կապվում են հայ միջնադարի քնարերգության ավանդույթների հետ: Դրանք պարզ զեղումներ են և աչքի են ընկնում թախծոտ բովանդակությամբ: Կենցաղային ծիսական տաղերում («Տաղ ուրախութեան», «Տաղ հարսանեաց եւ ուրախութեան. ընտիր եւ գեղեցիկ», «Տաղ կնքտուքի եւ տղարուքի. կնքահօր եւ սանի») պատկերել է ժող. տոնախմբությունները՝ ծանրանալով երևույթի աշխարհիկ և արտաքին կողմերի վրա: «Տաղ ի վերայ Կաֆա քաղաքին. ասացեալ վասն ուրախութեան» բանաստեղծության մեջ Կաֆան ներկայացված է որպես հայ ժողովրդի հոգևոր կենտրոններից մեկը: Գինու և խնջույքի երգերն աչքի են ընկնում կենսասիրությամբ: Հայ քնարերգության մեջ Մ. Խ. առաջինն էր, որ երգեց խնջույքը, ուրախությունն ու վայելքը՝ դառնալով այս մոտիվի սկզբնավորողը:
Գրկ. Կոստանյանց Կ., Նոր ժողովածու, պր. 2, Թ., 1892, էջ 47-52, պր. 4, Վաղ–պատ, 1903, էջ 17-26: Սահակյան Հ., Մարտիրոս Խարասարցու տաղերը, «ԲՄ», № 10, 1971: Նույնի, Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը (XVI-XVII դդ.), Ե., 1975:
ՄԱՐՏԻՐՈՍ ԽԱՐԲԵՐԴՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դ. հայ տաղասաց: Եղել է հոգևորական (երեց): Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի №№ 33, 2676, 8968 ձեռագրերը (ԺԶ դ.) պարունակում են Մ.Խ–ուց մեզ հասած միակ տաղը («Երգ ի Խարբերթցի Մարտիրոս Երիցուէ ասացեալ ի վերայ չախուի, վասն ուրախութեան մարդկան», սկզբնատողը՝ «Սիրտս ի փորս դողայր ահուս…»): Այն պահպանվել է նան հաջորդ դարերում ընդօրինակված ձեռագրերում: Տաղը հայ երգիծական քնարերգության առաջին արտահայտություններից է, գրված է զավեշտական ոճով: Բազմիցս վերահրատարակվել է (Ղ. Ալիշանը հրատարակել է նաև անգլ.):
Գրկ. Ալիշան Ղ., Հայոց երեք ռամկականք, Վնտ., 1852, էջ 75-88: Կոստանյանց Կ., Նոր ժողովածու, պր. 2, Թ., 1892, էջ 34-37: Սահակյան Հ., Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը (XVI-XVII դդ ), Ե., 1975:
ՄԱՐՏԻՐՈՍ ԽԻԶԱՆՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դ. վերջի — XVII դ. սկզբի հայ մանրանկարիչ: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի նշանավոր դեմքերից: Ձեռագրեր է նկարազարդել որդու՝ Գրիգորիսի հետ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում պահվում է նրանց նկարազարդած հինգ ձեռագիր՝ Ավետարան, 1598, ձեռ. № 5576, Հովհան Ոսկեբերան, Մեկնություն, 1600, ձեռ. № 1378, Ավետարան, 1604, ձեռ. № 6093, Հայսմավուրք, 1604, ձեռ. № 10676, Ավետարան, XVII դ., ձեռ. № 8394): Մ. Խ–ի արվեստում Վասպուրականի մանրանկարչության դասական շրջանին (XIII-XV դդ.) բնորոշ պայմանական-խորհրդանշական բնույթը փոխարկվել է թեմատիկ–պատմողականով: Նկարիչը մարդկանց և նրանց միջավայրը պատկերել է դեկորատիվ՝ ոսկու շռայլ օգտագործմամբ:
Մ. Խ–ի մանրանկարներին բնորոշ է դրամատիկ ոգեշնչվածությունը:
ՄԱՐՏԻՐՈՍ ՂՐԻՄԵՑԻ, Մարտիրոս Կաֆացի (մոտ 1620, ք. Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա) — 25.8.1683, Եգիպտոս), հայ եկեղեցական–քաղաքական գործիչ, մատենագիր, տաղասաց: Ծնողները՝ Գրիգոր և Խաթուն: Սովորել է Կաֆայի Ս. Նշան վանքում, ապա տեղափոխվել Թոխաթ և աշակերտել տաղասաց Ստեփանոս քահանա Թոխաթեցուն: Ուսումնառությունը շարունակել է Երուսաղեմի Ս. Հակոբյանը վանքում՝ Աստվածատուր Տարոնացու մոտ: 1659-60-ին եղել է Կ. Պոլսի պատրիարքը, 1661-64-ին՝ Ղրիմի թեմի եպիսկոպոսը, 1680-83-ին՝ Երուսաղեմի պատրիարքը:
Մ. Ղ. կարևոր դեր է խաղացել Եղիազարյան–Հակոբյան պայքարում (1664-80): Եղիազար Ա. Այնթափցին փորձում էր ստեղծել Էջմիածնին հակաթոռ կաթողիկոսություն, որի դեմ դուրս եկավ Էջմիածնի կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին: Ընդդիմադիր թևը, սակայն, փաստորեն ղեկավարում էր Մ. Ղ., որին և հաջողվեց խանգարել իրականացնելու միասնական կաթողիկոսության տրոհումը: Մ. Ղ. թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն: Նրա գրչին են պատկանում «Կարգ և թիւ թագաւորաց ազգիս Հայոց» (1672) չափածո ժամանակագրությունը, «Պատմութիւն Ղրիմայ յերկրի» (1672), որ կարևոր աղբյուր է Ղրիմի հայ գաղութի պատմության համար, «Ողբ Երեմիա մարգարեին…» (XVII դ. 70-ական թթ.) երկերը: 1672-ին չափածոյի է վերածել Հայսմավուրքը, գրել է ներբողներ, թվերի մասին չափածո վիճաբանություն («Յաղագս թուոց») ևն: Մ. Ղ–ուն բնորոշ է երգիծանքը: Նա վերարթնացման շրջանի առաջին տաղերգուներից է, որ զավեշտին սոցիալական շեշտ է տվել: Մ. Ղ–ու երգիծական ոտանավորների հերոսները ժամանակի եկեղեցական-քաղաքական գործիչներն են:
Գրկ. Մարտիրոս Ղրիմեցի և իր քերթվածները, ուսումնասիր. Մ. Պոտուրյանի, Բուխարեստ, 1924: Մարտիրոսյան Ա., Մարտիրոս Ղրիմեցի, Ե., 1958:
ՄԱՐՏԻՐՈՍԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, Վայքի լեռնաշղթայի միջին մասում, մոտ 2050 մ բարձրության վրա: Մ. լ–ով անցնում է Ազիզբեկով–Նախիջևան խճուղին:
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Աղասի Մկրտչի (1877, գ. Ըրկենանց (այժմ՝ ՀՍՍՀ Ղափանի շրջանում) — 23.11.1960, Ղափան), Հյուսիսային Կովկասում և Հայաստանում սովետական իշխանության հաստատման համար պայքարի մասնակից: ՍՄԿԿ անդամ 1904-ից: Հեղափոխական գործունեության մեջ ընդգրկվել է 1900-ական թթ. սկզբներից: Պրոպագանդիստական աշխատանք է տարել Բաքվի բանվորների շրջանում: Ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ: Մի քանի անգամ (1903, 1905, 1908, 1910) ձերբակալվել և արտաքսվել է: 1907-ին ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի երկու այլ ընկերների հետ կազմակերպել է Ղափանի հանքափորների գործադուլը (տես Ղափանի բանվորների գործադուլ 1907): Գործուն մասնակցություն է ունեցել 1918-ին Հյուսիսային Կովկասում մղված քաղաքացիական կռիվներին: Բաքվի կոմունայի շրջանում ընտրվել է Բաքվի սովետի անդամ: 1919-ին, որպես Աստրախանի արտակարգ հանձնաժողովի աշխատակից, պայքարել է հակահեղափոխության դեմ: 1919-20-ին կուսակցական պատասխանատու աշխատանք է տարել Չեռնոյարում, Սարատովում և Պյատիգորսկում: 1921-ին Ա. Ֆ. Մյասնիկյանի առաջարկով տեղափոխվել է Հայաստան: Եղել է Ղափանի տեղամասային հեղկոմի (1921-22), Դսեղի տեղամասային գործկոմի (1922), Ղափանի տեղամասային գործկոմի (1923) նախագահ ևն: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ամասի Պետրոսի (18. (30).4.1897, Երևան – 24.12.1971, Երևան), հայ սովետական կինոռեժիսոր և կինոդերասան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1967): 1924-ին ավարտել է Վրաստանի Պետկինոարդին կից ստուդիան: 1922-ից նկարահանվել է Թբիլիսիի կինոստուդիայում՝ Բ. Բարսկու, Հ. Բեկնազարյանի և այլ ռեժիսորների կինոնկարներում, 1926-ից աշխատել Երևանի կինոստուդիայում (դերասան և ռեժիսորի օգնական): Հիմնականում խաղացել է ոչ մեծ դերեր՝ «Նամուս», «Զարե», «Խասփուշ», «Կիկոս» և այլ ֆիլմերում: 1929-ից հանդես է եկել որպես ռեժիսոր:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/347
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ