Կովկասի հայաբնակ քաղաքներում: 1903-ին ցարական կառավարությունը Մ–ին աքսորել է Նոր Նախիջևան, ապա՝ Ռուսաստանի խորքերը: 1905-ին վերադառնալով Թիֆլիս՝ ծավալել է մանկավարժական–հասարակական գործունեություն: Ծննդավայրում հիմնել է դպրոց և բարեգործական ընկերություն, պարբերական մամուլում («Մուրճ», «Նոր դար») անդրադարձել ժամանակի հրատապ հարցերին: 1907-09-ին Նոր Նախիջևանում հրատարակել է «Մեր ձայնը» օրաթերթը և հակացարական հոդվածներ տպագրելու համար 1909-ին նորից բանտարկվել է: 1924-ից բնակություն է հաստատել Երևանում: Մ–ի առաջին ծավալուն գործը «Երդում» (1895) վեպն է: Այնուհետև լույս են տեսել նրա «Պատանեկան հուշեր» (1896) չափածո ժողովածուն, «Մեր բարեկամները» (1910) արձակ գրքույկը, «Հանցանք» (1913) էտյուդը: Գրել է պիեսներ («Ավազի վրա», 1914, «Ծիլեր», «Կյանքի հեքիաթը», «Հիվանդանոց»), որոնք բեմադրվել են Թիֆլիսում: Մ. հարուստ նյութ է տալիս ազգագրության («Հայ գեղջուկի ալբոմը», մաս 1-2, 1898-1901) ուսումնասիրման համար: Գյուղական կյանքից վերցված պատմվածքների ժողովածու է «Հորոտ-Մորոտ»-ը (գիրք 1-4, 1898-1927, 2-րդ հրտ., 1959): Նար–Դոսի հետ կազմել ու հրատարակել է «Գիր և կյանք» (1911) մայրենի լեզվի դասագիրքը:
Մ. իր ստեղծագործություններում պայքարել է սոցիալական ճնշման ու շահագործման, տգիտության ու հետամնացության դեմ, ժխտել բուրժ. քաղաքակրթությունն ու բարքերը, բայց իրեն հուզող հարցերի պատասխանը որոնել է բարոյախոսության մեջ:
Երկ. Եր1լեր, Ե., 1967:
ՄԱԼԽԱՍՅԱՆ Վիգեն Արամայիսի (ծն. 3.9.1921, Երևան), հայ սովետական վիրաբույժ: Բժշկական գիտ. դ-ր (1960), պրոֆեսոր (1961): ՍՄԿԿ անդամ 1962-ից: 1943-ին ավարտել է Երևանի բժշկ. ինստ–ի բուժական ֆակուլտետը: Աշխատել է Երևանի էվակուացիոն հոսպիտալում, Վ. Ի. Լենինի անվ. հանրապետական կլինիկական հիվանդանոցում, նույն հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում: 1960-ից Բժիշկների կատարելագործման Երևանի պետ. ինստ-ի ամբիոնի վարիչ է: Գիտական աշխատությունները վերաբերում են մարսողության օրգանների վիրաբուժությանը:
Երկ. Техника типических операций на желудке, Е., 1963; Дуоденальная культя, Е., 1968; Дренирование грудного лимфатического протока в хирургической практике, М., 1979.
ՄԱԼԽԱՍՅԱՆՑ Ստեփան Սարգսի (25.10 (7.11), 1857, Ախալցխա – 21.7.1947, Երևան), բանասեր, լեզվաբան, բառարանագիր: Բանասիրական գիտ. դ-ր (1940), ՀՍՍՀ ԳԱ հիմնադիր կազմի անդամ, ակադեմիկոս (1943): Նախնական կրթությունն ստացել է տեղի Կարապետյան ծխական դպրոցում: 1874-78-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1878-ին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակուլտետը, աշակերտել է Ք. Պատկանյանին: 1889-ին ավարտել է նույն ֆակուլտետի հայ–սանսկրիտ և հայ–վրացական բաժինները, ստացել թեկնածուի գիտական աստիճան: Այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել հայկ. դպրոցներում, աշխատակցել ժամանակի պարբերականներին: 1885-ին Պետերբուրգում լույս է ընծայել Ստեփանոս Տարոնացու (Ասողիկ) «Պատմութիւն տիեզերական» (առաջաբան Կ. Եզյանցի) առաջին լուրջ ուսումնասիրությունը՝ գիտ. տեքստով և ծանոթագրություններով: Բանասիրական հետազոտություններից հիշատակելի են «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի պատմության» (1896), «Սեբեոսի պատմությունը և Մովսես Խորենացի» (1899), Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» (ընդարձակ ուսումնասիրությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով, 1940), «Խորենացու առեղծվածի շուրջը» (1940), «Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց» (ներածությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով, 1947) գործերը, հրատարակել է մատենագիրների համեմատական տեքստեր (Ղևոնդ Մեծի «Պատմութիւն Հայոց», Կ. Եզյանցի առաջաբանով, 1887, Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան», Գ. Տեր–Մկրտչյանի հետ, 1904, Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության», 1940), «Դասընթաց հայոց մատենագրության պատմության», 1899, «Համառոտ պատմություն Ներսիսյան հոգևոր դպրոցի…» (1900) ևն: Մ–ի լեզվաբանական հետազոտություններից կարևոր են «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» (1891) և «Գրաբարի համաձայնությունը» (1892) աշխատությունները, որոնք երկար ժամանակ գործածվել են որպես գրաբարի ձեռնարկներ: «Գրաբարի համաձայնությունը» գրքում Մ. հանգամանորեն քննության է առել գրաբարի շարահյուսությունը: Նախաբանում, անդրադառնալով մի շարք ընդհանուր լեզվաբանական հարցերի, հարել է երիտքերականներին, ընդունել նրանց հնչյունական օրենքները, սակայն լեզուն որպես հոգեբանական գործոն դիտելու հարցում հեռացել է նրանցից, ժխտել անհատական լեզուների դրույթը և ընդունել ժողովրդի, հանրության լեզուն: Մ., քննելով հայերենի բարբառների առաջացման հարցը, եկել է այն համոզման, որ բարբառներ եղել են նաև գրերի գյուտից առաջ, և գրաբարը ժամանակի բարբառներից (Արարատյան) մեկն է, որը բարձրացել է գրական լեզվի աստիճանի: Մ. զբաղվել է աշխարհաբար գրական լեզուների (արևելահայերենի և արևմտահայերենի) զարգացման հարցերով, հայոց լեզվի հոլովական դրության, ուղղագրության, տաղաչափության, գիտական տերմինաբանության և այլ խընդիրներով: Երկար տարիների ուսումնասիրության արդյունք է հայ բառարանագրության կոթողներից մեկը՝ «Հայերեն բացատրական բառարան»-ը (հ. 1-4, 1944–45, ՍՍՀՄ պետական մրցանակ՝ 1946): Այն ընդգրկում է գրաբարի, միջին հայերենի, ժամանակակից հայերենի (երկու տարբերակով) և բարբառների բառամթերքը, հին և նոր փոխառյալ բառերը (պարսկերենից, եբրայերենից, հունարենից, ասորերենից, ռուսերենից և այլ լեզուներից), ոճական կիրառությունները (հաստատված օրինակներով), քերականական և բանասիրական ցուցումներով: Բառարանն ընդգրկում է հայերենի մոտ 120 000 բառ. այն իր տեսակի մեջ անգերազանցելի է առ այսօր: Մ. որպես համահեղինակ մասնակցել է նաև նեղ մասնագիտական մի շարք բառարանների կազմման աշխատանքներին: Բնագրից թարգմանել է Վ. Շեքսպիրի «Լիր թագավոր»-ը (1887), «Մակբեթ»-ը (1892), Գ. Էբերսի «Մարդ եմ» (1898) վեպը:
Երկ. Ստեփան Սարգսի Մալխասյանց, Ե., 1962 (Նյութեր հայ գիտնականների կենսագրության ն բիբլիոգրաֆիայի համար):
ՄԱԼԿՈ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրսանոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս: Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ: Ունի տարրական դպրոց: Մ. հիմնադրել են Սամսունից և շրջակայքից եկած հայերը, 1870-ին:
ՄԱԼՄՅՈ (Malmo), քաղաք և նավահանգիստ Շվեդիայի հարավում, Էրեսուն նեղուցի արևելյան ափին: Մալմյոհուս լենի վարչական կենտրոնն է: 247 հզ. բն., արվարձաններով՝ ավելի քան 400 հզ. (1975): Երկաթուղային հանգույց է, ունի օդանավակայան (Բուլտոֆտա): Լաստով կապվում է Կոպենհագենի հետ: Կա մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական, ցեմենտի, քիմ. արդյունաբերություն, տեքստիլի, կարի, ալրաղացի և այլ ճյուղեր: Ձկնորսական նավատորմի կայան է: Առաջին անգամ հիշատակվել է XII դ.: Մինչև 1658-ը պատկանում էր Դանիային:
ՄԱԼՅԱՆ Դավիթ Մելքումի (4( 17).4.1904, Զաքաթալա – 17.7.1976, Երևան), հայ սովետական դերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1974): ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1922-1923-ին սովորել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում: Աշխատել է Երևանի Սունդուկյանի անվ. (1924-1925), Թբիլիսիի (1926-27), Լենինականի (1928-29), Երևանի Բանվորական (1930-32) թատրոններում: 1932-ից՝ կրկին Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան (1952-53-ին՝ դիրեկտոր): Հանդես է եկել դասական պիեսներում, սակայն Մ–ի դերասանական ակտիվ խառնվածքը հատկապես դրսևորվել է նոր, սովետական մարդուն մարմնավորող կերպարներում: Մ. ստեղծել է բնորոշ կերպարներ՝ դրամատիկական և կատակերգական ժանրերում: Լավագույն դերերից են՝ Վահագն (Ա. Գուլակյանի «Արշալույսին»), Կարսեցյան (Ն. Զարյանի «Փորձադաշտ»),
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/162
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ