բացատրելու համար: Ենթադրվում էր, որ մոլորակը պտտվում է Մ–ով, որի կենտրոնը, իր հերթին, պտտվում է մեկ այլ, ուղղորդ շրջանագծով՝ դեֆերենտով (< լատ. deferens — կրող), որի կենտրոնում գտնվում է անշարժ Երկիրը:
ՄԱԿԱՍԱՐԻ ՆԵՂՈՒՑ, Կալիմանտան և Սուլավեսի կղզիների միջև: Միացնում է Սուլավեսի և Ճավայի ծովերը: Երկարությունը 500 կմ է, լայնությունը՝ մոտ 200 կմ, խորությունը՝ մինչև 2458 մ: Հոսանքները ունեն մուսսոնային բնույթ: Նավահանգիստներն են Բալիկպապանը (Կալիմանտան կղզի) և Ուջունգպանդանգը (Սուլավեսի կղզի):
ՄԱԿԱՍԱՐՆԵՐ, ժողովուրդ: Բնակվում են Սուլավեսի կղզու հվ–արմ-ում (Ինդոնեզիա): Թիվը՝ մոտ 1,2 մլն (1979): Լեզուն պատկանում է ինդոնեզական լեզուներին: Դավանում են մահմեդականություն: Մարդաբանորեն պատկանում են հվ. մոնղոլոիդ ռասային: Զբաղվում են հիմնականում հողագործությամբ, ձկնորսությամբ, առևտրով:
ՄԱԿԱՐ Ա ԹԵՂՈՒՏՑԻ (6.4.1813, գ. Թեղուտ (Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառում) – 1891, Էջմիածին), Հայոց կաթողիկոս 1885-ից: 1864-ին նշանակվել է Վրաստանի հոգևոր թեմի առաջնորդ, 1876-ին՝ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, 1883-ից՝ նաև Գևորգ Դ կաթողիկոսի տեղապահ: Նրա ջանքերով 1885-ին ցարական արքունիքը վերանայել է իր 1884-ի հունվար 27-ի «Կովկասի հայ լուսավորչական եկեղեցական ուսումնարանների մասին» որոշումը, թույլատրել վերաբացել հայկ. դպրոցները, վերականգնել կաթողիկոսի իրավունքները:
ՄԱԿԱՐԱՎԱՆՔ, միջնադարյան ճարտարապետական հուշարձանախումբ ՀՍՍՀ Իջևանի շրջանի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ–արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին: Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հվ. կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205-ին: Արտաքուստ ուղղանկյուն (13,5 մ x 9,5 մ), ներքուստ խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի՝ կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հս–արմ. խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան): Հվ. և արլ. ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով (հս. պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով), գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով: Արմ. դուռն ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է: Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հս. շքամուտքը: Եկեղեցու հվ. պատի լուսամուտի տակ՝ ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ: Եկեղեցու լուսավոր և ընդարձակ ներսակողմում խիստ տպավորիչ է ու լուծումով ինքնատիպ խորանի հարդարանքը: Աբսիդի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով՝ միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով: Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով՝ երիզված հյուսվեն զարդերով կիսագլանաձև լայն շրջանակով: Ուշագրավ է ութանկյուն աստղերի մշակումը: Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և բուսական չկրկնվող զարդամոտիվներով հյուսվեն քանդակներ, աստվածաշնչային թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ ևն: Մ–ի ձկան քանդակները իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով զուգահեռներ չունեն միջնադարյան հայ արվեստում: Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (և, անշուշտ, քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը՝ «Երիտասարդ»: Մ–ի երկրորդ՝ հնագույն եկեղեցին (X–XI դդ.) համալիրի հս–արլ-ում է: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ XIII դ. վերակառուցված ծածկը և գմբեթը՝ նույն տուֆի սրբատաշ քարերով: Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ՝ հավանաբար սա նախօրինակ է ծառայել գլխավոր եկեղեցու բեմի զարդաքանդակների համար: Մ–ի գավիթը (XIII դ. 1-ին քառորդ), որ արլ–ից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հվ–ից՝ գլխավորին, գրեթե քառակուսի հատակագծով (13 մ x 12,9 մ), չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով: Արմ. շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ: Առանձնապես հարուստ է գավթի ինտերիերի հարդարանքը: Միակտուր քարից չորս գլանաձև սյուները և որմնասյուները, կամարաղեղների միջև հարթ մակերեսները, ութանկյուն երդիկը (վրան բարձրացող սյունազարդ գմբեթի ռոտոնդան չի պահպանվել), անկյունային մասերի ծածկերի հարթ առաստաղները ունեն բուսական, երկրաչափական ճոխ զարդաքանդակներ, իսկ կամարների հիմքերին և սյուների խոյակներին կան դրախտահավերի բարձրաքանդակներ: Գմբեթի հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը: Գավթի և համալիրի հնագույն եկեղեցու հս–արլ. անկյունում պահպանվել են ուղղանկյուն հատակագծով (3,5 մ x 5 մ), սպիտակավուն քարով շինված նշխարատան (XIII դ.) պատերը: Հիմնական հուշարձանախմբից արլ. կանգուն է վարդագույն և կարմրավուն անդեզիտի սրբատաշ խոշոր քարերով շինված, ներքուստ խաչաձև (եռաբսիդ, արմ. ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ (գետնախարիսխը շրջանաձև է) կենտրոնագմբեթ հորինվածքով Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Մ–ի առաջնորդ Հովհաննեսը՝ 1198-ին: Լուսամուտների պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող գոտու վրա կան թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի մենամարտ պատկերող հարթաքանդակներ: Գեղաքանդակ շքամուտքով դուռն արմ–ից է: Եկեղեցուն հս–ից կից է փոքրիկ, կիստվեր, թաղածածկ մատուռ: Մ–ի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտ–յան մեջ:
Պատկերազարդումը տես 176-րդ էջից հետո՝ ներդիրում և 368-369-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ I:
Գրկ. Սովետական Հայաստանի պատմական հուշարձանները, մաս 5, Ե., 1947 (կազմ. Եղիազարյան Հ.): Սարգսյան Գ., Մակարավանք, «Էջմիածին», 1954, № 2: Կարախանյան Գ., Մակարավանքի քանդակները և նրանց հեղինակը, «ՊԲՀ», 1974, № 4: Դիվան հայ վիմագրության, պր. 6, Ե., 1977 (կազմ. Ավագյան Ս. Ա.. Ջանփոլադյան Հ. Մ.):
ՄԱԿԱՐԴԱԿԱՉԱՓ, ռեզերվուարներում, փակ անոթներում, ջրավազաններում, տեխնոլոգիական ապարատներում հեղուկի մակարդակը չափող սարք: Կան գծային (չափումը կատարվում է ձողաքանոնով), լողանային, հիդրոստատիկական (մանոմետրի սկզբունքով), էլեկտրական (կոնտակտների միացում), ֆոտոէլեկտրական (ֆոտոէլեմենտի վրա ընկնող լույսի փնջի ընդհատում), ռադիոիզոտոպային և այլ Մ–եր: Օգտագործվում են ջերմատեխնիկայում, հիդրոտեխնիկայում և այլուր:
ՄԱԿԱՐԵՆԿՈ Անտոն Սեմյոնովիչ (1(13).3. 1888, Բելոպոլիե (այժմ՝ Սումիի մարզում) – 1.4.1939, Մոսկվա), սովետական մանկավարժ և գրող: Սովորել է Կրեմենչուգի քաղաքային ուսումնարանում, դրան կից մանկավարժական կուրսերում (1905), 1917-ին ավարտել է Պոլտավայի ուսուցչական ինստ.: 1920-30-ական թթ. ղեկավարել է անչափահաս իրավախախտների աշխատանքային գաղութը (Պոլտավայի մոտ) և Ֆ. Է. Ձերժինսկու անվ. մանկական աշխատանքային կոմունան (Խարկովի արվարձանում): Մ. խնամքից զուրկ, իրավախախտ երեխաների մասսայական վերադաստիարակման մանկավարժական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/170
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է