Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատանք է կատարել Կ. Պոլսում: Դասավանդել է Կեդրոնական, Պեզեզյան, Դպրոցասեր տիկնանց, Նոր դպրոց վարժարաններում: 1922-ին տեղափոխվել է Սովետական Հայաստան, աշխատել Երևանում՝ Մյասնիկյանի անվ. միջնակարգ դպրոցում (1923-29), միաժամանակ, Երևանի համալսարանում և Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ-ում, եղել է օտար լեզուների ամբիոնի վարիչ, դասավանդել գերմ. և անտիկ գրականություն: Մ. հեղինակ է «Հովհ. Թումանյանի «Անուշը» (1931), «Րաֆֆիի Ջալալեդդինի ծագումը» (1932) աշխատությունների: Նշանակալի ավանդ ունի Հ. Պարոնյանի երկերի առաջին գիտական լիակատար հրատարակման գործում: Նրա ջանքերով հատորները լույս են տեսել գիտական բանասիրական հմուտ ու հարուստ ծանոթագրություններով: Թարգմանել է (տողացի) Հայնեի «Երգերի գիրք»-ը (1935) (չափածոյի են վերածել Վ. Նորենցը և Գ. Սարյանը), Գյոթեի «Ֆաուստը» (Ե. Չարենցի հետ) և այլ գործեր:
ՄԱՆՈՒԿՅԱՆ Սարիբեկ Արմենակի (ծն. 10.2.1917, Երևան), հայ սովետական գրականագետ: Բանասիրական գիտ. դ-ր (1972): ՍՄԿԿ անդամ 1955-ից: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1945-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1949-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստ-ում: Հրատարակել է «Գեղամ Սարյան» (1954), «Ժողովուրդների բարեկամության արտացոլումը սովետահայ գրականության մեջ» (1956), «Վահան Թոթովենց» (1959), «Պերճ Պռոշյան» (1964), «Լևոն Բաշալյան» (1969), «Հակոբ Հակոբյան» (1975) աշխատությունները: Մասնակցել է «Հայ նոր գրականության պատմության» (հ. 1-5, 1962-79, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1980) ստեղծման գործին: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով:
ՄԱՆՈՒԿՅԱՆ Սոս Մնացականի (ծն. 15(28).1.1911, գ. Չիբուխլու (այժմ՝ ՀՍՍՀ Սևանի շրջանի գ. Ծովագյուղ)), հայ սովետական ճարտարապետ: ՀՍՍՀ վաստ. ճարտարապետ (1961): Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ը (1937): 1936–41-ին կազմել է մի շարք բնակավայրերի (Էջմիածին, Սևան ևն) գլխավոր հատակագծերը: Մ–ի նախագծերով կառուցվել են Թումանյանի (1945-55), «ԿԱՆԱԶ» գործարանի (1948-62) բանավանները, Էջմիածնի (1945-46) և «ԿԱՆԱԶ» գործարանի (1953-54) մշակույթի պալատները, կույրերի տուն–կոմբինատը Երևանում (1947), բնակելի տներ Ազատության (1949-52), Օրջոնիկիձեի (1950-52) պողոտաների վրա (երկուսն էլ՝ Զ. Տոնիկյանի հետ) ևն, Լենինականում, ակումբներ Զեյվայում (1949), Սևանա թերակղզում (1952-53), Ծովագյուղում (1965-1966), Աշտարակում (1972), երկաթուղային կայարաններ (1965-70), Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձան Ծովագյուղում (1967): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
ՄԱՆՈՒԿՅԱՆ Փայլակ Սարգսի (ծն. 14(27). 12.1909, ք. Կարս), հայ սովետական ճարտարապետ: ՀՍՍՀ վաստ. շինարար (1961): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ի շինարարական ֆակուլտետը (1935): Ստեղծագործություններից են՝ Լենինականի (1933), Աշտարակի (1949), Ջերմուկի (1952) գլխավոր հատակագծերը, բնակելի և վարչական շենքեր, Երևանի Կիրովի այգում կանգնեցված կարմիր բանակի մարտիկներին նվիրված հուշասյունը (1940, ճարտ. Հ. Դավթյանի հետ):
ՄԱՆՈՒՄ, մանող մեքենայով (հնում՝ ճախարակով և ձեռքի իլիկով) մանվածքի կամ նախաթելի պատրաստում: Լայն իմաստով մանածագործությունը կազմող տեխնոլոգիական պրոցեսների ամբողջություն:
ՄԱՆՈՒՇԱԿ (Viola), մանուշակազգիների ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի, երբեմն կիսաթփերի ցեղ: Տերևները հերթադիր են կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով: Ծաղիկները միայնակ են, երկսեռ, հնգաթերթ, մանուշակագույն, սպիտակ կամ բազմագույն: Պտուղը եռափեղկ տուփիկ է: Հայտնի է Մ–ի շուրջ 500 տեսակ, գլխավորապես Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և Անդերում (ՍՍՀՄ–ում՝ 100 տեսակ, ՀՍՍՀ–ում՝ 14): Մ–ի որոշ տեսակներ օգտագործվում են ծաղկաբուծության (Վիտրոկի պարտեզային Մ. իր բազմաթիվ սորտերով), եթերայուղերի արտադրության (բուրավետ Մ.) և բժշկության (եռագույն Մ.) մեջ:
ՄԱՆՈՒՇԱԿ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Իզմիրի վիլայեթի Նիկոմեդիա գավառում: Հիմնադրել են համշենահայերը, 1892-ին: 1915-ին գյուղն ուներ 123 տուն (898 շունչ) բնակիչ: Զբաղվում էին ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ, նաև շերամապահությամբ: Կար եկեղեցի և երկսեռ վարժարան (վեցամյա և քառամյա): 1915-ին գյուղի բնակչությունը բռնի տեղահանվել և ոչնչացվել է: Կոտորածից փրկված 3 ընտանիք 1918-ին վերադարձել է Մ., իսկ 1923-ին՝ տեղափոխվել Սովետական Հայաստան:Բ. Թոռլաքյան ՄԱՆՈՒՇՅԱՆ Միսաք Գևորգի (1906, Ադիյաման (Արևմտյան Հայաստան) - 21.2. 1944, Փարիզ), հայ բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման գործիչ: Ֆրանսիայի կոմկուսի անդամ 1933-ից: Ծնվել է այգեգործի ընտանիքում: Ծնողները զոհվել են Մեծ եղեռնի օրերին: 1920-ական թթ. սկզբից ապաստանել է Լիբանանի Ճյունիա քաղաքի հայկ. որբանոցում, որտեղ և կրթություն է ստացել: 1925-ին տեղափոխվել է Ֆրանսիա: 1932-ին Ա. Սեմայի հետ լույս է ընծայել «Ջանք» գրական–գեղարվեստական հանդեսը: 1933-ին դարձել է ՀՕԿ–ի, ապա՝ նրա կենտրոնական վարչության անդամ: Լայն գործունեություն է ծավալել ֆրանսահայությանը Սովետական Հայաստանի նվաճումներին ծանոթացնելու, գաղթավայրը մայր հայրենիքի հետ կապելու ասպարեզում: 1935-37-ին խմբագրել է «Զանգու» շաբաթաթերթը, որի էջերում պաշտպանել է բանվոր դասակարգի շահերը, ՍՍՀՄ արտաքին քաղաքականությունը, պայքարել իմպերիալիզմի ու պատերազմի ուժերի դեմ: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) ժամանակ մասնակցել է Ֆրանսիայում գերմ. զավթիչների դեմ պայքարին: 1943-ի մարտին նշանակվել է «Ստալինգրադ» ջոկատի հրամանատար, մայիսից՝ Փարիզի ու Փարիզի շրջանի ազատ հրաձիգների և պարտիզանական բոլոր ինտերնացիոնալ ջոկատների հրամանատար: 1943-ի նոյեմբ. 16-ին ձերբակալվել է և երեք ամիս անց գնդակահարվել իր 22 մարտական ընկերների հետ:
1930-ական թթ. սկզբներից Մ–ի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ, մասնավորապես՝ ֆրանսահայ մամուլում: Վաղ շրջանի ստեղծագործություններում իշխել են անձնական հույզերն ու ապրումները: Այնուհետև երգել է աշխատավոր մարդու ցավն ու դասակարգային մաքառումները, ներբողել մայր հայրենիքը, հայ ժողովրդի վերածնունդը: 1947-ին (ետմահու) Փարիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն, որը վերահրատարակվել է Երևանում՝ «Իմ երգը» (1956) խորագրով: Պարգևատրվել է ֆրանս. «Պատվո լեգեոն» շքանշանով (ետմահու):
Մ–ի խմբի անունով փողոցներ կան Փարիզում, Մարսելում, Մ–ի անունով փողոցներ՝