թերակղզու հյուսիսային ափին, Բաքվի Ազիզբեկովյան շրջանում: 17 հզ. բն. (1975): Մերձծովյան կլիմայական առողջարան է: Բուժիչ միջոցները, օդա–արևածովաբուժություն, խաղողաբուժություն: Մ–ում բուժվում են արյան շրջանառության, մարսողության, նյարդային համակարգի հիվանդություններով տառապողներդ:
ՄԱՐԴԵՐ, հնագույն ցեղ Իրանում և Հայաստանում: Մ–ի մասին առաջին հիշատակությունը պահպանվել է Վիդևդատում (մ. թ. ա. VII-VI դդ.): Մ. թ. ա. 546-ին Աքեմենյան Կյուրոս II թագավորի բանակում մասնակցել են Սարդեսի գրավմանը: Մ. թ. ա. V դ. վերջին, ըստ Քսենոփոնի, Մ. որպես վարձկան զինվորներ, Հայոց Որոնտես սատրապի բանակում դիմադրել են Հայաստանով նահանջող հուն. զորքին: Մ. Հայաստանում հիմնականում բնակվել են Վասպուրական նահանգում՝ Վանա լճից հվ–արլ., Մարդաստան գավառում: Ենթադրվում է, որ Մ. ցեղանունը ընկած է Մարդե բերդի, Մարդուցայք (Մարդաստան) և Մարդաղի գավառների անունների հիմքում: Պարթևական թագավորությունում Մ–ին հանձնարարվել է Կասպիական դռների հսկողությունը, որի համար Հրահատ I թագավորը (մ. թ. ա. 176-171) նրանց հատկացրել է «Կասպիական լեռան» ստորոտին գտնվող Քարակ բնակավայրը: Տիգրան Բ Մեծի բանակում (մ. թ. ա. 68-ին) Մ–ի հեծյալ նետաձիգները մարտնչել են Հայաստան ներխուժած հռոմ. նվաճողների դեմ:
Մ. հետագայում ձուլվել են հայ ժողովրդին՝ հավանաբար հիմնելով Մարդպետունիների նախարարությունը:
Գրկ. Մանանդյան Հ., Երկ., հ. 1. Ե., 1977: Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե., 1963: Վարդանյան Վ. Մ., Մարդերը Վասպուրականում, «ՊԲՀ», 1971, № 3: Դանիելյան Է. Լ., Մարդերի ցեղը Հին Հայաստանում, «ՊԲՀ», 1976, № 1: Адонц Н., Армения в эпоху Юстиииана, Е., 1971.
ՄԱՐԴ–ԺԱՄ, աշխատաժամանակի հաշվառման միավոր: Արտահայտում է ծախսված աշխատանքի քանակը և աշխատաժամանակի կորուստը: Կատարված Մ–ժ. արտադրության մեջ մեկ մարդու փաստացի աշխատած ժամերի (սահմանված և այն գերազանցող՝ արտաժամ) թիվն է՝ առանց պարապուրդների, կերակրող մայրերի աշխատանքային և ներհերթափոխային այլ ընդմիջումների, ինչպես նաև դեռահասների արտոնյալ ժամերի:
ՄԱՐԴԻՆ, Մարտին, Մերտին, քաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում (այժմ՝ Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը): Ունի 33,6 հզ. բն. (1970): Կան սննդի, ցեմենտի ևն ձեռնարկություններ: Մ. հին բերդաքաղաք է, որտեղ պահպանվել են բազմաթիվ շենքերի, ամրոցի և պարիսպների ավերակներ: Իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն (1254-1324) գրում է, որ Մ–ի շրջակայքում մշակում էին մեծ քանակությամբ բամբակ, որից պատրաստում էին բեհեզ և այլ գործվածքներ: 1914-ին ուներ 25 հզ. խառը բնակիչ, որոնցից 1500 հայեր, մնացածը՝ թուրքեր, ասորիներ, քրդեր, արաբներ ևն: Հայերն զբաղվում էին հիմնականում արհեստներով, առևտրով, ունեին 2 եկեղեցի ու դպրոց: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, բուրժուական էմպիրիկ սոցիոլոգիայի (էկոնոմիկայի, արդյունաբերության և աշխատանքի սոցիոլոգիայի) շրջանակներում առաջացած ուսմունք, որն, ի հակադրություն թեյլորիզմի, արտադրության ոլորտում հարաբերությունները հանգեցնում է զուտ մարդկային՝ գաղափարական, հոգեբանական, բարոյական հարաբերությունների: Ստեղծվել է ԱՄՆ–ում, XX դ. 20-ական թթ. (Ֆ. Ջյոթլիսբերգեր, Ե. Մեյո), հետագայում տարածվել Արևմտյան Եվրոպայի երկրներում: «Մ. հ.» տ. արտադրական կոլեկտիվները դիտում է որպես սոցիալական խումբ՝ բնորոշ խմբային շահերով, նպատակներով ու դրդապատճառներով, որոնք կարող են լինել թե՛ դրական, թե՛ բացասական՝ դառնալ գործադուլի կամ արտադրական նորմաների գերակատարման պատճառ: Բոլոր դեպքերում կոլեկտիվ գործունեության նպատակը անհատի մարդկային (ստեղծագործական և հոգևոր) պահանջների բավարարումն է: «Մ. հ.» տ. արտացոլում է արդի կապիտալիզմին բնորոշ հակասությունները, սակայն դրանց վերագրում սոցիալ–հոգեբանական բնույթ: Ըստ «Մ. հ.» տ–յան հակասությունները կարելի է չեզոքացնել սոցիալական միջոցառումների շնորհիվ և հասնել աշխատանքի արտադրողականության նկատելի աճի, դասակարգային համագործակցության և սոցիալական ներդաշնակության: Գործնականում «Մ. հ.» տ. պահանջում է ուսումնասիրել բոլոր արտադրական բջիջների աշխատանքի սոցիալ–հոգեբանական պայմանները, ղեկավարի և ստորադասի փոխհարաբերությունները ևն բարելավելու նպատակով: Առաջարկվում է նաև միջոցառումների անհրաժեշտ ցանկ, որը նպաստում է կապիտալիստական արտադրության արդյունավետ ղեկավարմանը: Աշխատանքի «մարդկայնացման» նշանաբանի ներքո հետապնդվում է արտադրության շահութաբերությունը:
«ՄԱՐԴ–ՄԵՔԵՆԱ» ՀԱՄԱԿԱՐԳ, մարդուց (օպերատորից) և մեքենայից բաղկացած համակարգ, որի միջոցով իրականացվում է նյութական բարիքների արտադրության, ինֆորմացիայի մշակման, կառավարման և այլ օպերացիաների հետ կապված աշխատանքային գործունեությունը: «Մ–մ.» հ–ում մարդու աշխատանքային գործունեության հիմքում ընկած է նրա փոխազդեցությունը աշխատանքի առարկայի (կառավարման օբյեկտի) և մեքենայի հետ՝ կառավարման օրգանների միջոցով: «Մ–մ.» հ–ի ուսումնասիրման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ լայն տարածում են ստացել այնպիսի համակարգեր (արտադրության, տրանսպորտի, կապի, տիեզերական թռիչքների կառավարման), որոնց արդյունավետությունը կախված է համակարգերում ընդգրկվող մարդու գործունեությունից և այն հանգամանքից, թե համակարգի ստեղծման ժամանակ ինչ չափով են բացահայավել ու հաշվի առնվել մարդու և մեքենայի առանձնահատկությունները, այդ թվում նաև սահմանափակումները և պոտենցիալ հնարավորությունները: «Մ–մ.» հ–ի կառուցման կարևորագույն խնդիրը օպերատորի և տեխ. միջոցների միջև ֆունկցիաների ճիշտ բաշխումն է: Տարբերում են ֆունկցիաների բաշխման երկու եղանակ, առաջին դեպքում մարդը միայն հսկում է խնդրի լուծման մեքենայական պրոցեսը և հաստատում լուծումը, երկրորդ դեպքում մի շարք օպերացիաներ մարդն ու մեքենան կատարում նն համատեղ: Այս երկու տարբերակներից որևէ մեկի ընտրությունը կատարվում է ելնելով մեթոդաբանական նկատառումներից (մարդու՝ որպես աշխատանքի սուբյեկտի սոցիալական դերից և կառավարման մասին գիտության և ինժեներական հոգեբանության տվյալներից):
«Մ–մ.» հ–ի ուսումնասիրումը պահանջում է գիտության զանազան բնագավառների հետազոտությունների արդյունքների միավորում:
ՄԱՐԴՊԵՏՈՒՆԻՆԵՐ, նախարարական տոհմ Արշակունյաց Հայաստանում: Ենթադրվում է, որ սերել են Մարդերի ցեղից: Արքունիքում ժառանգաբար վարել են մարդպետության գործակալությունը: Մ–ի իրավասությանը ենթակա էին Հայոց թագավորի կանանոցի և արքունիքի վերակացությունը, արքունի ամրությունների, բերդերի, գանձերի, կալվածների, հանդերձարանի պահպանությունն ու հսկողությունը: Հիշվում են «Հայր», «Հայր թագավորի», իրենց պաշտոնը՝ «Հայրություն» անուններով: Համալրել են նաև արքունի պահակազորը: Վարել են կենտրոնախույս նախարարությունների թուլացման, հնագանդեցման, արքունի կալվածների ընդարձակման քաղաքականություն, պայքարել կաթողիկոսի իշխանության, եկեղեցական աճող հողատիրության դեմ: Սատարելով Արշակունիներին՝ Մ. ձգտել են ընդլայնել իրենց տիրույթները և քաղ. ազդեցությունը: Մ–ի տիրույթները հիմնականում եղել են Մարդաստան և, ըստ երևույթին, նաև Մարդաղի գավառները: Տոհմն ունեցել է իր եպիսկոպոսը: Նախարարությունների ներքին պառակտումները, ինչպես նաև հայ Արշակունիների անկումը պայմանավորել են Մ–ի թուլացումը և նրանց վարած գործակալության վերացումը (V դ. սկիզբ): Մ. այնուհետև ենթարկվել են Արծրունիներին՝ թերևս դառնալով նրանց երկրորդական ճյուղերից մեկը: Արծրունիները, տիրելով Մ–ի կալվածները, յուրացրին նան նրանց տիտղոսը (Ղազար Փարպեցին 451-ի ազատագրական շարժման մասնակից Ներշապուհ Արծրունուն անվանում է «Մարդպետ», «Գիրք թղթոց»-ում Մարդպետական և Արծրունի եպիսկոպոսները նույն անձն են ևն):
Գրկ. Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/308
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ