Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հենացատկեր, տղամարդկանց՝ նժույգի, օղակների, զուգափայտերի, պտտաձողի վրա և ազատ վարժություններ, հենացատկ: Բազմամարտի ժամանակակից ծրագիրը պարունակում է պարտադիր և կամավոր վարժություններ։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (ՖՄԺ) ստեղծվել է 1881-ին (մարզական միջազգային առաջին կազմակերպությունը)։ Ռուսաստանում առաջին մրցումները կազմակերպվել են 1885-ին, 1896-ից Մ․ օլիմպիական մրցաձև է։ 1908-ից անց է կացվում աշխարհի առաջնություն (1922-ից՝ 4 տարին մեկ)։ ՍՍՀՄ անդրանիկ առաջնությունն անց է կացվել 1928-ին (1932-ից մասնակցում են նաև կանայք)։ Հայաստանում առաջին պաշտոնական մրցումները կազմակերպվել են 1936-ին։ Երևանում գործում է սպորտային Մ–յան մասնագիտացված 5 դպրոց (1980)։ Սովետական հանրահայտ մարմնամարզիկներ են Լ․ Լատինինան, Լ․ Տուրիշչևան, Օ․ Կորբուաը, Վ․ Մուրատովը, Վ․ Չուկարինը, Բ․ Շախլինը, Հ․ Շահինյանը, Ա․ Ազարյանը, Յու․ Տիտովը, Ա․ Ազնավուրյանը, Վ․ Հակոբյանը, Ն․ Անդրիանովը, Ա․ Դիտյատինը, Է․ Միքայելյանը, Է․ Ազարյանը, Ա․ Հակոբյանը և ուրիշներ։
Հիմնական Մ․, կիրառվում է դպրոցական տարիքի երեխաների ընդհանուր ֆիզիկական զարգացման և առողջության ամրապնդման համար։
ՄԱՐՄՆԱՅԻՆ ԱՆԿՅՈՒՆ, տարածության մաս, որը սահմանափակված է կոնական մակերևույթով։ Մ․ ա–յան մասնավոր դեպքերն են եռանիստ և բազմանիստ անկյունները։ Մ․ ա․ չափվում է կոնական մակերևույթի գագաթը որպես կենտրոն ունեցող ոլորտից Մ․ ա–ով անջատվող մասի մակերեսի և ոլորտի շառավիղի քառակուսու հարաբերությամբ, ուստի Մ․ ա չափվում է վերացական թվով։ Մ․ ա–յան չափման միավորն է ստեռադիանը։
ՄԱՐՄՆԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՈՌՈՉ, որոշ բազմաբջիջ կենդանիների մարմնի պատի և աղիքների միջև եղած տարածություն, որտեղ տեղավորվում են ներքին օրգանները։ Լավ զարգացած է միայն առաջնախոռոչավոր որդերի մոտ և բնորոշվում է սեփական բջջապատի բացակայությամբ։ Փափկամորթների Մ․ ա․ խ․ ծոցերի և խորշիկների համակարգ է, իսկ բարձրակարգ կենդանիների մոտ այն փոխարինվել է մարմնի երկրորդային խոռոչով (ցելոմ)։ Հոդվածոտանիների Մ․ ա․ խ․ սաղմնային զարգացման ընթացքում միաձուլվում է ցելոմի հետ և առաջացնում մարմնի խառը խոռոչ (միքսոցել)։
ՄԱՐՄՆԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԽՈՌՈՉ, ցելոմ, բարձրակարգ բազմաբջիջ կենդանիների մարմնի պատի և ներքին օրգանների միջև գտնվող տարածություն, որը շրջափակված է մեզոդերմային ծագում ունեցող էպիթելային թաղանթներով։ Պարունակում է ցելոմային հեղուկ և սովորաբար դուրս է բացվում հատուկ ծորաններով՝ ցելոմոդուկտներով։ Կատարում է հիմնականում հենարանային, ինչպես նաև սնուցողական, շնչառական, արտազատական, սեռական ևն ֆունկցիաներ։ Պահպանում է օրգանիզմի ներքին միջավայրի կենսաքիմիական կայունությունը։ Ցելոմը բնորոշ է բարձրակարգ առաջնաբերանավորներին (փափկամորթներ, օղակավոր որդեր ևն) և երկրորդաբերանավորներին (կիսաքորդավորներ, փշամորթներ, քորդավորներ)։ Փափկամորթների, ողնաշարավորների և մարդու մոտ ցելոմից առաջանում են սրտապարկը՝ պերիկարդը և որովայնային խոռոչը։
ՄԱՐՄՈՒՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառում։ 1909-ին ուներ 25 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
ՄԱՐՅԱՆԵՆԿՈ (իսկական ազգանունը՝ Պետլիշենկո) Իվան Ալեքսանդրովիչ (1878–1962), ուկրաինացի սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1944)։ Բեմական գործունեությունն սկսել է 1895-ից՝ Մ․ Լ․ Կրոպիվնիցկու թատերախմբում։ 1899-ից աշխատել է Օ․ Զ․ Սուսլույի, Ն․ Կ․ Սադովսկու թատերախմբերում, Կիևի պետ․ դրամատիկական թատրոնում։ 1923–58-ին (բացի 1925-ից) եղել է Խարկովի Տ․ Գ․ Շևչենկոյի անվ․ դրամատիկական թատրոնի (նախկինում՝ «Բերեզիլ» թատրոն) դերասան։ Լավագույն դերերից են՝ Գոնտա («Հայդամակներ», ըստ Շևչենկոյի), Օմելկո (Կարպենկո–Կարիի «Մարտին Բորուլյա»), Պրոխոր (Գորկու «Վասսա Ժելեզնովա»), Բոգդան Խմելնիցկի (Կոռնեյչուկի «Բոգդան Խմելնիցկի»), Յարոսլավ Իմաստուն (Կոչերգայի «Յարոսլավ Իմաստուն»)։ Շարունակել է Մ․ Լ․ Կրոպիվնիցկու, Ն․ Կ․ Սադովսկու, Մ․ Կ․ Զանկովեցկայայի ռեալիստական ավանդույթները։ 1917-ից զբաղվել է մանկավարժությամբ (պրոֆեսոր՝ 1946-ից)։ Արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1947)։
ՄԱՐՇԱԼ (Marshall) Ալան (ծն․ 2․5․1902, Նուրատ), ավստրալիացի գրող։ 1930-ական թթ․ հանդես է եկել որպես նովելագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) տարիներին եղել է ճակատային թերթի թղթակից։ «Սա իմ ժողովուրդն է» (1944) ճամփորդական նոթերի, «Մենք էլ այդպիսի մարդ ենք» (1948) ակնարկների գրքի, «Ի՜նչ գեղեցիկ են քո ոտքերը» (1949) վեպի և մանկական պատմվածքների հեղինակ է։ Մ․ նովելագիրը զարգացրել է Հ․ Լոուսոնի ավանդույթները («Պատմիր մեզ հնդկահավի մասին, Ջո», 1946, «Ինչպե՞ս ես, Էնդի», 1956)։ Հեղինակի ինքնակենսագրությունն է «Ես կարող եմ թռչել ջրափոսերի վրայով» (1955), «Սա այն խոտն է, որ աճում է ամենուր» (1962), «Իմ սրտում» (1963) եռերգությունը։ Մ․ ապրել է Ավստրալիայի բնիկների մեջ, հավաքել ու մշակել նրանց լեգենդները («Անհիշելի ժամանակների մարդիկ», 1952)։ Ավստրալա–սովետական բարեկամության ընկերության փոխնախագահն է։
ՄԱՐՇԱԼ (Marshall) Ջորջ Քեթլետ (1880-1959), ԱՄՆ–ի պետական և զինվորական գործիչ, բանակի գեներալ (1944)։ Ավարտել է Վիրջինիայի ռազմ. կոլեջը (1901), ծառայել ամերիկյան զորքերում (Ֆիլիպիններ, Եվրոպա, Չինաստան, ԱՄՆ)։ 1939–45-ին՝ ԱՄՆ բանակի շտաբի պետ․ մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի կարևոր միջազգային կոնֆերանսներին (Թեհրանում, Յալթայում, Պոտսդամում ևն)։ 1947–49-ին՝ ԱՄՆ պետ․ քարտուղար, «սառը պատերազմի» քաղաքականության նախաձեռնողներից։ Ակտիվորեն մասնակցել է «Տրումենի դոկտրինայի» և «Մարշալի պլանի» մշակմանը։ 1950–51-ին եղել է պաշտպանության մինիստր։
ՄԱՐՇԱԼ (ֆրանս․ marechal, < հին վերին գերմ․ marah – ձի և scale – ծառա), 1․ պալատական կոչում միջնադարյան Ֆրանսիայում․ արքունի ծառա՝ ախոռապետ, պալատական պաշտոնյա (հետևում էր թիկնապահներին), XIII դարից՝ զինվորական կոչում։ 2․ Բարձրագույն զինվորական կոչում մի շարք երկրների բանակներում (XVI դարից՝ Ֆրանսիայում, XIX դարից՝ Իսպանիայում, Թուրքիայում, Իտալիայում, Ճապոնիայում, XX դարից՝ Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Ռումինիայում, Չինաստանում, ԿԺԴՀ–ում, Հարավսլավիայում, Բուլղարիայում)։ Ավստրիայում, Պրուսիայում և Ռուսաստանում Մ․ համապատասխանել է գեներալ–ֆելդմարշալին։ ՍՍՀՄ–ում 1935-ից հաստատվել է Սովետական Միության Մ․ (ռազմածովային ուժերում համապատասխանաբար՝ Սովետական Միության նավատորմի ծովակալ), 1943-ից՝ զորատեսակների Մ․ (ավիացիայի, հրետանու, զրահատանկային զորքերի, ինժեներական և կապի զորքերի), նաև զորատեսակների գլխավոր Մ․։ 3․ Լեհաստանում քաղաքացիական որոշ պաշտոնյաների կոչում (Սեյմի Մ․, Սեյմի փոխ–Մ․)։