Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Հ. Սուրխաթյան), ուր լուսաբանվել են գրականության ու արվեստի տեսական հարցեր, պարբերաբար տպագրվել հայ սովետական հեղինակների նոր գործերը, թարգմանություններ ՍՍՀՄ ժողովուրդների գրականությունից: «Մ.»-ին նախորդել է «Կարմիր աստղ» (1920-23) թերթը, հաջորդել՝ «Պրոլետարը» (1927-1938):Վ. Մաղալյան ՄԱՐՏԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, ռազմապատկերում, պատերազմ և ռազմական կյանք պատկերող կերպարվեստի ժանր: Ճակատամարտի տեսարանները (մասնավորապես՝ ծովային) և մեր օրերի ու անցյալի ռազմ. արշավանքները Մ–յան հիմնական թեմատիկան են: Մ. արտացոլում է ճակատամարտի կարևորագույն կամ նրա բնորոշ պահը, հերոսականությունը, բացահայտում ռազմ. իրադարձության պատմական նշանակությունը, որի պատճառով Մ. մերձենում է պատմական ժանրին: Բանակի և ռազմածովային նավատորմի հետ մարտանկարչի ունեցած կապը նպաստում է ժանրի սահմանների լայնացմանը, դրա մեջ ներգրավում զինվորական կենցաղի տեսարաններ (տես Կենցաղային ժանր): XIX-XX դդ. Մ. ռեալիստորեն է բացահայտում պատերազմների սոցիալական էությունը, մերկացնում անարդարացի պատերազմները, փառաբանում հեղափոխության և ազատագրական կռիվներում ժողովրդի հերոսությունը, դիտողին դաստիարակում քաղաքացիական ոգով:
Մ. ձևավորվել է XVI-XVII դդ., սակայն մարտի տեսարաններ պատկերվել են դեռ հնագույն ժամանակներից: Հին Արևելքի, Հունաստանի, Հայաստանի, Հռոմի, Չինաստանի, Եվրոպայի վաղ միջնադարյան արվեստներում կռվի, ճակատամարտի, ռազմերթի տեսարաններ պատկերվել են քանդակագործական, գեղանկարչական ու գրաֆիկական միջոցներով: Մարտի ռեալիստական պատկերման առաջին փորձերը վերագրվում են իտալական Վերածննդի դարաշրջանին (Պաոլո Ուչչելո, Պիեռո դելա Ֆրանչեսկա, XV դ., Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, XVI դ.): XVII դ. Մ. հարստացրել են Ժ. Կալլոն (Ֆրանսիա), Դ. Վելասկեզը (Իսպանիա), Պ. Ռուբենսը (Բելգիա): Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և Նապոլեոնի արշավանքները դարձել են Ա. Գրոյի մեծաչափ մարտանկարների թեման: XIX դ. վերջին և XX դ. սկզբին ռեալիզմի զարգացումը նպաստել է բնանկարային, ժանրային, հոգեբանական տարրերի ուժեղացմանը Մ–ում: Ռուսաստանում բնանկարչության և կենցաղային ժանրի զարգացման հետ մեկտեղ ստեղծվել են ծովամարտ պատկերող նկարներ (Հ. Կ. Այվազովսկի, Ա. Պ. Բոգոլյուբով): Պատերազմի դաժան առօրյան ճշմարտացի են պատկերել Վ. Վ. Վերեշչագինը, պերեդվիժնիկները (Վ. Ի. Սուրիկով, Վ. Մ. Վասնեցով): Ֆ. Ա. Ռուբոն ստեղծել է համայնապատկերային մարտանկարներ: XX դ. սոցիալական և ազգային–ազատագրական հեղափոխությունները արմատապես փոխել են Մ–յան սկզբունքները: Բելգիացի Ֆ. Մազերելը, գերմանացի նկարիչներ Կ. Կոլվիցը և Օ. Դիքսը, անգլիացի Ֆ. Բրենգվինը, մեքսիկացի Խ. Կ. Օրոսկոն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել պատերազմի և ճնշման դեմ:
Ելնելով ռեալիստական ավանդույթներից՝ մարտապատկերման ժանրը սովետական արվեստում մեծ զարգացում է ապրել, արտահայտել սոցիալիստական հայրենիքի պաշտպանության, բանակի ու ժողովրդի միասնության գաղափարները, բացահայտել պատերազմների դասակարգային բնույթը: Մարտանկարիչների առաջնահերթ խնդիրն էր սովետական հերոս զինվորի կերպարի ստեղծումը, նրա տոկունության ու արիության գծերի, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո պատկերումը: Մ. Բ. Գրեկովը, Կ. Ս. Պետրով-Վոդկինը, Ա. Ա. Դեյնեկան և ուրիշներ ստեղծել են հայրենասիրությամբ տոգորված մարտանկարնեբ: Մ. նոր վերելք է ապրել Հայրենական մեծ պատերազմի և ետպատերազմյան տարիներին (Ա. Ա. Դեյնեկայի, Կուկրինիկսների, քանդակագործներ Յու. Ի. Միկենասի, Ե. Վ. Վուչետիչի, Մ. Բ. Գրեկովի անվ. ռազմանկարիչների ստուդիայի անդամների գործերը):
Հայ սովետական կերպարվեստում Մ–յան ժանրը զարգացել է հատկապես Հայրենական մեծ պատերազմի շրջանում և նրանից հետո (Հ. Կոջոյան, Գ. Գյուրջյան, Է. Իսաբեկյան, Հ. Զարդարյան և ուրիշներ):
Պատկերազարդումը տես 344-րդ էջից հետո՝ ներդիրներում:
Գրկ. Бродский В., Советская батальная живопись, Л.-М., 1950; Садовень В. В., Русские художники баталисты XVIII-XIX веков, М., 1955.
ՄԱՐՏԱՆՍԿԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում: Բնակչությունը՝ ռուսներ, հայեր: Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտի, արևածաղկի և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, բուժկայան: Մ. հիմնադրել են ռուս կազակները, 1864-ին: Հայերը եկել են Սամսունի և Տրապիզոնի շրջակա գյուղերից, 1896-ին:
ՄԱՐՏԵՆ (Martin) Պիեռ (1824-1915), ֆրանսիացի մետաղագործ: 1854-83-ին եղել է Սիրյոյի (Անգուլեմ քաղաքի մոտ) մետալուրգիական գործարանի դիրեկտորը: 1864-ին մշակել է ռեգեներատիվ բոցավառարանում ձուլածո պողպատի ստացման նոր եղանակ:
ՄԱՐՏԵՆ ԴՅՈՒ ԳԱՐ (Martin du Gard) Ռոժե (1881-1958), ֆրանսիացի գրող: Մ. դյու Գ–ի գլխավոր ստեղծագործությունը «Տիբոների ընտանիքը» (1922-40, նոբելյան մրցանակ, 1937) ութ հատորանոց վեպն է: Բուրժուական մի ընտանիքի քայքայման պատմությունը հեղինակի գրչի տակ վերաճում է մի ամբողջ դասակարգի անկման պատմության: Վիպասան Մ. դյու Գ. ձգտում է առավելագույն օբյեկտիվության, նրա հերոսները դրսևորվում են գործողության և երկխոսության ընթացքում: 1939-45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մ. դյու Գ. հանդես է եկել հակաֆաշիստական, հայրենասիրական դիրքերից:
ՄԱՐՏԵՆՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մարտենյան վառարաններում ընթացող պողպատահալման պրոցես: Որպես ելանյութ օգտագործում են պողպատի ջարդոնը և թուջը (հեղուկ կամ պինդ վիճակում): Մ. ա., ինչպես և պողպատի արտադրության մյուս տեսակները (տես Թթվածնա–կոնվերտերային պրոցես, էլեկտրապողպատահալման պրոցես), սև մետալուրգիայի ընդհանուր արտադրական ցիկլի երկրորդ օղակն է:
Մարտենյան պրոցեսի ընթացքում բովախառնուրդը հալվում է, ապա գերտաքացվում և բերվում համապատասխան քիմ. բաղադրության (հեռացվում են ածխածինը, սիլիցիումը, մանգանը, ինչպես նաև անցանկալի խառնուկները՝ ֆոսֆորը և ծծումբը): Լեգիրված պողպատ ստանալու նպատակով պրոցեսի վերջում հալույթին ավելացնում են լրացուցիչ տարրեր: Ըստ վառարանի պատվածքի նյութի մարտենյան պրոցեսը լինում է հիմնային կամ թթվային: Առավել տարածված է հիմնային պրոցեսը, որը հնարավորություն է տալիս վերամշակելու ցանկացած բովախառնուրդային նյութեր, այդ թվում նաև ֆոսֆորի և ծծմբի մեծ պարունակությամբ: Թթվային պրոցեսի առավելությունն այն է, որ դրա միջոցով կարելի է ստանալ բարձր մեխանիկական հատկություններով օժտված պողպատ՝ գազի և ոչ մետաղական խառնուկների փոքր պարունակությամբ: Մարտենյան պրոցեսում հիմնականում օգտագործում են գազային վառելիք (կոքսադոմնային և բնական): Այրման պրոցեսը խթանելու նպատակով ներփչվող օդը հարստացնում են թթվածնով: Մարտենյան պրոցեսում պողպատահալման ընդհանուր տևողությունը կախված է վառարանի տարողությունից և արտադրության պայմաններից: Օրինակ, 200 տ տարողությամբ վառարաններում այն անում է 8-9 ժ, իսկ 500 տ տարողությամբ վառարաններում հասնում է 12 ժ–ի:
Մ. ա–յան հիմնական ցուցանիշը վառարանի հատակի 1 մ²-ից ստացվող պողպատի օրական զանգվածն է՝ տ–ներով (արդի վառարաններում այն կազմում է 12-20 տ): Կարևոր ցուցանիշ է նաև մեկ