Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բիբլիոգրաֆիայի համար, 10): Избр работы, т. 1-5, М.-Л., 1933-37.
Գրկ. Մովսիսյան Ա., Ն. Յա. Մառի կյանքը և ստեղծագործությունը, Ե., 1946: Մառը և հայագիտության հարցերը, Ե., 1968: Մնացականյան Մ. Խ., Նիկողայոս Մառը և հայկական ճարտարապետությունը, Ե., 1969: Миханкова В, А., Николай Яковлевич Марр. Очерк его жизни и научной деятельности, 3 изд., М.-Л., 1949; Абаев В. И., Н. Я. Марр (1864-1934). К 25-летию со дня смерти, «Вопросы языкознания», 1960, № 1; Орбели И. О., Н. Я. Марр как археолог, «Избранные труды», Е., 1963.Պ. Մուրադյան ՄԱՌԱԽՈՒՂ, օդի երկրամերձ շերտում ջրի մանր կաթիլների կամ սառցի բյուրեղների կուտակում, որը նվազեցնում է հորիզոնական տեսանելիությունը մինչև 1 կմ: Հակառակ դեպքում օդի այս կարգի պղտորությունը կոչվում է մշուշ կամ միգաշղարշ: Ավելի լայն իմաստով Մ. կաթիլահեղուկային դիսպերս ֆազով աերոզոլ է, որն առաջանում է գերհագեցած գոլորշիների կոնդենսացումից: Տարբերում են Մ–ի 3 հիմնական տեսակ՝ սառեցման, գոլորշիացման և խառը: Սառեցման Մ. առաջանում է, երբ օդի ջերմաստիճանը նվազելով (ադվեկտիվ կամ ռադիացիոն) իջնում է ցողի կետից, դիտվում է մեծ մասամբ գիշերները կամ վաղ առավոտյան: Գոլորշիացման Մ. Երկրի տաք մակերևույթից դեպի ցուրտ օդը տեղի ունեցող գոլորշիացման արդյունք է, դիտվում է տարվա ցուրտ եղանակներին ջրային մակերևույթների և գետերի վրա: Խառը Մ. առաջանում է տարբեր ջերմաստիճանի և խոնավության օդային զանգվածների խառնվելու հետևանքով: Տարբերում են նաև ներզանգվածային և ճակատային (առաջանում է մթնոլորտային ճակատի շրջակայքում) Մ–ներ: Հաճախ դիտվում են ներզանգվածային և սառեցման Մ–ներ:
ՄԱՌԱՄԲԻՋԻ (Murrumbidgee), գետ Ավստրալիայի հարավ–արևելքում, Մուրեյ գետի աջ վտակն է: Երկարությունը 2172 կմ է, ավազանը՝ 165 հզ. կմ²: Սկիզբ է առնում Ավստրալիական Ալպերի հս. լեռնաճյուղերից: Գլխավոր վտակը Լակլանն է (աջից): Հոսքը կարգավորված է (գետի վրա կա ջրամբար և ՀԷԿ): Ջրի տարեկան միջին ծախսը Բալրանալդ քաղաքի մոտ 77 մ³/վրկ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման համար: Անձրևային շրջանում նավարկելի է մինչև Ուոգա քաղաքը: Չոր եղանակին երբեմն ցամաքում է:
ՄԱՌԱՆ, տնտեսական օժանդակ կառույց–մթերանոց ժողովրդական տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիք և ըմպելիք: Մ. լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, տկերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր և թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր ևն: Ճարտ. առումով Մ. լեռնային–նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություն՝ հնձանի հետ համատեղ (հնձան–մառան): Հին և միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական և վանքապատկան համակառույցների կազմում Մ. եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք և ունեցել տնօրեն–մառանապետ: Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդ. արտադրության հետ, Մ. դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման և հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր:
Մ. գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաև որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ «մեղրամսի» ընթացքում:Դ. Վարդումյան ՄԱՌԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1266, տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, Եգիպտոսի արաբական սուլթանության և Կիլիկյան Հայաստանի զորքերի միջև, Մառի կոչվող կապանում (Սև լեռների շրջան): Եգիպտոսի սուլթան Բիբարսը, օգտվելով մոնղ. տիրակալության տրոհումից ու թուլացումից, վերանվաճեց Հյուսիսային Ասորիքը և 30-հազարանոց զորաբանակով ներխուժեց Կիլիկիա: Հեթում Ա թագավորը շտապեց դաշնակից մոնղոլներից զինական օգնություն խնդրելու, թշնամու դեմ ուղարկելով 15-հազարանոց մի զորամաս՝ իր որդիներ Լևոնի ու Թորոսի հրամանատարությամբ: Հակառակորդի գերակշռող ուժերի (սուլթանի բանակին միացել էր նան Հալեպի ամիրայության 15-հազարանոց զորամասը) դեմ հայկ. զորքերը նահանջեցին, Թորոսը մարտում զոհվեց, իսկ Լևոնը գերեվարվեց: Մինչև Հեթում Ա–ի վերադարձը թշնամին ավերեց և ավարի մատնեց Սիս մայրաքաղաքը և այլ բնակավայրեր, գերեվարեց շուրջ 40 հզ. բնակիչ:
ՄԱՌԼՈ (Marlowe) Քրիստոֆեր (1564-1593), անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ: Ավարտել է (1583) Քեմբրիջի համալսարանը: Հրաժարվելով հոգևոր պաշտոնից՝ 1587-ին մեկնել է Լոնդոն, դարձել դերասան: Ստեղծագործություններում Մ. հումանիստական հայացքներն ու գիտունությունը զուգորդել է անգլ. ժող. թատրոնի ավանդույթների հետ: Աթեիստական և հանրապետական մտքերի համար կյանքի վերջին տարիներին եղել է գաղտնի ոստիկանության հսկողության տակ: Սպանվել է պանդոկում միտումնավոր սարքված կռվի ժամանակ:
Մ–ի առաջին ողբերգությունը «Մեծ Թամեռլան»-ն է (1587-88, հրտ. 1590)՝ դրամայի վերածված կենսագրությունը Թեմուրի, որի բերանում ասավածամարտ հանդուգն խոսքեր են դրված: «Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը» (1582, հրտ. 1604) պիեսի կենտրոնում կերպարն է գրբացի, ուսյալ դոկտորի, որի համար իմացությունը վեր է ամեն ինչից, հանուն դրա նա ըմբոստանում է նաև կրոնի դեմ: Տիտանականությունն է բնորոշ «Մալթացի հրեան» (մոտ 1588, հրտ. 1633) ողբերգության հերոսի համար: «Էդուարդ II» (1593, հրտ. 1594) պատմական ժամանակագրության մեջ Մ. արդեն հերոսներին զրկել է բացառիկությունից՝ նրանց մոտեցնելով կյանքին: Նրա պատմական ժամանակագրության մեջ, ինչպես հետագայում Շեքսպիրի ժամանակագրության մեջ, քննարկվում են քաղ. այժմեական խնդիրներ: Մ–ի ստեղծած ողբերգությունը նոր փուլ էր այդ ժանրի զարգացման ասպարեզում:
Երկ. The Works..., v. 1-6, L., 1930-33.
Գրկ. Парфенов А., Кристофер Марло, М., 1964.
ՄԱՌՆ (Marne), գետ Ֆրանսիայի հյուսիսում, Սենի աջ վտակը: Երկարությունը 525 կմ է, ավազանը՝ 12,7 հզ. կմ²: Սկիզբ է առնում Լանգր սարավանդից, Փարիզի մոտ միախառնվում Սենին: Սնումը անձրևային է: Վարարում է ձմռանը, ծանծաղում՝ ամռանը: Նավարկելի է մինչև Էպոռնե քաղաքը: Ջրանցքներով միացած է Մաաս և Հռենոս գետերի ավազաններին: Մ–ի մոտ աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել խոշոր ճակատամարտ (տես Մառնի ճակատամարտ 1914):
ՄԱՌՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1914, խոշոր ճակատամարտ անգլո–ֆրանսիական և գերմանական զորքերի միջև, Մառն գետի մոտ, աոաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ, սեպտեմբերի 5-12-ը: Ավարտվել է գերմ. զորքերի պարտությամբ: Երկու կողմից ճակատամարտին մասնակցել են 116 դիվիզիա (մոտ 2 մլն զինվոր), ավելի քան 6.600 թնդանոթ: Գերմ. զորքերի անհաջողության հիմնական պատճառներն էին ռազմաճակատի արմ. թևում ուժերի փոխհարաբերության փոփոխությունը հօգուտ Անտանտի բանակների, գերմ. հրամանատարության համար բավարար քանակությամբ պահեստային ուժերի բացակայությունը, ռուս. բանակի վճռական հարձակումը Արևելյան Պրուսիայում, որը ստիպեց գերմ. հրամանատարությանը արմ. ոազմաճակատից ուժեր փոխադրել արլ.: Գերմ. զորքերի պարտությունը ձախողեց պատերազմում շտապ հաղթանակ ձեռք բերելու գերմ. ստրատեգիական պլանը:
Մառն գետի մոտ ճակատամարտ տեղի է ունեցել նաև 1918-ին, գերմ. և Անտանտի զորքերի միջև, երբ գերմ. հիմնական ուժերը նահանջել են՝ տալով մեծ կորուստներ:
ՄԱՌՆԿՈՒ–ՄԶՐԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում: 1909-ին ուներ 10 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին:
ՄԱՌՔ ՀԱՅԿԱՆՈՒՇ Մարգարի (1883, Կ. Պոլիս – 1966, Կ. Պոլիս), հայ գրող, հասարակական գործիչ: 1898-ին ավարտել է Էսայան միջնակարգ վարժարանը: Երկար տարիներ ուսուցչություն է արել Կ. Պոլսի հայկ. դպրոցներում: 1905-ին իր ամուսնու՝ Վ. Թոշիկյանի հետ երկու տարի հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը: 1907-ին մեկնել է Զմյուռնիա, աշխատակցել «Արշալույս» և «Արձագանք» թերթերին: 1909-ին վերադարձել է Կ. Պոլիս, արձակ ու չափածո գործերով հանդես եկել «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Ժամանակ», «Երիտասարդ հայուհի» և այլ պարբերականներում: 1919-32-ին հրատարակել է «Հայ կին» կիսամսյա հանդեսը: 1921-ին լույս է տեսել նրա «Ծուլության