Abendeand. Miniaturen, В., 1930; Weitzmann Κ.,Illustrations in Roll and Codex, Princeton, 1947; Diringer D., The Illuminated Book, its History and Production, L., 1958; Der-Nersessian S., L’art Armenien, P., 1977.
ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ, գեղարվեստական արձակի ամենափոքրածավալ ժանրը: Ունի խոհա–փիլիսոփայական լիցք, քնարական շունչ, ավարտուն բովանդակություն և կառուցվածք: Նյութը տրվում է խտացված: Հատուկ է մտքի կոնկրետությունը: Հաճախ ունենում է անսպասելի ավարտ: Աղերսվում է անեկդոտին, արձակ բանաստեղծությանը: Մեծ մասամբ չունի ամբողջական սյուժե, հանգամանալից բնութագրված կերպարներ: Լայն զարգացում է ապրել մեր օրերում: Մ–ներ են գրել Դ. Դեմիրճյանը, Գ. Մահարին, Լ. Հուրունցը և ուրիշներ:
ՄԱՆՐԱՐՈՒՐՔ, ոսկերչական տեխնիկա՝ նուրբ ոսկեթելը կամ արծաթաթելը զարդանախշի ձևով դասավորելն ու ամրացնելը: Մ. եղանակով պատրաստված իրերը (գոտի, սափոր, մասնատուփ, կենցաղային առարկաներ) զարդարվել են փիրուզյա և գունավոր այլ ակներով, մարգարիտներով: Հնուց հայտնի է եղել աշխարհի շատ ժողովուրդների: Հայաստանում կիրառվել է Վանում, Կարինում, Արծկեում, Մուշում, Ալեքսանդրապոլում, Երևանում և այլուր: Մեր օրերում Երևանի ոսկերիչ վարպետները շարունակում են ավանդական Մ–ի օրինակով ստեղծել նոր զարդեր ու կենցաղային առարկաներ: Տես նաև Ցանցկեն:
ՄԱՆՐԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, բուրժուական քաղաքատնտեսության ուղղություն, որն արտահայտում է մանր բուրժուազիայի շահերը: Ձևավորվել է XIX դ. սկզբներին, հիմնադրել են Ժ. Սիսմոնդին և Պ. Պրուդոնը: Բնույթը որոշվում է մանր բուրժուազիայի սոցիալ–տնտեսական էությամբ: Մ. ք. քննադատում է կապիտալիստական արտադրաեղանակի հավերժականության բուրժուական դոգման և նշում կապիտալիստական ինդուստրիայի հակասությունները, նրա զարգացման կործանիչ հետևանքները մանր արտադրողների համար: Սակայն Մ. ք. կապիտալիզմի հակասությունների գիտական վերլուծության փոխարեն «…սահմանափակվում է կապիտալիզմի սենտիմենտալ քննադատությամբ՝ մանր բուրժուազիայի տեսակետից…» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 2, էջ 247), իսկ «…մանր արտադրության վրա նայում էր իբրև բնական հասարակարգի վրա, ընդվզելով խոշոր կապիտալի դեմ…» (նույն տեղում, էջ 248): Վերջինը նույնացնում է առևտրական ու փոխատվական կապիտալների հետ, իսկ շահագործումը պատճառաբանում անհամարժեք փոխանակությամբ, որը խախտում է արժեքի օրենքը: Մ. ք–յան ներկայացուցիչները, գերարտադրության տնտ. ճգնաժամը համարելով կապիտալիստական արտադրաեղանակի գլխավոր արատներից մեկը, չկարողացան, սակայն, բացահայտել դրա բուն պատճառի՝ արտադրության հասարակական բնույթի և յուրացման մասնավոր կապիտալիստական ձևի միջև հակասության էությունը: Բաշխման հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են պետության օգնությամբ սպառողական ու վարկային կոոպերատիվ ընկերությունների կազմակերպմամբ, որով, իբր, կբարձրանա մանր արտադրողների վարկունակությունը, կապահովվի արտադրության զարգացումը: Շրջանառության, իսկ երբեմն սպառման ու բաշխման ոլորտները Մ. ք–յան ներկայացուցիչները համարում են քաղաքատնտեսության ուսումնասիրության առարկա: Մ. ք–յան ժամանակակից տեսությունները մի կողմից քարոզում են կապիտալիստական հակասությունների ռեֆորմիստական լուծում, համաձայնություն իմպերիալիզմի հետ, հասարակության զարգացման նոր ուղու որոնում, մյուս կողմից՝ հաճախ սուր, բայց ոչ միշտ հետևողականորեն քննադատում են իմպերիալիզմի առավել անցանկալի հակասությունները, հիմնավորում դեմոկրատական իրավունքների ապահովման, մոնոպոլիաների իշխանության սահմանափակման, ազգային անկախության և զարգացման ոչ կապիտալիստական ուղու համար պայքարի անհրաժեշտությունը:
Ռուսաստանում Մ. ք–յան ներկայացուցիչները նարոդնիկներն էին (տես Նարոդնիկություն, Նարոդնիկներ հայ), որոնք կապիտալիստական արտադրահարաբերությունները քննադատում էին գյուղացիական սոցիալիզմի դիրքերից, պաշտպանում մանր արտադրողների շահերը: Հայ իրականության մեջ Մ. ք–յան դրույթներն արտահայտվել են մանրբուրժուական կուսակցությունների (Հնչակյան կուսակցություն , «Սոցիալ–դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն»՝ (սպեցիֆիկներ)) գաղափարախոսության մեջ: Հնչակյանները (Ա. Նազարբեկ, Մ. Նազարբեկ, Գ. Կաֆյան և ուրիշներ) սկզբում ժխտում էին Հայաստանում կապիտալիզմի զարգացման անխուսափելիությունը, հայ համայնքը համարում սոցիալիզմի նախադրյալների կրող: Միապետական կարգերի տապալման հարցում անտեսում էին դասակարգային պայքարը, բանվոր դասակարգի պատմական դերը և իրենց քաղ. գործունեությունը կապում գյուղացիության ու մյուս մանր սեփականատերերի հետ: Հետագայում որոշ վերագնահատում է կատարվել հնչակյան կուսակցության գաղափարախոսության մեջ. կապիտալիզմն արդեն ընդունվել է որպես անհրաժեշտ և սոցիալիզմին անցնելու համար նյութական պայմաններ ստեղծող փուլ: Փորձեր են կատարվել նաև կապիտալիզմի հիմնական հակասությունը բացահայտելու ուղղությամբ, կապիտալիստական շահագործման վերացման ուղին հայտարարվել է սոցիալիստական հեղափոխությունը, սակայն նորից անտեսվել է պրոլետարիատի դիկտատուրայի ու նրա ղեկավար դերի հարցը:
Սպեցիֆիզմը մենշևիզմի ու բունդականության հայկ. տարբերակն էր: Այս ուղղության գաղափարախոսների (Դ. Անանուն, Բ. Իշխանյան) կարծիքով Հայաստանն ու հայ ժողովուրդը բացառիկ առանձնահատկություն ունեն, և հայ պրոլետարիատը պետք է գործի միջազգային բանվորական շարժումից անկախ, ստեղծի անջատ քաղ. կազմակերպություններ: Սպեցիֆիկները ժխտում էին հայ գյուղացիության շահագործման, դասակարգային շահերի հակամարտ հակասության փաստը, կալվածատերերին ու մելիքներին համարում ժողովրդի «հոգատար հայր ու փրկիչ». գյուղացիությանը՝ հետադիմական ուժերի սոցիալական հենարան: Սոցիալիստական հեղափոխությունը նույնացնում էին սահմանափակ բարենորոգումների հետ, դասակարգային հաշտություն քարոզելով, ձգտում ստեղծել «հայության հավաքական դեմք»՝ բուրժուազիայի գլխավորությամբ: Իրենց ծրագրերի բուրժուա–ազգայնական բովանդակությունը սպեցիֆիկները քողարկում էին սոցիալիստական, մարքսիստական ֆրազներով:
Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ընտ. երկ., հ. 1, Ե., 1972: Մարքս Կ., Լուի Բոնապարաի Բրյումերի տասնութը, նույն տեղում: Լենին Վ. Ի., Ի՛նչ են «ժողովրդի բարեկամները» և ինչպե՛ս են նրանք մարտնչում սոցիալ–դեմոկրատների դեմ, Երկ., հ. 1: Նույնի, Մարքսիզմ և ռևիզիոնիզմ, նույն տեղում, հ. 15: Նույնի, «Ձախ» երեխայության և մանր բուրժուականության մասին, նույն տեղում, հ. 27: Կասյան Ս., Սպեցիֆիկները և սպեցիֆիզմը, Թ., 1928: Թովմասյան Ն.Ռ., Մանրբուրժուական տնտեսագիտության քննադատության ուրվագծեր, Ե., 1961: Խուրշուդյան Լ. Ա., Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում, Ե., 1964: Ադոնց Մ. Հ., Հայաստանի ժողովրդական տնտեսությանը և հայ տնտեսագիտական միտքը XX դարի սկզբին, Ե., 1968: Петров В., Титов Б., Мелкобуржуазная политическая экономия, (Саратов), 1958; Против буржуазных и мелкобуржуазных теорий социализма, (Сб. ст.), М., 1972.
«ՄԱՆՐԳՅՈՒՂԱՅԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ» ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, բուրժուական քաղաքատնտեսության ուղղություն, ըստ որի գյուղատնտեսության մեջ մանր արտադրությունը, իբր, առավելություններ ունի խոշորի նկատմամբ, ուստի ավելի կենսունակ է և կայուն: Առաջացել և տարածվել է XIX դ. 2-րդ կեսին – XX դ. 1-ին քառորդում, Արևմտյան Եվրոպայի երկրներում: Տեսության կողմնակիցները (Կ. Կլավկի, Է. Դավիդ, Մ. Ի. Տուգան-Բարանովսկի, Ն. Ա. Կաբլուկով, Վ. Մ. Չեռնով, Պ. Պ. Մասլով և ուրիշներ) ձգտում էին ժխտել գյուղատնտեսության մեջ կապիտալի ու արտադրության կենտրոնացման ու համակենտրոնացման Մարքսի հայտնագործած տնտեսական օրենքների գործողությունը, պատճառաբանելով, որ գյուղատնտեսության բնական առանձնահատկությունները, իբր, խոչընդոտում են մեքենայական տեխնիկայի լայն կիրառմանը, տնտեսությունների խոշորացմանը և,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/249
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ