Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տպագրել է նյութեր մանկավարժության վերաբերյալ, լուսաբանել Անդրկովկասի կրթական հաստատությունների գործունեությունը: Կարևորել է ուսուցողական նյութերի օգտագործումը, մանկական և ժող. երգերի ուսուցումը, մերժել պատիժը: Հրատարակել է Ա. Բահաթրյանի «Մայրենի լեզվի ուսուցումը տարրական դպրոցների մեջ» (1878, № 1-4), Ս. Մանդինյանի «Թվաբանության մեթոդիկայի մի քանի օրինակ» (1879, № 8) հոդվածները: Ծանոթացրել է եվրոպացի նշանավոր մանկավարժներ Ֆ. Ֆրեոբելի, Ի. Պեստալոցցիի մեթոդներին: Տպագրել է նաև գրախոսություններ, արտասահմանյան երկրների մանկավարժական կյանքի նորություններ ևն:Տ. Վարդանյան ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐ ՍՍՀՄ–ում, բուհերի հիմնական տիպ, որոնք ուսուցիչներ են պատրաստում միջնակարգ դպրոցների և մանկավարժներ՝ նախադպրոցական հիմնարկների ու հատուկ դպրոցների համար: Մ. ի. գտնվում են միութենական հանրապետությունների լուսավորության մինիստրությունների տնօրինության տակ: Մ. ի–ի խմբին են պատկանում նաև կուլտուրայի մինիստրությունների համակարգում գտնվող մի շարք մասնագիտական բուհեր: Մ. ի. ունեն բոլոր միութենական հանրապետությունները: 1979-ին ՍՍՀՄ–ի մոտ 200 Մ. ի–ում սովորել է ավելի քան 800 հզ. ուսանող: Մ. ի–ից շատերն ունեն ասպիրանտուրա: Հայաստանում գործում են Խ. Աբովյանի անվ. հայկ. (1922, Երևան), Երևանի Վ. Յու. Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների (1949), Լենինականի Մ. Նալբանդյանի անվ. (1934) և Կիրովականի (1969) Մ. ի.: Տես նաև Մանկավարժական կրթություն հոդվածը:
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ դպրոցի, դպրոցի կոլեկտիվ ղեկավարման մարմին: Մ. խ–ի կազմի մեջ են մտնում դպրոցի դիրեկտորը, նրա տեղակալները, դպրոցի բոլոր մանկավարժները, գրադարանավարը, ավագ պիոներ–ջոկատավարը, դպրոցի բժիշկը, ծնողական կոմիտեի նախագահը: Մ. խ–ի նիստին կարող են հրավիրվել դպրոցի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարը, դրուժինայի խորհրդի նախագահը, հասարակական և խորհրդային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծնողներ:
Մ. խ–ի նախագահը դպրոցի դիրեկտորն է: Քարտուղար է ընտրվում ուսուցիչներից մեկը (1 տարի ժամկետով): Մ. խ–ի անդամները հավասար իրավունքներ ունեն: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ և պարտադիր են դպրոցի բոլոր աշխատողների համար: Քննարկվում են դիրեկցիայի հաշվետվությունները, ուսուցիչների զեկուցումներն ու հաղորդումները, մանկավարժական կոլեկտիվի աշխատանքի արդյունքները, սովորողներին հաջորդ դասարան փոխադրելու և ավարտելու, պարգևատրելու և խրախուսելու, վարքի գնահատականն իջեցնելու, ինչպես նաև դպրոցից վտարելու հարցերը: Ուս. տարվա ընթացքում անց է կացվում 5-7 նիստ:
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, մանկավարժական ինստիտուտներում, ուսումնարաններում և համալսարաններում հանրակրթական դպրոցների և ուսումնա–դսատիարակչական այլ հիմնարկների համար մանկավարժ, կադրերի (ուսուցիչներ, դաստիարակներ ևն) պատրաստման համակարգ (տես Բարձրագույն կրթություն, Միջնակարգ մասնագիտական կրթության, Պրոֆեսիոնալ–տեխնիկական կրթություն, Ասպիրանտուրա հոդվածները): Մինչհեղափոխական Ռուսաստանում տարրական դպրոցների համար ուսուցիչներ պատրաստող ուս. հաստատությունների հիմնական տիպը ուսուցչական սեմինարիաներն էին: Տարրական դպրոցների ուսուցիչներ էին պատրաստում նաև իգական գիմնազիաների, իգական թեմական ուսումնարանների մանկավարժական դասարանները և Պետերբուրգի իգական մանկավարժական ինստ–ը: Եկեղեցական–ծխական դպրոցների համար ուսուցիչներ էին պատրաստում եկեղեցական–ուսուցչական, ինչպես և երկդասյան ուսուցչական դպրոցները: 1804-ի համալսարանական կանոնադրության համաձայն, համալսարաններին կից ստեղծվեցին 3-ամյա մանկ. ինստիտուտներ:
XIX դ. 60-70-ական թթ. բացվեցին համալսարանական տիպի Բարձրագույն իգական դասընթացներ: 1918-20-ին կազմակերպվեցին մասնագիտացված դպրոցական, նախադպրոցական և մանկավարժական այլ, ոչ մեծ ուս. հաստատություններ և դասընթացներ, որոնք հետագայում միավորվեցին ու վերածվեցին մանկավարժական բուհերի: Մինչհեղափոխական ուսուցչական սեմինարիաները վերակառուցվեցին 4-ամյա ժող. կրթության ինստ-ների, մյուսները՝ տարրական դպրոցի ուսուցիչներ պատրաստող մշտական գործող մանկավարժական դասընթացների: Առաջին խոշոր մանկավարժական սովետական բուհերից էր Ն. Կրուպսկայայի անվ. կոմունիստական դաստիարակության ակադեմիան: 1918-ին Վ. Գերիեի Բարձրագույն իգական դասընթացների հիման վրա ստեղծվեց Մոսկվայի 2-րդ համալսարանը, Լենինգրադում՝ մանկավարժական ինստ-ը: 1920-ական թթ. ՍՍՀՄ մի շարք համալսարաններում բացվեցին մանկավարժական ֆակուլտետներ: 30-ական թթ. համալսարանների մանկավարժական և այլ ֆակուլտետների հիման վրա ստեղծվեց մանկավարժական ինստ-ների, այդ թվում՝ օտար լեզուների մանկավարժական ինստ-ների ցանց: Ժամանակակից մանկավարժական ուս. հաստատությունների հիմնական տիպը մանկավարժական ուսումնարաններն են, ինդուստրիալ–մանկավարժական տեխնիկումները, մանկավարժական ինստ-ները և համալսարանները: Դպրոցի ցածր դասարանների ուսուցիչներ, նախադպրոցական հիմնարկների դաստիարակներ, ավագ պիոներ–ջոկատավարներ են պատրաստում մանկավարժական ուսումնարանները, միջնակարգ դպրոցների ուսուցիչներ՝ մանկավարժական ինստ-ները, համալսարանները, ինչպես նաև արվեստների, ֆիզիկական դաստիարակության որոշ ինստ-ներ:
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հոգեբանության բնագավառ, որ ուսումնասիրում է նպատակամետ մանկավարժական պրոցեսի պայմաններում առաջացած հոգեբանական երևույթները, մշակում ուսուցման ն դաստիարակության հոգեբանական հիմունքները: Մ. հ–յան ուսումնասիրության համար առավել բնորոշ է «վերափոխող փորձարարության» մեթոդը, այսինքն՝ այն փոփոխությունների ուսումնասիրությունը, որոնք տեղի են ունենում երեխայի հոգեկան կառուցվածքում, փորձնական մանկավարժական պրոցեսի ընթացքում: Մ. հ., որպես հոգեբանական գիտության ինքնուրույն բնագավառ, ձևավորվել է XIX-XX դդ., ունի երկու բաժին՝ դաստիարակության հոգեբանություն և ուսուցման հոգեբանություն: Դաստիարակության հոգեբանության խնդիրներն են. անձի ձևավորման հոգեբանական հիմունքների մշակումը, երեխաների և երիտասարդների նկատմամբ անհատական մոտեցումը, մանկական և երիտասարդական կոլեկտիվները մանկավարժորեն կազմակերպելու համար անհրաժեշտ հոգեբանական նախադրյալների բացահայտումը: Ուսուցման հոգեբանությունն ուսումնասիրում է ուս. և աշխատանքային գործունեության ընթացքում սովորողների՝ գիտելիքների և հմտությունների յուրացման պրոցեսը, գործնական աշխատանքի դերը՝ որպես գիտելիքների աղբյուր, երեխայի մտածողության զարգացման վրա ուսուցման ներգործությունը ևն: Մ. հ. կարևոր նշանակություն ունի ուսուցման մասնավոր մեթոդիկաների մշակման, ուս. ծրագրերի և դասագրքերի կազմման, ուսումնադաստիարակչական աշխատանքի գիտականորեն հիմնավորված համակարգի ստեղծման, միջոցառումների մանկավարժական ներգործման, հոգեբանության տեսության զարգացման համար:
Գրկ. Ուշինսկի Կ. Դ., Մանկավարժական ընտիր երկեր, հ. 1-2, Ե., 1958-59: Մանկավարժական հոգեբանության հարցեր (գլխ. խմբ. Մ. Մազմանյան), Ե., 1965: Божович Л. И., Личность и ее формирование в детском возрасте, М., 1968; Крутецкий В. А., Основы педагогической психологии, М., 1972; Возрастная и педагогическая психология; под ред. А. В. Петровского, М., 1973, гл. 7-9.
«ՄԱՆԿԱՎԱՐԺԱՆՈՑ», մանկավարժական ն գրական հանդես: Լույս է տեսել 1884-1887-ին, անկանոն պարբերականությամբ, Թիֆլիսում, Ախալցխայում, Պետերբուրգում: Խմբագիր՝ Խ. Ստեփանե: «Մ.» հասարակական կյանքից կտրված, փոքրածավալ հրատարակություն էր, որտեղ մեծ մասամբ տեղ են գտել եվրոպական երկրներում դպրոցական գործի դրվածքին վերաբերող հոդվածներ, ուսուցողական նյութեր, վիճակագրական տվյալներ, խորհուրդներ հայ ուսուցիչներին: Գրական բաժնում հիմնականում տպագրվել են խմբագրի բանաստեղծությունները՝ Իշխան Բագրատունի կեղծանունով:Մ. Մխիթարյան ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, գիտություն մարդու ձևավորման համար հատուկ համակարգված նպատակամետ գործունեության, կրթության, ուսուցման, դաստիարակության ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին: Մ–յան հիմնական կատեգորիաներն են՝ ա. անձի ձևավորումը (անհատի կազմավորման պրոցեսն ինչպես նպատակամետ գործողությունների,