տափօղակի միջոցով Մ–ի ճնշումը հաղորդում է նախապատրաստուկին: Հաճախ դրոշմոցի նույն մասը միաժամանակ ծառայում է որպես Մ. և մամլամայր:
ՄԱՄԼԻՉ, ճնշմամբ նյութերի մշակման ստատիկ գործողության մեքենա: Լայնորեն կիրառվում է արդյունաբերության տարբեր բնագավառներում՝ մետաղների, պլաստիկ զանգվածների, ռետինի, սննդամթերքի և այլ նյութերի մշակման, ինչպես նաև բարձր ճնշման պայմաններում դրանց հատկությունների ուսումնասիրման համար: Մ–ներն առավելապես տարածված են մետաղամշակման արդյունաբերության մեջ՝ կռման, ծավալային և թերթային դրոշմման, ատամնանիվների հավաքման գործողությունների, մեխանիկական փորձարկումների և այլ նպատակների համար:
Դեռևս XV-XVI դդ. մետաղամշակման հետ կապ չունեցող տարբեր արհեստներում կիրառում էին ձեռքի հաղորդակով պտուտակաձև Մ–ներ: XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին պտուտակաձև Մ–ներն սկսեցին կիրառել ճնշմամբ մետաղների մշակման, մասնավորապես դրամահատման և մեդալների դրոշմման համար: XIX-XX դ. կեսերին դարբնոցա–դրոշմիչ արտադրությունում լայն տարածում ստացան հիդրավլիկական մամլիչները:
Մ–ի հիմնական մասերն են. սողանը, հենոցը՝ սողանի ուղղորդիչներով ու սեղանով, հաղորդակը, կառավարման մեխանիզմները, մեքենայացման ու ավտոմատացման միջոցները, գործիքը: Գործիքի շարժական մասն ամրացվում է սողանին (որը կատարում է ետադարձ–համընթաց շարժում), անշարժ մասը՝ սեղանին: Շինվածքի ձևագոյացման համար նախապատրաստուկը դնում են գործիքի շարժական և անշարժ մասերի միջև ու ճնշում: Մ–ի գլխավոր պարամետրերն են. նոմինալ ճիգերը, սողանի շարժման ընթացքն ու արագությունը, սեղանի չափերը: Ըստ հաղորդակի տեսակի Մ–ները լինում են հիդրավլիկական, մեխանիկական (շուռտվիկային, պտուտակավոր, ֆրիկցիոն) և հիդրոմեխանիկական (նկ.): Կան նաև պնևմատիկ, էլեկտրամագնիսական, էլեկտրահիդրավլիկական Մ–ներ, որոնք լայն կիրառում չեն ստացել արդյունաբերության մեջ: Հիդրավլիկական Մ–ներում սողանը շարժվում է հեղուկի ճնշման տակ, իսկ մեխանիկական Մ–ներն աշխատում են շուռտվիկաշարժաթևային մեխանիզմների, արտակենտրոնակների, լծակների համակարգի առաջացրած ճիգերով: Ըստ նշանակման տարբերում են սողանի ուղղաձիգ (օրինակ, դրոշմման համար) և հորիզոնական (օրինակ, մամլման համար) շարժումով Մ–ներ: Ամենահզոր Մ–ները հիդրավլիկական Մ–ներն են: Դրանցից առավել խոշորը՝ դրոշմիչ Մ., զարգացնում է 735 Մն ճիգեր, շուռտվիկայինը՝ 100 Մն, իսկ պտուտակավորը՝ մոտ 125 Մն: Մ–ներով նյութերի մշակման սկզբունքային առավելությունն այն է, որ պրոցեսը տեղի է ունենում առանց կտրման, հետևաբար և առանց մնացուկների գոյացման: Բացի այդ, Մ–ները բնութագրվում են բարձր արտադրողականությամբ և մշակվող դետալների լավ մեխանիկական հատկություններով:
Հայկական ՍՍՀ–ում Մ–ներ արտադրում է Լենինականի դարբնոցա–մամլիչային սարքավորումների գործարանը:
ՄԱՄԼՈՒՄ, ճնշման միջոցով նյութերի մշակման պրոցես, որի հետևանքով տեղի է ունենում նյութի խտացում, ձևի փոփոխություն, հեղուկ և պինդ ֆազերի անջատում, մեխանիկական և այլ հատկությունների փոփոխություն: Սովորաբար կատարվում է մամլիչներով: Մ–ով ստանում են նախապատրաստուկներ և շինվածքներ մետաղներից, պոլիմերային նյութերից, փայտանյութից ևն: Մ. կիրառում են նաև ծավալային փխրուն նյութերի (բամբակ, մանվածք, խոտ) փաթեթավորման և երկրորդային հումքի (տաշեղ աղբ, մնացուկներ) վերամշակման համար: «Մ.» տերմինը չի վերաբերում մամլիչների վրա կատարվող կռման և դրոշմման պրոցեսներին: Մետաղների Մ–ման հետևանքով ստացվում են կիսաֆաբրիկատներ և շինվածքներ՝ ձողերի, խոդովակների, բարակապատ բաժակների և կափույրների տեսքով: Պրոցեսի ընթացքում փակ խոռոչում գտնվող նյութը արտասեղմվում է մամլամայրի անցքի միջով: Ձողիկների և խողովակների Մ. հիմնականում կատարվում է հորիզոնական մամլիչներով, իսկ ձևավոր շինվածքներինը՝ ուղղաձիգ շուռտվիկային մամլիչներով: Պոլիմերային նյութերի Մ. իրականացվում է մամլիչների վրա տեղադրված մամլակաղապարներում: Ըստ Մ–ման պրոցեսի ջերմաստիճանի տարբերում են տաք և սառը Մ.: Խոտի Մ–ման հետևանքով ցրուն խոտից մեխանիկական խտացման եղանակով ստացվում են տարբեր չափսերի և խտության կապոցներ: Մամլված խոտի ծավալը 5-8 անգամ փոքր է ցրուն խոտի ծավալից: Կապոցներում ավելի լավ են պահպանվում բույսի հեշտ փշրվող և առավել նուրբ ու արժեքավոր մասերը: Տես նաև Բրիկետացում, Մամլած փայտանյութ, Փոշեմետալուրգիա:
ՄԱՄԼՈՒՔՆԵՐ (< արաբ. մուլք – սեփականություն, բառացի՝ որևէ մեկին պատկանող (ստրուկ)), վաղ հասակում գերված կամ գնված, մահմեդականացված և ռազմական գործին վարժեցված սպիտակամորթ ստրուկներ: Եգիպտոսի Էյուբյանները XIII դ. սկզբին Մ–ից ստեղծեցին հատուկ զինվորական ընտրանի, որը դարձավ խաչակիրների դեմ պայքարող գլխավոր ուժը: Եգիպտոսի սուլթան Նաջմ ադ Դինի (1240-49) այրին (ըստ արաբ պատմիչների՝ ծագումով հայ)՝ Շաջար ադ Դորը (Մարգարտածառ), 1250-ին Մ–ի ձեռքով սպանեց գահաժառանգին և հռչակվեց «Իսլամների սուլթանուհի»: Այնուհետև Աբբասյան խալիֆայի պահանջով ամուսնացավ Մ–ի զորապետ Այբակի (1250-57) հետ և գահը զիջեց նրան: Իշխանության գլուխ անցնելով՝ 9-12 հզ–անոց Մ–ի վերնախավը վերածվեց Եգիպտոսի ռազմա–ֆեոդալական ավագանու: Եգիպտոսում իշխել է Մ–ի երկու խմբավորում: 1250-1382-ին իշխանության գլուխ կանգնած էր մեծ մասամբ թյուրքալեզու ռազմիկներից կազմված Բահրի (Ծովային) խմբավորումը: Բահրիների օրոք, հակառակ Մ–ի սովորության (սուլթանի մահից հետո իշխանությունը անցնում էր նրա մամլուքին), իշխանությունը, ժառանգական իրավունքով, հիմնականում գտնվել է սուլթան Կալաունի (1279-90) տոհմի ձեռքին: 1382-ի հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցավ Բորջի կամ Բուրջի (Աշտարակային) խմբավորումը, նրանում գերիշխող էին փոքրասիական և կովկասյան ծագմամբ ռազմիկները, հիմնականում՝ հայեր և չերքեզներ (ըստ արաբ պատմիչ Մակրիզիի, XIII դ. վերջին սուլթանապատկան 6700 Մ–ից 3700-ը): Մ–ի օրոք Եգիպտոսն ապրեց տնտեսական և մշակութային նկատելի վերելք: Մ. վերացրին խաչակիրների իշխանությունները Մերձավոր Արևելքում, նվաճեցին Սիրիան, Պաղեստինը, Լիբանանը, Հիջազը, Լիբիան և Նուբիան: Երկարատև պայքար մղեցին Հուլավյան իլխանության և նրա դաշնակից Կիլիկիայի հայկ. պետության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/195
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ