ամբողջությունը: Ողնաշարավոր կենդանիների և մարդու Մ․ ն․ հ․ նյարդավորում է մարմնի մասերի, ինչպես նաև ամբողջական օրգանիզմի տեղաշարժումները տարածության մեջ ապահովող միջաձիգ զոլավոր մկանները, ապահովում կմախքային մկանների ռեֆլեքսային տոնուսը և ղրա վերաբաշխումը տարբեր մկանախմբերի միջև։ Վերջինս կարևոր է մարմնի բնականոն կեցվածքի ապահովման համար, ինչպես շարժման, այնպես էլ հարաբերական հանգստի պայմաններում։
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐ, պատժի տեսակ, սկիզբ է առել հին աշխարհում և որոշ երկրներում հարատևել մինչև XX դ․։ Հետապնդել է դատապարտյալին հրապարակայնորեն տանջահարելու նպատակ, ծեծ (մահակով, մտրակով, ճիպոտով ևն), անդամահատում, խարանում, լեզվահատում ևն։ Լայնորեն կիրառվել է հարկերի (Հին Եգիպտոս), պարտքերի (Ռուսաստան) գանձման պրակտիկայում, համարվել է ստրուկների, ճորտերի հետ հաշվեհարդար տեսնելու ընդունված միջոց։ XIII դ․ սկսած Մ․ պ․ ամրապնդվել են Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրների օրենսդրությամբ։ Հին և միջնադարյան Հայաստանում կիրառվել են ծեծը, անվահարումը և այլ Մ․ պ․:
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ, ըստ սովետական քրեական իրավունքի, մեկ անձի հասցրած վնասը մյուսի առողջությանը, որի հետևանքով տուժողը ստանում է որևէ օրգանի կամ հյուսվածքի անատոմիական ամբողջականության կամ ֆիզիոլոգիական ֆունկցիայի խախտում։ Տարբերում են՝ ծանր, նվազ ծանր և թեթև Մ․ վ․։ Մ․ վ․ ծանր են, եթե կյանքի համար վտանգավոր են (անկախ հետևանքից), առաջացնում են տեսողության, լսողության կամ մարմնի որևէ օրգանի կորուստ, կամ օրգանի ֆունկցիայի անկում, կամ հոգեկան հիվանդություն, կամ աշխատունակության 1/3-ից ավելի կայուն կորուստ, կամ հղիության ընդհատում, կամ դեմքի անջնջելի այլանդակում։ Նվազ ծանր Մ․ վ․ կյանքի համար վտանգավոր չեն, չեն առաջացնում հիշյալ հետևանքները, սակայն պատճառում են առողջության երկարատև խախտում (չորս շաբաթից ավելի) և 1/3-ից պակաս աշխատունակության կայուն կորուստ։ Թեթև Մ․ վ․ են համարվում այն վնասվածքները, որոնց հետևում են առողջության կարճատև խախտում (7 օրից 4 շաբաթ) կամ աշխատունակության աննշան կայուն կորուստ, ինչպես նաև այն Մ․ վ․, որոնք այդպիսի հետևանքներ չեն առաջացրել։ Մ․ վ–ի համար պատժաչափը որոշվում է ըստ մեղքի և կախված է այն բանից, թե արդյոք դրանք հասցված են դիտավորությամբ կամ թե անզգուշությամբ, ինչպես նաև դրանց ծանրության աստիճանից, որը որոշվում է դատական փորձաքննությամբ։ Խստացնող հանգամանքներ են՝ դիտավորյալ հասցրած ծանր մարմնական վնասվածքի հետևանքով առաջացած տուժողի մահը, արարքի կատարումը առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, տանջանքների և խոշտանգումների գործադրումը։ Պատիժը մեղմանում է անհրաժեշտ պաշտպանության, տուժողից կրած բռնության կամ ծանր վիրավորանքի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի ժամանակ հասցրած Մ․ վ–ի դեպքում։ Ըստ «Կանոնագիրք հայոց»-ի, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերի, Հայաստանում Մ․ վ–ի համար սահմանվել են ապաշխարանք, նյութական հատուցում, մարմնական և այլ պատիժներ։
«ՄԱՐՄՆԱՄԱՐԶ», պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1911-14-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Շ․ Քրիսյան։ Տպագրել է հոդվածներ ֆիզկուլտուրայի և սպորտի վերաբերյալ, ուսուցանել մարմնամարզական վարժություններ։ Հայ երիտասարդությանը համախմբել է մարզական ակումբների շուրջ։ «Մ․»-ի նախաձեռնությամբ են կազմակերպվել հայկ. առաջին օլիմպիական խաղերը Կ․ Պոլսում (1911)։ Անդրադարձել է նաև երեխաների բարոյական դաստիարակության հարցերին։
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ, մարդու առողջության և դիմացկունության ամրապնդմանը, ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը, ուժի, ճարպկության և շարժունակության կատարելագործմանը նպաստող հատուկ վարժությունների և մեթոդական վարժաձևերի համակարգ։ Մարմնամարզական վարժությունները լինում են․ շարային (օգնում են մշակելու ճիշտ քայլք, վազք, կեցվածք ևն), ընդհանուր զարգացման (նպաստում են ընդհանուր ֆիզիկական զարգացմանը, նախապատրաստում առավել բարդ շարժական գործունեության), կիրառական (ձևավորում են անհրաժեշտ ֆիզ․ ունակություններ), ազատ (զարգացնում և կատարելագործում են շարժումների առավելագույն ներդաշնակություն), ցատկեր և հենացատկեր (մարզում են շնչառական օրգանները, բարելավում արյան շրջանառությունը, զարգացնում ոտքի մկանները)։ ՍՍՀՄ–ում տարածված են հիմնական Մ․ (ներառյալ հիգիենիկ և աթլետիկական), արտադրական մարմնամարզությունը, կիրառական Մ․, սպորտային Մ․, գեղարվեստական Մ․ և ակրոբատիկան։
Գեղարվեստական Մ․, կանանց մարզաձև։ Երաժշտության ուղեկցությամբ պարային և մարմնամարզական վարժությունների համակցում առարկայով (ժապավեն, գնդակ, օղ, ցատկապարան, գուրզ) կամ առանց առարկայի։ Որպես մարզաձև ՍՍՀՄ–ում ձևավորվել է 1940-ական թթ․։ Ժամանակակից մրցումների ծրագիրն է․ բազմամարտ (մեկ պարտադիր և երեք ազատ վարժություն՝ առարկաներով) և խմբակային (ազատ վարժություններ՝ առարկաներով)։ Մարզուհիների ելույթները գնահատվում են 10-բալյան սիստեմով։ Կենտ տարիներին (1963-ից) անց է կացվում աշխարհի առաջնություն։ Աշխարհի բացարձակ չեմպիոնուհիներ են դարձել Լ․ Սավինկովան, Ե․ Կարպուխինան, Գ․ Շուգուրովան և Ի․ Դերյուգինան։ Գեղարվեստական Մ–ի զարգացմանը նպաստել են վաստակավոր մարզիչներ Վ․ Բատաենը, Գ․ Գորենկովան, Մ․ Լիսիցյանը, Ա․ Դերյուգինան և ուրիշներ։ Գեղարվեստական Մ․ Հայաստանում զարգացում է ապրում 1950-ական թթ․։ Ճանաչված մարզուհիներից են Կ․ Մկրտչյանը, Կ․ Բալումյանը։ Երևանում գործում է գեղարվեստական Մ–յան և ակրոբատիկայի մասնագիտացված դպրոց։
Սպորտային Մ․, մարզաձև։ Մրցումների ձևերն են․ կանանց համար՝ տարբեր բարձրության զուգափայտերի, մարմնամարզական գերանի վրա և ազատ վարժություններ,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/329
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է