Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միությունը: 1907-ից գործում է ՀԲԸՄ Մ–ի մասնաճյուղը:
Մ–ի հայ համայնքը գործուն մասնակցություն է ունեցել հայ ազգային կյանքին: 1875-ին մանչեստրահայերը հիմնել են ընկերություն, որի նպատակն էր օգնել Հայաստանի դպրոցներին, պաշտպանել հայերի իրավունքները և բարոյապես ու նյութապես աջակցել նրանց: Մ–ի հայ գաղութը աշխուժություն է ապրել Բեռլինի կոնգրեսի (1878) նախօրյակին, երբ Լոնդոն ն. Մ. է այցելել Մկրտիչ Խրիմյանը (Հայրիկը), կազմակերպվել են հրապարակային ելույթներ, զեկուցումներ ևն: Անգլիայում առաջին հայ պարբերականը՝ «Երկրագունդ»–ը, հրատարակվել է Մ–ում, 1863-64-ին (խմբագիր՝ Կ. Շահնազարյանց): 1898-ին լույս է տեսել «Վաղվան ձայնը» (խմբագիր՝ Ս. Պարթևյան) ազգային, գրական ամսաթերթը, 1900-1901-ին՝ «Եկեղեցի Հայաստանյայց» (11 համարից հետո՝ «Հայ եկեղեցի») կրոնական–աստվածաբանական հանդեսը (խմբագիր՝ Թորոս Ջուղայեցի):
Գրկ. Մուշեղ եպիսկոպոս (Սերովբյան), Մանչեստրի հայ գաղութը, Բոստոն, 1911:Պ. Մարտիրոսյան ՄԱՆՋԱԼԸԽ, Մանճըլըք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում: 1914-ին ուներ մոա 300 տուն (2400 անձ) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով, մասամբ՝ անասնապահությամբ: Կար եկեղեցի և դպրոց: Բնակիչները զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ՄԱՆՋՈՒՍՈՒՆ, գյուղ Թուրքիայում, Կեսարիայի գավառում: 1915-ին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի և դպրոց: Բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ:
ՄԱՆՋՈՒՐԵՐԵՆ, տես Տունգուս–մանջուրական լեզուներ:
ՄԱՆՋՈՒՐՆԵՐ (ինքնանվանումը՝ մանչժունյալմա), Հյուսիս–Արևելյան Չինաստանի բնակչությունը: Բնակվում են հիմնականում Հարավային Մանջուրիայում: Թիվը՝ մոտ 3 մլն (1981): Մանջուրերենը պահպանված է գլխավորապես Հեյլունցզյան գավառի գյուղական բնակչության մեջ: ՉԺՀ–ի այլ շրջաններում Մ. խոսում են չինարեն: Հավատացյալ Մ. բուդդայականներ և դաոսականներ են, որոշ մասի մեջ պահպանվում է շամանականությունն ու նախնիների պաշտամունքը: Մ. հիմնականում զբաղվում են հողագործությամբ (հացահատիկ, քնջութ, բանջարեղեն ևն), որոշ մասն աշխատում է արդյունաբերության մեջ:
ՄԱՆՍԱՐ (Mansart) Ֆրանսուա (1598-1666), ֆրանսիացի ճարտարապետ: XVII դ. ֆրանս. կլասիցիզմի հիմնադիրներից: Աշակերտել է Ս. դը Բրոսսին: Մ–ի կառույցներում (Բլուայի դղյակը, վերակառուցվել է 1635-38-ին, Մեզոն–Լաֆֆիտ պալատը, 1642-50, Փարիզում՝ Վալ դե Դրաս եկեղեցին, 1645-46, շինարարությունը շարունակել է Ժ. Լեմերսիեն, Կառնավալե հյուրանոցը, վերակառուցվել է 1660-1661-ին ևն) ճակատների պլաստիկ, ճոխ հարդարանքը (բարոկկոյի տարրերով) համադրված է ընդհանուր ծավալա-տարածական հորինվածքի պարզությանն ու հստակությանը, կանոնավոր հատակագծին:
ՄԱՆՍԱՐԴ, սենյակ (հիմնականում՝ բնակելի) շենքի ձեղնահարկում, որի տանիքի լանջերը երկթեք են: Մ–ները տալիս են լրացուցիչ օգտակար մակերես, արտաքուստ հարստացնում են շենքի ծավալը, ճարտարապետական-գեղարվեստական կերպարը: Տանիքի այս կառուցվածքը լայնորեն կիրառել է ֆրանսիացի ճարտ. Ֆ.Մանսարը (այստեղից էլ՝ անվանումը):
ՄԱՆՍԻՆԵՐ, ժողովուրդ, ՌՍՖՍՀ Տյումենի մարզի Խանտի–Մանսիական Ինքնավար Օկրուգի արմատական բնակչությունը: Ապրում են Օբ գետի ավազանում (գլխավորապես Կոնդա, Հյուսիսային Սոսվա ևն ձախակողմյան վտակների, ինչպես և Բերյոզովա քաղաքի շրջանում), մի մասը՝ ՌՍՖՍՀ Սվերդլովսկի մարզում: Թիվը՝ 7,6 հզ. (1979): Խոսում են մանսիերեն, շատերը՝ նաև ռուս.: XVII դ. սկզբից կրոնով համարվել են ուղղափառներ, սակայն պահպանել են մինչքրիստոնեական շրջանի զանազան հավատալիքներ (տոհմական պաշտամունք, շամանիզմ ևն): Ազգակից են խանտերին: XI դարից հիշատակվում են «յուգրեր» (խանտերի հետ միասին), իսկ XIV դարից՝ «վոգուլիչներ», «վոգուլներ» անվանումներով:
Մ. զբաղվում են հիմնականում ձկնորսությամբ, որսորդությամբ, մասամբ՝ եղջերվաբուծությամբ, ինչպես և հողագործությամբ, անասնապահությամբ ու մորթատու գազանների բուծմամբ: Մի մասն աշխատում է արդյունաբերության մեջ:
Գրկ. Народы Сибири, Μ.-Л., 1956.
ՄԱՆՍԻՍԻԴՈՐ (Mancisidor) Խոսե (1895-1956), մեքսիկացի գրող, հասարակական գործիչ: Մասնակցել է Մեքսիկայի հեղափոխությանը (1910-17): 1930-ական թթ, գլխավորել է առաջադեմ գրողների «Նովիեմբրե» («Noviembre») խմբակը և խմբագրել նրա «Ռուտա» («Ruta», 1933-39) հանդեսը: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) տարիներին եղել է Սովետական Միության բարեկամների ընկերության, 1950-ական թթ.՝ Մեքսիկա-ռուսական մշակույթի ինստ–ի նախագահը: 1935-ին գլխավորել է Մեքսիկայի հեղափոխական գրողների և նկարիչների լիգան: Հրատարակել է «Խռովություն» (1931), «Իսպանացի մոր մասին» (1938) պատմվածքները, «Կարմիր քաղաք» (1932), «Քամիների վարդը» (1941), «Սահման՝ ծովի մոտ» (1953), «Արշալույսը անդունդի վրա» (1955) վեպերը: Լույս է ընծայել հրապարակախոսական աշխատություններ Կ. Մարքսի, Վ. Ի. Լենինի, Մ. Գորկու, Ա. Բարբյուսի, Է. Զոլայի մասին և ճանապարհորդական ակնարկներ («120 օր», 1937) ՍՍՀՄ–ի մասին:
ՄԱՆՍՈՒՐ Աբու Ջաֆար (707-775), խալիֆա 754-ից: Աբբասյանների դինաստիայից: Մ. (նշանակում է «Հաղթական») ամբապնդել է Աբբասյանների նորաստեղծ պետությունը: Անց է կացրել վարչական-ֆինանսական ռեֆորմներ, ծանրացրել է հարկերը (Արմինիա նահանգը տարեկան վճարել է 13 մլն արծաթ դիրհեմ), 762-ին հիմնել է Բաղդադը, որը դարձել է խալիֆայության մայրաքաղաքը: Մ–ի օրոք Հայաստանում բռնկվել է (774-775) ապստամբություն Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և մոտ մեկ տարի երկիրը գտնվել է ապստամբների ձեռքին:
Գրկ. Тер-Гевондян А. И., Армения и арабский халифат, Е., 1977, с. 105-110.
ՄԱՆՍՈՒՐՅԱՆ Տիգրան Եղիայի (ծն. 27.1.1939, Բեյրութ), հայ սովետական կոմպոզիտոր: 1947-ին ներգաղթել է Հայաստան: Երաժշտական սիստեմատիկ կրթություն ստացել է 1956-ից՝ Ռ. Մելիքյանի անվ. երաժշտ. ուսումնարանում (Է. Բաղդասարյանի կոմպոզիցիայի դասարան): 1965-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Ղ. Սարյանի դասարան): 1967-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում (ժամանակակից երաժշտության տեսություն): Մ–ի ստեղծագործությունը, որ 1960-70-ական թթ. սովետահայ երաժշտությանը բնորոշ միտումների ստեղծագործական իրականացման ցայտուն դրսևորումներից է, XX դ. համաեվրոպական երաժշտության նվաճումների և ազգային երաժշտ. մշակույթի լավագույն ավանդույթների միաձուլման համոզիչ օրինակ է: Կոմպոզիտորի երաժշտ. լեզվում առանձնակի նշանակություն է ձեռք բերում գեղագիտական նոր հիմքի վրա կոմիտասյան սկզբունքների վերածնունդը (երաժշտ. բանվածքի տարածական կազմակերպում, առանձին հնչյունների իմաստային ընդգծում): Գրել է սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Պարտիտա» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), լարային կվարտետ «Ինտերիեր» (1972), կոնցերտ երգեհոնի և կամերային անսամբլի համար (1964), թավջութակի 2 կոնցերտ (1976, 1978), Կրկնակի կոնցերտ (1978), վոկալ շարքեր՝ «Ռոմանսներ Գարսիա Լորկայի խոսքերով» (1966), «Տետր ողբագին տաղերգության» (1966), «Նահապետ Քուչակի չորս հայրենները» (1967), «Վարդի նվեր» (1974), «Սրնգահար լուսին», «Նաիրյան երեք երգ» (երկուսն էլ՝ 1976), խմբերգեր՝ «Երեք ասացված Կոմիտասի հիշատակին» (1969), կամերային-գործիքային երկեր, սոնատներ, երաժշտություն կինոնկարների («Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Վերադարձ», «Սգավոր ձյունը», «Կտոր մը երկինք»), դրամատիկական ներկայացումների («Մհերի դուռ», «Ծիրանի ծառ») համար:
ՄԱՆՎԱԾՔ, թել, որը կազմված է ոլորմամբ (երբեմն՝ սոսնձմամբ) միացված մանրաթելերից: Օգտագործվում է գործվածքներ, տրիկոտաժ, թելեր, ճոպաններ ևն պատրաստելու համար: Ստանում են բամբակից,