պոլիէթիլենից և պոլիամիդային խեժերից։ Պաշտպանական ծածկույթները (պողպատե ժապավեններ և տարբեր պրոֆիլի մետաղալարեր) ծառայում են պատյանը մեխանիկական վնասվածքներից և կոռոզիայից պաշտպանելու համար։
ՄԱԼՈՒՄՅԱՆ Խաչատուր (ծածկանունը՝ Է. Ակնունի 1860 Մեղրի — 1915, Մեծ եղեռնի զոհ), հրապարակախոս, հասարակական գործիչ։ 1880-ական թթ. վերջից աշխատակցել է «Մշակին», հետագայում, անցնելով դաշնակցության շարքերը, դարձել է այդ կուսակցության օրգան «Դրոշակի» (Ժնև) թղթակիցը Կովկասում՝ ստորագրելով Է. Ակնունի։ 1908-ից գործել է Կ. Պոլսում։ Առանձին գրքերով հրատարակվել են նրա «Մտքի մշակը» (Գ. Արծրունու գրական գործունեության 25-ամյակի առթիվ, 1890), «Կովկասյան վերքեր» (հոդվածների ժող., 1903, ֆրանս. հրտ. 1904) և այլ գործեր։ Թարգմանություններ է կատարել Վ. Գարշինից, Սալտիկով-Շչեդրինից և ուրիշներից։
ՄԱԼՈԻՆՑՅԱՆ Միքայել Մովսեսի (25.4 (8.5).1903, Բաքու — 20.2.1973, Երևան), հայ սովետական դիրիժոր, մանկավարժ։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1956): Հայաստանի պետ. սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր (1945-60, 1966-1967): 1921-25-ին սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայի լարային (թավջութակ, դասատու՝ Կ. Մինյար), 1931-35-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորական (դասատու՝ Լ. Գինզբուրգ) բաժիններում։ Դասավանդել է Երևանի (1927-31, 1944-73, 1962-ից՝ պրոֆեսոր) և Մոսկվայի (1934-45) կոնսերվատորիաներում։ 1932-ին ղեկավարել է Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Մեծ ուշադրություն է նվիրել հայ հեղինակների գործերի պրոպագանդմանը։ Մ-ի կատարմանը բնորոշ էր գեղարվեստական ճշմարտացիությունը, արտիստական զսպվածությունը, անսամբլային կատարելությունը։ Նրա աշակերտներից են Ռ. Մանգասարյանը, Դ. Խանջյանը, Գ. Տերտերյանը։
Գրկ. Պետրոսյան Մ., Երեքը հայ դիրիժորներից, Ե. 1976:
ՄԱԽ (Mach) Էռնստ (1838-1916), ավստրիացի ֆիզիկոս, մախիզմի հիմնադիրը։ Ավարտել է Վիեննայի համալսարանը։ 1864-ից՝ ֆիզիկայի պրոֆեսոր Գրացի համալսարանում, 1867-ից՝ Պրագայի գերմ. համալսարանի ռեկտոր, 1895-1901-ին՝ Վիեննայի համալսարանի փիլ-յան պրոֆեսոր։ Մ. հետազոտել է լսողության և տեսողության պրոցեսները, մեխանիկական, օպտիկական, աերոդինամիկական զանազան երևույթներ։ Մ-ի անունով են կոչվել ֆիզիկայի հասկացություններ և մեծություններ՝ Մ-ի կոն, Մ-ի անկյուն (տես Բնութագրական կոն), Մախի թիվ ևն։ Մ. առաջարկել է սկզբունք՝ Մ-ի սկզբունք, ըստ որի մարմնի իներտ զանգվածը պայմանավորված է Տիեզերքի ամբողջ նյութի հետ փոխազդեցությամբ։ Նա մերժել է ատոմիստական ուսմունքը։ Մ-ի փիլիսոփայությունը XIX-XX դդ. սահմանագծի ֆիզիկայի ճգնաժամի արձագանքն էր։ Բացարձակ տարածության և ժամանակի նյուտոնյան պատկերացումների Մ-ի քննադատությունը և դրանց հարաբերականացումը բարենպաստ տրամաբանական-իմացաբանական իրավիճակ ստեղծեցին հարաբերականության հատուկ տեսության ձևակերպման համար։ Սակայն, ընդհանուր առմամբ, բնագիտության նոր փիլիսոփայություն ստեղծելու Մ-ի հավակնությունները, սուբյեկտիվ-իդեալիստական բնույթի պատճառով, ձախողվեցին։ Մ. պնդում էր, որ աշխարհը զգայությունների կոմպլեքս է, իսկ աշխարհի օբյեկտիվ գոյության հարցը պետք է գիտության լեզվից հանվի։ Մ-ի իդեալիստական գաղափարները խիստ քննադատել է Վ. Ի. Լենինը «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» երկում։
Երկ. Введение к учению о звуковых ощущениях Гельмгольца, СПБ, 1879; Анализ ощущений и отношение физического к психическому, 2 изд., М., 1908; Познание и заблуждение, М., 1909; Механика. Историко-критический очерк ее развития, СПБ, 1909; Популярно-научные очерки, 2 изд., СПБ, 1920; Принцип сохранения работы. История и корень ее, СПБ, 1909.
ՄԱԽԱ (Mache) Կարել Հինեկ (1810-1836), չեխ բանաստեղծ։ Մոտ էր կանգնած չեխական ազատագրական պայքարին և ձևավորվող արմատական-դեմոկրատական գաղափարախոսությանը։ Փիլ. և մտերմիկ քնարերգության մեջ, «Մայիս» (1836) պոեմում, «Կրշիվոկլադ» (1834), «Գնչուներ» (1835) վիպակներում, «Իմ կյանքից» (1834) օրագրային էտյուդներում Մ. հանդես է եկել որպես չեխական հեղափոխական ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Նրա պոեզիայի բովանդակությունն են ազատության խռովահույզ ձգտումը, ոգու և նյութի փիլ. առեղծվածները, բնության ներդաշնակության և մարդկային հարաբերությունների աններդաշնակության հակադրությունը։
ՄԱԽԱՉԵԿ (Machatschek) Ֆրից (1876 Վիշաու (այժմ՝ Վիշկով Չեխոսլովակիայում) — 1957, Մյունխեն) գեոմորֆոլոգ, աշխարհագրագետ։ Ավարտել է Վիեննայի համալսարանը։ Եղել է Ավստրիայի, Չեխոսլովակիայի, Շվեյցարիայի, Արգենտինայի բուհերի պրոֆեսոր։ Դաշտային հետազոտություններ է կատարել Արևմտյան Եվրոպայում, Միջին Ասիայում և Հարավային Ամերիկայում։ Զբաղվել է Երկրի ռելիեֆի և գեոտեկտոնիկայի ուսումնասիրություններով։ Կազմել է վեցլեզվյան «Գեոմորֆոլոգիական բառարան»-ը։ Աշխատություններից թարգմանվել են ռուսերեն։
ՄԱԽԱՉԿԱԼԱ (մինչև 1922-ը՝ Պետրովսկ Պորտ), Դաղստանի ԻՍՍՀ մայրաքաղաքը (1923-ից): Նավահանգիստ է Կասպից ծովի արմ. ափին, երկաթուղային կայարան և օդանավակայան։ 261 հզ. բն. (1980): Կան մեքենաշինական և մետաղամշակման, նավթարդյունահանող, քիմ., տեքստիլ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն։ Գործում են Մ.-Գրոզնի, Մ.-Իզբերբաշ նավթամուղները, Մ.-Դերբենդ գազամուղը։ Այստեղ է ՍՍՀՄ ԳԱ Դաղստանի մասնաճյուղը։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական, գյուղատնտ., բժշկ., մանկավարժական ինստ-ներ, 10 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, թատրոններ, ֆիլհարմոնիա, թանգարաններ։ Հիմնադրվել է 1844-ին, վերանվանվել ի պատիվ հեղափոխական Մախաչ Դախադաևի։
ՄԱԽԱՐԱՁԵ Ֆիլիպ Իեսեևիչ (1868-1941), սովետական պետական գործիչ, գրականագետ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1903-ից։ Սովորել է Վարշավայի անասնաբուժական ինստ-ում։ Ուսանողական շրջանում հարել է տեղի ս-դ. շարժմանը։ 1893-ին ձերբակալվել է և արտաքսվել հայրենիք։ 1903-ին ընտրվել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ։ Մասնակցել է 1905-07-ի հեղափոխությանը։ 1915-ին՝ ՌՍԴԲԿ Կովկասյան բյուրոյի անդամ։ Մասնակցել է Թիֆլիսի սովետի կազմակերպմանը (1917): Եղել է ՌՍԴԲ(բ)Կ VII համառուսաստանյան (ապրիլյան) կոնֆերանսի պատվիրակ։ 1917-ի հոկտեմբերին ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1918-21-ին ընդհատակյա աշխատանք է կատարել Վրաստանում։ 1921-ին ընտրվել է Վրաստանի Հեղկոմի նախագահ, 1922-ից՝ Վրաստանի Կենտգործկոմի նախագահ, այնուհետև եղել է Անդրֆեդերացիայի Պետպլանի, Վրաստանի ժողկոմխորհի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահ։ 1938-ից Վրաստանի Գերագույն սովետի Նախագահության նախագահն էր։ Եղել է ՍՄԿԿ XII, XIII, XV-XVIII համագումարների պատվիրակ։ ՍՄԿԿ XV համագումարում ընտրվել է Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի II կոնգրեսին (1920): Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՄԱԽԱՐԱՁԵ, (մինչև 1934-ը՝ Օզուրգեթի քաղաք), Վրացական ՍՍՀ Մախարաձեի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Նաթանեբի գետի ափին։ 22 հզ. բն. (1970): Կան թեյի, մետաքսաթելի ֆաբրիկաներ, բենթոնիտի, ավտոդողերի նորոգման, պահածոների գործարաններ, սննդարդյունաբերության տեխնիկում, բժշկ. ուսումնարան, հայրենագիտական թանգարան, թատրոն։ Մ-ի մոտակայքում են թեյի և մերձարևադարձային կուլտուրաների ու թեյի արդյունաբերության համամիութենական ԳՀԻ-ները։ Վերանվանվել է ի պատիվ Ֆ. Ի. Մախարաձեի։ Քաղաք է 1840-ից։
ՄԱԽԻ ԹԻՎ Μ-թիվ, գազի հոսանքի հիմնական բնութագրիչ։ Հավասար է գազի հոսանքի արագության և հոսքի նույն կետում ձայնի տարածման արագության հարաբերությանը՝ : Գազում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/165
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է