Ռուսաստանում՝ Վ. Մ. Բեխտերև, Գ. Ի Ռոսոլիմո, Ա. Պ. Նեչան և ուրիշներ):
Մինչհեղափոխական Ռուսաստանում Մ. ներկայացվել է մանկավարժական հոգեբանության (1906 և 1909) և փորձարարական մանկավարժության (1910, 1913, 1916) համագումարներում: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո ընդլայնվեց մանկաբանական հիմնարկների ցանցը, հրատարակվեց ծավալուն գրականություն, տեղի ունեցան մանկաբանների կոնֆերանս (1927) և համագումար (1928), սկսվեց հրատարակվել «Պեդոլոգիա» («Педология», 1928-32) հանդեսը: 1920-ական թթ. վերջին Մ. հավակնում էր ստանձնել «Երեխաների մասին մարքսիստական գիտության» դերը, գիտականորեն չհիմնավորված տեստերով, մանկավարժությունը նսեմացնող և հակահոգեբանական ուղղվածությամբ մեծապես վնասում էր սովետական դպրոցին: Մ–յան իդեալիստական, մեխանիստական տեսակետները խստորեն քննադատվեցին: ՀամԿ(բ)Կ ԿԿ 1936-ի հուլիսի 4-ի «Լուսժողկոմատների համակարգում մանկաբանական խեղաթյուրումների մասին» որոշումից հետո մանկաբանական հիմնարկներն ու հրատարակությունները վերացվեցին, միջոցառումներ իրականացվեցին մանկավարժության ու հոգեբանության հետագա զարգացման համար:
Գրկ. Петровский А.В., История советской психологии, М., 1967.
ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ գիտահետազոտական՝ Ն. Կ. Կրուպսկայայի անվան, հիմնվել է Երևանում, 1937-ին՝ մայրության և մանկության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի (կազմակերպված 1931-ին) բազայի վրա: Ինստ-ի ստեղծմանը, գիտական ու գործնական աշխատանքների կազմակերպմանը նպաստել են դիրեկտորներ Գ. Արեշյանը, Պ. Մարգարյանը և Գ. Օկոևը: Ինստ–ը ունի մանկաբարձության բաժին՝ բնականոն մանկաբարձության, վաղաժամ ծննդաբերությունների, օբսերվացիոն, հղիության և արտասեռական ախտաբանության, նորածինների բաժանմունքներով, գինեկոլոգիայի բաժին՝ վիրահատական և կոնսերվատիվ բուժման բաժանմունքներով, կանանց կոնսուլտացիա (հետագայում վերանվանվել է գիտա–կոնսուլտացիոն պոլիկլինիկա)՝ ֆիզիոթերապևտիկ բաժանմունքով, ամլության, էնդոկրինոլգիական, ստոմատոլոգիական, թերապևտիկ կաբինետներով: Կան նաև կլինիկաախտորոշիչ, բջջաբանության, ախտաբանա–մորֆոլոգիայի, շճաբանության, ռեզուս–անհամատեղելիության, բակտերիալոգիայի, կենսաքիմիայի, էնդոկրինոլոգիայի, թունագիտության և էլեկտրոնային միկրոսկոպիայի լաբորատորիաներ, ռենտգենախտորոշման կաբինետ, ախտաբանա–անատոմիական թանգարան, կազմակերպչա–մեթոդական բաժին ևն: Ինստ-ում գործում է գիտական խորհուրդ: Ինստ-ի հիմնական խնդիրներն են՝ կնոջ օրգանիզմի առանձնահատուկ ֆունկցիայի ֆիզիոլոգիայի և ախտաբանության յուրահատկությունների, պտղի և նորածնի ֆիզիոլոգիայի և ախտաբանության, մեռածածնության, մայրական ու մանկական մահացության, արտադրական ձեռնարկություններում և գյուղատնտեսության մեջ կնոջ աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության, առողջության պահպանման հարցերի ուսումնասիրությունը, ծննդօգնության հիմնարկներին և բնակչությանը ցույց տրվող մեթոդական ու բարձրորակ գիտագործնական օգնության կազմակերպումը, երիտասարդ մանկաբարձ–գինեկոլոգների կատարելագործումն ու մասնագիտացումը: Ինստ-ը 1939-73-ին հրատարակել է գիտական աշխատություններ:
ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ, բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է հղիության, ծննդաբերության և ետծննդյան շրջանի ֆիզիոլոգիական և ախտաբանական պրոցեսները, մշակում ծննդօգնության, բարդությունների կանխարգելման մեթոդներ: Մ. բժշկագիտության հնագույն ճյուղերից է: Եգիպտական պապիրուսներում (III-II հազարամյակ մ. թ. ա.) տեղեկություններ կան դժվար և բարդացած ծննդաբերությունների ժամանակ օգնության որոշ ձևերի, իսկ հնդիկների սուրբ գրքերում (VIII դ. մ. թ. ա.) հղիների ռացիոնալ սնման, ծննդօգնության մասին: Հիպոկրատը խորհուրդ էր տալիս կատարել պաղաշրջում գլուխն ի վար (ոչ ճիշտ դրությունների ժամանակ) և պտղահատում (կենդանի պտղով ծննդաբերության անհնարինության դեպքում): Գալենը և ուրիշներ (II դ.) մշակել ու կիրառել են պաղաշրջում ոտն ի վար: Հին ժամանակներից հայտնի է եղել նաև կեսարյան հատումը, որը մեծ կիրառություն ունի նաև այժմ: Միջին դարերում Մ–յան զարգացումը դանդաղել է, և մեծ տարածում են ստացել պտղահատման վիրահատությունները: XVI դ. կնոջ սեռական օրգանների կառուցվածքի մասին ստացվել են անատոմիական առաջին տեղեկությունները, և սկիզբ է դրվել գիտական ու վիրահատական Մ–յան զարգացմանը: Մեծ նշանակություն են ունեցել անգլիացի մանկաբարձ Պ. Չեմբեռլենի (1560-1631) հայտնագործած մանկաբարձական գլխային աքցանները, որոնք մանկաբարձական պրակտիկայում ներդրել է նիդերլանդացի վիրաբույժ Յ. Պալֆեյնը՝ 1723-ին: XVII դ. Փարիզում հիմնադրվել է մանկաբարձական առաջին կլինիկան, ֆրանսիացի մանկաբարձ Ֆ. Մորիսոն գրել է հղի կանանց հիվանդությունների մասին գիրքը: XVIII դ. հիմնվել են Մ–յան ամբիոններ, կլինիկաներ, և սկսվել է Մ–յան սիստեմատիկ դասավանդումը: Ռուսաստանում Մ–յան հիմնադիրը եղել է Ն. Մ. Ամբոդիկ–Մաքսիմովիչը, որը Մ–յան դասավանդման պրոցեսում կիրառել է կնոջ հատուկ մոդել (ֆանտոմ): Հունգարացի մանկաբարձ Ի. Զեմելվեյսը (XIХ) բացահայտել է ետծննդյան սեպտիկ հիվանդությունների վարակելիությունը: Ջ. Սիմպսոնը մանկաբարձական պրակտիկայում կիրառել է նարկոզի, ինչպես նաև հականեխության և աննեխության մեթոդները: XIX դ. վերջին և XX դ. սկզբից սկսել են ուսումնասիրել դաշտանային ցիկլի և հղիության հետ կապված պրոցեսները: Ռուս մանկաբարձ Վ. Ստրոգանովը մշակել է էկլամպսիայի բուժման եղանակ, որի կիրառումը զգալիորեն իջեցրել է մահացությունը: Մ–յան զարգացմանը նպաստել է ներզատիչ գեղձերի ուսումնասիրումը: Անգլիացի գիտնական Հ. Դեյլը (1906) հաստատել է հիպոֆիզի ետին բլթի հորմոնի (օքսիտոցին) արգանդը կծկող հատկությունը: Հղիության վաղ ախտորոշման նպատակով գերմ. բժիշկներ Զ. Աշհեյմը և Բ. Ցոնդեկը 1928-ին առաջարկել են հորմոնային հետազոտման եղանակ: 50-ական թթ. մանկաբարձական աքցանների փոխարեն սկսեցին կիրառել վակուում–էքստրակտորներ: Ժամանակակից Մ. զբաղվում է ծննդաբերության ընթացքի կարգավորման, ընկերքի կառուցվածքի և ֆիզիոլոգիայի, ինչպես նաև մանկաբարձական էնդոկրինոլոգիայի հարցերով: Ֆոնո- և էլեկտրասրտագրության, ուղեղագրության, ջրաթաղանթադիտման և այլ մեթոդների կիրառումը հնարավորություն են ավել ուսումնասիրելու պտղի և նորածնի ֆիզիոլոգիան ու ախտաբանությունը: Մ. օգտվում է ուսումնասիրման անատոմիական, ֆիզիոլոգիական, բջջաբանական, բակտերիալոզիական և կենսաքիմիական մեթոդներից: Մ. բաղկացած է հետևյալ բաժիններից՝ հղիության, ծննդաբերության, ետծննդյան շրջանի ֆիզիոլոգիա և ախտաբանություն, վիրահատական Մ., նորածնի ֆիզիոլոգիա և ախտաբանություն: ՍՍՀՄ–ում Մ–յան զարգացմանը նպաստում է հղիների բուժսպասարկման դիսպանսերային սկզբունքը և մայրության ու մանկության պահպանության նկատմամբ հատուկ ուշադրությունը: Սովետական մանկաբարձները զբաղվել են ծննդաբերության ցավազրկման, պտղի և նորածնի շնչահեղձության կանխարգելման ու բուժման, մայրական մահացության պատճառների և Մ–յան հրատապ հարցերի ուսումնասիրությամբ: Մշակվել է հղիներին ծննդաբերությանը նախապատրաստելու պսիխոպրոֆիլակաիկ եղանակ: Մ–յան ասպարեզում գիտական աշխատանքներ են կատարվում ԳՀԻ-ներում, բժշկ. ինստ-ների մանկաբարձա–գինեկոլոգիական կլինիկաներում, ծննդատներում ևն: ՍՍՀՄ–ում գոյություն ունի մանկաբարձ-գինեկոլոգների ընկերություն (1954-ից՝ Մանկաբարձ–գինեկոլոգների միջազգային կազմակերպության անդամ է): ՍՍՀՄ–ում մանկաբարձ–գինեկոլոգներ պատրաստում են բժշկ. ինստ-ում և համալսարանների բժշկ. ֆակուլտետներում,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/225
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ