Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


(վիբրացիոն, ճոճվող), թմբուկային (պատվող) և այլ Մ–եր կիրառվում են հիմնականում հանքանյութերի հարստացման համար, շինարարության մեջ (հող, գաջ, ցեմենտ, ավազ ևն մաղելու), ալրաղաց և համակցված կերերի գործարաններում:
Հայաստանում գործածվել են կաշեփոկերից հյուսված կալեմաղը կամ շատրարը (նոր կալսված հացահատիկը մաղելու համար), քարմաղը (քարերն ու պատճոտ հատիկները զատելու համար), փոկեմաղը կամ խախալը (հողն ու ծղոտի մասերը հեռացնելու համար): Հացի ալյուր մաղելու համար գործածվել է ձիու մազից հյուսված ալրմաղը, իսկ նշխարքի ու խմորեղենի ալյուրի համար՝ նուրբ կտորից, պղնձալարից կամ ձիու բաշի բարակ մազերից հյուսված շարմաղը (շերտիկ):Լ. Պետրոսյան ՄԱՂԱԴԱՆՈՍ (Petroselinum), կարոս, հովանոցավորների ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 3 տեսակ, մշակության մեջ մեկը՝ բանջարանոցային Մ. կամ ցանովի Մ. (P. sativum կամ P. erisum): Երկամյա, խաչաձև փոշոտվող բույս է: Առաջին տարում առաջացնում է տերևների վարդակ և արմատապտուղ, երկրորդում՝ ծաղկակիր ցողուն (75-150 սմ բարձրությամբ) և սերմ: Վարդակի տերևները խիստ կտրտված են, եռակի փետրաձև, փայլուն մակերեսով, մուգ կանաչ գույնի: Ծաղիկները մանր են և դեղնականաչավուն: Պտուղը երկսերմ է, սերմերը մանր են, ունեն բնորոշ հոտ և մոխրականաչ գույն: Հայտնի է Մ–ի երկու տարատեսակ՝ Մ. արմատապտղային և Մ. տերևային: Արմատապտղայինը մշակվում է բաց դաշտում: Սպիտակ արմատիկները օգտագործվում են բանջարեղենի, ձկան և մսի պահածոների արտադրության մեջ:
Տերևային Մ. ցանում են վաղ գարնանը՝ մարտ–ապրիլ, և աշնանը՝ սեպտեմբեր ամիսներին: Մ. տարածված կանաչեղեն է, օգտագործվում է որպես համեմունք (թարմ և չորացրած) կերակուրների, թթուների, պահածոների մեջ: Հարուստ է վիտամիններով, հանքային աղերով և եթերայուղերով: Տերևների թուրմը և սերմերը (փոշու ձևով) միզամուղ միջոցներ են: ՍՍՀՄ–ում մշակվում է առավելապես արմատապտղային Մ., ՀՍՍՀ–ում՝ տերևայինը:
ՄԱՂԱՅԻՆ ԱՆԱԼԻԶ, մանրացված նյութերի խոշորությունը որոշելու եղանակ՝ տարբեր չափերի անցքերով ստանդարտ մաղերի հավաքածուով մաղելու միջոցով:
ՄԱՂԱՍԱԲԵՐԴ, Մաղազբերդ, Մաղազիբերդ, ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ Գավառում, Ախուրյան գետի արևմտյան ափին, ձորեզրին բարձրացող քարաժայռի վրա, Անի քաղաքից 4 կմ հարավ: Հիմնվել է հնագույն ժամանակներում: Ըստ Շապուհ Բագրատունու, VI դ. վերջին այն վերակառուցել է Բյուզանդիայի Մորիկ կայսեր հայ կուսակալ Մաղաս իշխանը և կոչել իր անունով: Մ. հաջորդաբար եղել է Կամսարականների, Բագրատունիների, Զաքարյանների ռազմ. կարևոր հենակետերից մեկը և այլ ամրոցների հետ (Տիգնիս, Աղջկա բերդ ևն) ռազմագիտական տեսակետից Անին պաշտպանելու նպատակով կազմակերպված «միակենտրոն համակարգի» մասը կազմել: XVII դ. Մ. տակավին կանգուն էր: Զաքարիա Սարկավագն այն հիշատակում է որպես պարսկ. զորակայան:
Մ. երեք կողմից շրջափակված է Ախուրյանի ջրերով ու հզոր պարիսպներով, իսկ մի կողմից պաշտպանված խոր անդունդով: Հս–արմ.՝ ցամաքային կողմից կրկնապարիսպ էր, մուտքով: Ներքին և ավելի բարձր պարիսպները ամրացված էին կիսաբոլոր աշտարակներով: Ներքին պարսպի դարպասի մոտից ստորգետնյա գաղտնուղին քարաշեն սանդուղքով կապված էր Ախուրյանին: Բերդի ներսում պահպանվել են քարաշեն տների, մատուռների, պալատի, բաղնիքի, քառակուսի հատակագծով մեծ ջրամբարի և այլ շինությունների ավերակներ: Պարիսպները այժմ մեծ մասամբ կանգուն են:
Գրկ. Սարգիսյան Ն., Տեղագրութինք ի Փոքր և Մեծ Հայս, Վնտ., 1864: Ալիշան Ղ., Շիրակ, Վնտ., 1881:Ա. Զարյան ՄԱՂԱՎՈՒԶ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հյուսիս–արևմուտք: Խաղողագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, շերամապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, փոստ, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Մ–ում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (XIX դ.), Թուխկասարի (VIII դ.), Անապատ (XII դ.), Երեքմանկանց (XVII դ.) վանքերը, Ջրաբերդ (VII դ.), Կաղանկատույք գյուղատեղիները (VII դ.):
ՄԱՂԱՐԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Գանկալի գավառակում, 1914-ին ուներ մոտ 300 տուն (2400 անձ) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, մասամբ՝ առևտրով: Կար եկեղեցի և վարժարան: Բնակիչները ողջակիզվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Մի քանի հոգու հաջողվել է փրկվել և անցնել Արևելյան Հայաստան:
ՄԱՂԱՐԱՋՈՒՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և շաքարի ճակնդեղի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան:
ՄԱՂԱՔԻԱ ԱԲԵՂԱ, հայ պատմագիր և գրիչ: Տես Գրիգոր Ակներցի:
ՄԱՂԱՔԻԱ ՂՐԻՄԵՑԻ (XIV դ. սկիզբ, Ղրիմ – 1384, գ. Ապրակունիս (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Ջուլֆայի շրջանում)), մշակութային գործիչ: Սովորել է Հովհաննես Որոտնեցու բարձրագույն դպրոցում, ստացել վարդապետական աստիճան: Հոր մահից հետո վաճառել է նրա ողջ ունեցվածքը և այդ միջոցներով հովանավորել Սյունիքում բացված երկու դպրոց, որոնցից մեկը տնօրինել է Հովհաննես Որոտնեցին (Որոտնավանքում), մյուսը՝ Սարգիս Ապրակունեցի րաբունապետը (Ապրակունիս գյուղին մերձակա Ս. Գևորգ վանքում): Այդ ուսումնական հաստատությունների նպատակն էր պայքարել կաթոլիկ եկեղեցու գործակալների՝ ունիթոռների (միարարների) դեմ, որոնք կաթոլիկություն տարածելու նպատակով հաստատվել էին Ապրակունիսի դիմաց, Երնջակ գետի ձախ ափին՝ Քռնա գյուղում: Նրանց գլխավորում էր Հովհաննես Քռնեցին: Պայքարի բուռն շրջանում 1380-ական թթ. Հովհաննես Որոտնեցու դպրոցը տեղափոխվում է Ապրակունիս, իսկ Սարգիս Ապրակունեցու դպրոցը՝ Աստապատ գյուղ: Մ. Ղ. ոչ միայն հովանավորել է այդ դպրոցները, այլև դասավանդել այնտեղ: Տասնհինգամյա պայքարից հետո հակաունիթոռական շարժման ակտիվի մասնակից Մ. Ղ–ին 1384-ին Ապրակոլնիսում թունավորում է ունիթոռներից կաշառված իր սաներից մեկի մայրը:Ա. Մաթևոսյան ՄԱՂԱՔԻԱ ՃԵՎԱՀԻՐՃՅԱՆ, Մաղաքիա տիրացու Ճեվահիրճի, Մաղաքիա Դպիր (ծն. և մահ. թթ. անհտ.), XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ժամանակագիր: Ծնվել է Խարբերդի գավառի Չնքուշ ավանում, որտեղից ընտանիքով տեղափոխվել է Կ. Պոլիս: Հայտնի է «Գաւազանագիրք կաթողիկոսացն Հայոց» և «Ժամանակագրութիւն» անտիպ գործերով: Վերջինս հայոց պատմության 551-1707-ի դեպքերի համառոտ տարեգրությունն է: Այս երկը Մ. Չամչյանի հիմնական աղբյուրն է եղել 1691-1707-ի պատմությունը շարադրելիս:
Գրկ. Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786: Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901:Պ. Խաչատրյան ՄԱՂԱՔՅԱՆ Հարություն Կարապետի (8.4. 1902, ք. Ախալքալաք – 18.2.1954, Երևան), հայ սովետական երկրաբուսաբան: Կենսաբանական գիտ. դ-ր (1938), պրոֆեսոր (1938), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1945): ՍՄԿԿ անդամ 1948-ից: 1925-ին ավարտել