Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հայ և բյուզանդական եկեղեցիների միության հարցով ու մերժվել: Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ում պահպանվեւ է Մ. I-ի՝ հայերին ուղղված նամակների հայերեն թարգմանությունը, որոնց հուն. բնագրերը կորել են:
Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Микаелян Г., История Киликийского армянского государства, Е., 1952.Հ. Բարթիկյան ՄԱՆՈՒԻԼՍԿԻ Դիմիտրի Զախարովիչ (1883-1959), սովետական պետական և կուսակցական գործիչ: ՈւՍՍՀ ԳԱ իսկական անդամ (1945): Կոմունիստական կուսակցության անդամ 1903-ից: Մ. Կրոնշտադտի, ապա Սվեաբորգի զինված ապստամբությունների (1906) կազմակերպիչներից է. ձերբակալվել և դատապարտվել է աքսորի, բանտից փախել է Կիև, այստեղ մտել է ՌՍԴԲԿ կոմիտեի մեջ: 1907-12-ին տարագրվել է Ֆրանսիա, մտել «Վպերյոդ» խմբի մեջ: 1912-13-ին կուսակցական աշխատանք է կատարել Պետերբուրգում և Մոսկվայում, ապա նորից տարագրվել Ֆրանսիա: 1917-ի մայիսին վերադարձել է Ռուսաստան:
ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարում մտել է բոլշևիկյան կուսակցության մեջ: 1922-ից աշխատել է Կոմինտերնում, 1924-ից՝ Կոմինտերնի ԳԿ–ի (ԿԻԳԿ) Նախագահության անդամ, 1928-43-ին՝ ԿԻԳԿ քարտուղար: 1942–44-ին աշխատել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ում և Կարմիր բանակի գլխավոր քաղ. վարչությունում, 1944-ից՝ ՈւՍՍՀ ԺԿԽ նախագահի տեղակալ և ՈւՍՍՀ արտաքին գործերի ժողկոմ, 1946–53-ին՝ ՈւՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ: Կուսակցության X-XIX համագումարների պատգամավոր, XI համագումարում ընտրվել է ԿԿ անդամության թեկնածու, XII-XVIII-ում՝ անդամ: ՍՍՀՄ II-III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Հեղինակ է միջազգային բանվորական և կոմունիստական շարժման ստրատեգիայի ու տակտիկայի հարցերին նվիրված մի շարք աշխատությունների: Պարգևատրվել է Լենինի 3 և Կարմիր դրոշի շքանշաններով:
ՄԱՆՈՒԼ (Felis manul), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն: Մարմնի երկարությունը 52-65 սմ է, պոչինը՝ 21-25: Մարմինը զանգվածեղ է, կարճ ոտքերով, գլուխը՝ տափակ, պոչը՝ հաստ, ունի այտամորուքներ: Դեղնագորշ, երկար, խիտ ու փափուկ մազերով մորթու վրա կան սև խալեր (գլխին) ու շերտեր (մարմնին ու պոչին): Տարածված է լեռնային քարքարոտ տափաստաններում ու կիսաանապատներում: ՍՍՀՄ–ում հանդիպում է Միջին Ասիայում, Անդրբայկալում, ՀՍՍՀ–ում (Արարատի շրջանում): Հազվագյուտ կենդանի է: Ակտիվ է մթնշաղին և գիշերը, սնվում է կրծողներով, թռչուններով, մողեսներով:
ՄԱՆՈՒԿ ԲԵՅ, Միրզաջան Մանուկ Մարտիրոսի (1769, Ռուշչուկ – 20.6.1817, Հնչեշտ (այժմ՝ Կոտովսկ)), ռումինահայ դիվանագետ, առևտրական գործիչ: 1802-ին Վալաքիայի իշխանից ստացել է ազնվականի տիտղոս, 1806-ին նշանակվել Ռուշչուկի գավառապետի խորհրդական: 1807-ին թուրք–դանուբյան զորքի հրամանատար Մուսաաֆա փաշան Մ. Բ–ին է հանձնել բանակի մատակարարման, ռուսների հետ հաշտության բանակցություններ վարելու գործը: 1808-ին թուրք. սուլթանից ստացել է Մոլդովայի իշխանի և բեյի աստիճան, բայց ունեցել է ռուս. կողմնորոշում: Ռուս. հրամանատարությանն աջակցելու համար 1810-ին պարգևատրվել է Ս. Վլադիմիրի III աստիճանի խաչով: Դանուբյան ռուս. բանակի հրամանատար Մ. Ի. Կուտուզովը Մ. Բ–ի իջևանատանն էր հաստատել իր բանակի շտաբը: Գործուն մասնակցություն է ունեցել 1812-ի ռուս–թուրքական հաշտության պայմանագրի կընքմանը: Խուսափելով թուրք. կառավարության հաշվեհարդարից, 1813-ին Բուխարեստից անցել է Տրանսիլվանիա, ապա հաստատվել Քիշնևում և դարձել ռուսահպատակ: 1814-ին Մ. Բ–ին շնորհվել է պետ. խորհրդականի աստիճան:
Մ. Բ. մեծ ծառայություններ է մատուցել Ռուշչուկի և բալկանյան այլ քաղաքների տնտ. զարգացմանը (տրամադրել է փոխառություններ, հիմնել մանուֆակտուրաներ, կալվածքներ ևն): Նրա անվամբ կոչվել են ռումին. երկու գյուղ: Մ. Բ. Հայաստանի ազատազրումը կապել է Ռուսաստանի հետ: Այցելել է Հայաստան, նյութական օժանդակություն ցույց տվել Էջմիածնի, Մուշի, Երուսաղեմի և այլ վայրերի վանքերին: Բուխարեստի հայոց եկեղեցու մերձակայքում հիմնել է քաղաքում առաջին հայկ. դպրոցը (1817): Մ. Բ–ի արխիվը պահվում է Բուխարեստի Պատմության թանգարանում:
Գրկ. Հովնանյան Ղ., Միրզայան Մանուկ Բեյին վարուց պատմությունը, Վնն., 1852: Սիրունի Հ. Ճ., Էջեր Մանուկ Բեյի կյանքեն, «ԲՀԱ», 1969, № 3, 1970, № 2-3: Ս. Քոլանջյան ՄԱՆՈՒԿՅԱՆ Ազատ Մինասի (3(15).12. 1878, զ. Մեծ Ագարակ (Երզնկայի գավառ) – 7.5.1958, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր, մանկավարժ և խմբավար: ՎՍՍՀ (1936) և ՀՍՍՀ (1952) արվեստի վաստ. գործիչ և վաստ. ուսուցիչ, ՀՍՍՀ աշխատանքի հերոս (1935): Սովորել է Ք. Կարա–Մուրզայի խմբավարական (1899) և Պետերբուրգի պալատական երգչախմբի դասընթացներում (1903-05): Որպես մանկավարժ և խմբավար աշխատել է Թբիլիսիի և Երևանի հայկ. դպրոցներում: Հեղինակ է բազմաթիվ մանկական երգերի և խմբերզերի (ամփոփված «Փնջիկ»-ների 10 ժողովածուներում) և մի շարք մանկական օպերաների՝ «Չարի վերջը» (ըստ Հ. Թումանյանի, բեմ. 1936), «Ոսկե ձկնիկի հեքիաթը» (ըստ Պուշկինի, 1937), «Սասունցի մանուկ Դավիթ» (ըստ Վ. Մանվելյանի, 1939), «Համառ գորտը» (1946) և «Կամակոր Նունիկը» (ըստ Վ. Մխիթարյանի, 1952): Կազմել և հրատարակել է «Ա. Ս. Պուշկինը դպրոցական երգերում» (1937) և «Դպրոցական երգարան» (1940): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Լենինի շքանշաններով:
Գրկ. Մուրադյան Մ., Ազատ Մանուկյան, 1977: Атаян Р., Мурадян М., Тадевосян Ал., Армянские композиторы, Е., 1956.Մ. Մուրադյան ՄԱՆՈՒԿՅԱՆ Ալեք Թագվորի (ծն. 1901, Զմյուռնիա), սփյուռքահայ հասարակական գործիչ, մեծահարուստ արդյունաբերող, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ: Մասնագիտությամբ ինժեներ: 1920-ից ապրում է ԱՄՆ–ում (1924-ից՝ Դետրոյտում): 1943-ին ընտրվել է ՀԲԸՄ վարչական խորհրդի կազմում, 1953-ից ՀԲԸՄ նախագահն է (ցմահ): 1968-ին 1 մլն դոլլար հիմնադրամով հիմնել է «Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամը», որի նպատակն է զարկ տալ հայկ. մշակույթի զարգացմանը սփյուռքում, նյութապես օժանդակել և խրախուսել սփյուռքահայ ստեղծագործողներին: Գումարներ է նվիրաբերում նաև հայկ. դպրոցներին, մշակութային միություններին, մարզական ու երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին (1980-ին այդ նվիրատվություններն անցել են 10 մլն դոլլարից): Հանդես է գալիս հօգուտ սփյուռքի ն Սովետական Հայաստանի կապերի ամրապնդման:Պ. Մարտիրոսյան ՄԱՆՈՒԿՅԱՆ Անդրանիկ Ալեքսանդրի (ծն. 17.5.1917, գ. Բնունիս (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)), Սովետական Միության հերոս (27.2.1945), գվարդիայի կապիտան: ՍՄԿԿ անդամ 1940-ից: Հայրենական մեծ պատերազմում աչքի է ընկել Սևաստոպոլի, Ստալինգրադի, Կուրսկի պաշտպանության, Ուկրաինայի ազատագրման համար մղված մարտերում: Սովետական Միության հերոսի կոչման արժանացել է 1945-ի հունվարին Լեհաստանի ազատագրման ժամանակ կատարած հետախուզական գործողությունների համար: Մասնակցել է նաև Օդերի գետանցմանը, Օդերի, Ֆրանկֆուրտի և Բեռլինի գրավմանը: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով: 1946-ին զորացրվել է, աշխատանքի անցել Բաքվում:
Դիմանկարը տես հաջորդ էջում:Ռ. Գրիգորյան ՄԱՆՈՒԿՅԱՆ Աշիկ Ավետի (1.10.1903–10.1.1977), սովետական տնտեսագետ: