Մանկավարժական միտքը Հայաստանում: Հայաստանում ուսուցման պատմությունը սերտորեն կապված է հայ պետականության առաջացման հետ: Դեռևս հեթանոսական շրջանում մեհյաններում կատարվող միասնական ծեսերն ու արարողությունները, արհեստների ծաղկումը, արվեստի առանձին տեսակների, մասնավորապես թատրոնի գոյությունը մարդկանց սովորեցնելու, վարժեցնելու վկայություն են: Մինչև գրերի գյուտը կրթության և ուսուցման գործում կարևոր դեր են կատարել նախամեսրոպյան դպրոցները: Հայ գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները Հին Հայաստանի բոլոր նահանգներում ստեղծեցին առաջին հայկ. դպրոցները: Այդ դպրոցների շրջանակում ծագեց ու սկսեց զարգանալ հայ մանկավարժական միտքը: Ազգային մշակույթի, գիտության, նաև՝ Մ–յան զարգացման գործում անգնահատելի դեր կատարեցին Տաթևի, Գլաձորի, Սանահինի համալսարանները, Նարեկավանքի, Վարագավանքի, Հաղպատի դպրոցները (տես Տաթևի համալսարան, Գլաձորի համալսարան, Սանահինի համալսարան, Նարեկավանքի դպրոց, Վարագավանքի դպրոց, Հաղպատի դպրոց): Կրթական այս օջախներում կարևոր դեր էր հատկացվում մայրենի լեզվին, այլ լեզուների ուսուցումը տարվում էր նրա հիմքի վրա: Դասավանդվում էին փիլիսոփայություն, մաթեմատիկա, երկրաչափություն, աստղաբաշխություն, պատմություն, արվեստներ (գրչություն, նկարչություն, երաժշտություն, ճարտարապետություն) և այլ գիտություններ: Տարբեր ժամանակներում դասավանդել են Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոսը, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Թովմա Մեծոփեցին և ուրիշներ: Դպրոցական կրթական գործի վերելքի հետ միասին զարգացում ապրող մանկավարժական միտքը ամբողջությամբ գտնվում էր քրիստոնեության ազդեցության տակ, կրթության և ուսուցման մեթոդները մշակվում էին կրոնական դիրքերից ու արտահայտում նրա շահերը: Անանիա Շիրակացու այբբենարանը, թվաբանության, աշխարհագրության և տիեզերագիտության գրքերը աշակերտներին կապում էին կոնկրետ գիտությունների հետ: XI դ. Հովհաննես Սարկավագը (Տաթև) կարևորում էր լեզվի և գիտությունների ուսուցումը, Տաթևացին իր «Սահմանադրություն դաստիարակության» աշխատության մեջ հիմնավորում էր կրթության ու դաստիարակության նոր մեթոդներ, սակայն ուսուցման ամբողջ աշխատանքը, այնուամենայնիվ, ենթարկված էր կրոնին: Հայ Մ–յան, որպես գիտության, ձևավորման գործում վճռական նշանակություն ունեցավ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորումը: 1836-ի Պոլոժենիեով Էջմիածնին թույլ արվեց գործող բոլոր եկեղեցիներին կից բացել մեկական ծխական, իսկ կաթողիկոսությանը ենթակա 6 թեմերում՝ մեկական թեմական դպրոց: Մինչ այդ դպրոցներ էին բացվել Աստրախանում (Աղաբաբյան դպրոց), Նոր Նախիջևանում, Ղզլարում, Մոզդոկում: Մեծ հեղինակություն էին վայելում Լազարյան ճեմարանն ու Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, հայտնի էին Կ. Պոլսի Խասգյուղի Ներսիսյան վարժարանը, Սկյուտարի ճեմարանը, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը: Հետագա տասնամյակներում տղաների համար միջնակարգ դպրոցներ բացվեցին Թեոդոսիայում (Խալիբյան դպրոց), Կարինում (Սանասարյան վարժարան), Վանում (Երամյան դպրոց), Կ. Պոլսում (Կեդրոնական վարժարան), օրիորդաց դպրոցներ հիմնվեցին Կ. Պոլսում (Մեզբորյան դպրոց), Թիֆլիսում (Գայանյան, Հովնանյան), Ալեքսանդրապոլում (Արղության), Երևանում (Գայանյան), Նոր Նախիջևանում (Գոգոյան), Ախալցխայում (Եղիսաբեթյան), Շուշիում (Մարիամ–Ղուկասյան) ևն: Դպրոցական այսպիսի ցանցն, ինչ խոսք, պետք է ունենար իր տեսաբանները, ուսուցման մեթոդներ մշակողներն ու ընդհանրացնողները: XIX դ. 1-ին կեսին մանկավարժական բեղմնավոր աշխատանք ծավալեցին Հ. Ալամդարյանը, Մ. Թաղիադյանը, Ն. Զորյանը, Ա. Փափովիչը և ուրիշներ: Այս շրջանում առանձնանում է Խ. Աբովյանի գործունեությունը: Մ–յան մեջ նա նորարար էր, հնի ու հետադիմականի դեմ խիզախ մարտնչող: Հայ Մ–յան նրա ստեղծած համակարգը արտահայտում էր ժող. մասսաների շահերը: Աբովյանը հայ իրականության մեջ առաջինն էր, որ տառահեգման համակարգին հակադրեց հնչական համակարգը, հիմնավորեց աշխարհաբարը դպրոցական լեզու դարձնելու անհրաժեշտությունը, գիտ. խորաթափանցությամբ մշակեց կրթական գործում դպրոցի ու ընտանիքի, ուսուցչի ու աշակերտի հարաբերությունների, ֆիզիկական ու աշխատանքային դաստիարակության միասնության հարցերը, մերժեց կրոնն ու հոգևոր ուսուցումը, ծեծն ու պատժի այլ միջոցները: Նրա պրակտիկ գործունեությունը և «Նախաշավիղ կրթության» մեջ արտահայտված գաղափարները զգալիորեն հարստացրին հայ Մ.: Կրթության, լուսավորության ու դաստիարակության գործում հայ կղերականության դեմ Աբովյանի պայքարը շարունակեցին Մ. Նալբանդյանն ու Ս. Նազարյանցը, որոնք զգալի դեր խաղացին դպրոցի ժողովրդականացման, ուսուցման բովանդակության հարստացման և աշխարհաբարը կրթական լեզու դարձնելու հարցերում: XIX դ. 2-ըդ կեսին հայ մանկավարժական միտքը որոշակի աշխուժացում ապրեց: Իրենց գործունեությունը ծավալեցին Պ. Պռոշյանը, Պ. Շանշյանը, Խ. Ստեփանեն, Հ. Տեր–Միրաքյանը, Ն Տեր–Ղևոնդյանը, Ս. Պալասանյանը, մասնագետ մանկավարժներ Ս. Մանդինյանը, Ա. Բահաթրյանը, Մ. Մամուրյանը, Հ. Հինդլյանը, Ս. Բեկնազարյանը, Հ. Իփեկչյանը, Մ. Չերազը, դարավերջում՝ Տ. Ռաշմաճյանը, Գ. Էդիլյանը, Թ. Խզմալյանը, Ս. Լիսիցյանը և ուրիշներ: Հայ մանկապարտեզի ռահվիրաններն էին Սոֆյա Բաբայանը, Գայանե Հովհաննիսյանը, Սոֆյա Երկայնաբազուկ–Արղությանը: Աբովյանի գաղափարների իրականացնողն ու զարգացնողն այդ տարիներին Ղ. Աղայանն էր: Թիֆլիսում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Էջմիածնում ու Ախալցխայում լինելով ուսուցիչ և դրպրոցական տեսուչ, նա ծաղրի էր ենթարկում հայ կղերականությանը՝ դպրոցական գործի ղեկավարման անճարակության համար, մերժում էր պատիժը և անձնական օրինակով հիմնավորում աշակերտին սիրելու, դասը հետաքրքրական ու բովանդակալից անցկացնելու կարևորությունը. կազմակերպում էր բաց դասեր ու քննարկումներ, դաստիարակությունը համարելով մտավորի, հոգեկանի ու ֆիզիկականի ներդաշնակություն, մեծ տեղ էր տալիս մարզական վարժանքներին, ուսման պրոցեսում հաստատում էր ուսուցչի ղեկավար դերը: Նա դպրոցական մի շարք գրքերի հեղինակ է և թողել է մանկավարժական մեծ ժառանգություն:
Հայ Մ–յան զարգացման գործում մեծ դեր են կատարել Լազարյան ճեմարանն ու Գևորգյան ճեմարանը, Ներսիսյան դպրոցը, ժամանակի մանկավարժական հրատարակությունները՝ «Դաստիարակ»-ը (Թեոդոսիա, 1873-74), «Դպրոց»-ը (Վաղարշապատ, 1874-76), «Մանկավարժական թերթ»-ը (Թիֆլիս, 1882-84) ևն: Կարևոր նշանակություն ունեցավ նաև հայ ուսուցիչների I համագումարը (Թիֆլիս, 1882, օգոստոս–սեպտեմբեր): Չնայած որոշ տեղաշարժերին, XIX դ. հայ դպրոցում ուսման բովանդակությունը մնում էր աղքատիկ, մեթոդները՝ դոգմատիկ, ոգին՝ սխոլաստիկ: Հայ մանկավարժներից շատերը, կրթություն ստանալով արտասահմանում, մասնավորապես Գերմանիայում, գտնվում էին Հերբարթի գաղափարների ազդեցության տակ, ուսուցման հարցերում չէին կարողանում ազատագրվել կրոնական դոգմաներից: XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայ Մ–յան մեջ ձևավորվեց մարքսիստական ուղղությունը (Ս. Շահումյան, Ս. Սպանդարյան), որը, պայքարելով խավարամիտ կղերականության և ապազգայնացած բուրժուազիայի դեմ, ձգտում էր դպրոցը փոխադրել մատերիալիստական հիմքի վրա, նրան տալ համաժողովրդական բնույթ: Այդ գաղափարներն իրականացան միայն Հայաստանում սովետական կարգեր հաստատելուց հետո:
Մանկավարժական գիտությունը ՍՍՀՄ–ում: Մեծ հոկտեմբերի հաղթանակը պայմաններ ստեղծեց իրականացնելու դաստիարակության մասին մարքս–լենինյան ուսմունքը: Սովետական իշխանության առաջին դեկրետներով դպրոցն անջատվեց եկեղեցուց, ստեղծվեց կրթության ու ուսուցման միասնական պետ. համակարգ, անգրագիտության վերացումը համարվեց համաժողովրդական գործ: Ծնվեց ու զարգացավ նոր, սովետական Մ., որի մշակման, հաստատման ու տեսական հարստացման համար մեծ գործունեություն ծավալեցին Ն. Կ. Կրուպսկայան, Ա. Վ. Լունաչարսկին, Մ. Ն. Պոկրովսկին, Պ. Պ, Բլոնսկին, Պ. Ն. Լեպեշինսկին, Ա. Ս. Մակարենկոն և ուրիշներ: 1920-ական թթ. երկրում ստեղծվեց մանկավարժական գիտ. հիմնարկների լայն ցանց, բացվեցին ԳՀԻ-ներ Մոսկվայում ու Լենինգրադում, իսկ 1930-ական թթ.՝ միութենական բոլոր հանրապետություններում: 1933-ին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/236
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ