Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմնի շարժման դեպքում Մ. թ. հավասար է մարմնի արագության և այդ միջավայրում ձայնի տարածման արագության հարաբերությանը: Կոչվել է Է. Մախի անունով: Մ. թ. նաև աերոդինամիկական նմանության հիմնական հայտանիշներից է այն դեպքերում, երբ գազի սեղմելիությունը չի կարելի անտեսել: Օդում սեղմելիությունն անհրաժեշտ է հաշվի առնել մ/վրկ արագությունների դեպքում, որոնց համապատասխանում է թիվը: Երբ , հոսանքը կոչվում է մինչձայնային, դեպքում՝ ձայնային, դեպքում՝ գերձայնային: Գերձայնային հոսանքի հիմնական առանձնահատկություններից է հարվածային ալիքի առաջացումը՝ մարմինների շրջահոսքի կամ գազի հոսքի արգելակման դեպքում: Էներգիայի դիսիպացիայի հետևանքով հարվածային ալիքում առաջանում է ալիքային դիմադրություն, որն աճում է Մ. թ–ի մեծացման հետ: Հոսանքի տիրույթները, որոնց համար (հիպերձայնային հոսանք), օժտված են մի շարք առանձնահատկություններով, մասնավորապես, էական են դառնում հարվածային ալիքում սեղմվող գազի ֆիզիկաքիմիական փոխակերպումները: Տես նաև Գազային դինամիկա:
ՄԱԽԻ ԿՈՆ, տես Բնութագրական կոն:
ՄԱԽԻԶՄ, XIX դարի վերջի – XX դարի սկզբի սուբյեկտիվ իդեալիստական ուղղություն՝ այսպես կոչված «երկրորդ պոզիտիվիզմ», որի հիմնական տեսական դրույթները մշակել են Է. Մախը, Ռ. Ավենարիուսը (տես Էմպիրիոկրիտիցիզմ) և նրանց աշակերտներն ու համախոհները (Ի. Պետցոլդ, Ֆ. Կարստանյեն, Ռ. Վիլի, Կ. Պիրսոն): Մախը, իսկ այնուհետև Մ–ին հարած ֆիզիկոսները (Պ. Դյուհեմ, Վ. Օստվալդ, Ա. Պուանկարե) փորձում էին լուծել դասական ֆիզիկայի ճգնաժամի առնչությամբ ծագած իմացաբանական դժվարություններն ու մեթոդաբանական խնդիրները: Նրանք զգալի դեր խաղացին ֆիզիկական նոր պատկերացումների ձևավորման գործում՝ նպաստելով փորձնական հիմնավորում չունեցող մտակառույց («մետաֆիզիկական») էությունների արտաքսմանը ֆիզիկայից: Սակայն Մ–ում դա հասավ ամեն տեսակ վերացական հասկացությունների, առհասարակ մտահասու էությունների (հատկապես փիլիսոփայական «սուբստանց», «մատերիա», «ոգի», «պատճառականություն» և այլն) ճանաչողական նշանակության ժխտմանը: Համապատասխանաբար, Մ–ի իմացաբանությունը սուբյեկտիվիստական էմպիրիզմ է՝ ֆենոմենալիզմ. ճանաչողության հիմքում այն դնում է անմիջական զգայական փորձը, որի վերջնական «տարրեր» համարում է զգայությունները: Վերացվում է հոգեկանի և ֆիզիկականի հակադրությունը, զգայությունները և նրանց կոմպլեքսները, դիտված զգայող սուբյեկտի հետ ունեցած հարաբերության տեսակետից, կազմում են հոգեբանության առարկան, իսկ դրանց օբյեկտիվացումը, դրանց դիտարկումն իբրև առարկայի ու նրա հատկությունների մասին զգայական տվյալների, կազմում է ֆիզիկայի (բնագիտության) առարկան: Սուբյեկտի և օբյեկտի հակադրության այսպիսի վերառմամբ Մ. իր փիլիսոփայությունը հռչակում է մատերիալիզմից և իդեալիզմից վեր կանգնած՝ «երրորդ», «չեզոք» գիծ: Մարդկային ճանաչողությանը Մ. տալիս է կենսաբանական մեկնաբանություն՝ նրա վրա տարածելով կենսաբանական հարմարմանը հատուկ «ուժերի նվազագույն ծախսման» սկզբունքը: Գիտական ճանաչողության մեջ դա, ըստ Մախի, դրսևորվում է որպես «մտածողության տնտեսման» մեթոդաբանական պահանջ: Գիտության էությունը և նպատակը համարվում են զգայությամբ տրված փորձնական տվյալների նկարագրությունը: «Զուտ նկարագրության» այս մեթոդաբանական սկզբունքի տեսակետից բնագիտության տեսական ընդհանրացումները լավագույն դեպքում աշխատանքային հիպոթեզներ են, և նրանց չպետք է վերագրել օբյեկտիվ բովանդակություն: Դրանով իսկ Մ. հետևում է հյումիստական ագնոստիցիզմի գծին: Ռուսաստանում ռեակցիայի և գաղափարական տարընթացության տարիներին Մ–ին հարել են մի խումբ սոցիալ–դեմոկրատ մտավորականներ (Ա. Բոգդանով, Վ. Բազարով, Ն. Վալենտինով, Պ. Յուշկևիչ ևն): Եղել են նաև հայ մախիստներ (Ե. Ֆրանգյան): Վ. Ի. Լենինը «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» աշխատության մեջ վերլուծել է Մ., բացահայտել նրա գաղափարական հետադիմական դերը:
Գրկ. Պլեխանով Գ. Վ., Materialismus militans, Փիլիսոփայական ընտ. երկ., հ. 3, Ե., 1964: Бакрадзе К. С., Очерки по истории новейшей и современной буржуазной философии, Тб., 1960, гл. 2; Богомолов А. С., Немецкая буржуазная философия после 1865 года, М., 1969, гл. 3.
«ՄԱԽԼԱՍ», գրական, երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1913-15-ին, Թիֆլիսում: Խմբագիր–հրատարակիչ՝ Ս. Լաշքարյան: Քննադատել ու ծաղրել է հայ իրականության խորթ բարքերն ու երևույթները, ազգայնական գործիչներին: Տպագրել է ծաղրանկարներ, ֆելիետոններ, երգիծական պատմվածքներ ու բանաստեղծություններ հայ, ռուս և եվրոպացի նշանավոր երգիծաբաններից, համաշխարհային և հայ դասականների աֆորիզմներ, ասույթներ: Շաբաթաթերթը պայքարել է ֆուտուրիզմի դեմ, խարազանել նրա հետևորդներին հայ գրականության մեջ:Վ. Մաղալյան ՄԱԽՄՈՒՐՈՎԱ Տատյանա (Մախմուրյան Թագուհի) Լևոնի (ծն. 9(22).1. 1910, Սուխում), հայ սովետական կինոդերասանուհի: ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1975): 1928-ին Հ. Բեկնազարյանի հրավերով նկարահանվել է «Տունը հրաբխի վրա» ֆիլմի գլխավոր հերոսուհու (Մարո) դերում: Նույն թվականից աշխատել է Հայկինոյում: 1936-37-ին սովորել է «Մոսֆիլմ»-ին կից դերասանական դպրոցում: Մ–ի լավագույն դերը Կեկելն է («Պեպո», ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան, 1935): Այլ դերերից են՝ Մասումե («Հանդիպում», ռեժիսոր՝ Գ. Գոմարտելի, «Վրացֆիլմ» ստուդիա), Անահիտ («Լույս և ստվերներ», ռեժիսոր՝ Ի. Պերեստիանի, Նանի («Գիքոր», ռեժիսոր՝ Ա. Մարտիրոսյան, 1934), Գայանե («Դավիթ Բեկ», ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան, 1944):Ս. Հարությունյան ՄԱԽՆՈՎՇՉԻՆԱ, հակասովետական, անարխիստական, կուլակային–գյուղացիական շարժում Ուկրաինայում, 1918-1921-ին, անարխիստ Ն. Մախնոյի գլխավորությամբ: Մանր բուրժ. հակահեղափոխության տարատեսակներից: Մ–ի սոցիալական հենարանը Ձախափնյա Ուկրաինայի (Եկատերինոսլավի և Խարկովի նահանգներ) ունևոր գյուղացիությունն էր, սակայն շարժումն ընդգրկել է Դնեստրից մինչև Դոն ընկած տարածքը: Մ–ի «մայրաքաղաքը» Գուլյայպոլե քաղաքն էր (Եկատերինոսլավի նահանգ): Գերմ. օկուպացիայի շրջանում և սպիտակգվարդիականների օրոք, երբ կալվածատերերի վերադարձի վտանգ կար, Մ–ին հարեցին նաև գյուղացիների լայն խավեր: Սովետական իշխանության դեմ պայքարում մախնոյականները հիմնականում հենվում էին գյուղի ունևորների, իսկ 1921-ից՝ բացառապես կուլակության վրա, հանդես էին գալիս «անիշխանական պետություն» և «ազատ սովետներ» լոզունգներով, որը փաստորեն նշանակում էր պայքար պրոլետարական պետության դեմ: 1918-ի վերջին – 1919-ի սկզբին մախնոյականները կռվեցին ավստրո–գերմանական, ապա՝ պետլյուրական զորքերի դեմ: 1919-ի փետրվարին նրանք մտան սովետական 2-րդ ուկր., ապա 13-րդ բանակների կազմի մեջ, մարտ–մայիսին կռվեցին Դենիկինի զորքերի դեմ: Սակայն նրանք սաբոտաժի էին ենթարկում սովետական հրամանատարության հրամանները, հեռացնում կոմիսարներին: 1919-ի մայիսի վերջին Դենիկինի զորքերը ջախջախեցին մախնոյականներին: Մախնոն հրաժարվեց ենթարկվել կարմիր բանակի հրամանատարությանը, ինքնագլուխ հեռացավ ռազմաճակատից ու բացահայտ պայքար սկսեց սովետական իշխանության դեմ: 1920-ի գարնանն ու ամռանը, նայած իրադրությանը, մախնոյականները կռվում էին մերթ սպիտակ գվարդիականների, մերթ կարմիր բանակի դեմ: 1920-ի նոյեմբերին Մ. Ֆրունզեի հրամանով սկսվեց Մ–ի լիկվիդացիան: 1921-ի օգոստոսին Մախնոն, խույս տալով հետապնդումից, մի քանի տասնյակ ձիավորներով անցավ Դնեպրը և հանձնվեց ռումին. իշխանություններին:
Գրկ. Семанов С. Н., Махновщина и ее крах, «Вопросы истории», 1966, № 9.