Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ծաղիկները մեկական են կամ ծաղկաբույլերով: Պտուղը բազմաընկուզիկ է: Հայտնի է Մ–ի ավելի քան 250 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 18: ՀՍՍՀ–ում տարածված են սովորական Մ. (C. vitalba) և արևելյան Մ. (C. orientalis), որոնք աճում են համարյա ամենուրեք, գետերի և առուների ափերին, թփուտներում: Հողի նկատմամբ պահանջկոտ չեն, հեշտությամբ բազմանում են սերմերով, բարձր դեկորատիվ են և կիրառվում են ուղղաձիգ կանաչապատման մեջ:
ՄԱՄՈՒԼ, լայն նշանակությամբ՝ ամբողջ տպագիր արտադրանքը, նեղ, բայց տարածված իմաստով՝ պարբերական հրատարակություններ, մասնավորապես, թերթեր ու ամսագրեր: Լինելով մասսայական ինֆորմացիայի, պրոպագանդայի ու ագիտացիայի հիմնական միջոցներից մեկը, մամուլը նաև հասարակական, քաղ. պայքարի հզոր զենք է, լուսավորության, գիտելիքների տարածման, մշակույթի զարգացման, աշխարհայացքի ձևավորման կարևոր օղակ: Ձևավորվել է Եվրոպայում, XV դ. (գրքեր, բրոշյուրներ, թռուցիկներ ևն): XVII դ. սկսեցին հրատարակվել թերթեր ու ամսագրեր, XIX դ. կեսերին ստեղծվեցին մամուլի գործակալությունններ: Սկզբնական շրջանում Մ. ծառայել է եկեղեցու գաղափարախոսությանը: Պատմական զարգացման ընթացքում, երբ եկեղեցին սկսեց աստիճանաբար կորցնել հասարակության հոգևոր կյանքի վրա ազդելու առաջնությունը, հանդես եկավ աշխարհիկ մամուլը, որն արտահայտում ու պաշտպանում էր տիրող դասակարգերի շահերը: Մարքսիզմի ծագման ու տարածման հետ միասին ծնվեց նաև նոր՝ հեղափոխական, պրոլետարական Մ.: Ռուսաստանում մարքսիզմի պրոպագանդման կարևոր միջոց էր Լենինի ստեղծած բուշևիկյան մամուլը: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո սկսվեց նոր, ժող. Մ–ի ստեղծման պրոցեսը: 1917-ի նոյեմբեր 10-ի՝ Մ–ի մասին դեկրետով արգելվեց հակահեղափոխական մամուլի հրատարակությունը և բանվորա–գյուղացիական կառավարությանը հանձնվեցին խոշորագույն մասնավոր տպարանները: ՌԿ(բ)Կ VIII (1919), XI (1922), XII (1923) համագումարները որոշեցին Մ–ի կուսակցական ղեկավարման ձևերն ու մեթոդները, նրա հիմնական խնդիրները, տարածման ուղիներն ու միջոցները: Հարց էր դրվում Մ. կոմունիստական դաստիարակության գործում կուսակցության մարտական զենք դարձնելու, տնտ., կուսակցական ու սովետական շինարարության բոլոր բնագավառներում կոլեկտիվ ագիտատորի, պրոպագանդիստի ու կոլեկտիվ կազմակերպչի նրա դերը ապահովելու համար: Սովետական Մ–ի հիմնական սկզբունքներն են բարձր գաղափարայնությունը, կուսակցականությունը, ճշմարտացիությունը, ժողովրդայնությունը, մասսայականությունը: ՍՍՀՄ–ում կուսակցական թերթերը լինում են կենտրոնական, հանրապետական, մարզային, քաղաքային, շրջանային, կան նաև երիտասարդական, արհմիութենական, գերատեսչական, մասնագիտական և բազմատիրաժ թերթեր: Ամսագրերն ըստ բնույթի լինում են. կուսակցական, հասարակական–քաղաքական, սոցիալ–տնտեսական, գրական–գեղարվեստական ևն: Մեր երկրում, կուսակցության ամենօրյա հոգատարության շնորհիվ, մամուլը դարձել է աշխատավորական մասսաներին մոբիլիզացնելու, կոմունիստական շինարարության ու երկրի կառավարման գործում նրանց ակտիվությունն ապահովելու հզոր միջոց:
Սոցիալիստական մյուս երկրներում Մ. զարգանում է մարքսիստական–լենինյան գաղափարախոսության և տնտ. կառավարման նոր սկզբունքների հիման վրա, ծառայում է նոր հասարակական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Զարգացող երկրների ազգային Մ. ամրապնդվում է գաղութային անցյալի ծանր հետևանքների և իմպերիալիստական գաղափարախոսության ազդեցության հաղթահարման պայմաններում:
Բուրժ. ժամանակակից քաղ. Մ. ծառայում է կապիտալիզմին, ամբողջովին ենթարկվում մոնոպոլիաների կամքին: Կապիտալիստական երկրներում բուրժ. Մ–ի գործունեությանը հակակշիռ է կոմունիստական և մյուս առաջադիմական, դեմոկրատական կազմակերպությունների Մ., որն արտահայտում է աշխատավորության շահերը (տես նաև Ժուռնալիստիկա և Հրատարակչական գործ):
ՄԱՄՈՒԼ, չափի միավոր հրատարակչական գործում և պոլիգրաֆիայում: Հեղինակային Մ. գրական ստեղծագործության ծավալի չափման միավոր է և հավասար 40 հզ. տպագրական նիշի (տառ, կետադրական նշաններ, թիվ, ինչպես նաև բառերի միջակա բացատներ) կամ բանաստեղծական նյութի 700 տողի կամ 3 հզ. սմ² տպված գրաֆիկական նյութի (պատկերազարդում, քարտեզ ևն): Թղթային Մ. հրատարակության թղթի քանակի հաշվառքի միավոր է: Թղթային Մ–ի ֆորմատը ՍՍՀՄ–ում սահմանված է ստանդարտով: Տպագրական Մ. հրատարակության բնական ծավալի չափի միավոր է: Տպագրական Մ–ի պայմանական միավոր է համարվում 60 X 90 սմ չափսի թուղթը: Տպագրական Մ. կոչվում է նաև ֆիզիկական Մ. (70 X 90, 70 X 108, 84 X 108 սմ): Հաշվա–հրատարակչական Մ. տպագրական հրատարակության ծավալի հաշվառքի միավոր է և կազմում է 40 հզ. նիշ կամ 700 բանաստեղծական տող կամ 3 հզ. սմ² գրաֆիկական նյութ: Տպագրված ստեղծագործության ծավալը հաշվվում է հաշվա–հրատարակչական Մ–ով, որն ընդգրկում է գրական աշխատության իսկական ծավալը հեղինակային Մ–ով, բոլոր այլ կարգի տեքստային ու գրաֆիկական նյութերի ծավալը (խմբագրական առաջաբան, էջատիտղոս, էջահամար ևն), որոնք տեղավորված են հրատարակությունում: Հաշվա–հրատարակչական Մ. կիրառվում է հրատարակչական պլանավորման և հաշվարկի, խմբագիրների, տեխ. խմբագիրների, սրբագրիչների աշխատանքի չափը որոշելու համար:
«ՄԱՄՈՒԼ», հասարակական, քաղաքական, զավեշտական եռօրյա հանդես (1869-70-ին՝ շաբաթական): Լույս է տեսել 1869-83-ին, Կ. Պոլսում: Տնօրեն–խմբագիր՝ Գ. Այվազյան: Հանդես է եկել պահպանողական հրատարակությունների, ազգային միասնականությունը պառակտողների, հատկապես հայ կաթոլիկ եկեղեցու գործունեության դեմ: Նյութեր է տպագրել Հայկ. հարցի ընթացքի, գավառների վիճակի, Վանի, Մուշի, Բաղեշի հայերի նկատմամբ քրդերի բռնությունների մասին, ծաղրել ժամանակի անընդունելի բարքերն ու սովորույթները: Ունեցել է գրական–բանասիրական բաժին, տպագրել թատերական տեսություններ, պոլսահայության ներքին կյանքին վերաբերող լուրեր: Նյութերի որոշ մասը հայատառ թուրք. է:
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, տես Դեմոկրատական ազատություններ:
ՄԱՄՈՒԼԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, պայմանագրային սկզբունքով ինֆորմացիա հավաքող, մշակող և թերթերին, հանդեսներին, ռադիոյին, հեռուստատեսությանը, հրատարակչություններին, կառավարական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ու մասնավոր անձանց տրամադրող կազմակերպություն: Կապիտալիստական երկրներում Մ. գ. սովորաբար մասնավոր է, սոցիալիստական երկրներում՝ պետ. կամ հասարակական: Մ. գ–յան ծագումը կապված է պարբերական հրատարակությունների զարգացման հետ: 1835-ին Շ. Հավասը (Ֆրանսիա) ստեղծեց թերթերին ինֆորմացիա մատակարարող Հավաս գործակալությունը: Այս գործակալության Լոնդոնի աշխատակից Պ. Ռեյտերը 1851-ին կազմակերպեց մինչև այժմ գործող Ռեյտերը, իսկ Բեռլինի աշխատակից Բ. Վոլֆը՝ «Վոլֆի հեռագրական բյուրոն»: Ռուս. առաջին Մ. գ–ներն էին Ռուսաստանի հեռագրական գործակալությունը (ՌՏԱ, 1866), Միջազգային հեռագրական գործակալությունը (ՄՏԱ, 1872), Հյուսիսային հեռագրական գործակալությունը (ՍՏԱ, 1882): 1918-ին ստեղծվեց ՌՈՍՏԱ–ն (1925-ից՝ ՏԱՍՍ): 1961-ին հիմնվեց Նորություններ մամուլի գործակալությունը (ԱՊՆ): Սոցիալիստական երկրներում գործում են. ՊԱՊ (Լեհաստան), ՄՏԱ (Հունգարիա), ԱԴՆ (ԳԴՀ), «Պրենսա Լատինա» (Կուբա), ԲՏԱ (Բուլղարիա), ՄՈՆՑԱՄԷ (Մոնղոլիա) ևն գործակալություններ: Կապիտալիստական երկրների խոշոր գործակալություններն են. Ֆրանս. պրեսը (Ֆրանսիա), Ասոշիեյտեդ պրեսը և Յունայտեդ պրես ինթերնեշընըլը (ԱՄՆ), Կիոդո Ցուսինը (Ճապոնիա) ևն: Մ. գ. օգտագործում է ընդունող–հաղորդող ռադիոկայաններ, բազմականալ հեռուստահեռագրական կապ, տելետայպ, տելեքս, լուսահեռատիպ ևն:
ՄԱՄՈՒԼԻ ՕՐ, բոլշևիկյան կուսակցական–սովետական մամուլի ավանդական օրը: Տոնվում է ամեն տարի, մայիսի 5-ին, ի նշանավորումն «Պրավդա»-ի առաջին համարի լույս ընծայման (1912): Առաջին անգամ նշվել է 1914-ին, «Պրավդա»-ի երկրորդ տարեդարձի օրը: ՌԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ և կուսակցության XI համագումարի հավանությամբ 1922-ից մայիսի 5-ը («Պրավդա–ի 10-ամյակի առթիվ)