կառուցվածքայնության անսպառելիություն ևն): Ընդհանրացնելով բնագիտության նորագույն նվաճումները և մարքսիստական փիլիսոփայության դրույթները՝ Լենինը ձևակերպեց Մ–ի սահմանումը. «Մատերիան փիլիսոփայական կատեգորիա է՝ նշանակելու համար օբյեկտիվ ռեալությունը, որ տրված է մարդուն նրա զգայությունների մեջ, … գոյություն ունենալով նրանցից անկախ» (Երկ., հ. 14, էջ 161):
Մ–ի գաղափարը նրա դրսևորման կոնկրետ ձևերի ֆիզիկական հատկանիշների հետ նույնացնելու փաստով էր պայմանավորված այն ճգնաժամային վիճակը, որը ստեղծվեց ֆիզիկայում XX դ. սկզբին՝ կապված ատոմի տրոհման և ռադիոակտիվության հայտնագործման հետ: Այս փաստերը շատ մտածողների հանգեցրին այն եզրակացությանը, որ Մ. չքանում է, մնում է միայն շարժումը: Այս միտումը հանգեցրեց, մասնավորապես, էներգետիզմի (Օստվալդ), որը փորձում էր աշխարհի հիմքում դնել զուտ էներգիան՝ առանց նրա մատերիական կրողի: Վ. Ի. Լենինը ցույց ավեց, որ դա արդյունք է Մ–ի մետաֆիզիկական պատկերացման, երբ Մ. ըմբռնվում է որպես որոշակի ֆիզիկական վիճակ, և առաջ քաշեց Մ–ի կառուցվածքայնության անվերջության գաղափարը, որն ամենևին էլ նույնական չէ նյութի անվերջ բաժանելիության մեխանիկական ըմբռնմանը: Ներկայումս հայտնի է Մ–ի դրսևորման երկու հիմնական ձև՝ նյութ և դաշտ: Այդ ձևերը միմյանց հետ փոխկապված են և ամենևին էլ վերջնական չեն:
Գրկ. Էնգելս Ֆ., Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Ե., 1972: Նույնի, Անտի–Դյուրինգ, Ե., 1967: Լենին Վ. Ի., Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ., հ. 14: Архипцев Փ. Т., Материя как философская категория, М., 1961; Диалектика в науках о неживой природе, М., 1964, разд. 2; Философские проблемы физики элементарных частиц, М., 1963; Мелюхин С. Т., Материя в ее единстве, бесконечности и развитии, М., 1966; Նույնի, Материальное единство мира в свете современной науки, М., 1967; Структура и формы материи, М., 1967; Кедров Б. М., Ленин и революция в естествознании XX века, М., 1969; Исследования по общей теории систем, М., 1969; Ленин и современное естествознание, М., 1969; Марков М.А., О природе материи, М., 1976.
ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ (լատ. materialis – նյութական), փիլիսոփայական ուղղություն, որը փիլիսոփայության հիմնական հարցը լուծելիս, ի հակադրություն իդեալիզմի, առաջնային է համարում կեցությունը, բնությունը՝ դրանից ածանցելով մտածողությունը, գիտակցությունը, ոգին: Մ–ի հիմնական հասկացությունը մատերիան է, այսինքն՝ աշխարհը (բնությունը), վերցված որպես օբյեկտիվ իրականություն, որը գոյություն ունի և կառավարվում է իրեն ներհատուկ օրենքներով և իր բացատրության համար կարիք չունի իրենից դուրս կամ վեր կանգնած որևէ ուժի, էության, կարգի, ինչպես այդ պնդում է փիլիսոփայական իդեալիզմը: Մ–ի իմացաբանությունը արտացոլման տեսությունն է, ըստ որի զգայությունները օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերն են: Մ–ի առաջին պատմական ձևը անտիկ Մ. է: Աշխարհը դեռ բաժանված չէր մասնավոր գիտությունների հետազոտության բնագավառների, չկար բուն իմաստով փորձարարական նյութ, ուստի անտիկ Մ. հայեցողական էր. նա աշխարհը դիտում էր որպես ամբողջություն՝ սեփական կյանքով ապրող յուրովի մի օրգանիզմ՝ ներդաշնակորեն կառուցված, օրինաչափ տիեզերք՝ «կոսմոս», և գանում էր, որ կա ինքնուրույն մատերիական նախասկիզբ, որն ընկած է աշխարհի բազմազանության հիմքում (միլեթյան դպրոցի «սկզբնամատերիան» և «արխեն», Անաքսագորասի «հոմեոմերիաները», Էմպեդոկլեսի «չորս տարրերը» ևն): Աշխարհի վերջնական տարրերի վերաբերյալ պատկերացումների զարգացումը եղավ ատոմիզմի ուսմունքը (Լևկիպոս, Դեմոկրիտ, Էպիկուր): Միջնադարում իշխող կրոնա–իդեալիստական փիլիսոփայության շրջանակներում ընդհանուր աոմամբ մատերիալիստական միտում ուներ միայն նոմինալիզմի պնդումը վերացական ընդհանրական էությունների նկատմամբ առանձին, եզակի առարկաների առաջնայնության մասին (տես Նոմինալիզմ և ռեաիզմ): Բնության ինքնաբավ գոյության և ինքն իրենով բացատրելի լինելու մատերիալիստական գաղափարն այստեղ դրսևորվում էր «աստծու և բնության հավետակցության» և «երկակի ճշմարտության» տեսությունների ձևով: Այս հանգամանքները խիստ ուշագրավ են հայ միջնադարյան փիլիսոփայության գնահատման համար, որի մեջ մեծ զարգացում էր ստացել հետևողական նոմինալիզմը (Հովհաննես Սարկավագ, Վահրամ Րաբունի, Գրիգոր Տաթևացի, Հովհանն Որոտնեցի): Մ–ի հաջորդ պատմական ձևը, որն սկզբնավորել է Ֆ. Բեկոնը, կապված է բուրժ. արտադրահարաբերությունների կազմավորման և փորձնական բնագիտության զարգացման հետ: Նոր ժամանակի Մ. բացառում էր փորձնական դրսևորում չունեցող ամեն տեսակ վերացական մետաֆիզիկական էությունները և աշխարհի հիմքում դնում էր մատերիան նյութական մասնիկների, մարմնական սուբստանցի ձևերով: Բնագիտության և փիլիսոփայության դասականների համար (Թ. Հորս, Ջ. Լոկ, Պ. Գասենդի, Գ. Գալիլեյ, Ի. Նյուտոն, Պ. Լապլաս ևն) աշխարհը (բնությունը) ներկայանում էր որպես մի հսկայական մեխանիզմ, որը կառավարվում է մեխանիկայի օրենքներով և նկարագրելի է մաթեմատիկական բանաձևերի լեզվով: Գիտական բացատրության եղանակով դա, ուրեմն, մեխանիստական Մ. էր (տես Մեխանիցիզմ): Փորձնական բնագիտությանը հատուկ վերլուծական մեթոդը և մեխանիստական մտածելակերպը, փոխադրվելով փիլիսոփայության մեջ, կազմեցին նաև ժամանակի Մ–ի բնորոշ սահմանափակությունը՝ նրա մետաֆիզիկական բնույթը (հակադիալեկտիկայի իմաստով): Մետաֆիզիկական Մ. իշխում էր ընդհուպ մինչև XIX դ. կեսերը: Եվ միայն առանձին մատերիալիստներ (Բ. Սպինոզա, Դ. Դիդրո) կռահում էին մեխանիկա–մետաֆիզիկական մտածելակերպի սահմանափակությունները: Այս Մ-ի համար բնորոշ էր նաև ձգտումը՝ մարդուն դնելու բնության ընդհանուր կարգի մեջ և մարդու մասին գիտությունը ստեղծելու բնագիտության տիպարով: Սակայն նա անկարող գտնվեց տալու մարդկային հասարակության հետևողական մատերիալիստական բացատրությունը: XVIII դ. ֆրանս. Մ. (Ժ. Լամետրի, Կ. Հելվեցիուս, Դ. Դիդրո, Պ. Հոլբախ) հատկապես զարգացրեց սենսուալիստական արտացոլման տեսությունը, հետևողականորեն դրսևորեց Մ–ի կապն աթեիզմի հետ: Մ–ի այս ձևի բարձրակետը եղավ Լ. Ֆոյերբախի ուսմունքը, որը ցույց ավեց իդեալիզմի անխուսափելի կապը կրոնի հետ: Հատուկ տեղ ունի ռուս հեղափոխական դեմոկրատների ուսմունքը, որի մեջ Մ. զուգակցված է սոցիալական հեղափոխության դիալեկտիկական գաղափարի հետ: XIX դ. աշխարհի վերաբերյալ բնագիտական հայացքի հաղթանակի շնորհիվ ակնհայտ դարձավ Մ–ի ներքին կապը բնագիտության հետ: Մ. գերիշխում էր բնագետների շրջանում (այսպես կոչված, բնապատմական կամ բնագիտական Մ.): Պատահական չէ, որ երբեմն մատերիալիստորեն մեկնաբանվում էր նաև պոզիտիվիզմը, որքանով որ այն հռչակում էր աշխարհի գիտական ճանաչողության իդեալը: Բուն Մ–ի մեջ ևս նկատվում էր փիլիսոփայությունը բնագիտության արդյունքների հանրամատչելի վերաշարադրմամբ փոխարինելու միտումը («գռեհիկ» Մ.):
XIX դ. մի շարք հայ մտածողների (Խ. Աբովյան, Ս. Պալասանյան, Ս. Ոսկանյան, Ա. Գարագաշյան, Դ. Կոստանդյան) հայացքներում Մ–ի աղբյուրը, մի կողմից, անմիջականորեն եվրոպական միտքն էր՝ XVIII դ. ֆրանս. Մ., XIX դ. բնապատմական Մ., ինչպես և մատերիալիստորեն մեկնաբանված պոզիտիվիզմը, իսկ մյուս կողմից՝ ռուս հեղափոխական դեմոկրատների Մ., որի անմիջական ազդեցությամբ ձևավորվեցին Մ. Նալբանդյանի և հայ առաջադեմ մտավորականության հայացքները:
Մ–ի հաջորդ պատմական ձևը դիալեկտիկական մատերիալիզմն է՝ առավել հետևողական մատերիալիստական փիլիսոփայությունը, որը համապատասխանում է հասարակական կյանքի և գիտական ճանաչողության զարգացման որակական նոր աստիճանին: Այն հաղթահարեց մինչմարքսիստական Մ–ի սահմանափակությունները և առաջին անգամ տվեց պատմության մատերիալիստական ըմբռնումը (տես Պատմական մատերիալիզմ): Մ–ի արտացոլման տեսության դիալեկտիկական վերակառուցումը հնարավորություն ընձեռեց լուծելու գիտության առաջադիմության ընթացքում ծագող իմացաբանական դժվարությունները, որոնց հանդեպ անզոր էր մետաֆիզիկական–մեխանիստական Մ–ի հայեցողական իմացաբանությունը:
Գրկ. տես Դիալեկտիկական մատերիալիզմ, Պատմական մատերիալիզմ, մատերիալիստ փիլիսոփաներին վերաբերող հոդվածների գրականությունը:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/287
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ