5-ին, Վ. Գ. Լազարևի հետ թռիչք է կատարել «Սոյուզ» տիեզերանավով, սակայն թռիչքն ընդհատվել է կրող հրթիռի շարժման պարամետրերի շեղման պատճառով։ 1978-ի հունվ․ 10-16-ը, Վ. Ա. Ջանիբեկովի հետ, որպես բորտ–ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–27» տիեզերանավով և «Սոյուզ–26» (տիեզերագնացներ Յու.Վ. Ռոմանենկո, Գ. Մ. Գրեչկո) տիեզերանավին կցված «Սալյուտ–6» ուղեծրակայանով: Վայրէջք է կատարել «Սոյուզ–26» տիեզերանավով: 1980-ի նոյեմբ․ 27-ին Լ. Դ. Կիզիմի և Գ. Մ. Ստրեկալովի հետ, որպես բորտ–ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–Տ–3» տիեզերանավով: Նոյեմբ. 28-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–6» ուղեծրակայանին, և համատեղ թռիչքը շարունակվել է մինչև դեկտ. 10-ը: Մ. Լ. Կիզիմի և Գ. Ստրեկալովի հետ վայրէջք է կատարել «Սոյուզ–Տ–3» տիեզերանավով՝ 1980-ի դեկտ․ 10-ին: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով:
ՄԱԿԱՐՈՎԱ Տամարա Ֆեոդորովնա (ծն․ 1907, Պետերբուրգ), ռուս սովետական կինոդերասանուհի: ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1950): ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1930-ին ավարտել է Լենինգրադի բեմական արվեստի ինստ-ը: 1944-ից դասավանդում է Համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստ-ում (պրոֆեսոր՝ 1968-ից): 1934-ից հիմնականում հանդես է եկել Ս. Ա. Գերասիմովի ֆիլմերում: Ստեղծել է մեղմ կանացիությամբ, ջերմ հոգով օժտված ռուս․ ազգային բնավորություններ: Լավագույն դերերից են՝ Նատաշա («Կոմսոմոլսկ», 1938), Ագրաֆենա («Ուսուցիչը», 1939), Նինա («Դիմակահանդես», 1941), Պանինա («Ժուռնալիստը», 1967), Պետրուշկովա («Սիրել մարդուն», 1972): Արժանացել է ՍՍՀՍ պետ․ մրցանակների (1941, 1947):
ՄԱԿԱՐՏԻ (McCarthy) Ջոզեֆ Ռայմոնդ (1908-1957), ամերիկյան քաղաքական գործիչ: 1946-57-ին սենատոր (հանրապետական) Վիսկոնսին նահանգից: Մ-ի անվան հետ է կապված 1950-ական թթ սկզբի ԱՄՆ–ի քաղ. կյանքի խիստ հետադիմական հոսանքը՝ մակարտիզմը: Որպես սենատական հանձնաժողովի նախագահ, հանդես է եկել հօգուտ «սառը պատերազմի» ուժեղացման, հակադեմոկրատական և հակաբանվորական օրենքների ընդունման, բորբոքել հակակոմունիստական հիստերիա:
ՄԱԿԲԱՅ, խոսքի մաս, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշի հատկանիշը: Նյութական իմաստ ունեցող խոսքի մասերից միակն է, որ չի թեքվում՝ չի ենթարկվում քերականական փոփոխության: Կան սակավաթիվ Մ–ներ, որ ունեն համեմատության աստիճան (արագ–ավելի արագ–ամենաարագ, ուշ–ավելի ուշ–ամենաուշ): Մ. դրվում է հատկանիշ արտահայտող բառերի, առավելապես՝ բայի (միշտ աշխատել, բարոյապես հաղթել), ինչպես նաև ածականի (հազիվ նկատելի, արտաքուստ գեղեցիկ), թվականի (ընդամենը հարյուր, մոտավորապես քսան), դերանվան (համարյա բոլոր, գրեթե նույնքան), բայանվան (միանգամից արգելակում, լիովին ոչնչացում) վրա: Ըստ իմաստի Մ–ները լինում են տեղի, ժամանակի, ձևի, չափի: Որոշ Մ–ների մեջ համատեղվում են մեկից ավելի իմաստներ, և այդ պատճառով դրանք կոչվում են ընդհանրական (շարունակ, մերթ ընդ մերթ Մ–ներն ունեն և՛ ժամանակի, և՛ ձևի, և՛ չափի իմաստ): Մ. չթեքվող խոսքի մասերից միակն է, որ հանդես է գալիս որպես նախադասության անդամ, գերազանցապես լինում է պարագա՝ տեղի (բարձրացան վեր), ժամանակի (հիմա կգան), ձևի (արագ հեռացավ), չափի (բազմիցս հայտնվել է), ստորոգելիական վերադիր (ընթացքն արագ էր), որոշիչ (դանդաղ ընթացք): Շատ Մ–ներ նախադասության անդամ են դառնում այլ բառի հետ կապակցված (կրկնակի շքանշանակիր գունդ, մոտ հազար գիրք): Որոշ Մ–ներ ինքնուրույնաբար կազմում են միակազմ նախադասություն (Ուշ է: Շուտ է): Ավելի Մ. հանդես է գալիս որպես ածականի բաղդատական աստիճանը կազմող ձևաբանական միջոց (ավելի լավ):
Կազմավորման ու կազմության տեսակետից Մ. ինքնատիպ խոսքի, մաս է: Մի շարք արմատական Մ–ներ (դեռ, միշտ, վաղ) գալիս են հին հայերենից, շատ Մ–ներ առաջացել են քերականական ձևերի քարացումից (մասամբ, հազիվ, շուտով), շատերն էլ կազմվում են բառաբարդումով (բացեիբաց), առավել արդյունավետ է Մ–ների կազմության ածանցման միջոցը: Ժամանակակից հայերենի համեմատաբար գործուն մակբայակերտ ածանցներն են՝ (ա)բար (գիտակցաբար), (ա)պես (արմատապես, նյութապես), որեն (լայնորեն, տեսականորեն), ովին (լիովին, հիմնովին): Որոշ ածանցներ Մ–ների կազմությանը մասնակցում են երկրորդաբար՝ ակի (շեղակի), անց (սրտանց), ովի (յուրովի):
Գրկ. Աբրահամյան Ս. Գ., Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում, Ե., 1965: . Աբեղյան Մ., Երկ., հ. 6, Ե., 1974:
ՄԱԿԴԻՎԻԴ (McDivitt) Ջեյմս (ծն. 1929), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ: Ավարտել է Միչիգանի համալսարանը (1959), ռազմաօդային ուժերի փորձարկոդ օդաչուների դպրոցը (ռազմաօդային ուժերի Էդուարդս բազայում, 1966), աերոտիեզերական հետազոտությունների օդաչուների պատրաստման դպրոցը (1961): ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1962-ից: 1965-ի հունիսի 3-7-ը, Է. Ուայթի) հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի–4» տիեզերանավով: 1969-ի մարտի 3-13-ը, Դ. Սկոտի և Ռ. Շվայկարթի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն–9» տիեզերանավով: Երկու թռիչքների ընթացքում տիեզերքում մնացել է 338 ժ 57 ր:
ՄԱԿԴԻՐ, էպիտետ, բանարվեստի և ոճաբանության հասկացություն: Գեղարվեստական խոսքի ամենատարածված արտահայտամիջոցներից, որն առանձնահատուկ ձևով բնորոշում է առարկան, երևույթը, գործողությունը («լուսեղեն ճամփա» (Մ. Մեծարենց), «ողբանվագ, լացակումած լար» (Ե. Չարենց)): Մ. գեղարվեստական պատկեր ստեղծելու գլխավոր միջոցներից է: Երբեմն Մ. կարող է խտացնել մի ամբողջ նկարագրություն («մահախուճապ սերունդներ» (Ա. Իսահակյան)):
ՄԱԿԴՈՆԱԼԴ (Macdonald) Ջեյմս Ռամսեյ (1866-1937), անգլիական պետական և քաղաքական գործիչ: Լեյբորիստական կուսակցության ղեկավարներից: 1924-ին և 1929-31-ին լեյբորիստական կառավարության պրեմիեր մինիստր: Նպաստել է, այսպես կոչված, Դաուեսի պլանի ընդունմանը: 1924-ին Մ–ի կառավարությունը դե յուրե ճանաչել է սովետական կառավարությունը, իսկ 1929-ին վերականգնել 1927-ին խզված դիվանագիտական հարաբերությունները: Մ–ի ժամանակ ըստ էության շարունակվել է պահպանողականների գաղութային քաղաքականությունը, ճնշվել է ազգային–ազատագրական շարժումը Հնդկաստանում, Իրաքում և այլ անգլ. գաղութներում:
ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ (ՀԱՅԿԱԿԱՆ) ԴԻՆԱՍՏԻԱ, կայսերական դինաստիա Բյուզանդիայում 867-1056-ին: Հիմնադիրը Մակեդոնիա բանակաթեմում ծնված (այստեղից էլ՝ դինաստիայի անվանումը) հայազգի Վասիլ I էր: Դինաստիայի կայսրերի զգալի մասը խոչընդոտել է խոշոր հողատիրության զարգացումը, վարել մանր գյուղացիական հողատիրությունը պահպանելու քաղաքականություն (գյուղացիությանը հարկատու և բանակը համալրող հիմնական տարրն էր): Բյուզանդական բանակը արաբներից վերագրավել է զգալի տարածքները, կայսրությանն է ենթարկել Բուլղարիան: Բանակում վճռական դեր է խաղացել հայ իշխանների զորքը, աչքի են ընկել հայազգի զորավարներ Մելիասը (Մլեհ Մեծ), Հովհաննես և Թեոփիլոս Կուրկուասները և ուրիշներ: Դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում Բյուզանդիան, Հուստինիանոս I-ից հետո, վերստին հասավ իր հզորության գագաթնակետին: Հայաստանը դիտելով իբրև արաբներին հակազդող ուժ, սկզբնական ժամանակաշրջանում վարել են հայերի հետ դաշնակցելու քաղաքականություն (893-ին կնքվել է առևտրական պայմանագիր, 973 կամ 974-ին՝ հաշտություն ևն): Հետագայում՝ մասնավորապես Վասիլ II-ի և Կոստանդին IX Մոնոմախոսի ժամանակ, երբ խալիֆայությունը թուլացել էր, և Հայաստանի նշանակությունը ընկել, աստիճանաբար զավթել են Բագրատունյաց Հայաստանի հողերը, իսկ 1045-ին վերացրել թագավորությունը:
Դինաստիայի կայսրերը՝
Վասիլ I (867-886), Լևոն VI Իմաստուն (886-912), Ալեքսանդրոս (912-913),