Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոտիկից շփվել է Հ․ Դանիելյանի, Լ․ Իսեցկու հետ։ Տարբեր առիթներով Մ–ի արվեստը հատուկ ուշադրության նյութ են դարձրել Օ․ Սևումյանը և Ս․ Քափանակյանը։
Գրկ. Քալանթար Լ․, Կոտե Մարջանիշվիլի, «Խորհրդային արվեստ», 1933, № 5: Խալաթյան Լ․, Առասպելական մարդը, ռեժիսորը, քաղաքացին, «Սովետական արվեստ», 1973, .№ 2; Воспоминания, статьи, т. 1-2, Тб., 1958-66; Крижицкий Г., Марджанов и русский театр, М., 1954; Гугушвили Э., Коте Марджанишвили, М., 1979․Լ․ Խալաթյան ՄԱՐՋԱՆՅԱՆ Ալեքսանդր (Ալիս) Միսակի (ծն. 8(21).7.1904, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)), հայ սովետական ինժեներ–մեխանիկ։ Տեխ. գիտ․ թեկնածու (1942)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1929) և Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ-ը (1934)։ Եղել է Հոկտեմբերյանի մեխանիկական գործարանի (1938-41) և Երևանի ավտոդետալ գործարանի (1948-55) դիրեկտորը։ 1934-68-ը դասավանդել է ՀՍՍՀ բուհերում։ 1952-ից ՀՍՍՀ ԳԱ մեքենաշինության տեխնոլոգիայի հանձնաժողովի նախագահն է։
Երկ․ Տրակտորներ, 2-րդ ուղդ․ և լր․, Ե․, 1939։ Ավտոմոբիլային շարժիչներ, Ե․, 1953։ Հայաստանի մեքենաշինության ավտոմատայնության հարցեր, Ե․, 1963:
ՄԱՐՋԱՆՅԱՆ Գեդեոն Միսակի ( 11.9.1907, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) — 26. 8.1977, Երևան), հայ սովետական միջատաբան։ Կենսբ․ գիտ․ դ-ր (1970)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ. ֆակուլտետը (1930): 1933-48-ին եղել է ՀՍՍՀ բույսերի պաշտպանության, 1948-52-ին՝ ՀՍՍՀ ԳԱ ֆիտոպաթոլոգիայի և կենսաբանության ինստ–ների դիրեկտոր, միաժամանակ՝ ԳԱ կենսբ․ բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։ 1950-70-ին դասավանդել է Հայկ. գյուղատնտ. ինստ-ում և Երևանի համալսարանում։ Գիտ․ աշխատանքները վերաբերում նն ՀՍՍՀ–ում տարածված գյուղատնտ․ վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ եղանակների մշակման հարցերին։
Երկ․ Ֆոսֆոր–օրգանական ինսեկտիցիդներ, Ե․, 1962։ Սևին, Ե․, 1968:
ՄԱՐՋԱՆՅԱՆ Հայկազ Հովհաննեսի (23.11.1900, գ․ Քյուլփի, Սուրմալուի գավառ — 8.1.1967, Երևան), կուսակցական և պետական աշխատող։ Գյուղատնտ. գիտ․ թեկնածու (1955)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ․ ֆակուլտետը (1928): 1933-35-ին եղել է Երևանի կոմունիստական համալսարանի պրոռեկտոր, 1938-45-ին՝ ՀՍՍՀ հողժողկոմ, 1945-46-ին՝ ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, 1946-47-ին՝ ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտ. բաժնի վարիչ, 1947-50-ին՝ ՀՍՍՀ սննդհամի (1949-ից՝ սննդի) արդյունաբերության մինիստր, 1966-56-ին՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի գյուղատնտ. բաժնի վարիչ, 1956-ին՝ Հայկ. գյուղատնտ. ինստ–ի ռեկտոր։ ՀՍՍՀ II և V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով:
ՄԱՐՋԱՆՅԱՆ Հարություն Միսակի (ծն. 1912, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)), հայ սովետական ինժեներ–հիդրոտեխնիկ։ ՀՍՍՀ վաստակավոր ինժեներ (1966)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ը (1940): 1946-ից աշխատել է «Հիդրոնախագիծ» ինստիտուտում, մասնակցել է Գյումուշի ՀԷԿ–ի նախագծմանը։ 1949-52-ին եղել է Արզնիի ՀԷԿ–ի, իսկ 1952-59-ին՝ Աթարբեկյանի ՀԷԿ–ի նախագծի գլխավոր ինժեները։ 1962-ից Արփա–Սևան նախագծի գլխավոր ինժեներն է։
ՄԱՐՋԱՆՍՈՒ, գետ Արևմտյան Հայաստանում։ Տես Մահարձ։
ՄԱՐՍ, հայկական անվանումը՝ Հրատ, Արեգակնային համակարգի՝ Արեգակից հեռավորությամբ չորրորդ մոլորակը։ Աստղագիտական նշանը՝ ։ Արեգակի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով։ Միջին հեռավորությունը Արեգակից 228 մլն կմ է (արևամերձ կետում՝ 206, արևահեռ կետում՝ 249 մլն կմ)։ Ուղեծրային հարթությունը խավարածրի հարթության հետ կազմում է 1,8° անկյուն։ Շարժման միջին գծային արագությունը 24,2 կմ/վրկ է, պտտման պարբերությունը՝ 687 երկրային օր (1,88 տարի)։ Դիմակայություններում (երբ Արեգակը Երկրի մի կողմում է, Մ․՝ մյուս) լինում է 780 օր պարբերությամբ։ 15-17 տարին մեկ Երկրից գտնվում է նվազագույն (56,5 մլն կմ) հեռավորության վրա (մեծ դիմակայություն
Մ․ իր առանցքի շուրջը պատվում է 24 ժ 37 ր 22,7 վրկ պարբերությամբ, այսինքն՝ գիշերվա ու ցերեկվա տևողությունները երկրայինին մոտ են։ Պտտման առանցքն ուղեծրային հարթության հետ կազմում է՝ 64,8° անկյուն։ Տարվա եղանակներն երկրայինից մոտ երկու անգամ երկարատև են։
Մ–ի շառավիղը երկրայինից մոտ երկու անգամ փոքր է և հավասար է 3386 կմ։ Բևեռներում սեղմված է։ Զանգվածը երկրայինից փոքր է մոտ 10 անգամ և հավասար է 6,423 • կգ, միջին խտությունը 3,97 գ/սմ³ է, ձգողության ուժի արագացումը մակերևույթի վրա՝ 3,72 մ/վրկ²։ Մակերևույթի միջին ջերմաստիճանը –57°C է։ Հասարակածում ջերմաստիճանը կեսօրին լինում է +30°, երեկոյան՝ 0°, կեսգիշերին՝ –90°С:
Մ–ի մակերևույթի մեծ մասը ավազապատ է։ Բևեռամերձ շրջաններն ունեն սպիտակ ծածկույթներ՝ Մարսի բևեռային գլխարկներ, որոնց չափերը տարվա ընթացքում փոփոխվում են․ ձմռանը մեծանում են, ամռանը՝ փոքրանում, երբեմն էլ՝ անհետանում; Դրանք կազմված են պինդ ածխաթթու գազից (), որի տակ գտնվում է ջրային սառույց։ Մ–ի մակերևույթի վրա կան 250 մ–ից մինչև մի քանի հարյուր կմ չափերով օղակաձև լեռներ։ «Ջրանցքներ», որոնց գոյությունը որոշ գիտնականներ ենթադրում էին, Մ–ի վրա չկան։ Դրանք իրականում լեռների արանքում ընկած կիրճեր են կամ բարձր լեռների եզրագծեր։ Մակերևույթին մոտ շերտերում՝ 30-50 սմ խորության վրա ջերմաստիճանի օրական փոփոխություններ տեղի չեն ունենում, այսինքն՝ մոլորակի արտաքին շերտի ջերմահաղորդականությունը փոքր է, իսկ ջերմային իներցիան՝ մեծ։
Մ–ի մթնոլորտը նոսր է․ ճնշումը մակերևույթին հավասար է 5-7 մ բարի։ Մթնոլորտը հիմնականում կազմված է ածխաթթու գազից։ Համեմատաբար ցածր շերտերում կան փոքր քանակությամբ ջրային գոլորշիներ (5 հզ. անգամ քիչ, քան Երկրի մթնոլորտում)։ Ազոտ ու նրա միացություններ չեն հայտնաբերվել։ Օզոնի քանակը բավարար չէ կանխելու կենդանի օրգանիզմների վրա Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավոր ազդեցությունը։ Մ․ ունի շատ թույլ մագնիսական դաշտ (լարվածությունը երկրայինից 500 անգամ փոքր է)։
Մ․ ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոս և Դեյմոս։ Ֆոբոսը 26 X 21 կմ չափերի տձև, իսկ Դեյմոսը մոտ 13 կմ տրամագծով քարաբեկորներ են։ Ֆոբոսը գտնվում է Մ–ից 9400 կմ, իսկ Դեյմոսը՝ 23500 կմ հեռավորության վրա։ Երկուսն էլ ունեն ուղիղ պտույտ։ Պտտման հարթությունները Մ–ի հասարակածի նկատմամբ համապատասխանորեն թեքված են 1,8° և 1,4°-ով։ Մ–ի շուրջը Դեյմոսը պտտվում է 1 օր 6 ժ 18 ր, իսկ Ֆոբոսը՝ 7 ժ 39 ր 27 վրկ պարբերությամբ։ Արբանյակների վրա կան 500 մ – 2000 մ չափերի խառնարաններ։
Որպես մոլորակ Մ․ մարդկությանը հայտնի է հնուց։ Մեծ դիմակայությունների ժամանակ Մ․ կեսգիշերային երկնքում ամենապայծառ (-2,7 աստղային մեծության), նարնջակարմրագույն աստղն է երևում, որի հետևանքով այն համարում էին պատերազմի Մարս աստծու ատրիբուտը։ Ըսա Տ․ Բրահեի և Յո․ Կեպլերի դիտումների, արդեն XVII դ․ սկզբին որոշվեցին մոլորակների շարժումների օրենքները Արեգակնային համակարգում։ Մ–ի ֆիզիկական հատկությունները սկսեցին ուսումնասիրվել միայն XVII դ․ կեսին, երբ երևան եկան բավականաչափ հզոր աստղադիտակներ, որոնց օգնությամբ հնարավոր էր դիտել Մ–ի առանձին մանրամասներ, այդ թվում՝ բևեռային գլխարկները (Ք․ Հյուգենս, 1656) և մութ «ծովերը» «ցամաքի» լուսավոր ֆոնի վրա։ Այս մանրամասների դիտումը հնարավորություն տվեց կատարել Մ–ի պտտման պարբերության առաջին գնահատումը (24 ժ 40 ր, Ջ․ Կասինի, 1666)։ Մ–ի ինտենսիվ հետազոտություններն սկսվեցին XIX դ․ կեսին, հատկապես 1877-ին՝ Մ–ի մեծ դիմակայությունից հետո, երբ Ջ․ Սկիապարելին, դիտելով այդ մոլորակը, դրա մակերևույթի վրա հայտնաբերեց մեծ թվով նոր մանրամասներ, այդ թվում՝ բազմաթիվ ուղղագիծ մութ գոյացումներ, որոնց նա պայմանականորեն անվանեց «ջրանցքներ»։ Դրանց բնույթի վերաբերյալ արտահայտված կարծիքները տարբերվում էին իրարից, շատ գիտնականներ կասկածում էին «ջրանցքների» գոյությանը՝ պնդելով, որ դրանք մոլորակի սկավառակի վրա չափազանց փոքր մանրամասներ դիտելու հետևանքով առաջացած հոգեֆիզիոլոգիական պատրանքի հետևանք են։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Պ․ Լովելը այդ «ջրանցքներին» վերագրեց