ուղղակի իմաստ և դրա, ինչպես նաև մոլորակի վրա ֆիզիկական պայմանների գնահատման հիման վրա արտահայտեց ու սկսեց համառորեն պրոպագանդել Մ–ի՝ բանական էակներով բնակեցված լինելու գաղափարը: Աստղաֆիզիկական մեթոդներով Մ–ի հետագա հետազոտումը, որում մեծ ավանդ ունեն սովետական գիտնականները, հանգեցրեց այդ մոլորակի վրա գոյություն ունեցող ֆիզիկական պայմանների ճշտման: Մ–ի լուսանկարումը չհաստատեց «ջրանցքների» գոյությունը: Ուսումնասիրման նոր և չափազանց բեղմնավոր փուլ սկսվեց տիեզերական դարաշրջանի սկզբի և դեպի Մ. տիեզերական զոնդերի՝ ամերիկյան «Մարիներ» և սովետական «Մարս» ավտոմատ միջմոլորակային կայանների արձակման հետ: Դրանց օգնությամբ մոտ տարածությունից ուսումնասիրվեց Մ., այնպես որ հետազոտման տարրեր դարձան ոչ թե 60-100 կմ չափերով (ինչպես նախկինում էր), այլ 1 կմ–ից էլ փոքր չափերով օբյեկտները: 1971-ին «Մարս–3» սովետական ավտոմատ միջմոլորակային կայանի իջեցվող ապարատը առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց Մ–ի վրա: «Մարիներ» և «Մարս» ավտոմատ միջմոլորակային կայանների թռիչքները հնարավորություն են տալիս գործնական հետազոտություններ կատարել Մ–ի գեոմորֆոլոգիայի, երկրաբանության ու մակերևույթի էվոլյուցիայի և մթնոլորտի վերաբերյալ: Ստացված արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ Մարսի վրա դիտվող մեծ խառնարանները լուսնի խառնարաններից շատ ավելի երիտասարդ են, բայց ավելի քայքայված, որը, ըստ երևույթին, բացատրվում է հողմահարման պրոցեսներով:
Գրկ. Бронштэн В. А., Планета Марс, М., 1977.
«ՄԱՐՍ», սովետական ավտոմատ միջմոլորակային կայանների անվանում: Արձակվել են 1962-ի նոյեմբ. 1-ից («Մարս–1») և նախատեսված էին Մարսի ու տիեզերական տարածության ուսումնասիրման համար: Մինչև 1980-ը արձակվել է 7 «Մ.»: «Մարս–2»-ի պատիճն առաջին անգամ հասել է Մարս, «Մարս–3» իջեցվող սարքը վայրէջք է կատարելՄարսի վրա (1971): 1973-ին, առաջին անգամ, միջմոլորակային ծրագծում միաժամանակ թռիչք են կատարել 4 «Մ.» («Մարս–4», «Մարս–5», «Մարս–6», «Մարս–7»): «Մարս–5»-ը Մարս մոլորակի սովետական 3-րդ արհեստական արբանյակն է: «Մարս–6»-ը հասել է Մարսի մակերևույթին:
ՄԱՐՍԵԼ (Marcel) Գաբրիել Օնորե (1889 - 1973), ֆրանսիացի փիլիսոփա, դրամատուրգ և գրաքննադատ, կաթոլիկական էկզիստենցիայիզմի հիմնադիրը: Մ. բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ է (1952): Ավարտել է Սորբոնի համալսարանը: 1929-ին ընդունել է կաթոլիկություն: Մ–ի փիլիսոփայության ելակետը կեցության՝ առանձին մարդու գոյության պրոբլեմն է: Հաղթահարելով օբյեկտի և սուբյեկտի դուալիզմի՝ աշխարհի հետ ողջ հարաբերություններն ու աշխարհի էությունը հանգեցվում է անհատականին, որը համարվում է «գոյության» իսկական աշխարհ (էկզիսաենցիալ փորձը՝ անհատի ներքին հոգևոր կյանքը) և հակադրվում տիրապետման անիսկական աշխարհին՝ օբյեկտների աշխարհին («Կեցություն և տիրապետում», 1935):
Մ. դրամաների («Պառակտված աշխարհը», 1933, «Ծարավ», 1938, «Հռոմը այլևս Հռոմում չէ», 1951 ևն) մեծամասնության հիմքում ընկած է կրոնաբարոյական կոնֆլիկտը: Մ–ի հասարակագիտական հայացքներին բնորոշ է միջնադարյան նահապետական հարաբերությունների իդեալականացումը: Հեղինակ է նաև թատրոնի, երաժշտության, գրաքննադատության հարցերին նվիրված աշխատությունների:
ՄԱՐՍԵԼ (Marseille), քաղաք Ֆրանսիայի հարավում, Միջերկրական ծովի Լիոնի ծոցի ափին: Հիմնադրվել է մ.թ.ա. VII դ.: Մեծությամբ երկրորդը (Փարիզից հետո) երկրում, Բուշ դյու Ռոն դեպարտամենտի վարչական կենտրոնը: 915 հզ. բն. (1978), ագլոմերացիայով՝ 1034 հզ.: Խոշորագույն նավահանգիստ է, երկաթուղային, ավտոմոբիլային և օդային ուղիների հանգույց: Երկրի արդ. առաջատար կենտրոններից է: Զարգացած են նավթավերամշակումը, նավթաքիմիան, մեքենաշինությունը (նավաշինություն, նավանորոգում, ավիաշինություն), քիմ., սննդի, շինանյութերի արդյունաբերությունը: Տուրիզմի կենտրոն է:
Հին քաղաքում պահպանվել են հռոմեական ամրությունների մնացորդներ, ռոմանոգոթական Սեն Վիկտոր (XI-XV դդ.) եկեղեցին և լա Մաժոր տաճարը (սկսվել է XII դ.), Հաղթակամարը (1825), Նոտր Դամ դը լա Դարդ բազիլիկը (էկլեկտիկա, 1864): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցապատվել է Հին նավահանգստի շրջանը (1951): Կառույցներից են՝ բնակելի տուն (1947-52, ճարտ. Լը Կորբյուզիե), համալսարանի բժշկության և դեղագործության ֆակուլտետի շենքը (1959), զինվորական հոսպիտալը (1960-1963, ճարտ. Պ. Ֆոբեստիե), 17-20-հարկանի տներ (1965): 1960-ական թթ. վերջին կառուցվել են կենտրոնական զբոսայգու անսամբլը (ճարտ. Պ. Ժամյո), Ֆոս ծովածոցի նավահանգիստը (ճարտ. Գ. Ժոբեր): Ունի գիտությունների և արվեստի ակադեմիաներ, համալսարան, կոնսերվատորիա, թանգարաններ, ակվարիում, կենդանաբանական և բուսաբանական այգիներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դիմադրության շարժման խոշոր կենտրոններից էր:
Հայերը Մարսելում: Մ–ում բնակություն հաստատած առաջին հայերը վաճառականներ էին: XVI դ., երբ Մ. դարձել էր միջազգային առևտրի խոշոր կենտրոն, այստեղ լայն գործունեություն են ծավալել նաև հայ վաճառականները: Տեղացի վաճառականների դրդմամբ ֆրանս. իշխանությունները սահմանափակել, ապա արգելել են հայ վաճառականների մուտքը Ֆրանսիա, որ տևել է մինչև 1660-ը, երբ արտոնվել է Ջենովայի և Լիվոռնոյի հայերին փոխադրվել Մ.: 1669-ին Մ. հռչակվել է ազատ նավահանգիստ և բոլոր ազգությունների վաճառականներին արտոնվել է առևտրի և նաև ֆրանս. քաղաքացիության իրավունք: Այս պատեհությունից օգտվել են նաև հայերը. Արևելյան Հայաստանից Մ. են փոխադրվել բրդի, շերամի առևտրով զբաղվողներ: XIX դ. վերջին, երբ որոշվել է հայկ. թեմ ստեղծել Եվրոպայում, թեմական կենտրոն է ընտրվել Մ.: 1673-ին Ոսկան Երևանցին Մ–ում հիմնել է տպարան, որտեղ տպագրվել են հայերեն գրքեր: 1885-1923-ին Մ–ում լույս է տեսել «Արմենիա» լրագիրը: Հիմնադրվել է Հայոց հայրենասիրական միությունը: Մ–ի հայ համայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ թույլատրվել է օտարերկրացիների ազատ մուտքը Ֆրանսիա, Մ–ում ստեղծվել է «Հայ գաղթականների օգնության կոմիտե», որը զբաղվել է հայերի տեղավորման գործով: 1927-ին կազմվել է Մ–ի հայկ. առաջնորդական թեմը, ընտրվել է գաղութային վարչություն, որի խնդիրն էր մանուկների հայեցի դաստիարակությունը, եկեղեցիների պահպանությունն ու նրանց կից դպրոցների հսկողությունը: Գործել են ազգային կուսակցությունների մասնաճյուղերը, ՀՕԿ–ի մասնաճյուղը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-45) Մ–ի հայերը մասնակցել են պարտիզանական կռիվներին և գերմ. զավթիչներից Մ–ի ազատագրմանը: 1942-48-ին գործել է Հայ ազգային ճակատը, որի լուծարքից հետո
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/339
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է