գետի ձախ ափին։ Բաղկացած է երկու հուշարձանախմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հվ. պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029-ին։ Սելջուկյան արշավանքներից Մ․ վ. զգալի ավերվել է։ 1225-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մ․ վ–ի գլխավոր եկեղեցին երկու զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Ի տարբերություն VII դ․ նույնատիպ հուշարձանների, արլ. խաչաթևը կրճատված է, խորանը իր հարակից երկու ավանդատնով մոտեցվել է գմբեթատակ տարածությանը, որի շնորհիվ գմբեթը շենքի արտաքին ծավալում գրավել է կենտրոնական դիրք։ Եկեղեցու ներսում որմնամույթերը մշակված են սլացիկ սյունախուրձերով։ Արլ. խորանը, ինչպես Անիի Մայր տաճարում, մշակված է որմնախորշերով։ Ճակատներն արտաքուստ զարդարված են զույգ կիսասյուներով, որոնց վրա ձգվում է կամարաշար։ Կենտրոնական որմնակամարը, որը կողայիններից ավելի լայն է, իր մեջ է ներառնում լայն շրջակալով լուսամուտը։ Ճակատները մշակված են խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով։ 12-նիստանի թմբուկը, որ պսակված է բրգաձև ծածկով, նույնպես մշակված է կիսասյուների փնջերով, որոնք միմյանց են կապվում փոքրիկ ճակտոններով։ Մ․ վ–ի Կաթողիկեն հայկ. ճարտ–յան Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն հուշարձաններից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հս. է, գրեթե նրան կից, և, հավանաբար, վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել։ Պահպանվել են միայն սրբատաշ կարմիր տուֆի խոշոր քարերից շարված հս. և արլ. պատերը, որոնք ցույց են աալիս եկեղեցու՝ Կաթողիկեի փոքրացված ընդօրինակություն լինելը թե՛ հորինվածքով (գմբեթավոր դահլիճ), թե՛ ճարտ․ մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ․) Կաթողիկեից հվ․ է։ Այն ներքուստ խաչաձև է՝ չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն կենտրոնագմբեթ կառույց է։ Կաթողիկեին արմ–ից կից է XIII դ․ այդ շինություններին բնորոշ, չորս սյուներով, կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (պահպանվել են պատերի ստորին մասերը և սյուների՝ հրդեհից ճաքճքված խարիսխները)։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը XIX դ․ գործ է։ Գավթից հվ–արմ. 1954-56-ի պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով (նման է Խծկոնքի Ս․ Սարգիս տաճարին, XI դ․)։ Պահպանվել են նրա բարդ տրամատով, բարձր միաստիճան գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը։ Հուշարձանախմբի արլ–ում և հվ–ում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արմ.։ Փոքր Մարմաշենը կամ Վերին Վանքը Մեծից հս. է, բլրակի վրա։ Մ․ վ․ եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկ. ճարտ․ արժեքավոր անսամբլներից է։
Պատկերազարդումը տես 305-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Գրկ. Եղիազարյան Հ․, Մարմաշենի վանքը և նրա վիմագրությունները, «Էջմիածին», 1957, № 5: Якобсон А. Л., Очерк истории зодчества Армении V-XVII вв., М.-Л., 1950; Cuneo Р., Լ architectura della scuola regionale di Ani nell՝ Armenia medieval lef Roma, 1977.
ՄԱՐՄԱՐ (հուն. μάρμαρος, լատ․ marmor — փայլուն քար), բյուրեղային ապար, որ առաջացել է կրաքարի կամ դոլոմիտի վերաբյուրեղացման հետևանքով։ Շինարարական պրակտիկայում Մ․ են կոչվում միջին կարծրության, ողորկելի մետամորֆային ապարները (Մ․, մարմարացված կրաքար, խիտ դոլոմիտ, կարբոնատային բրեկչիաներ, կարբոնատային կոնգլոմերատներ)։ Մ․ գրեթե միշտ պարունակում է այլ միներալների (քվարց, խալցեդոն, հեմատիտ, պիրիտ, լիմոնիտ, քլորիտ) խառնուրդներ, ինչպես նաև օրգանական միացություններ։ Խառնուրդները տարբեր կերպ են ազդում Մ–ի որակի վրա՝ նվազեցնելով կամ բարձրացնելով նրա դեկորատիվությունը։ Մ–ի ծավալային զանգվածը 2,65 - 2,90 է, դիմադրությունը սեղմմանը՝ 50 - 250 Մն/մ² (500-2500 կգ/սմ²), մաշվելիությունը՝ 0,40 - 3,20 գ/սմ², ջրակլանելիությունը՝ 0,15 - 0,50 %։ Ամենամեծ ամրությամբ և լավագույն ողորկելիությամբ աչքի են ընկնում հատիկների ատամնավոր կապով մանրաբյուրեղ Մ–ները։ Ըստ ստրուկտուրայի համասեռ Մ–ները ցրտակայուն են։ Մ–ի գույնը կախված է խառնուրդներից։ Գունավոր Մ–ների զգալի մասն ունի խայտաբղետ երանգավորում։ Զարդանկարը որոշվում է ոչ միայն Մ–ի կաոուցվածքով, այլև այն ուղղությամբ, որով սղոցվում է քարը։ Մ–ի գունավորումը և զարդանկարը բացահայտվում են նրա ողորկումից հետո։ Մ–ի հանքավայրը գնահատելու դեպքում հաշվի են առնում մոտիկ տրանսպորտային ուղիների առկայությունը, ինչպես նաև հողմահարված Մ–ի ծածկող շերտի հզորությունը (սովորաբար թույլատրվում է 5-8 մ)։ Մ․ արդյունահանվում է բացահանքերում, սակավ՝ ստորգետնյա եղանակով։ Մենաքարեր ստանալու համար օգտագործվում են քարհատ մեքենաներ, ճոպանային սղոցներ ևն։ Պլաստիկ և դեկորատիվ արժանիքների շնորհիվ (կարծրություն, մանրահատիկություն, որ հնարավոր է դարձնում մշակումն ու ողորկումը, այդ միջոցով՝ Մ–ի երանգային հարստությունը դրսևորելու կարելիություն) Մ․, որպես ճարտ․ կառուցվածքային և երեսպատման նյութ, կիրառվել է անտիկ շրջանից։ Օգտագործվում է նաև խճանկար հորինվածքներ, ռելիեֆներ և կլոր քանդակներ ստեղծելիս (սովորաբար՝ միագույն Մ․, մեծ մասամբ՝ սպիտակ, սակավ՝ գունավոր կամ սև)։ Մ–ի հարաբերական թափանցիկությունը լույսի և ստվերի նրբագույն խաղեր է առաջացնում քանդակի մակերեսին։ ՍՍՀՄ–ում հայտնի են Մ–ի և մարմարացված կրաքարի մոտ 60 հանքավայր (Կարելիա, Ուկրաինա, Ուրալ, Անդրկովկաս, Միջին Ասիա, Սիբիր, Հեռավոր Արևելք)։ Սովետական Միության Մ–ի պաշարները գործնականորեն անսպառ են։ Այդ հանքավայրերի սպիտակ Մ–ի լավագույն տեսակները օգտագործվում են
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/327
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է