկողներից էր, փորձարկել է Տու–104, Տու–114, Տու–124, Տու–134 առաջին փորձնական մարդատար ինքնաթիռները: 1956-ին Տու–98 ծանր ինքնաթիռով, անձնակազմի հետ, աշխարհում առաջինը, զարգացրել է գերձայնային արագություն, ինչպես նաև Տու–104 և Տու–114 ինքնաթիռներով մասնակցել արագության և բարձրության 30 համաշխարհային ռեկորդներ սահմանելուն: 1959-ին, որպես գլխավոր շտուրման, Տու–114 ինքնաթիռով Մոսկվայից անվայրէջք թռիչք է կատարել Վաշինգտոն, Նյու Յորք, Պեկին: Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի 5 շքանշաններով:
ՄԱԼԽԱՍՅԱՆ Հովհաննես Մկրտչի (1.9. 1866, գ. Սուլդա (այժմ՝ ՎՍՍՀ Ախալքալաքի շրջանում) - 10.6.1931, Երևան), հայ գյուղագիր, մանկավարժ, հասարակական գործիչ: 1881-85-ին սովորել է Գևորգյան ճեմարանում, որտեղից հեռացվել է աշակերտական խռովություններին մասնակցելու համար: 1887-97-ին դասավանդել է