(1930) վեպի, «Կումիակները» (1934-59) եռերգության և այլ գործերի կենտրոնում Գերմանիայի բանվոր դասակարգի կյանքն է ու պայքարը։ ԳԴՀ ազգային մրցանակի դափնեկիր (1950, 1955, 1964)։
ՄԱՐԿ, 1․ Գերմանիայի դրամական միավորը, հավասար է 100 պֆենիգի։ Սահմանվել է 1871-ին, 1923-ին փոխարինվել ռենտային մարկով, 1924-ին՝ ռայխսմարկով (շրջանառել է մինչև 1948-ը)։ 2․ Դրամական միավորներ ԳԴՀ–ում (ԳԴՀ Պետբանկի Մ․) և ԳՖՀ–ում (ԳՖՀ գերմ․ Մ․), հավասար են 100 պֆենիգի։ Սահմանվել են 1948-ին։ ՍՍՀՄ Պետբանկի 1981-ի փետր․ 1-ի կուրսով ԳԴՀ 100 Մ․= 40 ռ․ 50 կ․, ԳՖՀ–ինը՝ 33 ռ․ 25 կ․: 3․ Ֆինլանդիայի դրամական միավորը, հավասար է 100 պեննիի։ Սահմանվել է 1860-ին։ 1963-ի հունվարին 100 անգամ խոշորացվել է։ ՍՍՀՄ Պետբանկի 1981-ի փետր․ 1-ի կուրսով 100 ֆին․ Մ․= 17 ռ․ 63 կ․:
ՄԱՐԿԱ, խոշոր սահմանային վարչական շրջան (մարկգրաֆի գլխավորությամբ) Կարոլինգների կայսրությունում և «Հռոմեական սրբազան կայսրությունում»։ Մ–ները կազմվել են X-XII դդ․ սլավոններից նվաճած հողերի վրա։ Ֆեոդալական հարաբերությունների զարգացման հետ Մ–ները դարձել են խոշոր ֆեոդալական իշխանությունների կորիզը (օրինակ, Արևելյան Մ․ Ավստրիա դքսության պատմական կորիզն է ևն)։
ՄԱՐԿԱԶԻՏ (< ուշ լատ․ marcasita, բառն ունի պարսկական ծագում), ճառագայթող հրաքար, միներալ, բնական ծծմբային երկաթի () բազմաձև տարբերակը։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է նիզակաձև, հաճախ բարդ կրկնաբյուրեղներ, կատարանման մակաճումներ, կլորավուն կոնկրեցիաներ կամ սև մրախառը զանգվածներ։ Գույնը՝ լատունի դեղին, փայլը՝ մետաղական։ Կարծրությունը՝ 6-6,5, խտությունը՝ 4900 կգ/մ³։ Առաջանում է հիդրոթերմալ հանքավայրերում պիրիտի, պիրոտինի և այլ սուլֆիդների հետ միասին։ Օգտագործվում է ծծմբաթթու ստանալու համար։
ՄԱՐԿԵ (Marche), վարչական մարզ Իտալիայում, Ապենինյան թերակղզու հյուսիս-արհելքում։ Ընդգրկում է Անկոնա, Պեզարո և Ուրբինո, Ասկոլի Պիչենո, Մաչերատա գավառները։ Տարածությունը 9,7 հզ. կմ² է, բն․ 1358,4 հզ. (1980)։ Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը՝ Անկոնա։ Ռելիեֆը լեռնա–բլրային է։ Ծովամերձ նեղ շերտը կտրտված է Տրոնտոյի, Մետաուրոյի և Պոտենցայի գետահովիտներով։ Ագրարային մարզ է։ Զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ, ձկնորսությամբ։ Կան նավթավերամշակման, նավաշինական, քիմ., թղթի, ցեմենտի, ծխախոտի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։
ՄԱՐԿԵԹԻՆԳ (անգլ․ marketing, < market — շուկա), կապիտալիստական ձեռնարկության կառավարման ու կազմակերպման համակարգ, երբ տնտ. հարցերի (նոր արտադրատեսակների մշակում, թողարկում, իրացում, ծառայություններ) լուծման համար օգտագործվում են շուկայական պրոցեսների համալիր հաշվառման տվյալները։ Նպատակը առավելագույն շահույթի ստացումն է։ Առաջացել է XX դ․ սկզբին, ԱՄՆ–ում, առավել տարածում ստացել 50-60-ական թթ․։ Հիմնական ֆունկցիաներն են՝ պահանջարկի, նաև գնագոյացման, ռեկլամի, իրացումը խթանելու, ապրանքատեսակների պլանավորման հարցերի մշակումը ևն։
ՄԱՐԿԵՂ (< հուն. μακέλη = μάκελλα — բրիչ), գծանշիչ, շարքացանների, հազվադեպ՝ կուլտիվատորների վրա տեղակայվող հարմարանք, որը դաշտի մակերևույթին մեքենայի հետագծին զուգահեռ հետք է թողնում (գծանշում է)։ Մ–ի երկարությունը հաշվարկված է այնպես, որ ամբողջ դաշտում միջշարային տարածությունները նույնը ստացվեն։ Տրակտորի վրա տեղակայվում է տարբեր երկարության երկու Մ․՝ աջ և ձախ։
ՄԱՐԿԵՍ Գարսիա (Marguez Garcia) Գաբրիել (ծն. 1928, Արակատակա, Կոլումբիա), կոլումբացի գրող։ Գրել է սցենարներ։ Եղել է «Էլ Էսպեքտադոր» («Εl Espectador») լիբերալ թերթի, 1959-60-ին՝ Կուբայի «Պրենսա լատինա» գործակալության թղթակիցը Բոգոտայում, Կարակասում, Հռոմում, Նյու Յորքում։ «Թափված տերևներ» (1955) վեպում, «Գնդապետին ոչ ոք չի գրում» (1958), «Չարաբաստիկ ժամը» (1962) վիպակներում ուժեղ են քննադատական մոտիվները։ «Մեծ մայրիկի հուղարկավորությունը» (1962) ժողովածուի պատմվածքներում Մ․ առաջին անգամ դիմել է ֆանտաստիկային, որը հետագայում դարձել է նրա «Հարյուր տարվա մենություն» (1967, հայ․ հրտ․ 1979) վեպ–էպոպեայի գեղարվեստական հիմնական տարրերից մեկը։ Վեպը, որի իրական հիմքը Կոլումբիայի պատմությունն է, տալիս է բուրժ. քաղաքակրթության երգիծական պատկերը։ «Ֆանտաստիկական ռեալիզմի» գործ է նաև «Նահապետի աշունը» (1975) վեպը, որի առարկան Լատինական Ամերիկան է՝ իր հոգսերով ու հույսերով։ Մ–ի վեպերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։
ՄԱՐԿԻԱՆՈՍ (Μαρκιανός) (392-457), Բյուզանդիայի կայսր 450-ից։ Իր ազդեցությանն է ենթարկել Վրաստանը, միջամտել նրա եկեղեցական ու քաղ․ գործերին։ Հրաժարվել է օգնել Սասանյանների դեմ 450-ին ապստամբած հայերին։ 451-ին Մ–ի նախագահությամբ Քաղկեդոնում կայացել է տիեզերական չորրորդ ժողովը, որը չեղյալ է հայտարարել Եփեսոսի 449-ի ժողովի որոշումները, դատապարտել միաբնակությունը (տես Միաբնակներ)։
ՄԱՐԿԻԶՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Îles Marquises), արշիպելագ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում, Պոլինեզիայում։ Ֆրանսիական տիրույթ է («անդրծովյան տերիտորիա»)։ Տարածությունը 1274 կմ² է, բն․՝ 4,8 հզ. (1980), պոլինեզացիներ։ Վարչական կենտրոնը՝ Տաիոխաե։ Առավել խոշոր կղզիներ են Նուկուհիվան և Հիվա–Օան։ Բարձրությունը մինչև 1259մ է։ Ունեն հրաբխային ծագում։ Կազմված են բազալտներից, տուֆերից։ Կլիման արևադարձային է, պասսատային։ Տարածված են արևադարձային անտառներն ու թփուտային սավաննաները։ Կան կոկոսյան արմավենու, բամբակենու, բանանի, սուրճի պլանտացիաներ։ Զբաղվում են ձկնորսությամբ, մարգարիտի արդյունահանմամբ։ Զարգացած է տուրիզմը։ Հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ա․ Մենդանյա դե Նեյրան, 1595-ին։
ՄԱՐԿԻՇ Պերեց Դավիդովիչ (1895-1952), հրեա սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Զբաղվել է ինքնակրթությամբ, սովորել Շանյավսկու ժող. համալսարանում։ «Կույտ» (1922) պոեմը, որը Գորոդիշչեում պետլյուրականների կազմակերպած հրեական ջարդերի մասին է, լի է տագնապով ու ցավով։ 1921-26-ին եղել է արտասահմանում։ Գրել է «Եղբայրներ» (1929), «Չվհատվել» (1931), «Տատասկ» (1935), «Արշալույսը Դնեպրի վրա» (1937) էպիկական պոեմները։ «Պատերազմ» (1941-1948) պոեմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին։ Հեղինակ է «Դարեր շարունակ» (հ․ 1-2, 1929-41), «Սերունդների երթը» (1948, հրտ․ 1966) և այլ վեպերի։ Գրել է նաև պիեսներ։
ՄԱՐԿԻՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գնոստիկյան կրոնա-փիլիսոփայական ուսմունք, հերետիկոսություն քրիստոնեությունում։ Առաջացել է II դ․, Մարկիոնի (85-180) վարդապետությունից։ Տարածում է գտել հատկապես Հռոմում, Եգիպտոսում, Պաղեստինում, Ասորիքում, Հայաստանում։ Մ–յան հիմնական սկզբունքները շարադրված են եղել Մարկիոնի չպահպանված «Հակաթեզեր» գրվածքում։ Մ–յան հիմքում արլ. կրոններին հատուկ երկվությունն էր՝ բարու (հոգի) և չարի (նյութ) հակադրությունը։ Մ․ ընդունում էր ևս մեկ նախասկիզբ՝ արդարը (օրենքի աստված), որն էլ իբր ստեղծել է մարդկանց։ Օրենքի աստվածը թեև բացարձակ արդարության կրողն է, բայց նրան խորթ են սերն ու գթությունը, և այդ պատճառով մարդիկ հակվել են չարին, ընկել նրա տիրապետության տակ։ Ըստ Մ–յան, մարդկությանը չարից փրկելու է բարու աստվածը, որն այդ նպատակով արդեն երկիր է ուղարկել Քրիստոսին (Մեսիա), նրա միջոցով մարդկանց պարգևել փրկության հնարավորություն՝ սովորեցրել սիրել ու գթալ։ Մ․ ժխտում էր Հին կտակարանը, Նոր կտակարանից սրբագրումներով ընդունելի համարում միայն Ղուկասի Ավետարանը և Պողոս առաքյալի առաջին 10 թղթերը։ Հակառակ եկեղեցու՝ Մ․ քարոզում էր ընդհանուր քահանայություն (այդ թվում նաև կանանց համար), կողմնակից էր ծայրահեղ ճգնակեցության և կուսակրոնության։ Քրիստոնեության ձևավորվող դոգմաներին Մ․ հակադրում էր համեմատաբար ազատ կրոն, որը նրա դեմ առաջ բերեց եկեղեցու կատաղի հալածանքը։ Մ–յան դեմ գրվել են բազմաթիվ հակաճառություններ (Հուստինոս, Թեոփիլոս Անտիոքցի, Իրենիոս, Տերտուլիանոս, Եզնիկ Կողբացի և ուրիշներ)։ Կոստանդինոս Մեծի օրոք (306-337) Մ․ պաշտոնապես արգելվեց Հռոմեական կայսրությունում։ Արևելքում գոյատևեց մինչև V դ․ կեսը՝ աստիճանաբար ձուլվելով մանիքեությանը։
Գրկ. Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/323
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ