դեմ: Այն Ջալուդի (1260) և Մառիի (1266) ճակատամարտերում պարտության մատնեցին հայկ. զորքը, գրավեցին և ավերեցին Սիսը, այնուհետև՝ Անտիոքի խաչակիրների իշխանությունը, հայերին պարտագրեցին ծանր պայմանագիր (1268): 1275-76-ին և 1279-ին հայկ. զորքերը վտարեցին Կիլիկիա ներխուժած Մ–ին: Սակայն երկիրը Մ–ի հարձակումներից զերծ պահելու համար Լևոն Գ 1285-ին ստորագրեց նոր ծանր պայմանագիր: 1292-ին Մ. գրավեցին Հայոց կաթողիկոսական աթոռանիստ Հռոմկլան: Հետագա տասնամյակներում Մ–ի և Կիլիկիայի հայերի միջև պայքարն ընթացել է փոփոխակի հաջողությամբ: 1337-ին Մ. գրավեցին Կիլիկիայի գլխավոր նավահանգիստ Այասը, իսկ 1375-ին կործանեցին Կիլիկիայի հայկ. պետությունը: XV դ. Մ. գրավեցին Կիպրոսը: 1517-ին օսմանյան սուլթան Սելիմ I նվաճեց Եգիպտոսը, վերացրեց Մ–ի տիրապետությունը, թեև Մ. պահպանեցին իրենց ռազմ. կազմակերպությունը, մնացին հողատեր իշխաններ: Օսմանյան կայսրության թուլացման պայմաններում Մ. XVII դ. հզորացան, դարձան ինքնիշխան և 1768-1774-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ Ալի բեյի գլխավորությամբ փորձեցին ազատագրել Պաղեստինն ու Սիրիան: 1808-ին Մուհամմեդ Ալին Մ–ին զրկեց հողատիրական իրավունքից, իսկ 1811-ին բնաջնջեց նրանց:
Գրկ. Սուֆյան Հ., Եգիպտոսի հայ մեմլուքներն ու իշխանները Ֆաթիմյան շրջանին, Կահիրե, 1928: Մսրլյան Գ., Ականավոր հայեր Եգիպտոսի մեջ, Կահիրե, 1947: Ал-Холи Амин, Связи между Нилом и Волгой в XIII-XIV вв., М., 1962; Семенова Л. А., Салах ад-Дин и мамлюки в Египте, М., 1966.
ՄԱՄԽԱՍԱԼՈՐԵՆԻ (Prunus insititia), վարդագգիների ընտանիքի սալորենու ցեղի բույս: Երկարակյաց է, ապրում է 40-50 տարի: Բերքատու է դառնում տնկումից 3-4 տարի հետո: Ծառեր են՝ 5-6 մ բարձրությամբ, սաղարթը լայն-կլորավուն, երբեմն՝ լայն-բրգաձև, բնի կեղևը՝ անհարթ, ճյուղերը՝ առանց փշերի: Ծաղիկները երկսեռ են, մանր սպիտակավուն, ինքնափոշոտվող (հակված է նաև խաչաձև փոշոտման): Պտուղները մանր են կամ միջին մեծության (15-30 գ), օվալաձև, մաշկը՝ սև մանուշակագույն երանգի՝ պատված բաց կապտավուն մոմաշերտով: Պտղամիսը՝ կանաչ դեղնավուն, հյութալի, քաղցրաթթվաշ համի: Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, պովիդլո, չիր ևն): Մեկ ծառից ստացվում է 40-50 կգ բերք: Բազմանում է սերմերով, պատվաստներով և մացառներով: Ցրտադիմացկուն է, կայուն հիվանդությունների և վնասատուների նկատմամբ: Մշակվում է Եվրոպայում, ՍՍՀՄ–ում, ՀՍՍՀ–ում՝ Մեղրու, Եղեգնաձորի, Նոյեմբերյանի, Թումանյանի շրջաններում:
ՄԱՄԽԻ, մամխենի (Prunus spinosa), վարդազգիների ընտանիքի սալորենու ցեղի բույս: Ոչ մեծ թուփ է, հազվադեպ՝ 4-8 մ բարձրությամբ ծառ: Սաղարթը լայն ու գնդաձև է, երբեմն՝ բրգաձև: Բունը և ճյուղերը փշոտ են: Տերևները խոշոր են, ատամնաեզր: Ծաղիկները՝ մանր, սպիտակ: Պտուղները մանր են (10-25 գ), կլոր, սև կապտավուն: Պտուղներից պատրաստում են մուրաբա, գինի, չիր ևն: Ցրտա–երաշտակայուն է: Բազմանում է մացառներով: Օգտագործվում է որպես ցածրաճ պատվաստակալ և ելակետային նյութ՝ ցրտա–չորադիմացկուն նոր սորտեր ստանալու համար: Վայրի Մ. աճում է ՍՍՀՄ կենտրոնական գոտում, Հյուսիսային Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Անդրկովկասում: ՀՍՍՀ–ում տարածված է Իջևանի., Նոյեմբերյանի, Թումանյանի, Գուգարքի, Եղեգնաձորի, Մեղրու շրջաններում:
ՄԱՄՅԱՆ Հենրիկ Արամի (ծն. 24.4.1934, Երևան), հայ սովետական նկարիչ: 1953-1959-ին սովորել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ-ում (1960-ից՝ նույն ինստ-ի դասախոս): Աշխատում է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում: Ձևավորել է մոտ 90 գիրք; Վ. Դավթյանի «Ասք սիրո և սրի» (1968, լինոփորագրություն), Ե. Չարենցի «Ամբոխները խելագարված» (1968-77, ցինկոգրաֆիա), Լ. Շանթի «Հին աստվածներ» (1969-74, ցինկոգրաֆիա), Դ. Վարուժանի «Հարճը» (1979, ցինկոգրաֆիա, 1979-ին Մոսկվայում կայացած գրքի համամիութենական ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի): 1965-ին նկարիչ Հ. Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում, Լենինականում (1980), Երևանում (1981): Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի:
ՄԱՄՈՆՏ (Mammuthus primigenius), փղերի ընտանիքի անհետացած կաթնասուն: Ապրել է Եվրոպայում, Հյուսիսային Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, պլեյստոցենի երկրորդ կեսում: Մահացել է մոտ 10 հզ. տարի առաջ: Չափերով (բարձրությունը՝ 2,5-3,5 մ) Մ. չի գերազանցել այժմ ապրող փղերին, քաշը՝ մինչև 7 տ: Ծածկված է եղել խիտ բրդով և բրդատակի աղվամազով: Սնվել է խոտերով և թփուտներով, ձմռանը սնունդ է հայթայթել ձյան տակից՝ խիստ կորացված ժանիքների օգնությամբ: Մ. եղել է քարի դարում ապրող մարդու ժամանակակիցը: Սիբիրի հս–ում և Ալյասկայում հայտնաբերված են Մ–ի ավելի քան 40 դիեր, որոնք պահպանվել են հավերժական սառած ապարներում: Առավել լրիվ նմուշահատը պեղել է (1901–02) Պետերբուրգի ԳԱ արշավախումբը Բերյոզովկա գետի (Կոլիմայի վտակ) ափին: Այն ենթարկվել է անատոմիական, հյուսվածաբանական, կենսաքիմիական հետազոտությունների: Այդ Մ–ի պաճուճապատանքը և կմախքը ցուցադրված են ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի կենդանաբանական թանգարանում: Ցուցանմուշ կա նաև ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական թանգարանում: Մ–ի մնացորդները կարևոր ղեկավարող բրածոներ են անթրոպոգենի նստվածքների երկրաբանական հասակը որոշելու համար: Մ–ների սառած շերտերում գտնված ժանիքներն օգտագործվում են գեղարվեստական իրերի պատրաստման գործում:
ՄԱՄՈՆՏԻ ՔԱՐԱՆՁԱՎ (Mammoth Cave), աշխարհի խոշորագույն կարստային քարանձավներից մեկը ԱՄՆ–ում, Լուիսվիլ քաղաքի մոտ (Կենտուքի նահանգ): Մ. ք–ի հետախուզված մասն ընդգրկում է 225 անցում, 47 բարձր գմբեթ, 23 հորան: Խորշերի ընդհանուր երկարությունը 74 կմ է: Մ. ք–ում կան ստորգետնյա գետեր, որոնք կապված են Գրին Ռիվեր գետի համակարգի հետ: Քարանձավներում բնակվում են կույր ծղրիդներ և սարդեր, ջրամբարներում՝ կույր ձկներ և խեցգետիններ: Տուրիզմի վայր է:
ՄԱՄՐԻՉ (Clematis), հորոտ, պատաղիճ, մտրակակոթ, գորտնուկազգիների ընտանիքի բազմամյա խոտերի կամ ծառանման բույսերի ցեղ: Ցողունը փաթաթվող է, մագլցող կամ ուղիղ: Տերևները հակադիր են, պարզ, ամբողջաեզր, եռմասնյա կամ կենտ փետրաձև:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/196
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ