մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը անպայման քրիստոնյա պետք է լիներ, և՝ ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նահանգական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կազայի և նահիեյի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական), կեսը պետք է քրիստոնյա լիներ: Խաղաղ ժամանակ համիդիե գնդերը զենք ու նշանազգեստ չպետք է կրեին: Բարենորոգումների ենթակա էին նաև (վեց նահանգներից բացի) կայսրության մյուս հայաշատ վայրերը (օրինակ, Հաճընը՝ Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի): Ծրագրի գործադրությունը հսկելու էր սուլթանից ընտրված և տերությունների հավանությանը արժանացած բարձր կոմիսարը:
Մ. բ–ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված հիմնականում գործող թուրք. օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ես՝ բավարարում նրանց քաղ. պահանջները, այդուհանդերձ, հանդիպեց օսմանյան կառավարության դիմադրությանը: Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ» և մի հակածրագիր. սկսվեց թուրքերի համար սովորական դարձած ձգձգումների քաղաքականությունը: Թուրք. կառավարությունը հույսը դնում էր մեծ տերությունների տարաձայնությունների վրա, որոնք հետապնդելով իմպերիալիստական շահեր Օսմանյան կայսրությունում, վճռական քայլերի չէին դիմի ինչ–որ մասնակի «բարենորոգումներ» անցկացնելու համար: Հայ քաղ. շրջանները փորձեցին ծրագրի գործադրությունը արագացնել խաղաղ միջոցներով (1895-ի սեպտ. 5-ի Բաբ Ալիի ցույցը ևն), որոնց օսմանյան կառավարությունը պատասխանեց հայերի ջարդով: Այդուհանդերձ Աբդուլ Համիդը հոկտ. 8-ին վավերացրեց «Մ. բ.»-ի փոքր–ինչ փոփոխված ծրագիրը, «բարձր կոմիսար» (Շաքիր փաշային) ուղարկեց Հայաստան բարենորոգումները «կենսագործելու» համար: Սակայն հայկ. կոտորածները վերսկսվեցին նոր թափով, որոնց զոհ գնաց 300 հզ. հայ (տես Հայկական կոտորածներ 1895-1896):
Գրկ. Լեո, Հայոց հարցի վավերագրերը, Թ., 1915: Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972, էջ 130-148:
ՄԱՅԻՍՅԱՆ ԲԶԵԶ, թերթաբեղիկավորների ընտանիքի Melolontha սեռի բզեզների 2 տեսակի ընդունված անվանումը: Երկարությունը 22-29 մմ է: Մարմինը՝ սն, վերնաթևերը՝ կարմրագորշ, պատված խիտ, գորշ մազիկներով: Բզեզի 2 տեսակի թրթուրները դեղնասպիտակավուն են (երկարությունը՝ մինչև 60 մմ) և համարյա չեն տարբերվում: Արևելյան Մ. բ. (Melolontha hippocastani) տարածված է Եվրոպայում և Ասիայում: ՍՍՀՄ–ում՝ եվրոպական մասում (բացի Ծայր Հյուսիսից) և Սիբիրում՝ մինչև Անդրբայկալ: Արևմտյան Մ. բ. (Melolontha melolontha) հանդիպում է միայն Եվրոպայում, ՍՍՀՄ–ում՝ եվրոպական մասի արմ–ում և հվ–ում: Մ. բ. մեծ վնաս է հասցնում պտղատու, հատապտղային և անտառային ծառերի ու թփերի մատղաշ տնկիներին, ինչպես նաև բանջարանոցային ու դաշտային կուլտուրաներին (զանգվածային թռիչքի տարիներին լրիվ ուտում են տերևները): Բզեզների թռիչքն սկսվում է մայիսին, հվ–ում՝ ապրիլի վերջին: Թռիչքի սկզբից 10-20 օր հետո զուգավորվում են, ապա էգը հողում մի քանի անգամ ձվադրելուց (50-70 ձու ընդհանուր քանակով) հետո սատկում է: Առավել վնասակար են թրթուրները, որոնք սկզբից սնվում են հումուսով և խոտաբույսերի, ապա՝ ծառերի արմատներով: Հողում թրթուրի զարգացումը շարունակվում է 4-5 տարի: Հատկապես տուժում են սոճու մատղաշ տնկիները: Թրթուրներով վարակված տնկիները և սերմնաբույսերն արագ ոչնչանում են կամ դանդաղում է դրանց բնականոն զարգացումը:
Պայքարի միջոցներն են՝ առողջ և դիմացկուն տնկարկների աճեցումն ապահովող միջոցառումներ (մեկ կամ երկու տարվա ցել, ծառա- և թփատեսակների ճիշտ ընտրություն ցանքա- և տնկանյութի բարձրարժեք սորտերի օգտագործում), միջատասպաններով տնկարկների (բզեզի թռիչքի շրջանում), տնկումից առաջ տնկանյութի արմատների մշակում միջատասպան նյութերով և հողում թրթուրների ոչնչացում:
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՅԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ, Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս-արևմուտք: Մտնում է Հացիկի գյուղսովետի վարչական տերիտորիայի մեջ: Կայարանը կառուցվել է 1898-ին:
«ՄԱՅԻՍՅԱՆ» ՍՈՎԽՈԶԻ 2-ՐԴ ՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԱՆ, Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ արևելք: Խաղողագործական, պտղաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մսուր-մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար: Հիմնադրել են Ախուրյանի, Թալինի շրջաններից եկածները, 1932-ին:
ՄԱՅԿՈՊ (ադըղեերեն՝ խնձորենու հովիտ), քաղաք, Ադըղեական ԻՄ վարչական կենտրոնը: Գտնվում է Կուբանի վտակ Բելայա գետի աջ ափին, Տուապսե–Ուստ–Լաբինսկ ավտոճանապարհին: 130 հզ. բն. (1980): Ունի երկաթուղային կայարան: Արդյունաբերության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է: Կան թղթի և փայտամշակման, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, անտառառաքման և արդկապի, մետաղահատ հաստոցների և այլ գործարաններ, ՀԷԿ, մանկավարժական ինստ., 6 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, էկոնոմիկայի, լեզվի, գրականության և պատմության Ադըղեական ԳՀԻ, պատմա–հայրենագիտական թանգարան, դրամատիկական թատրոն: Մ. հիմնադրվել է 1857-ին՝ որպես ռուս. ամրոց: Քաղաք է 1870-ից:
ՄԱՅԿՈՊՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, մ. թ. ա. III հազարամյակի մշակույթ Հյուսիսային Կովկասի նախալեռներում: Անվանումն ստացել է Մայկոպյան դամբարանաբլուրից: Ներկայացված է բազմաթիվ դամբարանաբլուրներով, երբեմն՝ ամրացված բնակատեղիներով: Մ. մ–ի ուշ շրջանում երևան են եկել քարե դամբարաններ, այդ թվում՝ դոլմեններ: Աշխատանքային հիմնական գործիքներն ու զենքերը եղել են քարե գայլիկոնված կացինները, դանակի շեղբերը, մանգաղներն ու նետասլաքները, պղնձե կացինները, արորը, եղանները, դաշույնները, նիզակի ծայրերը: Մ. մ–ին հատուկ է կարմիր, փայլեցված, երբեմն՝ զարդարուն խեցեղենը: Մի շարք զարդեր ցույց են տալիս Մ. մ–ի կապը Արևելքի երկրների հետ: Մ. մ–ի ցեղերն ապրել են նախնադարյան համայնական հասարակարգում: Որոշ դամբարանների հարուստ գտածոները վկայում են գույքային անհավասարության մասին:
ՄԱՅՄԵԽ, Մայմեխ գլխավոր, Ձիթահանից սար, լեռնագագաթ Փամբակի լեռնաշղթայի միջին մասում, Կիրովական քաղաքից հարավ: Բարձրությունը 3094 մ է: Կազմված է վերին էոցենի պորֆիրիտներից, տուֆաբրեկչիաներից, կրաքարերից, կոնգլոմերատներից: Գագաթային մասը էրոզիայի հետևանքով մասնատվել է առանձին բարձունքների: Ծածկված է նոսր անտառներով: Լանջերին կան բարձրախոտային տափաստանների տեղամասեր:
ՄԱՅՄՈՆԻԴ (Maimonides) (իսկականը՝ Մոշե բեն Մայմոն) (1135-1204), հրեա փիլիսոփա: Ծնվել է Իսպանիայում, 1165-ից բնակվել Եգիպտոսում, եղել պալատական բժիշկ: Համադրելով հայտնությունը և հայեցողությունը, Աստվածաշնչի այլաբանական և Արիստոտելի ուսմունքի արաբ մտածողների մեկնաբանությունները՝ Մ. իր ռացիոնալիզմով և հավատը հրաշքի տարրերից մաքրելու ձզտմամբ հակադրվել է կրոնական ուղղափառությանը, որի համար հալածվել է: Մ–ի «Տատանվողների դաստիարակ» (1190, արաբ.) երկը ազդել է ուշ սխոլաստիկայի (հատկապես
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/203
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ